«Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը - VNews
Բաժիններ

«Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

02. PA 484746 LC Real Madrid scaled - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

Լոնդոնի «Tottenham Royal» պարահրապարակը համարվում էր Անգլիայի երիտասարդության ամենասիրելի վայրը։ Դրա գլխավոր զարդը պտտվող բեմն էր, որի վրա ամեն օր՝ կեսգիշերից լուսաբաց, «տժժում» էին երիտասարդ տղաներն ու աղջիկները։ Այդպես ամեն օր, իսկ շաբաթ-կիրակի օրերին տեղի էին ունենում լավագույն պարողների ցուցադրական ելույթները։ Այսպիսին էր Անգլիան ամբողջ 70-ականներին։

Հատկապես այդ օրերին ակումբում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Լոնդոնի տարբեր ծայրերից մարդիկ հավաքվում էին հետևելու փոքրիկ Լորիի կախարդական պարին։ Երիտասարդն այնպես էր պարում, որ դահլիճում հավաքվածների ծափահարությունները խլացնում էին երաժշտությունը և լսելի էին նույնիսկ կողքի թաղամասերում։ Նրան հրավիրում էր Հարլեմի պարային թատրոնը, պատրաստ էին ընդունել պարային բարձրագույն ուսումնական հաստատությունները, բայց ամեն անգամ պատասխանը բացասական էր։ Լորի Քանինգեմը հասկանում էր, որ պարը զուտ զվարճանք է։ Իսկական կիրքը նա զգում էր ֆուտբոլի հանդեպ։

FCQDJqSWUAYADIL - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

Ֆուտբոլի առաջին լուրջ քայլերը Լորին փորձեց անել «Արսենալում», սակայն լոնդոնյան թիմում չէին ընկալում «պարող ֆուտբոլիստի» տաղանդը։ Այդ տարիների բրիտանական ֆուտբոլում ավելի շատ գնահատվում էին ամրակազմ ֆուտբոլիստները, որոնք ժայռի բեկորից ոչնչով չէին տարբերվում։ Երիտասարդ տարիքում դրիբլինգի վարպետ դարձած Լորին, իհարկե, թիմից դուրս մնաց։ «Լեյթոն Օրիենտի» մարզչական շտաբը գնահատեց ֆուտբոլիստի բացառիկ տաղանդը, սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր. մարդ է՞լ ուշանա իր առաջին մարզմանը քնած մնալու պատճառով։ Առհասարակ, Լորին շատ էր բաց թողնում առավոտյան պարապմունքները։ Նրան փորձում էին տուգանել, բայց իմաստ չկար. մարդը սիրում էր գիշերները պարել…

20 տարեկանում Լորին վերջապես խելքը գլուխը հավաքեց ու սկսեց ֆուտբոլ խաղալ։ Զգալիորեն կատարելագործելով ֆուտբոլային ունակությունները՝ Լորին դարձավ Անգլիայի ամենաարագաշարժ ֆուտբոլիստներից մեկը։ «Նա այնքան արագ էր, մրցակից աժդահա պաշտպանները նույնիսկ գլուխները չէին հասցնում թեքել։ Սահանկումով նրան չէիր կանգնեցնի։ Եթե մենք ձյան վրա խաղայինք, նա հետքեր չէր թողնելու», – Լորիին այսպես գովում էր Անգլիայի հավաքականի պաշտպան Վիվ Անդերսոնը։

1977 թվականին Լորին հայտնվեց «Վեսթ Բրոմվիչում», որտեղ Բրենդոն Բեթսոնի ու Սիրիլ Ռեգիսի հետ կազմեց հարձակվողական ահասարսուռ եռյակ, բայց այն թվերին էլ կային հոգեպես անհավասարակշիռ ու քարանձավային մարդիկ. չնայած ֆուտբոլիստների ցուցադրած շքեղ խաղին՝ որոշ երկրպագուներ նրանց ուղղությամբ բանան էին նետում։ Լորին այդ ամեն ինչի վրա ուշադրություն չէր դարձնում, այլ պարզապես այդ բանանները հավաքում էր անկյունային դրոշակի մոտ, որտեղ սիրում էր նվաստացնել մրցակիցներին իր անցումներով։ «Ճնճղուկների» կազմում Լորին խփում էր շատ ու տարբեր ճաշակի գոլեր տուգանայինից, սոլո անցումներից, նույնիսկ գլխի հարվածից հետո՝ ունենալով 172 սմ հասակ։ «Երբ մեն-մենակ եմ հայտնվում մրցակցի առաջ, ոտքերս ակամայից սկսում են պարել։ Սիրում եմ պարել հատկապես անձրևի տակ։ Այդ ժամանակ եմ զգում բնության հետ կապը ու դառնում դրա հետ մի ամբողջություն», – պատմում էր ֆուտբոլիստը։

maxresdefault 3 960x540 - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

1977 թվականին տեղի ունեցավ ևս մեկ նշանակալի իրադարձություն։ Լորի Քանինգեմը դարձավ Անգլիայի պատմության ընդամենը երկրորդ սևամորթ ֆուտբոլիստը, որը կրում էր այդ երկրի հավաքականի (անկախ տարիքային խմբից) մարզաշապիկը։ Շոտլանդիայի Մ21 հավաքականի հետ նորամուտի խաղում Լորին դարձավ գոլի հեղինակ։ Եվս 2 տարի անց նա հրավիրվեց մեծահասակների հավաքական, իսկ ընդամենը մի քանի ամիս անց իրականացավ նրա գլխավոր երազանքը. երիտասարդ ֆուտբոլիստի առաջ բացվեցին «Ռեալի» դռները։ «Արքայական» ակումբը Լորիին ձեռք բերելու համար վճարեց այդ տարիների իսպանական ֆուտբոլի համար չլսված ու ռեկորդային գումար 950 հազար ֆունտ։

«Ռեալի» պատմության առաջին բրիտանացի լեգեոնականը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում իր ներկայացումը վերածեց իսկական շոուի։ Լորին այնպես էր պարում գնդակի հետ, որ Marca պարբերականը հաջորդ օրը լույս տեսավ «Լոնդոնյան հրաշագործը» մեծ վերնագրով։ Լորին «Սարագոսայի» հետ նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ ու օգնեց «Մադրիդին» դառնալ Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր։ Նրա կարիերայի մադրիդյան հատվածի ամենավառ խաղը տեղի ունեցավ Կատալոնիայում։ 1980թ. փետրվարի 10-ին «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»՝ 2-0։  Բրիտանացին իր խաղով խելագարության էր հասցնում երկրպագուներին, ընդ որում՝ նաև «Բարսայի» ֆաներին, որոնք մրցակցի ֆուտբոլը գնահատեցին ըստ արժանվույն՝ հոտնկայս ծափահարություններով։ Ճիշտ այնպես, ինչպես 25 տարի անց՝ 2005-ի նոյեմբերի 19-ին, երբ Ռոնալդինյոն մոխրակույտի էր վերածում «Ռեալի» պաշտպանությունը «Սանգտիագու Բեռնաբեու» ստադիոնում։

12.get 960x720 - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

Լորին պատրաստվում էր փայլել հաջորդ Եվրոյի ընթացքում, սակայն Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոն Գրինվուդը զարմանալիորեն հրաժարվեց «պարող ֆուտբոլիստի» ծառայություններից։ «Եռառյուծները» դուրս մնացին խմբային փուլից, իսկ Լորին հավաքական չհրավիրվելու ցավն ամոքում էր գիշերային ակումբներում՝ գրկելով վիսկիի շիշը։ Տաղանդավոր հարձակվողն ուշքի չեկավ նույնիսկ մրցաշրջանի մեկնարկից հետո։ Կանինկգեմը տառապում էր ոչ միայն հավաքականի պատճառով։ Այդ ընթացքում նա բաժանվեց նաև իր ընկերուհուց. հետֆրանկոյական Իսպանիայում սևամորթ տղամարդու և սպիտակամաշկ կնոջ միությունը, մեղմ ասած, չէր ողջունվում։ Նա չդիմացավ ճնշմանն ու որոշեց հեռանալ ֆուտբոլից։

Այս խնդիրները քիչ էին. նոյեմբերին Լորին կոտրեց ոտքը։ Անվերջանալի դեպրեսիայից փրկվելու միակ հույսը պարն էր։ Վնասվածքից ընդամենը 1 ամիս անց, երբ բժիշկները թույլ տվեցին շարժվել հենակներով, Լորին արդեն գիպսով պարում էր մարդաշատ վայրերում։ ԶԼՄ ներկայացուցիչներն ու մասնագետներն սկսեցին վատատեսորեն տրամադրվել անգլիացի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ, իսկ երբ գիշերային ակումբից դուրս գալու ֆոտոն հայտնվեց Marca-ի առաջին էջին, Լորին տուգանվեց մինչև այդ պահը Լա լիգայում երբևէ ամենամեծ գումարով՝ 1 մլն պեսետ (25.000 եվրո)։

1980/1981 մրցաշրջանում «Ռեալը» հիանալի տպավորություն էր թողնում ու հիմնական հատվածն անցկացրեց առանց Լորիի։ Երբ «Արքայական» ակումբը դուրս եկավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, Լորին պատրաստ էր դաշտ մտնելուն, սակայն այս անգամ էլ բախտը նրա կողմը չէր. «Պարկ դե Պրենս» ստադիոնը, որտեղ պետք է կայանար եզրափակիչը, 3 օր առաջ ընդունել էր ռեգբիի հանդիպում։ Դրանից հետո խոտածածկը վերածվել էր կարտոֆիլի բոստանի։ Նման դաշտում Լորին չէր կարող օգտագործել իր լավագույն ունակությունները։ «Դա իմ կարիերայի վատագույն հանդիպումն էր», – հիշում էր Լորին տարիներ անց։

Souness links en Neal rechts in duel met Cunningham Real Madrid 960x703 - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

«Բոլոր խաղերում ու մարզումների ընթացքում նա նվիրվում էր 100 տոկոսով։ Նա այն ֆուտբոլիստներից էր, որը ցանկանում էր կատարելագործվել։ Ես Լորիին համարում եմ իր ժամանակների Ռոնալդուն։ Ափսոս, որ վնասվածքներն ու տարբեր հանգամանքները նրան թույլ չտվեցին հասնել մեծագույն նվաճումների», – այսպես էր խոսում Լորիի մասին անվանի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն, որը նրա հետ խաղում էր «Ռեալում»։ «Բեղավոր» մարզիչը ճիշտ էր. Լորին այնքան էր ձգտում բոլորին ապացուցել, որ արժանի է դաշտ դուրս գալուն, որ վնասվածք էր ստանում ամենաանմեղ իրավիճակում։ Օրինակ՝ մարզումներից մեկի ժամանակ նա կտրեց խաչաձև կապանները։

Վերականգնման ընթացքում ֆուտբոլիստին օգնում էր եղբայրը՝ Քեյթը։ Սթրեսից դուրս գալու ճանապարհին, սակայն, տեղի ունեցավ Լորիի կյանքի ամենամեծ դժբախտությունը. անծանոթ մարդը, ներխուժելով Քեյթի առանձնատուն, սպանեց նրա կնոջն ու մանկահասակ երեխաներին։ Հանցագործությունը բացահայտվեց միայն 28 տարի անց՝ մասամբ Լորիի օգնությամբ։ 2010-ին լրագրող Պիտեր Լոուն գիրք էր գրում Լորիի մասին ու երբ իմացավ այդ սարսափելի դեպքի մասին, ոստիկանությունից պահանջեց գործի վերաբացում։ ԴՆԹ-ի օգնությամբ բացահայտվեց հանցագործի անունը. ֆուտբոլիստի եղբոր ընտանիքին սպանել էր փականագործ Ուիլբերտ Դայսը։ Դատարանը նրան դատապարտեց 3 ցմահ ազատազրկման։

https cdn.cnn .com cnnnext dam assets 200713115507 laurie cunningham england 960x540 - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ըմբռնումով մոտեցավ իրավիճակին ու թույլ տվեց ֆուտբոլիստին վերադառնալ հայրենիք։ Հոգեբանական այդ հարվածից Լորին այլևս ուշքի չեկավ։ Նա սկսեց հաճախակի վնասվածքներ ստանալ։ Ի վերջո, «Ռեալը» հրաժարվեց Լորիի ծառայություններից։ Անգլիացի ֆուտբոլիստը կարիերան շարունակեց «Մանչեսթեր Յունայթեդում», «Լիդսում», սակայն չկարողացավ վերադառնալ նախկին խաղամակարդակին։։ Լորին քիչ թե շատ վերադարձավ իր մակարդակի գոնե կեսին միայն 1987/1988 մրցաշրջանում, երբ «Ուիմբլդոնի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը։ «Նրա ֆուտբոլը ժամանակից առաջ էր անցնում։ Լորին չափից դուրս լավն էր վատ խոտածածկի, ուժեղ, բայց տափակ պաշտպանների դեմ խաղալու և ֆուտբոլի մասին սահմանափակ պատկերացումներ ունեցող երկրպագուների համար»,- իր մրցակցին հիշում է «Բարսելոնայի» պաշտպան Միգելին։

Լորին կարիերան ավարտում է «Ռայո Վալյեկանոյում»։ Իսպանիայում ֆուտբոլիստը գտավ նոր ընկերուհի, ամուսնացավ, ընտանիքը լցվեց մանկան ճիչով։ Լորին ցանկանում էր կարիերան ավարտելուց հետո  պարերի դպրոց բացել ու զարգացնել բիզնեսը, սակայն 1989 թվականի հուլիսի 15-ին Լորին իր մեքենայով փորձում էր վազանց կատարել, սակայն կորցրեց կառավարումն ու բախվեց էլեկտրոսյանը և մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Լորին ընդամենը 33 տարեկան էր։

classy player s 72515 960x640 - «Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

Ժամանակակից երկրպագուներն անցյալի որևէ ֆուտբոլիստի մեծությունը հերքում են «ինչով կարող եք ապացուցել» կամ «տեսանյութ չկա, որտեղից համոզվեմ» հիմնավոր, բայց ոչ այնքան արդար պնդումով։ Գուցե տեսանյութ չկա, բայց Լորի Քանինգեմի արժանիքներն ըստ արժանվույն կարող են գնահատել նրա պատվին կանգնած երկու արձանները։ Մի արձանը կանգնած է «Լեյտոն Օրիենտ» ստադիոնի, մյուսը՝ «Վեստ Բրոմվիչի» ակումբային մարզադաշտի մուտքի մոտ։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում

Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Անչելոտին հերքել է, որ Ազարը մկանային վնասվածք ունի

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ

Goal. Ազարը կրկին վնասվածք է ստացել

«Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

«Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային

Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Պորտուի» աստղի ծառայություններով

«Լիվերպուլը» ջախջախեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղի համար