Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի - VNews

Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի

«Շատ ցավալի վիճակագրություն ունենք, բայց բանակում ինքնասպանության դեպքերը միայն հայաստանյան իրականությունում չեն։ Աշխարհի բոլոր բանակներում ինքնասպանություններ կան, բայց 2018 թվականին 11 ինքնասպանություն է եղել, 19-ին այս պահի դրությամբ 10 ինքնասպանություն։ Եվ ամենացավալին այն է, որ թշնամու կրակից տարիներ շարունակ և մշտապես շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից, բանակում ոչ կանոնադրական, ոչ ճշգրիտ հարաբերությունների, բանակային ենթամշակույթի առումով »,- այսօր «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն անելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով` քանի որ քրեական օրենսգրքում ինքնասպանության դրդելը կարգավորվում էր 110 հոդվածով, առաջարկում են հետևյալ կարգավորումները. «Գործնականում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ է հանդիսանում զինծառայողի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը, որը որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված վերը թվարկված հոդվածներում մատնանշված չէ, արարքը որակվում է որպես ընդամենը քրեական օրենսգրքի 116 հոդվածի արարք, որը նախատեսում է էապես մեղմ, պատիժ՝ ընդամենը 3 տարի։ Նման իրավակիրառ պրակտիկան արդարացի չէ նաև այն առումով, որ արարքի քրեաիրավական որակումից դուրս է մնում հանցագործության առաջնային օբյեկտը, այն է՝ զինվորական ծառայության կարգը։ Սույն օրենքի նախագծով մենք առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների» գլխում որպես ինքնուրույն հանցակազմ  սահմանել հոդվածներ 360.1-ը՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը և 360.2-ը՝ զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը, որոնց մասերում նշված հանցագործության կատարման հատկանիշները»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ առաջարկվող օրենքի նախագծի զինծառայողին պարբերաբար ստորացնելու և արժանապատվությունը վիրավորելու արդյունքում ինքնասպանության կամ դրա փորձի հասցնելու դեպքում սահմանել ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Բացի այդ, եթե այս արարքները կատարվել են մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե տվյալ հանցանքներն իրականացվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կմեծանա՝ 7- 12 տարի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշեց, որ բանակում զինծառայողների ինքնասպանության դեպքեր չպետք  է լինեն.  «Հանցագործությունների շղթան է մարդուն դրդում նման քայլի»։