Թրամփին բժշկական օգնության հետ միասին Էրդողանը նամակ է ուղարկել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թրամփին բժշկական օգնության հետ միասին Էրդողանը նամակ է ուղարկել

Թուրքիան որպես օգնություն ԱՄՆ է ուղարկել բժշկական պարագաներ։ 500 հզ․ բժշկական դիմակներ, 400 հզ․ բժշկական խալաթներ, 2 հզ․ լ ախտահանիչ, 400 N95 դիմակներ, 500 դիմապակի և 1500 պաշտպանիչ ակնոց պարունակող օգնության հետ միասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին:

Էրդողանը Դոնալդ Թրամփին ուղղված նամակի առաջին մասում խոսել է համաշխարհային համավարակի դեմ պայքարի, այդ պայքարում ջանքերը միավորելու ու կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակի մասին։

«Ցանկանում եմ, որ մեր ուղարկած այս համեստ աջակցությունը օգնի համաճարակի դեմ պայքարին և ներդրում լինի Ձեր հիվանդացած քաղաքացիների կարճ ժամկետում առողջանալու գործում»,- գրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ թե՛ համաճարակի դեմ պայքարի փուլում, թե՛ վերականգնման փուլում իր երկիրը որպես ԱՄՆ-ի վստահելի և հզոր գործընկեր, շարունակելու է ամեն կերպ իր համերաշխությունը ցույց տալ։

Գալով հետհամաճարակային փուլին՝ Էրդողանն ասել է, որ շատ կարևոր է համարում այս համագործակցության շարունակությունը նաև այդ փուլում և հավատում է, որ ապագայում համաշխարհային տնտեսության վերականգնմանն ուղղված գլոբալ ռեֆորմներն ու փոփոխությունները կյանքի կոչելիս առաջ կշարժվեն համաձայնեցված ու գործընկերային ոգուն համապատասխան, ինչը շատ կարևոր է, ինչպես նաև՝ օգտակար։

«Կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու, հատկապես ընդհանուր առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու և 2 երկրների միջև առկա ներուժը հնարավորինս օգտագործելու համար պետք է օգտվենք այս համաճարակի պայմաններում ավելի խորացած մեր համագործակցության ստեղծած դրական մթնոլորտից։

Այսպես օրինակ մեր տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ու Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինքան կարևոր է թուրք-ամերիկյան դաշնակցության ու համագործակցության շարունակականությունը։

Հույս ունեմ, որ առաջիկայում Կոնգրեսն ու ամերիկյան մամուլը նաև համաճարակի ընթացքում մեր ցուցաբերած համերաշխության ազդեցությամբ ավելի լավ կըմբռնեն մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և առաջ կշարժվեն այն մտայնությամբ, որ մեր ընդհանուր խնդիրների դեմ պետք է համատեղ պայքար մղենք» ,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։