fbpx

Տնտեսական բարեփոխումներն ավելի շոշափելի կլինեն. էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2020 թ. տնտեսական բարեփոխումները լինելու են ավելի շոշափելի, իսկ դրանց արդյունքները՝ ավելի նկատելի:

Այդ մասին նախարարը նշել է կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված ամփոփիչ տեսահոլովակում:

«2020 թ. դիմավորում ենք այն վստահությամբ, որ բիզնեսն այսօր գործում է ազատ, անաչառ մրցակցության և հավասարության պայմաններում: Սա է ձեռներեցության զարգացման անշրջելի երաշխիքը նոր Հայաստանում, որտեղ գործարար ծրագրեր ունեցող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի անկաշկանդ իրագործել իր գաղափարը»,- նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև տարվա ընթացքում միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականի բարելավմանը՝ նշելով, որ այդ լավատեսական ազդակը փոխանցվում է մասնավոր հատվածին:

«Դրա ապացույցն է տարին 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճը, որն առաջատարն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների թվում: Այս տարի գրանցել ենք գործարար ծրագրերի կառավարության աջակցության ծավալի զգալի աճ, արդյունքում ստեղծվել են նոր կամ ընդլայնվել են արտադրություններ ամենատարբեր ուղղություններով»,- ընդգծել է Խաչատրյանը:

Նախարարը հավելել է, որ 2020 թ. ուշադրության կենտրոնում են պահելու նաև ինքնազբաղված տնտեսությունները: