Վարչապետը հանդես կգա կորոնավիրուսը կանխարգելելու աշխատանքների մասին կարևոր հայտարարությամբ. Ավինյան - VNews

Վարչապետը հանդես կգա կորոնավիրուսը կանխարգելելու աշխատանքների մասին կարևոր հայտարարությամբ. Ավինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կորոնավիրուսը կանխարգելելու աշխատանքների մասին կարևոր հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով այն միջոցառումները, որը ՀՀ կառավարությունը իրականացնում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Ավինյանը հայտնեց, որ շարունակական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։ «Քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում էին քաղաքում, չեղարկվել են»,- հավաստեց փոխվարչապետը՝ նկատելով, որ «սոցիալական հեռավորության» մասին բացատրական աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։

Նա  տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու, այսպես կոչված, ռապիդ-տեստեր, որոնք տալիս են հնարավարություն 15 րոպեի ընթացքում նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Դրանք հիմնականում կիրառվելու են սահմանային անցման կետերում, «Զվարթնոց» օդանավակայանում։

Փոխվարչապետ Ավինյանը հավելեց, որ մարտի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վերաբերել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին։ Նա պարզաբանեց, որ հատկապես ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի տարածումը։ «Մենք շատ կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որի շրջանակում փորձ կարվի մեղմել և կանխարգելել բացասական երևույթները»,- ընդգծեց նա։

Ավինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը, և ըստ ՀՀ փոխվարչապետի, այդ ցանկը կավելանա։ Նրա խոսքով՝ հեռահար աշխատանքի կազմակերպումը հնարավոր է իրականացնել նաև մասնավոր ոլորտում։

Տիգրան Ավինյանը խոսեց նաև թվային ծառայությունների կիրառման կարևորության մասին՝ հայտնելով, որ 2 տարում Հայաստանի պետական հատվածում կիրառվելու է մոտ 200 թվային ծառայություն։

Անդրադառնալով մարտի 15-ին հատուկ չվերթով Իտալիայից ՀՀ քաղաքացիների վերադարձին, փոխվարչապետը տեղեկացրեց, որ նրանց հենց Իտալիայում բաժանվելու են դիմակներ, և նրանք Հայաստանում լինելու են 14-օրյա կարանտինի մեջ։ Նա ընդգծեց, որ Իտալիայից բոլոր վերադարձողները, անկախ չվերթից, պետք է ենթարկվեն կարանտինի։

«Մեր գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և առողջապահության նախարարությունը 24-ամյա ռեժիմով շարունակում են աշխատել»,- շեշտեց Ավինյանը՝  հավելելով, որ կասկած չպետք է ունենալ առ այն, որ «բոլոր, նույնիսկ ամենավատ սցենարների դեպքում ունենք ելքի ճանապարհները»։

Video Player