Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին - VNews
Բաժիններ

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարածավալ հարցազրույց է անցկացրել Sport24-ի հետ, որի ընթացքում խոսել է բազմաթիվ թեմաների մասին։

Օզբիլիսը, խոսելով իր արմատների մասին, ասել է․ «Մեծ պապիկիս անունն Առաքել է, որդուս անունը՝ նույնպես։ Նա դժվարին ժամանակներ է անցկացրել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Իր լեզուն ու ինքնությունը պահպանելու համար նա 8 տարեկանում կանգնել է հայելու առաջ ու հայերեն խոսել, որ չմոռանա։ Նրա ազգանունն Օզբիլիր էր, սակայն փաստաթղթերում սխալվել, «ր» տառի փոխարեն «զ» են գրել։ Հայրս հաճախ էր պատմում նրա մասին։ Եթե նա չլիներ, մեր ընտանիքի ճյուղը չէր շարունակվի, ու մենք չէինք լինի։ Այդ տարիքի քչերին է հաջողվել ողջ մնալ այդ ժամանակներում»։

Հայաստանի ու հայերենին տիրապետելու մասին

«Ինձ դուր է գալիս այստեղ, ընտանիքս լավ է զգում, երեխաներիս համար էլ բոլոր պայմանները կան։ Այստեղ կարելի է լավ կրթություն ստանալ, զվարճանալ, ընկերներ ձեռք բերել։ Կլիման նույնպես հրաշալի է։ Ինձ շատ է դուր գալիս այն, որ երեխաները շատ ժամանակ են անցկացնում Երևանի փողոցներում։ Եվրոպայում այժմ մի փոքր այլ է։ Հիմա այնտեղ նստում են տանը, ժամանակն անցկացնում այլ բաների վրա, իսկ ես չեմ ցանկանում, որ այդպես լինի։ Գրեթե ամբողջությամբ տիրապետում եմ հայերենին։ Իհարկե, կան որոշ բառեր կամ արտահայտություններ, որոնք ես չգիտեմ։ Դժվար է մաքուր հայերեն խոսել, սակայն կարող եմ ասել, որ 80-90 տոկոսով հասկանում եմ։ Ես ցանկանում էի հայրենիքում լինել ու խաղալ այնտեղ, բայց մի փոքր ավելի շուտ եղավ, քան ես նախատեսում էի։ Կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի մնալ ու շարունակել օգտակար լինել»։

«Մոնակո» չտեղափոխվելու և «Մանչեսթեր Յունայթեդի» ուղարկած սկաուտների մասին

«Ոչ մի բանի համար չեմ զղջում։ «Մոնակոյում» մեծ թվով աստղեր էին խաղում, իսկ «Կուբանից» այնտեղ տեղափոխվելն այդքան էլ տրամաբանական չէր լինի, իսկ «Սպարտակից» կարող էի հանգիստ ցանկացած թոփ ակումբ տեղափոխվել։ 2013-14 մրցաշրջանում մենք խաղում էինք «Կռիլյա Սովետովի» հետ։ Գործակալս մոտեցավ ինձ ու ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդից» սկաուտներ են լինելու խաղին։ Անկեղծ ասած՝ ես լավ ելույթ չունեցա այդ խաղում ու հասկացա, որ չեմ կարող լինել բրիտանական ակումբի հետաքրքրության շրջանակում։ Մեկ ամիս անց էլ լուրջ վնասվածք ստացա, որից ապաքինվեցի մոտ 300 օր հետո։

«Սպարտակից» հեռանալու մասին

«Ինձ զանգահարեց մարզական տնօրենն ու ասաց թիմում իր պարտականությունների մասին։ Հետո ես գնացի գրասենյակ, որտեղ հայտնի դարձավ, որ «Բեշիքտաշը» ցանկանում է, որ ես միանամ թիմին, իսկ «Սպարտակը» դեմ չէր։ Ֆինանսական ծանր իրավիճակ էր, ու թիմն ստիպված էր հրաժարվել որոշ խաղացողների ծառայություններից։ Այդ խաղացողների թվում էի նաև ես։

Ռուսաստանում խփած ամենագեղեցիկ գոլի մասին

«Կուբանի» կազմում «Սպարտակի» դարպասը խփած գնդակն էր։ Հնարավոր չէ մոռանալ այդ մարզադաշտում նման գոլը։ Այդ հույզերը միշտ կլինեն ինձ հետ։ Խաղից հետո բազմաթիվ հաղորդագրություններ ստացա, իսկ խաղընկերներս ուղղակի խելագարվել էին»։

«Բեշիքտաշում» անցկացրած ժամանակաշրջանի մասին

«Ես ուղղակի չխաղացի, խաղալու հնարավորություն չստացա։ Թիմը երկու անգամ չեմպիոն դարձավ, այնպես որ մարզչին դժվար է մեղադրել կազմի ընտրության համար։ Բացի այդ, լուրջ վնասվածքից հետո բարդ էր վերադառնալ բարձր խաղամակարդակի ու խաղաժամանակ ստանալ։ Ամեն դեպքում եղել են պահեր, որ խաղադաշտ եմ դուրս եկել ու լավ ելույթ ունեցել»։

Յուրա Մովսիսյանի մասին

«Յուրան գերազանց հարձակվող է, երբ լավ մարզավիճակում է։ Նա եզակի ֆուտբոլիստ է։ Մենք զարմանում էինք, երբ նա հաճախ գոլի հեղինակ էր դառնում «ոչ աշխատանքային» ոտքով։ Ֆուտբոլիստն ուժեղ է այն ժամանակ, երբ ֆուտբոլն իր համար առաջնային է, բայց երբ ընտանիք ես կազմում, ֆուտբոլը երբեմն ետին պլան է մղվում։ Կարծում եմ՝ Յուրայի դեպքում այդպես էլ եղավ։ Եթե ֆուտբոլը նրա համար առաջնային մնար, նա կարող էր հասնել մեծ բարձունքների։ Հավանաբար միայն Մեսին ու Ռոնալդուն են, որ անկում չեն ունեցել»։

Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մխիթարյանը Հայաստանի հպարտությունն է։ Նա իր խաղով ու հաջողություններով փառավորում է իր երկիրը։ Ես նրան համարում եմ երկրի պատմության ամենաուժեղ խաղացողը։ Նա շատ է աշխատել՝ այդ ամենին հասնելու համար ու միշտ մտածել է հզոր ֆուտբոլիստ դառնալու մասին։ Ես նրան շատ եմ հարգում ու սիրում։ Մենք մշտական կապի մեջ ենք։ Վստահ եմ՝ Հենրիխը դեռ երկար ժամանակ կուրախացնի իր ժողովրդին»։

Դմիտրի Սելյուկի հետ փոխհարաբերությունների մասին

«Այդ մարդն իմ գործակալն էր։ Ես նրա հետ աշխատում էի, իսկ երբ սկսեցի աշխատել այլ մարդու հետ, նա սկսեց լրատվամիջոցների հետ զրույցներում իմ հասցեին վատ խոսքեր ասել։ Անկախ ամեն ինչից, նա եղել է իմ գործակալը, ու ես ավելի շատ լավ հիշողություններ ունեմ, քան վատ։ Այդ թեման ինձ համար փակ է»։

Խաչաձև կապանների շրջանում երեք վիրահատությունների մասին

«Ցավալի է այն, ինչ տեղի է ունեցել։ Իմ մարզական կարիերայի ընթացքում չեմ լսել մի մարդու մասին, որ խաչաձև կապանների շրջանում այդքան վիրահատություններից հետո վերադարձել է ու խաղադաշտ դուրս եկել։ Առաջին անգամ 2007 թվականի ապրիլի 1-ին էր, երբ 17 տարեկան էի։ Մորս ասացի, որ ծանր վնասվածք եմ ստացել ու գնում եմ հիվանդանոց։ Նա կարծում էր, որ ապրիլմեկյան հիմար կատակ է, իսկ հետո հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է։ Շնորհակալ եմ «Այաքսին», որ միշտ իմ կողքին է եղել։ Վնասվածքից հետո նրանք ինձ հնարավորություն տվեցին, ու ես նորամուտս նշեցի։ Խաղադաշտ դուրս եկա Կրոյֆի խաղահամարով։ «Այաքսը» հետո ինձ ասաց, որ սխալվել է այդ խաղահամարն ինձ տալու համար, բայց ես շատ հուզված էի ու հանդերձարանում չկարողացա զսպել արցունքներս։ Ես հասկացա, որ չեմ կարող նահանջել ու պետք է միշտ ֆուտբոլ խաղամ՝ անկախ ամեն ինչից։

Երրորդ անգամ նման վնասվածք ստացա, երբ «Սպարտակում» էի։ Հիանալի մարզավիճակում էի։ Մտածեցի, որ կարող եմ վերադառնալ նաև երրորդ վնասվածքից հետո, եթե կարողացել եմ երկու նման վնասվածք հաղթահարել։ Հիշում եմ, որ երրորդ վիրահատությունից հետո ոտքս չէի կարողանում շարժել։ Անգամ մտածում էի, որ հնարավոր է՝ չկարողանամ քայլել։ Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ լավ կլինի, հետևաբար իմ մտքով անգամ չի անցել, որ կարող եմ ավարտել կարիերաս։

Ընտանիքս միշտ ինձ հետ է եղել, իսկ դա լավագույն բուժումն է։ Իմացա, որ նման վնասվածք ստացել է Ռոնալդոն, իսկ այդ վնասվածքից հետո վերադարձել է ավելի ուժեղ։ Հասկացա, որ պետք է կարգապահություն ցուցաբերեմ, հոգ տանեմ ինձ համար ու նորից վերադառնամ»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները (տեսանյութ)

Օզբիլիսը անհավանական հնարքով շրջանցել է Միրանյանին, իսկ հետո ներողություն խնդրել Instagram-ում (տեսանյութ)

Սողոմոնյան. «Ուժեղ լեգեոներներ այլևս շատ չեն լինի, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա»

«Փյունիկը» համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկմանի» հետ

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Փյունիկից»