fbpx

Տեղադրվում են Գավառի կենտրոնական հրապարակի լուսասյուները

Վերջին օրերին Գավառի կենտրոնական հրապարակում կատարվում են լուսասյուների տեղադրման աշխատանքներ, որոնցով ավելի գեղեցիկ տեսք է ստանում քաղաքի կենտրոնը: Ինչպես տեղեկացրին  Գավառի քաղաքապետարանից,  լուսասյուների տեղադրումը  հրապարակի ընդհանուր վերակառուցման աշխատանքների մի մասն է կազմում: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից նպատակային հատկացումներիª սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս նպատակով հատկացվել է  46 միլիոն 920 հազար դրամ: Նշված գումարի 40 տոկոսը  տրամադրվել է պետական  բյուջեից, իսկ 60 տոկոսըª Գավառ համայնքի բյուջեից:  Աշխատանքներն իրականացնում է «Նիկոլ Դուման» արտադրական կազմակերպությունը:  «Նախ տեղադրվում են լուսասյուները, ապա՝ լուսատուները: Հրապարակում լուսասյուների տեղադրումը ոգեւորել է նաեւ բնակիչներին: Նրանք հետեւում են աշխատանքների ընթացքին եւ անհամբեր սպասում դրանց ավարտին, որպեսզի վայելեն Գավառի գիշերային գեղեցկությունը: Տեղադրվելու են թվով 68 լուսասյուներ, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:Կենտրոնական հրապարակում է տեղադրվել նաեւ քաղաքի գլխավոր տոնածառը, որի լույսերը կվառվեն մոտակա օրերին: Մեր քաղաքի կենտրոնն աստիճանաբար գալիս է ամբողջական տեսքի, ու շատ շուտով այն կփայլի իր ողջ շքեղությամբ»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: