fbpx

«Նուրբ վարվելու արվե՞ստ, թե՞ ազատում ավելորդ պաշտամունքից»․ Ինչպե՞ս փրկել մեր հավաքականը

«Նուրբ վարվեք հավաքականի հետ»․․․Ժամանակին դասականն այսպես էր արտահայտվել մեր թիմի մասին, երբ գործընկերներիցս մեկը նրան հարց ուղղեց Դենիս Թումասյանի՝ հավաքական հրավիրվելու հեռանկարների մասին։

Լավ, ընդունեցինք, նուրբ վարվեցինք հավաքականի հետ, խայտառակ պարտությունների համար խելահեղ քննադատական հոդվածներ չգրեցինք, այս կամ այն ֆուտբոլիստի դժգույն խաղի մասին չբարձրաձայնեցինք, հետխաղյա հարցազրույցների ընթացքում այդ նույն ֆուտբոլիստների առհամարհական վերաբերմունքից չբողոքեցինք, գլխավոր մարզչի հրաժարականի՝ երկրպագուների պահանջին չմիացանք։ Չմիացանք, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։

Իսկ մենք այսօր ունենք ֆուտբոլի հավաքական, որի խաղացողներն անհատապես Եվրոպայում մեծ հեղինակություն են վայելում ու մեծամասամբ հանդես են գալիս իրենց թիմերի հիմնական կազմում, բայց որպես ԹԻՄ, վաղուց չի կարղանում քայլ առաջ կատարել, այսինքն ՄԵՐԺՈւՄ է ՔԱՅԼ ԱՆԵԼՈւ բոլոր առաջարկները։ Խոսենք փաստերի լեզվով։

1․ Ի՞նչ է նշանակում 2013 թվականից ի վեր հաղթել պաշտոնական ընդամենը 3 խաղում, որոնցից 2-ը անընդմեջ 1 մարզչի գլխավորությամբ։ Նման, մեղմ ասած, անբավարար արդյունքներից հետո ֆուտբոլիստները լրագրողների հետ լեզվակռվի ու քոմենթակռվի փոխարեն պարտավոր են մեռնել դաշտում, տուն չվերադառնալ, համացանցում մի որոշ ժամանակ գոնե նկար չգցել, առավել ևս խաղից մի քանի ժամ առաջ գլխավոր նկարի փոփոխության մասին չմտածել։

2․ Ի՞նչ է նշանակում 3 տարի Երևանում հաղթանակ չտանել, գոլեր խփել միայն հատուկ դեպքերում ու դրանից հետո հենց այնպես թողնել ու խաղադաշտից հեռանալ՝ առանց երկրպագուներին մոտենալու, ներողություն խնդրելու խայտառակ ելույթի համար (Մարկոսին մասնավորապես ու մի՜ քանիսին ցուցակից հանած)։

3․ Ի՞նչ է նշանակում պարտությունից հետո առհամարհել բոլորին, այդ թվում երկրպագուներին։ Ընդ որում, փոքրիկ երկրպագուներին, ովքեր 10 տարեկան են ու ծնված օրվանից միայն «Մխիթարյան, Մխիթարյան» են լսել ու տեսել։ Ի՞նչ է նշանակում հրել (անգամ թեթև) ու բղավել նրանց վրա (էլի թեթև)։

Հասկանալի է՝ բարդ է հանդես գալ հավաքականում, որտեղ երբեք ոչինչ հստակ չէ։ Հավաքականում, որտեղ օդում կախված է պայմանավորված հանդիպում անցկացնելու անգամ փոքր կասկածը։ Հավաքականում, որտեղ գլխավոր մարզիչը արդյունք ցույց չի տալիս ու նրան պահում են երկա՜ր-երկար։ Ու հավաքականում, որտեղ մի մարզիչ էլ վերջապես հաղթանակ է տոնում ու փորձում է ինչ-որ բան անել, ու նրան թողնում են հեռանալ։

Աներկբա է՝ հավաքականը, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր կոլեկտիվ, ունի իր ներքին խոհանոցը, որտեղ ամեն ինչ այդքան էլ մաքուր չէ։ Եղել են, կան ու կլինեն տարաձայնություններ տարբեր ֆուտբոլիստների միջև, եղել են, կան ու կլինեն տղաներ, ովքեր միմյանց հետ բառ չեն փոխանակի, որովհետև ինչ-որ բան ինչ-որ տեղ չեն կիսել կամ նախանձել են մեկը մյուսին։ Դա հատուկ է ցանկացած կոլեկտիվի՝ լինի մասնավոր աշխատանքային-հաշվապահական, թե ազգային հավաքական։

Ամենակարևորն է՝ մեր հավաքականում այսօր չկա ընդգծված առաջատար։ Ժամանակին այդ վիրտուալ ղեկը «տվեցին» Մխիթարյանին, սակայն նա անգամ կիսով չափ էլ առաջատար չէ։ Բացարձակ։ Առաջատար լինելը չի նշանակում տուփերով գոլեր խփել ու քառակուսի մետրով գոլային փոխանցումներ կատարել։ Ամենևին։ Առաջատարը պիտի կատարի իր բուն պարտականությունը՝ ԱՌԱՋ ՏԱՆԻ իր թիմակիցներին։ Բայց Հենրիխ Մխիթարյանն այդ ձիրքով չի փայլում հավաքականում։ Ու չի էլ փայլել։ Ու ոչ մի տեղ չի փայլել։

Ակումբային կարիերայի ընթացքում Մխիթարյանը գրեթե միշտ հաջողությամբ հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է լիներ՝ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին։ Նա իր նվիրվածությամբ գերեց «Մետալուրգի» երկրպագուների սրտերը ու իր խաղի շնորհիվ դարձավ ավագ։ Բայց եկեք չմոռանանք, որ այդ ժամանակ Մխիթարյանը դեռևս տակավին երիտասարդ էր ու նոր՝ առաջին արտասահմանյան կոլեկտիվում իրեն դրսևորելու շանսը պիտի ձեռքից բաց չթողներ։

Այո, «Շախտյորում» նա գոլեր էր խփում, Գայտանայի հետ «Ով սիրուն, սիրուն էր երգում», ճանաչվում էր ամիսներից մեկի կամ երկուսի լավագույն ֆուտբոլիստ, բայց թիմում տոն էին տալիս բացառապես բրազիլացիները՝ Վիլիանը, Ֆերնանդինյոն, Դուգլաս Կոստան, Լուիս Ադրիանոն։ Այո, «Դորտմունդում» էլ նա փայլեց, բայց միայն երրորդ մրցաշրջանում։ Առաջին երկուսում նա ԴԵՌ հարմարվում էր։ Թոմաս Թուխելի շնորհիվ Մխիթարյանը նոր դիրք ստացավ, գոլեր ու գոլային փոխանցումներ կատարեց ու իր անհատական վարկանիշը հասցրեց 45 միլիոն եվրոյի։ Սակայն առաջատար այդպես էլ չդարձավ։

«Մանչեսթեր Յունայթեդում», և առհասարակ ամբողջ Անգլիայում երկրպագուներն ու մամուլը ֆուտբոլիստների հետ երկար-բարակ լոլոներ չեն անում ու «հարմարվել-չհարմարվել» չեն խաղում։ Քննադատելու տեղիք կա՝ քննադատում են։ Մխիթարյանը միայն հաշված անգամներում է ռիսկի գնացել ու խաղն իր վրա վերցրել։ «Միկին խուսափում է պատասխաատվությունից»՝ այսպիսի արտահայտություն կարելի էր հանդիպել անգլիական ցանկացած սպորտային թերթում։ Նույն պատկերը նաև «Արսենալում» է։

Այնպես չէ, որ Մխիթարյանին որևէ մեկը խանգարել է լինել առաջատար։ Ոչ մի դեպքում։ Պարզապես այդ ֆուտբոլիստը չի սիրում իր վրա ավելորդ բեռ վերցնել։ Իսկ մենք՝ հայերս նրան վերածել ենք (էլի խոսեմ դասականի լեզվով) «Ռեմբոյի» ու նրանից պահանջում ենք անհավանական խաղ։

Անհերքելի է՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում չի խաղում այնպես, ինչպես կցանկայինք մենք։ Երկրպագուները նրանից պահանջում են ավելին, ավելին ու ավելին։ Բայց նա խաղադաշտում ոչնչով աչքի չի ընկնում։ Իսկ երբ նրա խաղին տրվում է բացասական գնահատական, ֆեյսբուքահայության մի հսկա ալիք, որի մոլեկուլներից շատերի պրոֆիլի նկարում Մեսին է, իսկ շապիկին՝ Ռոնալդուն, ու սկսում են պաշտպանել Հենոյին իբր «ոչ պրոֆեսիոնալ» լրագրողներից։ «Նա մեր հպարտությունն է, չի կարելի», «Հենոն հայ ազգն է ներկայացնում», «Շնորհակալ եղեք, որ գալիս խաղում է» ու նման ցածրորակ եզրույթներ։ Եթե ֆուտբոլիստը չի անում այն, ինչի համար հրավիրվել է կրելու ազգային թիմի շապիկը, ուրեմն ինքը ենթակա է քննադատության։ Եթե արգենտինական մամուլը Մեսիին հողին է հավասարեցնում այս կամ այն հարցում, Հենրիխն ու մեր տղաները նրանցից ոչնչով առավել չեն։

Այո, գուցե տղաներն ունեն հավաքականի անհաջող մրցելույթների իրենց բացատրությունը, որը մեղմ ասած, տեղին է։ Եվրո 2012-ի բումից ու դրանից մնացած վառոդի փոքր մասով կրակած ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարից հետո հավաքականին անհրաժեշտ էին փոփոխություններ, առաջխաղացում։ Ու գուցե մեր տղաներն այդ քայլը կանեին, եթե ազգային թիմի ղեկը վստահվեր փորձառու մարզչի, եթե ինքնաթիռի թանկարժեք տոմս ուզած ֆուտբոլիստի խնդրանքը բավարարվեր։ Բայց եկավ Բեռնար Շալանդը, հետո գնացինք որքան հնարավոր է ներքև՝ Սարգիս Հովսեփյան, Վարուժան Սուքիասյան, Արթուր Պետրոսյան ու Վարդան Մինասյան։ Ասել է թե՝ ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։

Հ․Գ․ Ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը պիտի պատիվ լինի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ անկախ նրանից՝ նա խաղում է «Արսենալում» թե «Բանանց-2»-ում։ Ոչ թե մենք ու Հայաստանը պիտի հպարտանա, որ այդ ակումբի ֆուտբոլիստը կրում է ազգային թիմի մարզաշապիկը, այլ հակառակը։ Ու ի վերջո՝ Լիխտենշտեյնի պես կիսապրոֆեսիոնալ հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո լրացուցիչ հոնորար ՊԱՀԱՆՋՈՂ ֆուտբոլիստից մենք ոչ մի ակնկալիք չունենք ու չպիտի էլ ունենանք։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Աարոն Ռեմսին կարիերան շարունակելու մեկ այլ տարբերակ է գտել

Հայաստանի հավաքականի 6 ֆուտբոլիստ կարող է բաց թողնել Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մեսիի վերադարձի մասին

Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Լեո Մեսիի և Ժերար Պիկեի հետ (լուսանկարներ)

Նեյմար. «Էմերին «Արսենալին» հաջողությունների կհասցնի»

Հեղափոխություն Էմերիի ոճով. Ինչ փոխվեց «Արսենալում» նոր մարզչի ժամանումից հետո

«Բավարիան» վստահ է, որ հաղթել է «Արսենալի» ֆուտբոլիստի համար մղվող մրցավազքում

Անգլիական 5 ակումբի տրանսֆերային արգելք է սպառնում

«Արսենալը» ուշադրությամբ հետևում է Դեմբելեի շուրջ զարգացող իրադարձություններին

Ջիբրալթարցի երկրպագուները լուսանկարվել են Մխիթարյանի հետ (տեսանյութ)

Եթե «Արսենալը» դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ, Մխիթարյանի վարկանիշը FIFA 19-ում կտրուկ կբարձրանա

«Մեսիի ձախ ոտքը, Ռոնալդուի մտածելակերպը․․․»․ Իդեալական ֆուտբոլիստն ըստ Մբապեի

«Վիճակագրության հետ նրա մոտ ամեն ինչ կարգին է». SkySports-ը Մխիթարյանին ներառել է Եվրոպայի 100 լավագույնների շարքում

Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները՝ ըստ BeIN Sports-ի լրագրողի

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Ջիբրալթար (լուսանկար)