Ուզում է 1 օր լինի, ուզում է 1 ամիս. ճանապարհ են փակել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուզում է 1 օր լինի, ուզում է 1 ամիս. ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություն է կայանալու: Նախընտրական շրջանը բավականին բուռն է անցնում: Առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին: Նրանք բողոքում են խտրական մոտեցումից: Նրանց պնդմամբ գործող համայնքապետի ԺՊ-ն՝ Արամ Մելքոնյանը, ունի մարզպետ Գնել Սանոսյանի աջակցությունը: Ըստ խոսակցությունների նրանք համակուրսեցիներ են:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում ցույցի հեղինակ և համայնքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանը պնդում էր, որ իրեն թույլ չեն տալիս նորմալ քարոզարշավ իրականացնել:

«Այսօր Վարդենիսի հիվանդանոցում հանդիպման էի: Մարզպետին ուղիղ կարգադրությամբ խոչընդոտ առաջացավ և իմ հանդիպումը չկայացավ: Բոլոր թեկնածուները հանդիպել են հիվանդանոցում: 4-րդ թեկնածուն եմ, որ պետք է հանդիպեի, չթողեցին: Մարզպետը ստել է , թե իբր իր միջամտությամբ ներկայիս ԺՊ-ն է իրակացրել դպրոցների ջեռուցումը: Նման բան չկա: Դա առանձին կազմակերպություն է, և դա նրանց 2 տարվա ծրագիրն է: Անկախ թեկնածուի անուն-ազագանունից նրանք ջեռուցման ծրագիրն իրականացնելու էին»,-ասաց Սիմոնյանը:

Դիտարկանը թե մարդիկ ինչ մեղավոր են վերընշվածի համար, որ ճանապարհ եք փակում և կաթվածահար անում երթևեկությունը, թեկնածուն պատասխանեց. «Չենք բացելու ճանապարհը:  Ուզում է մեկ օր լինի, ուզում է մեկ ամիս: Այնքան ենք փակած պահելու, որ հրաժարական տա: Մենք պահանջում ենք անմիջապես մարզպետի հրաժարականը»:

Մեզ հետ զրույցում մարզպետ Գնել Սանոսյանն այլ բան ասաց:

«Ես Հայաստանում չէի: Օդանավակայանում եմ: Նոր եմ վերադարձել: Լավ տեղեկացված չեմ թե ինչ է կատարվում: Միայն մի բան կարող եմ ասել՝ որևէ թեկնածու իմ աջակցությունը չի վայելում: Բոլորի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ: Ով կհաղթի նրան կշնորհավորենք և նրա հետ էլ կշարունակենք աշխատել»,-նշեց մարզպետը: