Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները - VNews
Բաժիններ

Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

etoo leomessironaldinho - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

21-րդ դարում Բարսելոնան հեղինակության գագաթնակետի երկու ժամանակաշրջան ապրեց: Մեկը իր սաների՝ Մեսիի, Չավիի, Ինիեստայի, Բուսկետսի և ուրիշների շնորհիվ էր, իսկ մյուսը տրանսֆերների շնորհիվ էր՝ Ֆրանկ Ռայկարդի օրոք:

«Բարսելոնայի» տրանսֆերները ամենաքննարկվողներից են 21-րդ դարում, բայց նրանցից լավագույնին ընտրելն ընդհանրապես դժվարություն չի առաջացնում:

Փոխարենը հետաքրքիր է հասկանալ, թե ինչ տեղ է լավագույնների ցանկում զբաղեցնում Նեյմարը, որը ճիշտ է լավ անհատական և թիմային արդյունքների հասավ «Բարսելոնայում», և հեռացավ ռեկորդային գումարով, բայց դրա փոխարեն, թե՛ առքի և թե՛ վաճառքի դեպքում ծանր հարվածներ հասցրեց ակումբի իմիջին՝ ընդհուպ մինչև նախագահ Սանդրո Ռոսելի հրաժարական:

Ներկայացնում ենք VNews.am-ի վարկածով 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները.

10. Դեկու՝ «Պորտուից». 21 մլն եվրո (2004 թվական)

2004 թվականին «Պորտուն» ցնցեց Եվրոպան՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Այդ թիմի առաջատարներն անմիջապես հայտնվեցին Եվրոպայի ամենապահանջված ֆուտբոլիստների թվում և մեծ դեսանտով (Մոուրինյոյի հետ միասին) տեղափոխվեցին «Չելսին»: Բայց նրանց թվում չէր թիմի առաջատարը՝ Դեկոն: Պորտուգալիայի քաղաքացիություն ստացած և Դեկոյից Դեկուի վերածված կիսապաշտպանը զարմանալի ցածր գնով տեղափոխվեց «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբը մի քանի տարվա խայտառակություններից հետո 2004 թվականի հունվարից կերպարանոփոխվել և կրկին աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն էր դարձել: Ամռանը «բլաուգրանան» փառահեղ տրանսֆերային ամառ անցկացրեց (Դեկու, Էտո՛О, Ժյուլի, Բելետի, Սիլվինյո, Վան Բրոնկհորստի լիարժեք տրանսֆեր, Էդմիլսոն): Այդ ֆուտբոլիստների հետ «Բարսան» անմիջապես սկսեց լավագույն արդյունքների հասնել և Պրիմերայի տիտղոսի համար պայքարում հաղթեց «Ռեալի» գալակտիկոսին:

Դեկուն դարձավ «նոր Բարսայի» դիրիժորը: Նա այն ֆուտբոլիստն էր, որը փոխանցման և անցումների միջոցով կատարում էր կարևորագույն գործառույթը. գնդակը հասցնում էր Ռոնալդինյոյին, Էտո՛Оին և Ժյուլիին, որոնք էլ գոլ էին ստեղծում: Դեկուի կողքին հաճախ խաղում էր Չավին, բայց այդ տարիներին կատալոնացին ավելի սահմանափակ դեր ուներ, իսկ Դեկուն կիսապաշտպանության առաջատարն էր. նա կարողանում էր ամեն ինչ:

«Պորտուի» փայլուն ելույթների և Կատալոնիայում հիանալի նորամուտի շնորհիվ 2004 թվականին «Ոսկե գնդակի» մրցանաբաշխությունում Դեկուն երկրորդ տեղը գրավեց: Նա նույնիսկ առաջ անցավ Ռոնալդինյոյից, որին ՖԻՖԱ-ն ճանաչեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Բարսայի» հետ իր երկրորդ մրցաշրջանում Դեկուն ոչ միայն կրկնեց իր հաջողությունը, այլ նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ դառնալով տարբեր թիմերի հետ տիտղոսը նվաճած սակավաթիվ ֆուտբոլիստներից մեկը:

2008-ին «Բարսելոնան» գլխավորեց Խոսեպ Գվարդիոլան, որը որոշեց բաժանվել Դեկուից, քանի որ պատրաստվում էր Եվրոպայիn շոկի ենթարկել նոր տեսակի ֆուտբոլով, որի կիսապաշտպանությունում պետք է փայլեին Չավին, Ինիեստան և Բուսկետսը:

deco 960x640 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

9. Իվան Ռակիտիչ՝ «Սևիլիայից», 18 մլն եվրո, 2014 թվական

Եվս մեկ ֆուտբոլիստ, որը զարմանալի ցածր գնով է ձեռք բերվել և հսկայական օգուտ տվել «Բարսելոնային»: Երբ Ֆաբրեգասի աղմկոտ վերադարձը չարդարացրեց իրեն (չնայած անձնական լավ վիճակագրությանը), իսկ Չավին գրեթե 35 տարեկան էր, «բլաուգրանան» անսպասելիորեն որոշեց նրանց երկուսին փոխարինել Իվան Ռակիտիչով: Չնայած խորվաթը բավականին կրեատիվ ֆուտբոլիստ էր իր նախորդ թիմերում, «Բարսելոնայում» նա նոր դեր ստացավ՝ ստիպված էր պաշտպանողական և պրեսինգ գործողությունների հսկայական աշխատանքը կատարել, ավելին քան ցանկացած ուրիշը: Նրա այդպիսի անձնազոհ խաղը Լեո Մեսիին թույլ տվեց քիչ պաշտպանվել և ավելի շատ կենտրոնանալ գրոհների վրա:

Ռակիտիչը նաև յուրահատուկ ձիրք ուներ. ամենակարևոր խաղերում հաճախ դառնալ «Բարսայի» գաղտնի զենքը: Այդպես, 2015-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նա գոլի հեղինակ դարձավ, իսկ ավելի ուշ գեղեցիկ գնդակ խփեց «Ռեալի» դեմ հաղթական սուպերկլասիկոյում:

«Բարսելոնայում» Ռակիտիչը 310 խաղ անցկացրեց, որոնցում 35 գոլ խփեց և 42 գոլային փոխանցում կատարեց: Կասկած չկա, որ «կապտանռնագույնների» երկրպագուները միշտ մեծ հարգանքով են հիշելու Ռակիտիչին:

rakitic 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

8. Ռաֆայել Մարկես՝ «Մոնակոյից». 5,25 մլն եվրո, 2003 թվական

Մինչև մեքսիկացու «Բարսելոնա» տեղափոխությունը, կատալոնական թիմի պաշտպանությունն առանց արցունքների դժվար էր նայել: Մարկեսի հետ թիմը վերջապես քայլ առաջ կատարեց և հետզհետե կարողացավ ամուր պաշտպանություն ստեղծել: Ավելին, Ռաֆան ամենակարևոր պահին իրեն դրսևորեց որպես բազմաֆունկցիոնալ արտակարգ ֆուտբոլիստ:

Երբ 2004 թվականի աշնանը ծանր վնասվածք ստացավ թիմի հիմնական հենակետային կիսապաշտպան Էդմիլսոնը, Մարկեսը լիարժեք փոխարինեց նրան, նույնիսկ ավելի շատ օգուտ տվեց այդ դիրքում: Հենց մեքսիկացին էր չեմպիոնական մրցաշրջանի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը: Երկար սպասված չեմպիոնությունն ապահովող գոլը գրանցվեց Մարկեսի փոխանցումից հետո:

«Բարսելոնայում» Ռաֆան 7 տարի անցկացրեց և գրեթե միշտ անսխալ էր գործում: Նա «կապտանռնագույն» մարզաշապիկով 242 հանդիպում անցկացրեց և 11 տիտղոս նվաճեց, այդ թվում՝ 4 անգամ Լա լիգա և 2 անգամ Չեմպիոնների լիգա:

marqez - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

7. Լուիս Սուարես` «Լիվերպուլից». 80 մլն եվրո, 2014 թվական

2009 թվականին Սամուել Էտո՛Оի հեռանալուց հետո «Բարսելոնան» 5 տարի չէր կարողանում կատարյալ կենտրոնական հարձակվող գտնել իր խաղային սխեմայի համար: Իբրահիմովիչը չհամապատասխանեց կատալոնացիների ֆուտբոլին, ինչպես նաև վիճաբանեց Գվարդիոլայի հետ, Վիլյան խաղում էր ձախից, իսկ Մեսին «կեղծ» 9 համար էր: Դասական 9 համար «Բարսան» գտավ միայն 2014-ին, երբ ձեռք բերեց Լուիս Սուարեսին:

Ուրուգվայցին տրանսֆերից հետո 4 ամիս սպասեց մինչև նորամուտը. նա որակազրկված էր Ջորջիո Կյելինիին կծելու պատճառով: Այդուհանդերձ, նորամուտից սկսած նա անմիջապես սկսեց օգուտ տալ թիմին: Մեսին վերադարձավ իր հարազատ աջ եզրը, իսկ կենտրոնը զիջեց իր նոր լավագույն ընկերոջը:

«Պիստոլերոն» 283 խաղում 195 գոլ խփեց և 113 գոլային փոխանցում կատարեց: Անհատական վիճակագրությունն իսկապես շշմեցուցիչ է, և նա ավելին,   մեր ցանկում ավելի բարձր տեղ կգրավեր, եթե չունենար մեկ լուրջ թերություն: Նրա վրա դժվար էր հույս դնել բոլոր իրավիճակներում: Սուարեսը կարող էր անչափ նպաստավոր դիրքից վրիպել, այնուհետև ապշեցուցիչ գոլ խփել բարդ դիրքից: Բայց երաշխավորված չէր, որ ամեն անգամ հարձակվողն այդպես կզարմացնի մրցակցին, այդ պատճառով «Բարսայի» երկրպագուները շատ էին տանջվում նրա անկայունության պատճառով:

Այդուհանդերձ, թոփ խաղերում էր Լուիսն այլ մակարդակում էր: Օրինակ՝ «Ռեալի» դեմ հանդիպումների ժամանակ Սուարեսն իր լավագույն խաղն էր ցուցադրում: Էլ կլասիկոներում նա 18 մրցավեճում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Համեմատության համար «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Բարսելոնայի» դեմ 39 խաղում ընդամենը 10 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել:

suarez 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

6. Ժերար Պիկե՝ «Մանչեսթեր Յունայթեդից». 5 մլն եվրո, 2008 թվական

«Բարսելոնայի» սանը վաղ տարիքում հետևեց Սեսկ Ֆաբրեգասի ու «Լա Մասիայի» մյուս սաների օրինակին, և տեղափոխվեց Անգլիա: Ի տարբերություն Ֆաբրեգասի, Անգլիայում Պիկեի կարիերան հաջող չդասավորվեց, չնայած նրան, որ նա ՉԼ-ի գավաթը նվաճած թիմի հայտացուցակում էր: Արդյունքում, 2008-ին «Բարսելոնան» 5 մլն եվրոյով հետ գնեց կենտրոնական պաշտպանին՝ նույն գումարով, որքանով վաճառել էր տրանսֆերը:

«Բարսելոնայում» 21-ամյա ֆուտբոլիստն անմիջապես դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ՝ փայլուն զույգ կազմելով Կառլես Պույոլի հետ միասին: Հետագայում նրանք միասին ցեմենտեցին Իսպանիայի հավաքականի պաշտպանությունը և աշխարհի չեմպիոն դարձան:

Երիտասարդ Ժերարի հետևից Պույոլը «մաքրում» էր բոլոր սխալները, իսկ մյուս հարցերում Պիկեն հիասքանչ էր: Հատկապես դա վերաբերում է գլխով խաղին և թիմին էմոցիոնալ լիցքեր հաղորդելուն:

Պիկեի՝ Կատալոնա վերադարձից անցել է 13 տարի և այս ընթացքում նա 566 խաղի է մասնակցել, որոնցում 50 գոլ է խփել և 13 գոլային փոխանցում կատարել: «Բարսելոնայում» Պիկեն 30 տիտղոս է նվաճել: Շատ հեղինակավոր ակումբներ կերազեին նման ցուցանիշի մասին…

gerard pique barcelona 2020 21 10vtuxobqigq71qbgkcxpowr6b 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

5. Մարկ-Անդրե տեր Շտեգեն՝ «Բորուսիա» Մ-ից.՝ 12 մլն եվրո, 2014 թվական

2014-ի հիասքանչ տրանսֆերային պատուհանի ևս մեկ ներկացուցիչ: Մեր օրերում սուպերդարպասապահների համար 60-ից ավելի մլն եվրո կարող են վճարել, բայց «Բարսելոնան» այդպիսի դարպասապահի ձեռք է բերել ընդամենը 12 մլնով:

Տեր Շտեգենը միանգամից չդարձավ «Բարսելոնայի» հիմնական դարպասպահը. Լա լիգայում խաղում էր թիմի մյուս նորեկ Կլաուդիո Բրավոն, իսկ Չեմպիոնների լիգայում՝ գերմանացին: Երկու մրցաշարերում էլ «Բարսելոնան» չեմպիոն դարձավ: Տեր-Շտեգենը փայլեց ՉԼ-ում, ինչպես նաև ճանաչվեց լավագույն սեյվի հեղինակ:

Մեր ընտրանին

Այդպես երկու դարպասապահների միջև մրցաշարերը կիսելը շարունակվեց մինչև 2016 թվականը, երբ Բրավոյի տրանսֆերը վաճառեցին և Տեր Շտեգենը դարձավ հիմնական դարպասապահը: Գերմանացին անմիջապես ապացուցեց, որ բոլոր խաղերին մասնակցելու գրաֆիկը նրան չի խանգարի, ընդհակառակը՝ ավելի կզարգացնի նրա ունակությունները: Բացի իր անմիջական պարտականություններից, Մարկ-Անդրեն թիմին նոր առավելություններ տվեց: Ոտքով նրա ֆենոմենալ խաղի շնորհիվ, «Բարսան» կրկնակի թեթևությամբ սկսեց հաղթահարել մրցակցի պրեսինգը, որովհետև միշտ մեկ խաղացող ավելի ուներ գնդակի խաղարկման ժամանակ:

Տեր-Շտեգենն արդեն 278 խաղ է անցկացրել կատալոնական թիմում, բայց նա ընդամենը 29 տարեկան է (դարպասապահի համար գրեթե երիտասարդ տարիք): Գրեթե կասկած չկա, որ գերմանացին դեռ երկար տարիներ կմնա թիմում և կարիերայի ավարտից հետո կհավակնի «Բարսելոնայի» պատմության լավագույն դարպասապահի կոչմանը:

ter stegen 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

4. Սամուել Էտո՛Օ՝ «Մալյորկայից». 27 մլն եվրո, 2004 թվական

2003/04 մրցաշրջանից հետո պարզ էր մեկ բան. Ռայկարդի ու Ռոնալդինյոյի «Բարսելոնան» իր գերհարձակվողական ֆուտբոլով բազմաթիվ գոլային պահեր է ստեղծելու: Բայց հարկավոր էր հարձակվող, որը կեզրափակեր այդ պահերը: Այդ պատճառով «Բարսան» ձեռք բերեց Սամուել Էտո՛Օին, որը դեռ «Մալյորկայի» կազմում դարձել էր Պրիմերայի լավագույն հարձակվողներից մեկը: Կամերունցին պատրաստի թոփ ֆուտբոլիստ էր, ինչն ապացուցեց առաջին իսկ մրցաշրջանում:

Նա դարձավ Պրիմերայի երկրորդ ռմբարկուն, բայց էլ ավելի նշանակալի էին նրա գոլորը կարևոր պահերին: Դրանցից մեկը չեմպիոնական դարձավ: Մյուս մրցաշրջանում հարձակվողն արդեն լավագույն ռմբարկու դարձավ, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իր գոլով փրկեց «Բարսելոնային»:

2009-ին «Սամուն» կրկին իր բարձունքի վրա էր. 30 գոլ Պրիմերայում և հաղթական գոլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Բարսելոնայում» անցկացրած 199 խաղում աֆրիկացին 130 գոլ խփեց և 40 գոլային փոխանցում կատարեց, բայց ի տարբերություն Լուիս Սուարեսի, նրա համար քիչ գումար էին վճարել, ինչպես նաև նա գրեթե երբեք հուսախաբ չէր անում գոլային պահերին օգտագործելիս: «Բարսելոնայի» պես թիմում հարձակվողը պետք է կարողանա ակնհայտ գոլային պահերն իրագործել, այնուհետև մտածել «անհնարին գոլերի» մասին: Այդ հարցում Էտո՛Օն կատարյալ հարձակվող էր «Նոու Կամպում»:

etoo 960x600 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

3. Ժորդի Ալբա՝ «Վալենսիայից». 14 մլն եվրո, 2012 թվական

Պիկեի օրինակով «Բարսելոնայի» ևս մեկ սան, որը իր բարձր կարգը հաստատեց այլ թիմում, այնուհետև վերադարձավ հարազատ ակումբ և դարձավ անփոխարինելի:

Երբ «Բարսելոնայում» դեռ խաղում էր Դանիել Ալվեսը, Ալբան համեմատաբար քիչ էր միանում գրոհներին և բրազիլացու ֆոնին այդքան չէր տպավորում: Սակայն երբ Ալվեսը հեռացավ թիմից, Ալբայի դերը հետզհետե մեծացավ «Բարսելոնայում», իսկ վերջին տարիներին ձախ պաշտպանի ու Լիոնել Մեսիի համագործակցությունը դարձել է «բլաուգրանայի» ամենազորեղ զենքը գրոհների ժամանակ:

Ալբան իր հրթիռային արագությամբ, փայլուն փոխանցումներով և տեխնիկայով գրեթե անկասելի է հարձակման գծում, իսկ խաղային ինտելեկտի և մրցակցի մտահղացումը կարդալու շնորհիվ հաջող է գործում պաշտպանությունում:

Ժորդին «Բարսելոնայում» 385 խաղ է անցկացրել 22 գոլ խփել և 81 գոլային փոխանցում կատարել: Վիճակագրական թվեր, որոնց Պրիմերայի շատ հարձակվողներ կնախանձեին:

Jordi Alba Barcelona 752x428 1 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

2. Դանիել Ալվես՝ «Սևիլյայից». 35,5 մլն եվրո, 2008 թվական

Ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը, եթե ոչ լավագույնը: Դանի Ալվեսն այն ֆուտբոլիստն է, որի տրանսֆերից առաջ կասկած անգամ չկար, որ նրա համար վճարված յուրաքանչյուր եվրոն իրեն արդարացնելու է: Բրազիլացին դեռ «Սևիլիայում» խաղալիս առանձնանում էր ամբողջ Եվրոպայում:

«Բարսելոնայում» նա անմիջապես դարձավ անփոխարինելի, արտակարգ համագործակցություն ստեղծեց Մեսիի հետ և երկար ժամանակ մնում էր արգենտինացուն ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը, և միայն վերջերս նրան շրջանցեց Լուիս Սուարեսը:

Ժորդի Ալբային վերագրված խոսքերից շատերը կարելի է ասել նաև Ալվեսի մասին, բայց այն կրկնակի բազմապատկելու պայմանով: Դանին կարողանում էր ամեն ինչ, ընդ որում՝ դա անելով անչափ բարձր մակարդակում:

«Բարսելոնայում» անցկացրած 8 տարում նա մասնակցել է 391 հանդիպման, որոնցում 21 գոլ է խփել ու 101 գոլային փոխանցում կատարել:

Երբ 2016-ին կատալոնական ակումբի անհեռատես ղեկավարները որոշեցին բաժանվել Ալվեսից: Նա տեղափոխվեց «Յուվենտուս», այնուհետև ՊՍժ և ամենուր դարձավ թիմի առաջատարներից մեկը:

Կանցնեն դեռ երկար տարիներ, բայց, դժվար թե, «Բարսելոնայում» էլ ավելի լավ աջ պաշտպան հայտնվի:

alves 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

1. Ռոնալդինյո՝ ՊՍԺ-ից. 32 մլն եվրո, 2003 թվական

«Բարսելոնան» մեծագույն ակումբ է, որը 90-ականների սկզբին հասավ իր առաջին գերիշխանությանը: Հանճարեղ Յոհան Կրուիֆի օրոք 4 տարի անընդմեջ Լա լիգայի չեմպիոնություն, հետո ևս 2-ը՝ Լուի վան Գալի հետ: Բայց 2000-ականների սկզբին «Ավելին, քան ակումբին» անդունդը նետեց «այն ժամանակների Բարտոմեուն»՝ Ժոան Գասպարը, որն իր ձախողված տրանսֆերների և մարզաչական նշանակումների պատճառով թիմին հասցրեց այն օրի, որ հենց նա այնպես էր տոնում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը, կարծես թիմը հաղթել էր եզրափակիչը: Նույնիսկ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն չդիմացավ այդ քաոսին և հեռացավ «Միլան»:

Բայց ամեն ինչ փոխվեց 2003-ին, երբ Կատալոնիա ժամանեց Ռոնալդինյոն: «Բարսելոնայի» ռենեսասի մասին խոսելիս հաճախ են ընդգծում Ֆրանկ Ռայկարդի և Ժոան Լապորտայի դերակատարումը, բայց փաստացի դա Ռոնալդինյոյի շնորհիվ էր: Լապորտան խոստացել էր գնել Դևիդ Բեքհեմի տրանսֆերը, բայց չկարողացավ և ստիպված անցավ պլան «Բ»-ին: Իսկ ահա Ռայկարդին մնում էր ընդամենը ազատություն տալ Ռոնալդինյոյին:

Համարձակ, բայց ոչ անհիմն պնդում կլինի, եթե ասենք, որ Ռոնալդինյոն բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: «Կախարդը» դարձավ նոր «Բարսելոնայի» խորհրդանիշը: Նույնիսկ ֆուտբոլը չսիրող մարդիկ, մեկ անգամ տեսնելով բրազիլացու խաղը, դառնում էին նրա ֆանատը: Ներկայիս ֆուտբոլիստների մեծ մասը հարցազրույցներում նշում են, որ նրանց կուռքը Ռոնալդինյոն է, որովհետև անհնար էր չսիրահարվել նրա խաղին: Հենց նա է նրանց ոգեշնչել ֆուտբոլիստ դառնալ:

ronaldinho 960x540 - Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

Հանճարեղ բրազիլացին «Բարսելոնայում» խաղալու ընթացքում երկու անգամ անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև մեկ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»: Նրա մասնակցությամբ գեղեցիկ դրվագների տեսանյութները մինչև օրս համացանցի թրենդներում են, իսկ մարզման ժամանակ 4 անգամ անընդմեջ հորիզոնական դարպասաձողին հարվածելու տեսանյութը դարձավ Youtube-ի պատմության առաջինը, որը հատեց 1 մլն դիտում նշաձողը:

Ռոնալդինյոյի շնորհիվ «Բարսելոնան» դարձավ համաշխարհային սուպերգրանդ: Ակումբի հեղինակությունը մի քանի տարվա ընթացքում նույնիսկ անցավ «Ռեալին», իսկ Ռոնալդինյոն դարձավ աշխարհի թիվ մեկ աստղը:

Թյերի Անրին խոստովանում էր, որ նրան, Էտո՛Օին կամ Դեկուին երկրպագուները միշտ որպես աստղի էին վերաբերվում, բայց երբ նրանց դիմաց հայտնվում էր Ռոնալդիյոն, բոլորը խելագարվում էին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսի որդու ծննդյան առթիվ Հալանդն իր ստորագրությամբ խաղաշապիկ է նվիրել

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Էտո՛Օ-ի որդին պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Վան Բաստենը քննադատել է Դեպայի ցուցադրած խաղը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

Ֆատին՝ 10 ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր առաջին գոլի մասին

Կումանի օգնականը մեկնաբանել է «Լևանտեի» դեմ խաղը

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղի համար

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Երկար սպասված վերադարձ. «Բարսելոնայի» հատյացուցակը՝ «Լևանտեի» դեմ խաղի համար

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի