Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում

Ազգային ժողովի այգու դարպասները հունիսի 1-ին բացվեցին երեխաների ու նրանց ծնողների առաջ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ազգային ժողովի աշխատակազմը փոքրիկների համար տարատեսակ միջոցառումներ է կազմակերպել, որոնք իրականացնում են պատգամավորները:

«Երեխաներին շատ, տարբեր տեսակի հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ամբողջ Բաղրամյան փողոցը թեմատիկ առումով տարբեր մասերի է բաժանված: Երեխաները տարբեր հետաքրքրություններով կարող են մոտենալ, մասնակցել, մի վայրում խոհարարական, մի տեղ ֆուտբոլ, վոլեյբոլ, զիփլայն, տարբեր տեսակի միջոցառումներ կան: Պատգամավորները նաև հեքիաթներ պետք է պատմեն մեր երեխաների համար: Որոշել ենք երեխաների օրը գեղեցիկ դարձնել»,- ասաց Գալստյանը:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեխաների համար հեքիաթի փոխարեն ուսուցանող պատմություն է պատմելու:

«Երեխաներին կմաղթեմ, որ իրենք ապրեն ավելի հետաքրքիր և ավելի լավ Հայաստանում, քան մենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք երեխաներին ավելի շատ ճիշտ պատմություններ պատմել: Ես կպատմեմ մի պատմություն, որ իր մեջ խորհուրդ ունի, սովորեցնող բան ունի, ոչ թե հեքիաթային է: Իմ կարդացած պատմություններից ու գրքերից վեր հանված պատմություն է, որը շատ բան կսովորեցնի երեխաներին»,- նշեց Սիմոնյանը:

Տոնական միջոցառումները կվարի «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախկին հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

«Սա երեխաների պաշտպանության միջազգային օրն է, չնայած, որ ամբողջ աշխարհն այն վերածել է տոնի: Օրվա խորհուրդն այն է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրվի երեխաների խնդիրների վրա: Ազգային ժողովը փորձեց մասնակից դառնալ տոնին, և այն երեխաները, որոնք այս հատվածում կգտնվեն, որքանով որ կկարողանանք, մենք ինքներս ողջ օրվա ընթացքում պետք է զվարճացնենք: Ես միջոցառման մեկնարկից մինչև ավարտը վարելու եմ միջոցառումներն ամբողջությամբ: Մեր կազմակերպիչները փորձել են այնպես անել, որ պատգամավորները իրենց հետաքրքրության ու մասնագիտության շրջանակներում կարողանան սպասարկել երեխաներին»,- ասաց Բադալյանը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր, Քրիստինե Պողոսյանն էլ փոքրիկներին ու նրանց ծնողներին կօգնի այգում կողմնորոշվելու հարցերում:

«Ես կազմակերպչական աշխատանքներին եմ մասնակցում: Օրվա խորհուրդը երեխաների պաշտպանված լինելն է, ուզում եմ, որ երեխաները լինեն օրենքի կողմից պաշտպանված, հասարակության կողմից պաշտպանված, ամենակարևորը առողջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նրանց համար բարձրորակ կրթություն ստանալը չլինի խնդիր, առողջապահությունը լինի անվճար և բարձրորակ, իսկ մնացած ամեն ինչին նրանք ինքնուրույն կհասնեն»,- նշեց Քրիստինե Պողոսյանը:

Ազգային ժողովի դարպասները երեխաների համար բաց կլինեն մինչև 21:00- ն: