Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Օպերայի այգին մաքրելու մասին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Օպերայի այգին մաքրելու մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Օպերայի տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Օպերայի այգին մաքրելու մասին.

Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։

Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, և այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։

Ուզում եմ մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։

Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մերքաղաքի բնակիչների ցանկությունից։

Հ.Գ. ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։