-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կիլիան Մբապեն, որպես ՊՍԺ-ի առաջատար, մենակ էր մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ կարևոր խաղում. վնասվածքների պատճառով չկային ո՛չ Նեյմարը, ո՛չ էլ դի Մարիան: Անկախ իր կամքից՝ 22-ամյա ֆրանսիացին հայտնվել էր ուշադրության կենտրոնում. «ֆուտբոլի ապագայի» վրա ՊՍԺ-ն լուրջ խաղադրույք էր արել, երկրպագուների սպասելիքները մեծ էին, նա դեռ չէր հասցրել փայլել մեծ հանդիպումներում ՊՍԺ-ի կազմում (փարիզյան ակումբի մարզաշապիկով ՉԼ փլեյ-օֆֆ փուլում նա մեկ գոլի հեղինակ էր դարձել), իսկ այս կարևոր պահին «Կամպ Նոուի» լուսարձակները միացել էին հենց Կիլիանի ուղղությամբ:
Մբապեն չհիասթափեցրեց. նա մտավ «Կամպ Նոու» և նվաճեց այն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ ու հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մբապեն փետրվարի 15-ին անկասելի ու անկառավարելի էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար, ինչպես հայտնի «Բռնիր ինձ, թե կարող ես» ֆիլմում Դի Կապրիոյի մարմնավորած կերպարն էր ամերիկյան ոստիկանության համար:
Բայց Մբապեն առաջինը չէ, որ մոնոներկայացում ցույց տվեց Չեմպիոնների լիգայի թոփ խաղում: Վերհիշում ենք այս մրցաշարի ՄԵԾ ֆուտբոլիստների ՄԵԾ հանդիպումներում անցկացրած անհատական ֆանտաստիկ խաղերը:
2003/04 մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալն» ու «Ինտերը» հայտնվել էին միևնույն՝ B խմբում: Առաջին տուրում «Հայբերի» մարզադաշտում Հեկտոր Կուպերի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց լոնդոնցիների դարպասը, «զինագործների» հարձակվող Տիերի Անրին էլ վրիպեց 11-մետրանոց նշակետից: Բայց Անրիի պահը գալու էր պատասխան խաղին…
Արդեն Միլանում՝ «Սան Սիրոյում», երբ բոլորը ֆավորիտ էին համարում «Ինտերին», «Արսենալը» ներկայացավ այլ տեսքով՝ Անրիի գլխավորությամբ: Ֆրանսիացի հարձակվողն այդ առավոտ արթնացել ու որոշել էր պարզապես ոչնչացնել «ներաձուրիներին»՝ իրենց իսկ հարկի տակ: Անրին ոչ միայն հրաշալի կերպով համագործակցում ու իր շուրջն էր հավաքում թիմակիցներին, այլ նաև անցումներ անում և վճռում դրվագի ելքը միայնակ: 2 գոլ, 2 գոլային փոխանցում, խոշոր հաշվով (5-1) հաղթանակ. Կուպերի «Ինտերը» տապալված էր, իսկ Անրիի շոուն միայն տեսնել է պետք:
Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն հանդիպումներից մեկը տեղի ունեցավ նույն՝ 2003/04 մրցաշրջանում, բայց արդեն՝ փլեյ-օֆֆ փուլում: 1/4 եզրափակիչում բախվեցին «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում գալակտիկոսյան «Ռեալը» համոզիչ հաղթանակ տարավ «Յունայթեդի» նկատմամբ, բայց Ֆերգյուսոնի թիմի արտագնա գոլը դեռ պահում էր մանկունիանցիների վերջին հույսը:
Բայց վերոնշյալ հանդիպումը, որը լավագույններից մեկը կարելի է համարել նաև 21-րդ դարում, կայացավ «Օլդ Թրաֆորդում»: «Յունայթեդի» ամենևին էլ չէր պատրաստվում հանձնվել ու զիջել տեղը «Ռեալին», բայց Ֆերգյուսոնի լեգենդար այդ թիմին կարողացավ կանգնեցնել Ռոնալդոն՝ գրեթե միայնակ: Բրազիլացին 3 գնդակ ուղարկեց Ֆաբիեն Բարտեզի դարպասը, ընդ որում՝ տարբեր ճաշակի գոլեր. առաջինի դեպքում «մեծատամը» ճիշտ պահին արագացավ ու դիպուկ հարվածեց, երկրորդ դեպքում՝ գրավեց դարպասը թիմային գրոհից հետո, իսկ րոպեներ անց արդեն անթերի հարված կատարեց տուգանային հրապարակի սահմաններից դուրս: Ռոնալդոն երբեք չի նվաճել ՉԼ գավաթը, բայց այդ երեկո նա մտավ մրցաշարի պատմության գրքում. Ռոնալդոն «Երազանքների թատրոնի» գլխավոր հերոսն էր:
Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը» ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)
Ռոնալդոն վերջին բրազիլացին չէր, որ նվաճեց «Օլդ Թրաֆորդը»: 3 տարի անց՝ Չեմպիոնների լիգայի 2006/07 խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը «Միլանն» էր:
Այդ ժամանակ, ինչպես «Բարսելոնա» – ՊՍԺ խաղում, բախվեցին ֆուտբոլի ներկան ու ապագան՝ Կական ու 22-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն: Մանչեսթերում կայացած խաղի հաշիվը բացեց պորտուգալացին, բայց անհատական այդ դիմակայությունում հաղթեց ներկան: «Յունայթեդի» դեմ խաղը Կակայի՝ տարվա լավագույն անհատական խաղն էր: Բրազիլացի խաղարկողն «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում կարողացավ հայտնվել գլխավոր պլանում, նա թիմի գրոհներն իրականացնելու ղեկն իր ձեռքն էր վերցրել, իսկ առաջին կեսում տպավորիչ դուբլ գրանցեց: Առավել գեղեցիկ ստացվեց նրա երկրորդ գոլը, երբ մեկ շարժումով զգետնեց Էվրային ու Հայնցեին և գրավեց Վան դեր Սարի դարպասը:
«Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում «Միլանը» պարտվեց, բայց պատասխան խաղում հասավ ռևանշի, հետագայում հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ Կական այդ տարի նվաճեց «Ոսկե գնդակը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո