«Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

Sergio Ramos Spain 1024x788 1 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

Սերխիո Ռամոսն արդեն գրել է իր անունն իսպանական ֆուտբոլի պատմագրքում՝ որպես լեգենդար պաշտպանի: 35-ամյա ֆուտբոլիստը 2005 թվականին «Սևիլիայից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո անհատական և թիմային բազմաթիվ տիտղոսներ է նվաճել` դարձել «Արքայական ակումբի» իսկական խորհրդանիշը: Իսպանիայի հավաքականում հռչակվել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ռամոսի դեպքում կարևոր են ոչ միայն զուտ ֆուտբոլային հատկանիշները, այլև առաջատար ու իսկական ավագ լինելն ընդգծելը:

Ներկայացնում ենք իսպանացի պաշտպանի ամենահետաքրքիր մտքերը կյանքի և ֆուտբոլի նկատմամբ նրա հայացքների, Մադրիդի «Ռեալի», ֆուտբոլիստից պահանջվող հատկանիշների, Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսիի, կարիերայի գլխավոր նպատակի ու շատ այլնի մասին:

«Ցլամարտն այն է, ինչով ցանկացել եմ զբաղվել փոքր տարիքում, բայց ֆուտբոլն ինձ ավելի երջանիկ է դարձնում: Կապ եմ զգում այդ հանդիսախաղի հետ, քանի որ ծնողներս ցլամարտի մեծ երկրպագուներ են: Ծնվել ու մեծացել եմ ցլամարտի երկրում, և դա ինձ փոխանցվել է: Չնայած նրան, որ ֆուտբոլիստ եմ դարձել, զգում եմ, որ ունեմ ցլամարտիկին բնորոշ որոշակի հատկանիշներ»:

15275867969376 960x640 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Աշխարհը պատկանում է խիզախ մարդկանց: Եթե դու չփորձես անել մտքինդ, ապա ոչինչ էլ չի ստացվի: Եթե ռիսկի դիմես, ապա կարող ես կա՛մ մնալ առանց ոչնչի, կա՛մ էլ հաղթել: Ըստ իս՝ հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ են: Կարծում եմ, որ մարդն իրեն ավելի լավ է ճանաչում դժվարին պահերին, կարող է սթրեսային իրավիճակներում ավելիին հասնել, դրանք մեզ առավել ուժեղ են դարձնում»:

«Կան ֆուտբոլիստներ, որոնց ուշադրություն եմ դարձրել, և որոնց խաղն ու դաշտից դուրս վարքագիծը ոգեշնչել են ինձ: Փոքր տարիքում հիացել եմ Պաոլո Մալդինիով, Ֆերնանդո Հիերոյով, ավելի ուշ՝ Կառլես Պույոլով: Եթե խոսենք այն ուսուցիչների մասին, որոնց հետ անձամբ եմ խաղացել, ապա նրանք են Խավի Նավարոն, Պաբլո Ալֆարոն ու Խոսե Պրիետոն: Ուզում եմ հավատալ, որ հիմա արդեն ես եմ նոր սերնդի տղաների համար օրինակ դարձել»:

«Երբ նոր էի սկսում ֆուտբոլ խաղալ, ավելի շատ հարձակման գծի ֆուտբոլիստների էի երկրպագում, մասնավորապես մեկին՝ բրազիլացի Ռոնալդոյին: Կուռքերիցս մյուսը` Կլաուդիո Կանիջան էր, երկար մազերով արգենտինացի հարձակվողը, ում շատ էի հավանում: Հենց նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»:

«Աջ պաշտպան, հենակետային, կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան․․․ Երբեք որևէ դիրքում ինձ անհարմարավետ չեմ զգացել: Տարիների ընթացքում հիմնավորվեցի պաշտպանության կենտրոնում, բայց չպետք է մոռանալ, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եմ դարձել՝ գործելով որպես աջ պաշտպան»:

«Անհավանական ճնշման հանդիպեցի, երբ այդքան երիտասարդ տարիքում տեղափոխվեցի աշխարհի լավագույն ակումբ: Ինձ ոչ ոք առանձնապես չէր ճանաչում: Հիշում եմ՝ ինչպես ամբողջ աշխարհը նվաճելու ահռելի ցանկությամբ առաջին անգամ ոտք դրեցի «Սանտիագո Բեռնաբեուի» խաղադաշտ»:

presentacion real madrid 1 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Երբ տեղափոխվեցի «Ռեալ», այստեղ խաղում էին Զիդանը, Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռաուլը, և նրանք ինձ են փոխանցել այն արժեքները, որոնք այժմ արդեն ես եմ տալիս մեր նորեկներին: Պատասխանատվություն եմ զգում տղաների առջև, որոնք միանում են «Ռեալին», հիմա արդեն իմ հերթն է հոգ տանելու նրանց մասին»:

«Գոլերս միշտ տարբեր ձևերով եմ տոնում, քանի որ այդքան էլ հաճախ գոլի հեղինակ չեմ դառնում, և ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ցանկանում եմ այն նվիրել այն 2 կամ 3 մարդկանց, որոնց շատ եմ սիրում»:

«Լուկա Մոդրիչն իմ ընկերն է, հպարտ եմ, որ նրա հետ մեկ թիմում եմ խաղում: Այդպիսի ֆուտբոլիստները շատ չեն: Նա արժանի էր ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Այո, կան ավելի գովազդված և հանրաճանաչ խաղացողներ, բայց հենց Մոդրիչն էր արժանի այդ պարգևին»:

«Երաժշտությունը տրամադրությունս արտահայտելու միջոց է, և դա հաստատապես նպաստում է խաղից առաջ մոտիվացվելուն: Դա օգնում է նաև առաջ շարժվել պարտություններից հետո կամ ուղեղս զբաղեցնել, երբ չեմ խաղում: Երաժշտությունը մի բան է, որ հետևում է ինձ ամեն օր՝ յուրաքանչյուր քայլիս»:

«Բոլորը հիշում են Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակիչի մասին («Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին-խմբ․), բայց ոչ ոք չի հիշում ընտանիքիս և երեխաներիս հասցեին ստացված մահվան սպառնալիքները: Սալահի վնասվա՞ծքը․ դա ինձ չի անհանգստացնում: Ոչ մի դեպքում չէի ցանկանա վնասվածք հասցնել գործընկերոջս, ուստի խիղճս մաքուր է: Երկրպագուների արձագանքն ինձ վրա ոչ մի կերպ չի ազդում»:

b 196 960x675 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Ես 3,2 կգ եմ կորցնում ամեն խաղում: Ամեն հանդիպումից հետո 2,5 լիտր իզոտոնիկ լուծույթ եմ խմում: Դա անհրաժեշտ է արագ վերականգնման համար»:

«Ես ժամանակից շուտ վետերան դարձած ֆուտբոլիստ եմ, ստիպված եղա արագորեն հասունանալ»:

«Չկա ավելի մեծ շարժառիթ, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալը»:

«Լիդեր չեն ծնվում, լիդեր դառնում են: Դրա համար հարկավոր են ոչ միայն անհատական հատկանիշներ, այլև համապատասխան միջավայր, կուտակած փորձ, թիմակիցներ, կրքոտ երկրպագուներ: Բախտս ինչ-որ տեղ բերել է, սակայն ես միշտ սովորել եմ, ընթացել առաջ, հպարտացել իմ ձեռքբերումներով և չընկել դեպրեսիայի մեջ անհաջողությունների պատճառով»:

«Ֆուտբոլը մարզաձև է, որտեղ անհատները միասին են խաղում: Բայց հենց թիմն է բացահայտում քո լավագույն հատկանիշները, իսկ դու՝ որպես երախտագիտության նշան, կարող ես այդ թիմն ավելի ուժեղ դարձնել»:

589eed95501a6211e725d53d9036197d crop exact 960x640 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պետք է պատրաստ լինես քեզ վրա ցանկացած պատասխանատվություն ընդունելուն: Բայց միշտ պետք է հիշել նաև ֆուտբոլային բախտի մասին, որը երբեմն երես է թեքում: Դա պետք է պարզապես ընդունել և սխալներին փիլիսոփայորեն վերաբերել, նրանք չպետք է քո մեջ վախ սերմանեն: Ես ամբողջ կարիերայիս ընթացքում կարողացել եմ ինձ կառավարել, բայց նույնիսկ պատասխանատվությունը հաջողության կարիք ունի»:

«Ոչ մի ֆուտբոլիստ երբեք ավելի կարևոր չի լինի, քան «Ռեալը»: Ինչ էլ տեղի ունենա, այս ակումբը կշարունակի գոյություն ունենալ»:

«Ռեալի» խնդիրը հաղթելն է, և մենք դա կշարունակենք անել նաև առանց Կրիշտիանու Ռոնալդուի»:

«Մեր պատմությունն ու խորհրդանիշը մեզ ստիպում են միշտ պայքարել մինչև վերջ»:

«Ես հազար անգամ արյուն կթափեի այս խորհրդանիշի և այս մարզաշապիկի համար: «Ռեալում» խաղալը տիտանական պատասխանատվություն է»:

Մեր ընտրանին

«Երբ կազմվի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակ, Ֆրանչեսկո Տոտին անպայման կլինի այդտեղ: Հավատացած եմ, որ նա կհիշվի որպես մեծագույններից մեկի: Կարծում եմ՝ Ֆրանչեսկոն խնդիր չէր ունենա այլ մեծ ակումբում խաղալու հարցում: Տոտին ի ծնե հաղթող է, և մեծ ֆուտբոլիստները միշտ գտնում են թիմում ինտեգրվելու ճանապարհ»:

«Երբ մրցավարը հնչեցնում է խաղի ավարտն ազդարարող սուլիչը, դու, հնարավոր է, ավելի շատ ժամանակ ես ունենում մտածելու այն մասին՝ ինչքան միօրինակ կյանք ես վարում որպես ֆուտբոլիստ՝ զուգորդված անվերջ թռիչքներով և հյուրանոցային գիշերներով: Դու այնքան ժամանակ ես անցկացնում առանց ընտանիքի ու երեխաների, որ հեռու գտնվելու այդ պահերը քեզ հիշեցնում են այն մարդկանց մասին, որոնց շատ ես կարոտում»:

«Այն պահից ի վեր, ինչ Կառլո Անչելոտին ժամանեց «Ռեալ», նա ընդգծեց քրտնաջան աշխատանքի ու ինտենսիվության կարևորությունը, և հիմա մադրիդյան թիմը հենց այդ ամենի հետ է ասոցացվում: Անչելոտին ֆուտբոլիստի կարիերա է ունեցել, ինչը նրան տարբերում է մյուս մարզիչներից»:

«Կողմ եմ տեսակրկնությունների կիրառմանը: Չի կարելի հաղթել՝ գոլ խփելով խաղից դուրս վիճակից կամ «չեղած» 11-մետրանոցից: Այդ համակարգը նշածս առումով կարող է օգնել: Հենց սովորենք նրա օգտագործմանը, այն ավելի արագ կդառնա»:

«Արգենտինայում գիտեն, որ Մարադոնայի՝ պատմության լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ կոչվելու տարիներն անցյալում են: Ինձ համար ուժեղագույնը Լեո Մեսին է: Նա հրաշալի ու բացառիկ ֆուտբոլիստ է: Արգենտինայի հավաքականն առանց նրա ավելի թույլ տեսք ունի, նրա հետ՝ շատ ավելի ուժեղ»:

2329607 48490910 2560 1440 960x540 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Ֆուտբոլը հիշողություն չունի, և դու ամեն մրցաշրջանում, ամեն խաղում պետք է ամեն ինչ զրոյից սկսես, ու ապացուցես, ապացուցես, ապացուցես: Այլ կերպ չի լինի»:

«Շատ խաղեր եմ անցկացրել անգլիական ակումբների և Անգլիայի հավաքականի դեմ ու միշտ տարբերություն եմ նկատել այդ հանդիպումներում: Արդյունքը միշտ ավելի կարևոր նշանակություն է ստանում, երբ մրցակիցներդ ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչներն են»:

«Ես քնքուշ ֆուտբոլիստ չեմ և կարող եմ խաղադաշտում կոշտ գործել, բայց մրցավարները սխալ պատկերացում են ձևավորել իմ մասին: Երբ ստանում ես կոշտ խաղացողի պիտակ, շատ դժվար է դառնում դրանից ազատվելը: Հաճախ եմ նկատում, որ ինձ՝ Սերխիո Ռամոսին, շատ ավելի հեշտությամբ են դեղին քարտ ցույց տալիս, քան որևէ այլ ֆուտբոլիստի»:

«Ինչքան շատ խոսենք մրցավարության մասին, այն այնքան ավելի վատն է դառնալու: Երբ ինչ-որ մեկը պարտվում է, նրա համար ամենահեշտը մրցավարական որոշումների վրա կենտրոնանալն է»:

«Բախտին պետք է արժանանալ ամենօրյա ջանքերով ու զոհաբերություններ կատարելով: Որպեսզի դառնամ այն, ինչ այսօր կամ ֆուտբոլում, ստիպված եմ եղել հրաժարվել իմ մանկությունից»:

534928086 960x661 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Այդքան էլ հեշտ չէ պաշտպանվելն այնպիսի հարձակողական թիմում, ինչպիսին «Ռեալն» է»:

«Խոսքեր չկան՝ Կլասիկոն նկարագրելու համար: Դա բացարձակապես այլ խաղ է, աշխարհի ամենակարևոր հանդիպումը»:

«Միշտ ասել եմ՝ երբ «Ռեալը» հաղթում է, դա միայն Ռոնալդուի, Կակայի կամ այլ անհատի շնորհիվ չէ, և երբ թիմը պարտվում է, արդար չէ անհաջողության համար մեղադրել միայն այդ խաղացողներին»:

«Երբ դու շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստ ես, մրցակիցները մեծ հակակրանքով են վերաբերվում քեզ»:

«Մեծագույն ֆուտբոլիստները հազվադեպ են հաջողակ մարզիչներ դառնում, բայց Զիդանին դա հաջողվել է»:

zidane ramos 960x540 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Յուրաքանչյուր մայր կցանկանար՝ իր դուստրը հանդիպեր Անդրես Ինիեստայի նման տղամարդու: Անդրեսի կարիերայի ընթացքն ու վարքագիծն արդեն իսկ պատմում են նրա մարդկային հատկանիշների մասին: Ինիեստան կախարդական ֆուտբոլիստ է: Քիչ խաղացողներ կան աշխարհում, որ կարող են համեմատվել նրա հետ»:

«Ռոնալդինյոն գրեթե անկասելի էր իր լավագույն մարզավիճակում՝ թե՛ որպես հարձակվող, թե՛ որպես փլեյմեյքեր»:

«Չեմ թաքցնի, որ կար ժամանակահատված, երբ լարված հարաբերություններ ունեինք «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ, խաղերն այնքան շատ էին, որ մարդիկ կորցրել էին գլուխները: Բայց ժամանակի հետ հարթեցինք խնդիրները, հարմարվեցինք դրան ու սկսեցինք հարգել միմյանց: Օրինակ՝ Ժերար Պիկեի հետ շատ ժամանակ ենք անցկացրել հավաքականում, նա մեծ սիրտ ունի և հիանալի տղա է, իսկ ինչ վերաբերում է մեր սուր հայտարարություններին, ապա այդ ամենը պարզապես գալիս է մեր ակումբներին ու նրանց արժեքներին ունեցած հավատարմությունից: Նա հիանալի կենտրոնական պաշտպան է»:

«Կարիերայիս ընթացքում մրցակցել եմ աշխարհի լավագույն հարձակվողների հետ, նրանցից ոմանք պատմության ուժեղագույններից են: Ինձ համար վախ երբեք գոյություն չունի: Հարգանք՝ այո, բայց վախ՝ երբեք»:

«Որպես իսպանացի շատ եմ անհանգստանում, որ մեր հիմնում բառեր չկան: Ուզում եմ, որ մեր հիմնում բառեր լինեն, քանի որ զգում եմ՝ ինչպես են մյուս հավաքականները «լիցքավորվում», երբ երգում են իրենց հիմնը: Դրանք յուրահատուկ հնչյուններ են: Երբ հնչում է հիմնը, միշտ երկնքին եմ նայում: Դա շատ կարևոր պահ է ինձ համար: Հիշում եմ տատիկիս ու պապիկիս, ընտանիքիս, ընկերներիս և Անտոնիո Պուերտային («Սևիլիայում» Ռամոսի նախկին թիմակիցը, որը մահացել է 2007 թվականին 22 տարեկան հասակում-խմբ․)»:

1fa34d89 2fec 4749 afaa 6018993667ae 1200x675 1 960x540 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Կարիերայիս ընթացքում շատ-շատ բանի եմ հասել, և լավ կլիներ, եթե նրանք ինձ պարգևատրեին «Ոսկե գնդակով», դա պատմական պահ կդառնար, բայց անկեղծորեն նույնիսկ չեմ մտածում այդ մասին»:

«Իսպանիայի Պրիմերան աշխարհի լավագույն առաջնությունն է, ամենաբարդ լիգան»:

«Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և մենք բախտավոր ենք նրա հետ ամեն օր մարզվելու հնարավորության համար: Նա «Ռեալի» պատմության ամենակարևոր խաղացողն է»:

«Սնահավատության շատ դրսևորումներ ունեմ: Վաղուց էի որոշել մազերս կարճեցնել, բայց չկարողացա դա անել մինչև 2010 թվականի աշխարհի առաջնությունը, քանի որ Ավստրիայում և Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում խաղացել էի երկար մազերով, ու մենք հաղթել էինք: Հետո, միշտ խաղադաշտ եմ դուրս գալիս ձախ ոտքով, իսկ առաջինն ամրացնում եմ աջ խաղակոշիկիս քուղերը, աղոթում եմ տատիկներիս ու պապիկներիս համար: Բայց աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո հրաժարվեցի այդ ավանդույթներից շատերից, որոշեցի փոքր-ինչ փոխել ինձ»:

«Քչերն են ինձ այնպիսին ճանաչում, ինչպիսին ես ընտանիքում եմ: Ես ընտանեկան մարդ եմ, հնարավոր է՝ նույնիսկ ռոմանտիկ: Ընտանիքն ամենակարևորն է: Ինձ համար ուրախության բոլոր պահերը կապված են հարազատ մարդկանց հետ»:

Juventus v Real Madrid UEFA Champions League Final 960x720 - «Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

«Նույնկերպ եմ վերաբերվում նրանց, ովքեր ինձ գովաբանում կամ քննադատում են: Կարող եք իմ մասին ինչ ասես խոսել, քանի դեռ բոլոր ուժերս տալիս եմ իմ թիմին: Կարող եք ասել՝ վատ խաղացի կամ լավ, բայց չեմ ընդունի քննադատություն՝ կապված գործին իմ վերաբերմունքի հետ»:

«Ունեցել եմ երազանք՝ դառնալ աշխարհի չեմպիոն, և այն կյանքի եմ կոչել: Հիմա այլ երազանք ունեմ՝ կարիերաս ավարտել «Ռեալում»: Միշտ դա եմ ասել, և կրկնելու եմ այդ խոսքերը նաև ապագայում»:

«Եթե դու չես ապրում, սնվում և շնչում ֆուտբոլով, դու իսկական ֆուտբոլիստ չես: Դու պարզապես մարզաշապիկ ես կրում»:

«Չէի կարողանա հանգիստ քնել, սնվել, ինձ լիարժեք տղամարդ զգալ, եթե իմանայի, որ խաղադաշտում չեմ ներդրել ամբողջ` հարյուր տոկոս ուժերս: Գուցե հաղթեմ կամ պարտվեմ, բայց երեկոյան կարող եմ քնել միայն այն դեպքում, եթե վերաբերմունքը խաղին ճիշտ է եղել: Ոչինչ ինձ չի ուրախացնում ավելի շատ, քան այն զգացողությունը, որ խաղադաշտում ներդրել եմ ուժերիս հարյուր տոկոսը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Էմերիկ Լապորտը Իսպանիայի հավաքականի կազմում կարող է մասնակցել Եվրո-2020-ին

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Ռոնալդուն բաց է թողել «Յուվենտուսի» մարզումը՝ նախագահ Անյելիի հետ այցելելով «Ֆերարիի» գործարան

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում