Ուզում ենք անել, բայց ինչպե՞ս. կառավարության ծրագիրը տնտեսագետի պատկերացմամբ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուզում ենք անել, բայց ինչպե՞ս. կառավարության ծրագիրը տնտեսագետի պատկերացմամբ

Արդեն մի քանի օր է Հայասատանի քաղաքական էլիտան, տնտեսագետները, հասարակ քաղաքացիները քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը: Մասնավորապես, մատնանշում են այնտեղ տնտեսական հստակ ցուցանիշներ, թվեր չլինելու փաստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հակափաստարկներ էր բերում նշելով, որ տնտեսական հեղափոխության համար պատախանատու են նաև ՀՀ քաղաքացիները: Ինչևէ, նախօրեին կառավարության ներկայացված ծրագիրն ընդունվեց: 

Թեմայի վերաբերյալ VNews.am-ը զրուցեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված ծրագիրը:

-Շատ է կարևորվում արտահնմանը միտված տնտեսական աճի սցենարը: Նշված էր նաև, որ զբաղվածության ակտիվ քաղաքականության միջոցով փորձելու են խրախուսել աշխատուժի նկատմամբ առաջարկը:

Բայց եկեք տեսնենք Հայաստանի վիճակը: Այն համարվում է փոքր շուկա ունեցող երկիր: Եթե գործարարները փորձեն ներդրում անել, ապա նրանց համար կարևոր է մասշտաբի էֆֆեկտը: Այսինքն, եթե ես ծավալն ավելացնում եմ, ապա դրա հաշվին կարողանում եմ ինքնարժեքն իջեցնել: Քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ներդրողները շահագրգռված կլինեն գնալ այդ քայլին՝ միայն արտահման պայմանը նկատի ունենալով:

Եթե մեր կառավարությունը ցանականում է իջեցնել գործազրկության մակարդակը, ապա այս փուլում պետք է հստակեցնի կիրառվող գործիքակազմը: Այն է՝  այս փուլում ցանկալի է զարգացնել աշխատատար և  ցածր տեխնոլոգիական ոլորտները: Սրանով գործազրկության, աղքատության մակարդակի կրճատման հարցը կլուծվի:

Անդրադառնանք ներդրումներին: Այնտեղ ասվում է, որ ներդրումներ ենք բերելու: Հստակ չի շեշտադրվում, թե կոնկրետ ինչ ներդրող են ցանկանում բերել: Գոյություն ունի ներդրողների մի քանի տիպ․ շուկա փնտրող, ռեսուրս փնտրող և արդյունավետություն փնտրող:

-Գուցե՞ երեքն էլ ներառվելու է, դրա համար առանձին չի նշվել:

-Շատ բարի, բայց դա ինձ ոչինչ չի ասում: Նշվում է, որ ցանականում են, որ  հիմնական միջոցների համախառն կուտակումն դառնա  23-25%: Սա հնարավոր կլինի, եթե բոլոր ներդրումները լինեն, այսպես ասած, արդյունավետության հիման վրա:

Ընդհանուր առմամբ, պարզ դարձավ, որ ցանկանում են մրցունակ հատված կառուցել: Սա շատ լավ է․ այն է արտադրողականության հնարավորությունը, ինչը ենթադրում է առաջինը՝ ներդրումներ արդյունավետ տեխնոլոգիաների մեջ:

Մեկ այլ տարբերակ էլ կա․ արդյուանվետությունը բարձրացնել մարքեթինգի շնորհիվ: Այսինքն դու փորձում ես արտադրել մի բան, քո բրենդը զարգացնել:  Այնտեղ նշված էր նաև Հայաստանը որպես բրենդ ճանաչելի դարձնել: Շատ բարի, բայց այնտեղ դարձյալ նշված չէր, թե ինչ ձևով:

Այստեղ մենք ունենք «ուզում ենք անել», բայց «ինչպես կհասանենք դրան»՝ հստակ չափորոշիչներ չկան:

Տեսե՛ք, շատ լավ է, որ անդրադարձ է կատարվել միկրոձեռնարկություններին․ այն է մինչև 24 մլն. շրջանառություն ունեցողներին տրվող հարկային արտոնությունները: Խոսվում է խրախուսման մասին, բայց թե ինչպես կարվի փոքր և միջին ձեռնարկություների պարագայում, ապա այդ ոլորտը հստակ չէ:

Ընդհանուր պարկերացումն այն է, որ դեպի լավն է գնում, բայց կոնկրետ  տնտեսության, որ ոլորտն ինչպես  են զարգացնելու մնում է ոչ հստակ: Հույս ունենք, որ հետագա ծրագրերում մենք այդ թվերը կտեսնենք:

Ստորև՝ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծականը  կառավարության ծրագրի վերաբերյալ: