ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ

Եվրասիական տնտեսական միությունում, անդամ երկրներում պարենային ապահովության առումով հիմնական ապրանքների գծով դեֆիցիտ չկա, կա անգամ շաքարի ավելցուկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում:
«Մենք ունենք առաջարկի և պահանջարկի հաշվարկներ, և վստահեցնում եմ, որ միությունում, միության երկրներում ոչ մի դեֆիցիտ գոյություն չունի: Ապրանքային խմբերի ճնշող մեծամասնության պարագայում մենք ամենուրեք ունենք ավելցուկ, մենք ունենք ավելցուկ՝ շաքարի, յուղի, մսի: Եզակի ապրանքային խումբը, որի առումով միությունում այսօր դեֆիցիտ կա, մրգերն ու հատապտուղներն են: Մրգերի և հատապտուղների առումով միությունն իրեն ապահովում է 40-45 տոկոսով, մնացածը ներմուծում է: Ապրանքային մնացած խմբերում պարենային անվտանգության խնդիր չկա»,-վստահեցրեց Քամալյանը:
Նա նշեց՝ ըստ իրենց կանխատեսումների՝ եթե ֆորս մաժոր չլինի, 2020 թվականին սննդի մատակարարման առումով մտահոգվելու առիթ չկա: Քամալյանը նկատեց՝ ֆորս մաժոր ասելով նկատի չունի կորոնավիրուսը, նա նշեց՝ կորոնավիրուսն արդեն ֆորսմաժոր չէ, այն իրականություն է:
Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներում: Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների շրջանում արձանագրվել է մահվան 32 դեպք: Միության անդամ երկրներից Ռուսաստանում հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 106 հազարը: