fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

  • 16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը:

Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին:

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը: