ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության վարույթ է հարուցել. մանրածախ գինը` 160-220 դրամ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության վարույթ է հարուցել. մանրածախ գինը` 160-220 դրամ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 26-ի նիստում  որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը, որի արդյունքում բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մասնավորապես մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին դիմակների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դիմակները ձեռք է բերել  բարձր գներով։ Մասնավորապես՝ մեծածախ վաճառքի գինը մեկ դիմակի համար 2020 թվականի մայիսին միջինում կազմել է 120-175 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը` միջինում  160-220 դրամ:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝   http://competition.am/uploads/resources/Vo195_26_05_2020.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ: