«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ - VNews
Բաժիններ

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

match report Banner 1200x675 1 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչն ունի իր առաջին մասնակցին. «Մանչեսթեր Սիթին» կխաղա Ստամբուլում՝ իր պատմության առաջին ՉԼ եզրափակիչում: «Քաղաքաբնակներին» ֆուտբոլային օլիմպ հասցրեց Պեպ Գվարդիոլան՝ բազմաչարչար ճանապարհով, մի քանի ցավալի ձախողումներից հետո:

«Սիթին» երբեք չէր հասել մինչև ՉԼ եզրափակիչ, իսկ Գվարդիոլան՝ վերջին 10 տարում՝ 2010/11 մրցաշրջանից հետո, երբ «Բարսելոնայի» հետ նվաճեց «մեծականջը»: Չեմպիոնների լիգան իսպանացի մասնագետի համար վերածվել էր մղձավանջի: «Բարսելոնայի» ղեկին այդ չեմպիոնությունից հետո նա մեկ անգամ դուրս մնաց «Չելսիից», «Բավարիայի» ղեկին՝ իսպանական երեք ակումբներից՝ «Ռեալից», «Բարսելոնայից» ու «Ատլետիկոյից»: «Մանչեսթեր Սիթիի» հետ Պեպը նույնիսկ կիսաեզրափակիչ չէր հասնում, ընդ որում՝ գրեթե միշտ լինելով ֆավորիտի կարգավիճակում: Ամեն անգամ, կարծես, պահը հասունացել էր, ամեն անգամ «Սիթին» լավ ֆուտբոլ էր ցուցադրում, ամեն անգամ կազմն ավելի աստղային էր, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր բավականացնում:

  • 2016/17 – «Սիթին» դուրս մնաց 1/8 եզրափակիչում՝ պարտվելով «Մոնակոյին»
  • 2017/18 – «Սիթին» դուրս մնաց 1/4 եզրափակիչում՝ պարտվելով «Լիվերպուլին»
  • 2018/19 – «Սիթին» դուրս մնաց 1/4 եզրափակիչում՝ պարտվելով «Տոտենհեմին»
  • 2019/20 – «Սիթին» դուրս մնաց 1/4 եզրափակիչում՝ պարտվելով «Լիոնին»

Բայց «Մանչեսթեր Սիթին» հասուն ֆուտբոլով ու վստահ քայլերով հասավ այս խաղարկության եզրափակիչ, իսկ Գվարդիոլան հորիզոնում ունի շատ կարևոր ռեկորդ: Իսպանացին կարող է հավասարվել «Լիվերպուլի» լեգենդար մարզիչ Բոբ Փեյսլիին, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին և «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ դառնալով ՉԼ-ն ամենաշատը նվաճած մասնագետ (3 անգամ), եթե չեմպիոն դառնա այս խաղարկությունում:

Բայց ի՞նչ փոխվեց այս տարի, ի՞նչ բաղադրիչներ ավելացրեց Գվարդիոլան այս թիմին, որը կարողացավ այս անգամ հասնել եզրափակիչ ու մեծ քայլ կատարել՝ դեպի երազանքի իրականացում:

1. «Կեղծ 9 համարով» տակտիկան

Տիկի-տակայի լավագույն ժամանակաշրջանում՝ 2009-2012 թվականների ինքնություններից մեկը «կեղծ 9 համարով» տակտիկան էր: Կարո՞ղ եք կռահել, թե երբ Գվարդիոլան այս քայլն առաջին անգամ կիրառեց: «Ռեալի» դեմ հիշարժան կլասիկոյի օրը, երբ «Բարսելոնան» հաղթեց 6-2 հաշվով («կեղծ 9 համարի դիրքում» Մեսին էր): Այդ գաղափարի նպատակն այն էր, որ թիմում չլինի հարձակվող, որը կմնա տուգանային հրապարակում, ու որի միակ գործառույթը կլինի գոլ խփելը: Մաքուր կենտրոնական հարձակվողի դիրքի հաշվին Գվարդիոլայի թիմը/թիմերը հագեցնում են դաշտի կենտրոնը, մեծացնում գնդակի վերահսկողության տոկոսն ու խաղում տոտալ ֆուտբոլ:

«Այդ խաղում Գվարդիոլան Տիերի Անրիին ու Սամուել Էտո՛օյին հորդորում էր խաղալ մրցակցի եզրային ու կենտրոնական պաշտպանների արանքում: Այդ երեկո ամբողջ խաղի ընթացքում մենք քանակական առավելություն ունեցանք «Ռեալի» հանդեպ», – խոստովանել է Չավին “Take the ball, pass the ball” ծրագրում: Հետագայում Պեպը, առհասարակ, հրաժարվեց կենտրոնական հարձակվող օգտագործելուց: Էտո՛օն հեռացավ, Անրին խաղաց ևս մեկ մրցաշրջան ու հեռացավ, Զլատանը ձախողվեց ու գնաց, իսկ Դավիդ Վիլյան եկավ «Բարսա» ու դարձավ ձախ եզրային հարձակվող:

pep 1 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

2012-ին, երբ Իսպանիայի հավաքականի կորիզը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էին, Վիսենտե դել Բոսկեն հետևեց Պեպի օրինակին, խաղաց «կեղծ 9 համարով». այդ դիրքում գործում էր Սեսկ Ֆաբրեգասը: Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Այս մրցաշրջանում էլ Գվարդիոլան հիշեց իր սիրելի սխեման, Ժեզուշին ու Ագուերոյին թողեց պահեստայինների նստարանին ու խաղաց «կեղծ 9 համարով»: Այդ դիրքում կամ խաղում է դե Բրույնեն, կամ Ֆիլ Ֆոդենը, որն, ի դեպ, ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Անգլիացին այս մրցաշրջանում դարձել է 14 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիայի» ու ՊՍԺ-ի հետ դիմակայություններում խփել 2 գոլ ու կատարել 1 ասիստ:

«Կեղծ 9 համարի» ֆուտբոլիստը Գվարդիոլայի «Սիթիում» պահում է գնդակը, երբեմն իր վրա հավաքում մրցակցի պաշտպաններին ու ազատ տարածություններ ստեղծում եզրայինների, ու ինչու ոչ, մյուս կիսապաշտպանների համար: Օրինակ՝ Իլկայ Գյունդողանն իր կարիերայում մեկ մրցաշրջանում երբեք չէր հատել 6 գոլի սահմանը, իսկ այս մրցաշրջանում, որը դեռ չի էլ ավարտվել, արդեն խփել է 16 գոլ:

Մեր ընտրանին

2. Բարձր պրեսինգն ու տեղաշարժը՝ առանց գնդակի

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանի ընթացքում սկսեց շատ հաճախակի կիրառել բարձր պրեսինգը, որը նույնպես Գվարդիոլան կիրառում էր «Բարսելոնայում» իր լավագույն տարիներին, ինչը հրաշալի կերպով աշխատեց: «Սիթին» նման կերպ խաղաց նաև ՊՍԺ-ի դեմ երկու խաղերում էլ: Նախ՝ Փարիզում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում, երբ «Սիթին» պարտվում էր, իսկ հետո քամբեք իրականացրեց՝ հաղթելով 2-1 հաշվով, և արդեն Մանչեսթերում կայացած խաղում ամբողջությամբ:

«Սիթին» 4-3-3 սխեմայից անցավ 4-2-2-ի. Բերնարդու Սիլվան հարձակման գծում միանում է Կևին դե Բրույնեին ու թիմի ամբողջ հարձակման գիծը հսկայական ճնշում է գործադրում և սեղմում մրցակցին սեփական տուգանայինում: «Մենք խաղացինք այն խաղը, որը ծրագրել էինք:  Քչերը կարող են վերահսկել խաղը «Մանչեսթեր Սիթիի» պես ուժեղ թիմի դեմ խաղում», – հայտարարեց Պոչետինոն խաղից հետո, բայց ի՞նչ վերահսկողության մասին կարող է խոսք գնալ, երբ խաղի ամբողջ սցենարը թելադրում էր «Սիթին»: Այո՛, ՊՍԺ-ն գնդակով լինում էր, բայց այդ ժամանակ էլ հիացնում էր Պեպի թիմի տեղաշարժն առանց գնդակի:

Mauro Icardi 1020403 960x540 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Առաջին խաղակեսում, երբ թվում էր, որ Նեյմարն ու դի Մարիան պոկվում էին ու կարող են արագ հակագրոհ ձեռնարկել, «Սիթիի» հենակետն ու պաշտպանությունն այնքան արագ էր վերադասավորվում, որ այդ հակագրոհը վերածվում էր դիրքային գրոհի, իսկ հետո «Սիթին» իր ճնշումով հետ էր մղում ՊՍԺ-ին մինչև դաշտի կենտրոն: Երկրորդ խաղակեսում, առհասարակ, «Սիթին» թույլ չէր տալիս ՊՍԺ-ին դուրս գալ նույնիսկ սեփական կիսադաշտից:

3. Հզոր պաշտպանություն ու Ռուբեն Դիաշ

Գվարդիոլայի «Սիթին» այս տարի մի փոքր ավելի պրագմատիկ է, խաղերն էլ, համեմատած նախորդ մրցաշրջանների, մի փոքր կորցրել են գեղեցկությունն ու հմայքը: Պրեմիեր լիգայի 2018/19 խաղարկությունում, օրինակ, «Սիթիի» հարձակվողներն ինքնամոռաց նետվում էին գրոհների, ինչի շնորհիվ նվաճեցին Պրեմիեր լիգան՝ վաստակելով 100 միավոր ու խփելով 106 գոլ: Չեմպիոնների լիգայում, սակայն, մրցակիցները կարողանում էին «բռնել» Գվարդիոլայի թիմին հակագրոհների վրա ու հաղթում: «Մոնակոն», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» վառ օրինակ են:

Գվարդիոլան հասկացավ, որ այդ ամենը շտկել է պետք: «Սիթին» այժմ ավելի ապահով է խաղում, գնդակի ավելի մեծ վերահսկողությամբ, ինչից շահում է պաշտպանությունը, իսկ թվերն առավել քան խոսուն են: Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» դեռ անպարտելի է՝ 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի, խփած 25 գոլ, բաց թողած 4 գոլ: «Սիթին» ՉԼ ընթացիկ խաղարկությունում 706 րոպե գոլ չէր ընդունում սեփական դարպասը, մինչև Մարկո Ռոյսն ընդհատեց այդ տպավորիչ շարքը:

«Սիթիի» այս «լևլ ափի» հիմնական «մեղավորներից» է նաև Ռուբեն Դիաշը՝ պորտուգալացի պաշտպանը, որը Սթոունզի հետ զույգ կազմելով վերջնականապես փակեց «Սիթիի»՝ վերջին տարիների ամենախոցելի օղակը: Պաշտպանության վրա անհավանական միլիոններ ծախսելուց հետո (Լապորտ – 65 մլն., Սթոունզ – 56 մլն., Մանգալա – 45մլն., Օտամենդի – 45 մլն., Ակե – 45 մլն.) «Սիթին» վերջապես գտավ իր կատարյալ կենտրոնական պաշտպանին, որն աչքի է ընկնում դիրքային փայլուն խաղով, և ուժեղ է երկրորդ հարկում:

E0kpoTzX0AEsn6T 960x622 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Այս մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո Պեպը սկսեց օգտագործել Դիաշ – Սթոունզ զույգին, ինչից հետո թիմը 28 խաղ անպարտելիության շարք սկսեց՝ հաղթելով 21 խաղում անընդմեջ բոլոր մրցաշարերում միասին: 20 խաղում Սթոունզ – Դիաշ զույգը մեկնարկային կազմում է եղել, որոնցից 18-ում «Սիթին» հաղթել է, մեկական անգամ ոչ-ոքի անցկացրել ու պարտվել, թիմը բաց է թողել 8 գոլ, 13 խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Կարելի է ասել, որ Դիաշը «Սիթիի» համար դարձավ այն տրանսֆերը, ինչ վան Դեյկը՝ «Լիվերպուլի». պաշտպան, որ 1/4-ում կասեցրեց  Հալանդին, իսկ կիսաեզրափակիչում՝ Մբապեին:

4. «Պատմությունը հենց մենք ենք»

Բացի տակտիկական աշխատանքներից, Գվարդիոլան կարողացավ փոխել թիմի, և ինչու ոչ, նաև իր մոտեցումը ՉԼ-ում: Նա հաղթահարեց արտաքին ճնշումն ու հոգեբանական բարդույթը, որով տառապում էր «Սիթին» Չեմպիոնների լիգայի վճռորոշ փուլերում: «Սիթին» ունի «պատմություն չունեցող ակումբի» պիտակ: Պեպը փորձում է ստիպել իր ֆուտբոլիստներին չմտածել այդ մասին՝ հիշեցնելով իտալացի երգիչ Ֆրանչեսկո դե Գրիգորիի “La storia siamo noi” (պատմությունը մենք ենք):

«Երբ խաղում եք չափազանց զգույշ ու վախեցած, ձեզ հաղթում են, իսկ երբ խաղում եք առանց վախի, խաղում եք ազատ ու անում եք այն, ինչ կարողանում եք: Մենք մենք ենք, երբ խաղում ենք այնպես, ինչպես՝ միշտ: Եթե պարտվելու ենք, թող պարտվենք, բայց խաղանք մեր խաղը, լինենք մենք: Չկորցնենք մեր ինքնությունը: Պատմությունը հենց մենք ենք», – ասել էր Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին՝ ՊՍԺ-ի դեմ առաջին խաղակեսի ընդմիջմանը:

riyad mahrez manchester city psg 1620160961 61958 960x539 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Երբ խաղում ես հանգիստ, առանց լարվածության, նույնիսկ մարզական բախտն է ժպտում, ինչպես եղավ դե Բրույնեի ու Մահրեզի գոլերի դեպքում (մի բան, որը նույնպես պակասում էր «Սիթիին» վերջին տարիներին):

«Սիթին», գուցե չունի ռետրո դերասաններ ու պատմական արտիստներ, բայց ամեն ինչ էլ լինում է առաջին անգամ: Գվարդիոլայի թիմն իր պատմությունը կերտում է այստեղ և հիմա:

5. Գվարդիոլայի շտաբի «լուռ հերոսը». Խուանմա Լիլյո

Գվարդիոլան միակը չէ, որ փոխել է «Սիթիի» խաղը: Նրա մարզչական շտաբի անդամներից Խուանմա Լիլյոն նույնպես մեծ ներդրում ունի թիմի հաջողություններում. «Լիլյոն մեզ շատ է օգնել: Առանց նրա ներգրավվածության մենք չէինք լինի այնտեղ, որտեղ հիմա ենք: Միմյանց շատ լավ ենք ճանաչում, ու նա լավ գիտի՝ որ պահին ինչի կարիք ունեմ: Խուանման ունի առանձնահատուկ հատկություն՝ տեսնելու այն ամենն, ինչ ես չեմ տեսնում: Նա խաղերի ժամանակ կարդում է ամենաբարդ իրավիճակները: Խուանման շատ կարևոր է ինձ համար», – հայտարարել է Պեպը շաբաթներ առաջ տված իր ասուլիսներից մեկում:

pep guardiola juan manuel lillo arsenal vs manchester city fa cup 844885 960x520 - «Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Լիլյոն թիմի ֆուտբոլիստների հետ մշտական կապի մեջ է, որոնց հետ վերլուծում է խաղերի տեսանյութերն ու ուսումնասիրում խաղացողների անհատական գործողությունները: Լիլյոն նաև աշխատում է ստանդարտ խաղարկությունների ուղղությամբ՝ թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս:

Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» սլանում է դեպի նոր փառք, նոր բարձունք: «Քաղաքաբնակները» արդեն նվաճել են Անգլիայի լիգայի գավաթը, շուտով կդառնան նաև Անգլիայի չեմպիոն: Իսկ շաբաթներ անց «Սիթին» իր գոյության 134 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հալանդը նշել է՝ որն է իր մեծագույն երազանքը

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի խաղացողին

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» փոխել է իր որոշումը Ստեռլինգի ապագայի վերաբերյալ

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Գվարդիոլան Լապորտային կարևոր տեղեկություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին

«Բարսելոնան» անգլիական գրանդի հետ ընկերական խաղ կանցկացնի

Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը․ նա սպասում է գրանդ ակումբի առաջարկին

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Ստեռլինգի տրանսֆերը գնելու անակնկալ թեկնածու է հայտնվել

Բարդ բանակցություններ. «Բարսելոնան» հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» կարևոր ֆուտբոլիստի գործակալին