Վրաստանում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել մի քանի շրջաններում - VNews

Վրաստանում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել մի քանի շրջաններում

Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի ադրբեջանաբնակ Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ ռեժիմ է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային:

«Կառավարությունը ստիպված էր որոշում ընդունել այն մասին, որ Մառնեուլի և Բոլնիսի շրջանները վերցվեն խիստ կարանտինային ռեժիմի տակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան տեղեկացրել է, որ ներկա դրությամբ Վրաստանում վարակվածների թիվը 54-ն է, 3254 մարդ գտնվում է կարանտինում:

«Մարտի 21-ին երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այսօր մենք ծանր դեպք ունենք, վարակված կին կա Մառնեուլում, որի վարակման աղբյուրն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Սրանով սկսվել է երկրում կորոնավիրուսի ներքին փոխանցման փուլը: Մեր համաճարակաբանների կարծիքով` հիվանդության փոխանցումը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ: Իրավիճակը բարդ է, և սա համաշխարհային խնդիր է: Ստեղծված իրավիճակը մենք անվանում ենք անցում նոր փուլ` ներքին փոխանցման փուլ, և դրան մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Գախարիան:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին։