fbpx

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ամփոփեց Հայաստանի տասը լավագույն մարզիկների մրցույթը, ու առանց այս կողմ ու այն կողմ ընկնելու ասենք, որ այն կրկին միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ուստի, ազդեցություն չունենալով քվեարկության ընթացքին, ներկայացնում ենք 10 լավագույնների ցանկը ըստ մեր խմբագրության, որում sms քվեարկության արդյունքները ամենևին դեր չեն խաղացել:

VNews.am-ի լավագույն տասնյակը կազմվել է՝ հաշվի առնելով մեր լրագրողների կարծիքները (Գասպարյան Ռոբերտ, Հայրապետյան Աշոտ, Մկրտչյան Հայկազ, Մկրտչյան Լիանա, Ոսկանյան Վահե, Ռաֆայելյան Կարեն)՝ համեմատաբար մեծ գործակիցներ սահմանելով հայկական սպորտ առավել շատ լուսաբանող լրագրողների տարբերակների համար:

Արթուր Ալեքսանյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Մեր ամենատիտղոսակիր ու ամենամարզիկ Արթուր Ալեքսանյանի համար այս տարի վերջապես հաջող դասավորվեց Եվրոպայի առաջնությունը: Ռիոյի խաղերի օլիմպիական չեմպիոնը 2014-ից հետո առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ընդ որում, նա հասավ այդ նվաճմանը՝ ոչ մի միավոր չզիջելով մրցակիցներին: Իսկ տարվա գլխավոր ստուգատեսին «Ճերմակ արջը» մոտեցավ վնասվածքով, բայց նույնիսկ վնասվածքով Արթուր Ալեքսանյանը ավելի ուժեղ էր տարբեր երկրների առաջատար ըմբիշներից: Աշխարհի առաջնությունից հատկապես տպավորվել է Արթուրի գոտեմարտը նորվեգացի ըմբիշի հետ, երբ հզոր տղան 0-6 հաշվով պարտվելիս վերջին վայրկյաններին տապալեց մրցակցին ու հաղթեց 10-6 հաշվով: Կիսաեզրափակիչում էլ, ցավոք, զիջեց ռուս ըմբիշ Մուսա Եվլոևին, որին նախորդ տարի հաղթել էր ԱԱ-ի եզրափակիչում: Արթուրը այս օրերին ԱՄՆ-ում և ապաքինման լուրջ կուրս է անցնում: Բայց մեր տասնյակում նրա տեղը միշտ ամրագրված է ու աներեր:

Ֆերդինանդ Կարապետյան (Ձյուդո)

13 տարվա ընդմիջումից հետո էլ վերջապես հաջողություն ունեցանք նաև ձյուդոյում: Ֆերդինանդի տքնաջան աշխատանքը Իսրայելում տվեց ցանկալի պտուղը: Հայ մարզիկը եզրափակիչում առավելության հասնելով 2017թ. Եվրոպայի չեմպիոն արդբեջանցի ձյուդոյիստի նկատմամբ՝ աննկարագրելի զգացողություններ ու պահեր պարգևեց մեզ բոլորիս: Վերջին անգամ նման նվաճման հասել էր մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Սակայն աշխարհի առաջնությանը մեր ձյուդոյիստը չկարողացավ մասնակցել, քանի որ այն կայանալու էր Ադրբեջանում: Մեր ոչ բարով խերով հարևաններն էլ հրաժարվեցին երաշխավորել մեր մարզիկի անվտանգությունը: Այնուամենայնիվ, դա փոքրիկ մանրուք է այն մարզիկի համար, որ ունի Կարապետյանի նման մեծ ձգտում ու հաղթողի հոգեբանություն: Ֆերդինանդը իր օրինակով շատերին ոգեշնչեց ու վստահ ենք, որ դեռ այդպիսի առիթներ շատ են լինելու:

Մաքսիմ Մանուկյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հիշարժան էր մեզ համար նաև Մաքսիմ Մանուկյանի ոսկե մեդալով: Հայ ըմբիշը Կասպիսկում ապացուցեց, որ աշխարհի առաջնությունում չեմպիոնությունը պատահականություն չէր: Սակայն աշխարհի առաջնությանը տեխնիկական լավ որակների տիրապետող Մաքսիմը մոտեցավ վնասվածքով, այնուամենայնիվ նա կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ: Հայկական ըմբշամարտի ավանդույթները շարունակելու, կամային մեծ որակներ ցուցադրելու, համառության, օրինակ ծառայելու համար մեր բոլոր լրագրողները Մաքսիմին ընդգրկել էին իրենց տասնյակներում:

Սիմոն Մարտիրոսյնան (Ծանրամարտ)

2018-ին Սիմոն Մարտիրոսյանից ակնկալիքները շատ էին, բայց նա ոչ միայն պատվով կատարեց իր առջև դրած խնդիրները, այլ նաև բառի դրական իմաստով գերակատարեց դրանք: Հայ ծանրորդը այս տարի ամբողջ Եվրոպայի ու աշխարհի առաջ հաստատեց, որ օլիմպիական խաղերին բոլորի հայացքը սևեռված է լինելու հենց նրա վրա: Ճիշտ է՝ Սիմոնին չեմպիոնությունը ԱԱ-ում անցած տարվա որակազրկման պատճառով մի փոքր ձգձգվեց, բայց ինչպես ասում են՝ եղավ ճիշտ ժամանակին, ինչպես օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Ժամանակակից «Տորք Անգեղը» 16 կգ գերազանցում էր իր մոտակա հետապնդողին: Եվ դա, այսքան երիտասարդ տարիքում: Մենք՝ բոլորս, միաձայն առանձնացրել էինք նրա անունը:

Գոռ Մինասյան (Ծանրամարտ)

Ախ, եթե չլիներ Տալախաձեն, Գոռի պարգևած ուրախությունը կբազմապատկվեր: Բայց Լաշան, ինչպես Սիմոնը, անգերազանցելի է: Իհարկե, ամեն մրցաշարին Գոռը բարելավում է արդյունքը, բայց վազող նապաստակին անհնար է որսալ: Այնուամենայնիվ լրագրողների ու հույս ունենք, որ նաև մարզասերների համար, Գոռը մնում է չեմպիոն անկախ մեդալի գույնից: Իսկ կայունությունը ու սառնասրտությունը Գոռի գլխավոր հատկանիշներն են: Բացի, օրինակելի մարզիկ լինելուց, գյումրեցին համեստ մարդ է ու հիանալի տղա է:

Էդգար Ստեփանյան (Հեծանվասպորտ)

Հայկական հեծանվասպորտի իր ուսերի վրա տանում է Էդգար Ստփանյանը: 2018-ը Էդգարի կարիերայի ամենահաջող տարին էր: 21-ամյա մարզիկի համար տարին սկսեց ակումբային մակարդակով ելույթներով, որտեղ նա 5 անգամ դարձավ հաղթող ու երկուսական անգամ էլ արծաթե մեդալակիր դարձավ, այնուհետև Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ ամռանը կայացած Մ23-ում նվաճեց ոսկե մեդալ, որը բոլոր ժամանակների ամենամեծ նվաճումն էր հայկական հեծանվասպորտում: Հաջորդիվ Էդգարը փայլեց միջազգային մրցաշարերում ու երբ հերթը հասավ աշխարհի գավաթի խաղարկությանը, մեր մարզիկը վնասվածք ստացավ, այլապես այստեղ էլ մեդալ կունենայինք: Այնուամենայնիվ, գնահատելով Էդգարի կատարած աշխատանքը ոչ հենակետային սպորտաձևի համար, հաշվի առնելով անհրաժեշտ պայմանների սղությունը ու այդ ամենը համեմատելով Էդգարի հաջողությունների հետ, մենք այն կարծիքին ենք, որ Էդգարը լավագույններից էր:

Տիգրան Կիրակոսյան (սամբո)

Սամբոն շատ է մոտ վերջնականապես օլիմպիական մարզաձև դառնալուն: Եթե դա հաստատվի, ապա Տիգրանը այն մարզիկներից կլինի, որը կհավակնի չեմպիոնական կոչմանը: Հայ մարզիկը այս տարի փայլուն ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով գլխավոր մրցանակը, իսկ աշխարհի առաջնությանը կանգնել է պատվո հարթակի աստիճանին:

Արթուր Շահինյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Արթուրը մեր ամենատաղանդավոր ըմբիշներից է, որին միշտ ինչ-որ բան խանգարում էր աշխարհի առաջնությունում հաջողության հասնելուն: Տարբեր տարիներին նա Եվրոպայում փայլել էր, բայց նման խոշոր մրցաշարում՝ երբեք: Պատահական չէ, որ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Արթուրը հուզված նշեց, որ այդ մեդալը իր համար ոսկու արժեք ունի: Այսպիսով, Արթուրի տեղը այս տասնյակում վաստակած է:

Վլադիմիր Հարությունյան – Լև Սարգսյան (Ջրացատկ)

Այս մարզական տարին Հայաստանի համար յուրահատուկ էր նաև հենց այս տղաների պատճառով: Նրանք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար պատմական նվաճման հասան՝ սինքրոն աշտարացատկում գրավելով 3-րդ պատվավոր տեղը: Ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ Եվրոպոն ուրախացավ մեր տղաների նվաճմամբ, քանի որ դա նախադեպ էր սպորտի համար: Բոլորին էլ հայտնի, որ Հայաստանում ջրացատկորդների համար ապահոված չեն տարրական պայմանները: Նրանք դեռևս մարզվում են սովետական մարզագործիքներով, բայց չեն փնթփնթում ու իրենց հաջողություններով են ստիպում խոսալ մարզաձևում առկա խնդիրների մասին: Կարծում ենք, որ մեղք կլիներ այսքան մեծ նվիրվածություն, աշխատասիրություն ու հայրենասիրություն ունեցող տղաների դուրս թողնել ընտրյալններից ցանկից:

Մարկոս Պիզելի (ֆուտբոլ)

Ամենահայ բրազիլային՝ այսպես են սիրում անվանել Մարկոսին երկրպագուները: Պիզելին, չնայած ֆուտբոլի համար իր պատկառելի տարիքին, փայլել է թե՛ հավաքականում, թե՛ ակումբում: Նա այս տարի բոլոր վարկածներով լավագույնը ճանաչվեց Ղազախստանում, իսկ հայկական եռագույնի նկատմամբ սերը մի խոշոր մեդալի արժեք ունի: Մարկոսին մենք նաև ճանաչել էինք «Տարվա լավագույն Ֆուտբոլիսիտ», այնպես որ, այս հարցում մեր տեսակետները նույնպես չբաժանվեցին: Պետք չէ մոռանալ ու պետք է ընդունել, որ ֆուտբոլը ամենամասսայական սպորտաձևն է ու երկրպագուներին մշտական սպորտային լարվածության մեջ է պահում, ուստի ֆուտբոլիստներին չպետք է արհեստականորեն դուրս թողնել հայկական մարզական ընտանիքից:

Այստեղ կարող եք ծանոթանալ վերջնական տասնյակին, այստեղ գլխավոր մարզիչների, լրագրողների քվեների արդյուքում ձևավորված տասնյակին և հանրության կարծիքին։

Հ.Գ., բայց ոչ մեկ նախադասութամբ

Թերի համակարգ

Բոլորիս հիշողության մեջ թարմ է, որ նախորդ տարվա լավագույնների ընտրությունը քննադատությունների մի մեծ ալիք բարձրացրեց մարզական հասարակության շրջանում․«Ով շատ բարեկամ ունի, նա էլ հաղթում է»։ Աներկբա էր, որ պետք չէ այդքան մեծ գործակից տալ SMS քվեարկողներին (50 %) ու ընդհանրապես պետք չէ մարզիկներին դասակարգել ըստ հորիզոնականների, նաև պետք է հնարավորություն տալ իրենց խոսքը ասել հավաքականների գլխավոր մարզիչներին։

Այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ հանրային կարծիքը հաշվի առնելու համար ընտրված sms քվեարկությունը իրականում չի ծառայում որպես այդպիսին, այսինքն՝ չի արտացոլում հանրային կարծիքը: Մի կողմից այս եղանակը բավականին հնացած է տեխնոլոգիական այլ լուծումների կողքին: Երկրորդ՝ մարդկանց տեղեկացվածությունն ու հետաքրքրվածությունը բավականաչափ մեծ չէ, ինչը փաստում է նաև քվեարկությանը մասնակիցների քանակը՝ մոտ 20000, ինչը Հայաստանի բնակչության նույնիսկ 1%-ը չի կազմում: Այս պարագայում առանձին անհատների՝ քվեարկության արդյունքների վրա ազդեցութուն ստանալու հավանականությունը շատ մեծ է, ինչն էլ փաստացի տեսնում ենք 2-րդ տարին շարունակ:

Այս անգամ ավելորդ լարվածություն ստեղծելուց խուսափելու համար նաև կայացվել էր հետաքրքիր որոշում՝ տասնյակի մեջ մարզիկներին չդասակարգելը: Թեև պաշտոնապես 10 լավագույն մարզիկները համարվեցին հավասար, մեկը մյուսից ոչ առավել, սակայն քվեարկողների, ինչպես նաև sms քվեարկության ձայների քանակական արժեքների ցուցադրությունը կրկին, կամա թե ակամա դասակարգեց մարզիկներին ու կրկին բորբոքեց այդ լարվածությունը: Հասկանում ենք, քվեարկության արժեքների ցուցադրությունը իրականացվեց թափանցիկություն ապահովելու համար, սակայն այս տեխնիկական հարցը փաստորեն փչացրեց ներդրված նոր մոտեցումը: «Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ…»:

Բա ինչպե՞ս

Այդ հարցին կարող եմ պատասխանել աշխարհում ընդունված նախադեպով․ ինչպե՞ս են լավագույն մարզիկներին, ֆուտբոլիստներին կամ էլ մարզիչների որոշում ամբողջ աշխարհում։ Քվեարկում են միայն լրագրողները, որոշները նաև հաշվի են առնում հավաքականների ավագների ու գլխավոր մարզիչների քվեները։ Բայց արհամարհված չեն մնում մարզասերները։ Կազմակերպվում են առանձին քվեարկություններ, որտեղ իրենց խոսքն են ասում մարզական տարվան հետևած մարդիկ, ու արդյունքները ամփոփելիս նշվում է՝ «Լավագույն մարզիկն՝ ըստ երկրպագուների»։

Հատկանշական է, որ աշխարհում այս արդյունքներին մարզիկները սովորաբար այդքան խիտ գունավորում չեն տալիս, քանի որ հասկանում են, դրանք սուբյեկտիվ են։ Ավելին, դա երբեք չի դառնում անձնական հարաբերությունների հարց, երբեք մրցակցության չի հանում տարբեր մարզաձևերին, թե որն է ավելի կարևոր կամ արժանի իր տեղն ունենալու 10 լավագույնների ցանկում:

Ֆուտբոլը…

Այսօր ֆուտբոլը աշխարհում ու նաև Հայաստանում ամենամասսայական մարզաձևն է։ Եկեք բոլորս ընդունենք դա։  Եթե Հայաստանի հավաքականը հաղթում է, գոլ է խփում, երջանկացնում է հազարավորներին։ Այս մարզաձևի բնույթը, նրանում առկա անհամեմատ մեծ մրցակցությունը, թիմային լինելը գուցե և թույլ չի տալիս մեր երկրին նվաճումներ ունենալ միջազգային ասպարեզում: Բայց ֆուտբոլը որպես մարզաձև ոչ պակաս դեր ունի հայաստանցիների կյանքում: Ու պարզապես ծիծաղելի է այն, որ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 33 ձայն։ Իրո՞ք։

Մարզիկներն էլ անցած տարի ասում էին, որ ֆուտբոլը դուրս է մրցակցությունից։ Դա այդպես է։ Բայց ոչ ոք իրավունք չունի աչք փակելու ֆուտբոլիստների վրա, նրանք նույնպես մարզիկներ են ու անցել են շատ դժվարությունների միջով, նրանց գործը ավելի պատասխանատու է, քանի որ իրենք իրենց օրինակով սերունդներ են կրթում, ստիպում սիրել ֆուտբոլը, հետո՝ սպորտը։ Հայաստանին իրենց մի գոլով ու հանդիպմամբ բերում են ավելի մեծ ճանաչվածություն ու փառք, դրանք էլ մեդալի արժեք ունեն։ Բայց ինչպես բոլորի, այնպես էլ ֆուտբոլիստների համար կարևոր է գնահատված լինելը։

Մի բան հստակ է, որ ինչ համակարգ էլ մշակվի, քննադատություններ լինելու են, ինչպես ամբողջ աշխարհում։ Հնարավոր չէ գոհացնել բոլորին։ Բայց ակնհայտ թերություններով համակարգի կիրառումն ու դրա արդյունքները կարող են սպանել չվերականգնվող բջիջներ մեր սպորտում։ Մեր առաջատար մարզիկներից շատերը կարող են սխալ հասկանալ հանրությանը ու մտածել, որ, ըստ արժանավույն, չեն գնահատվում, դա էլ կազդի նրանց մոտիվացիայի ու հետագա հաջողությունների վրա։

Լիանա Մկրտչյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգման տարբերակներ են քննարկվել

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Գոռ Մինասյան. «Աշխարհի առաջնությանը կապացուցեմ, որ ես կամ ու կլինեմ բարձրունքում»

Հրաժեշտի մեդալները․ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտվեց Ռուբեն Ալեքսանյանի ու Գոռ Մինասյանի համեստ մեդալներով (ֆոտոշարք)

Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, զգացնել տվեց վնասվածքը

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Մեդալների տեղատարափի ակնկալիքով. Վաղը պայքարի մեջ է մտնում 6 ծանրորդ

Ըմբշամարտի ԵԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը շարունակում է միայն Մաքսիմ Մանուկյանը (տեսանյութ)

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Մարկոս Պիզելիի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում