fbpx
Բաժիններ

Պետրոսի ու Գրիգորի առակը․ Ուղեցույց երիտասարդ ֆուտբոլիստների համար, որ «բանտարկված» չմնան Հայաստանում

Տրանսֆերային պատուհանի համեստ հետաքրքրություններից մեկը հայկական ֆուտբոլի երկրպագուների համար այն է, թե քանի հայ երիտասարդ ֆուտբոլիստ կկարողանա տեղափոխվել արտասահմանյան ակումբ:

Գրիգորն ու Պետրոսը

Վերջին շրջանում մեր ֆուտբոլիստներն ավելի ու ավելի մեծ դժվարութամբ են գտնում իրենց առաջին արահետը դեպի Եվրոպա: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այդպիսի միայն մեկ ֆուտբոլիստ ունեցանք՝ 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանը, ով «Արցախից» տեղափոխվեց բելառուսական «Իսլոչ»: Այս ֆուտբոլիստի դեպքում հետաքրքիրն այն է, որ նա ոչ վաղ անցյալում պիտանի չէր գտնվել «Բանանցի» համար, սակայն, ցույց տալով իր որակները «Արցախում», արժանացավ ուշադրության: Պետք է անպայման նշել նաև, որ նա բելառուսական ակումբ տեղափոխվեց ոչ թե «արի մի 6 ամիս խաղա, տեսնենք ինչ կլինի» տարբերակով, այլ 3-ամյա պայմանագրով:

Պետրոս Ավետիսյանն էլ այն ֆուտբոլիստն էր, ում հետ կապված մենք արդեն մի քանի տարի ունենք սպասումներ․սպասում ենք, թե երբ է խաղալու հավաքականում, սպասում ենք, թե երբ է տեղափոխվելու արտասահման: «Փյունիկ» տեղափոխվելուց հետո նա այլ առաջնություն տեղափոխվելուն ամենամոտը նախորդ ձմռանն էր, երբ ուներ առաջարկ ուկրաինական «Զարյա» ակումբից, որը ոչ հեռավոր անցյալում Եվրոպա լիգայում էր խաղում: Այդ ժամանակ տեղափոխությունը չկայացավ, հետո էլի եկան Պետրոսի մշտական հյուրերը՝ վնասվածքները, ու խաղացողը հաջորդող տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ դաշտում ավելի լավ տպավորություն թողնել ու վերջապես ստանալ այդ արժանի առաջարկը: Խոսակցություններ եղան նաև այս ձմեռ, հնարավոր ուղղությունները «Սլավիան» ու «Շկենդիան» էին, բայց տրանսֆերը կրկին չկայացավ: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի խոսքերով՝ խաղը դիտել են, բայց ֆուտբոլիստին չեն հավանել:

Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա իրադարձությունները «Փյունիկի» կողմից մեկնաբանվում են զուտ ականատեսի դիրքից՝ արտասահմանյան ակումբը դիտել է ֆուտբոլիստի խաղը ու չի հավանել, այսքան բան: Իսկ «Փյունիկը» կարծես ընդհանրապես այդ գործընթացի կողմ չի էլ եղել, ակումբի պահանջների ու դիրքորոշման մասին ոչ մի խոսք: Հետաքրքիր է, ակումբի նման չեզոք դիրքորոշման պարագայում ինչո՞ւ Պետրոս Ավետիսյանը հայտնվեց երկրորդ թիմում ու չմասնակցեց երկրորդ հավաքին, իսկ ապա տրանսֆերային պատուհանի վերջին օրը մի կերպ «ճողոպրեց» «Արարատ-Արմենիա»: Ընդ որում, առաջին անգամ Հայաստանի ներսում տրանսֆերի համար վճարվեց գումար, Արթուր Սողոմոնյանը ոչ միայն հայտնեց իրենց կատարած տրանսֆերի համար վճարված 40000 ԱՄՆ դոլարի մասին, այլև հարկ համարեց «հաջող գործարքի» համար շնորհակալություն հայտնել ակումբի սպորտային տնօրեն Սամվել Առուստամյանին:

Ավելի ուշ այս մասին խոսեց Պետրոս Ավետիսյանը՝ Armsport.am-ին տված հարցազրույցում հայտնելով, որ արտասահմանյան ակումբների դիմաց «Փյունիկը» դրել է պահանջներ, որից հետո միայն նրանք ցանկություն են հայտնել ևս մեկ անգամ տեսնել ֆուտբոլիստի խաղը, իսկ ապա՝ հրաժարվել:

Եվ ուրեմն

Ունենք երկու դեպք, ու թեև դրանք հակառակ հանգուցալուծումներ են ունեցել, երկուսի դեպքում էլ ակումբները ճիշտ են: Ոչ ոք չի կարող մեղադրել «Արցախին», որ բաց է թողել իր առաջատար խաղացողներից մեկին, ու ոչ ոք չի կարող մեղադրել «Փյունիկին», որ, կատարելով բավականին մեծ ներդրումներ Հայաստանում, պաշտպանում է իր կազմը ու հետապնդում բարձր նպատակներ, ինչպես նաև դրսևորում պրոֆեսիոնալ ակումբին, այլ ոչ թե բարեգործական կազմակերպությանը բնորոշ կեցվածք:

«Փյունիկը» ներկայացրել է իր նոր տարբերանշանը (նկար)

Այս պատմության մեջ կա ընդամենը մեկ բայց․Դա «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հայտարարությունն էր նախորդ ամառ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ․

Իմ նպատակներից մեկն է, որ հայ ֆուտբոլիստները շանս ունենան, որ մեծանան ու դառնան Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ, ինքն էլ մեր ակադեմիայի սան է

Անշուշտ, Արթուր Սողոմոնյանի ֆուտբոլային գործունեությունը շատ ողջունելի է ու արդեն իսկ մեծ ոգևորություն է ստեղծել հայկական ֆուտբոլում: Մանկապատանեկան ֆուտբոլում նրա բռնած ճանապարհը ևս, կարծում եմ, առաջիկայում լավ արդյունքներ կտա: Բայց այս պահին նրա երկու ցանկությունները բարձրացել են իրար վրա ու կոխկռտում են միմյանց: Մի կողմից դա հաղթելու ու եվրագավաթներում արդեն իսկ ստեղծած պատմությունը թարմացնելու ցանկությունն է, մյուս կողմից վերոնշյալ հայտարարությունը: Ու այս ցանկությունները հատվում են միանգամից մի քանի կետերում․

  • Ո՞վ է խաղալու

Նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» խաղը առանձնապես տպավորություն չթողեց, ու թեև ակումբի երիտասարդները բավականին «բացվեցին», հատկապես Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, բայց մրցաշրջանի վերջում ակնհայտ դարձավ, որ Արթուր Սողոմոնյանն ավելի բարձր պահանջներ ունի, քան 5-րդ տեղը, իսկ դա միայն հայ ֆուտբոլիստներով ապահովել հնարավոր չէ:

Ահավասիկ, 2019թ․ առաջին խաղը «Փյունիկը» սկսեց հիմնական կազմում ընդամենը 2 հայ ֆուտբոլիստով, մինչդեռ փոխարինողները բոլորը հայեր էին: Անշուշտ, յուրաքանչյուր ֆուտբոլիստ, լինի հայ թե այլազգի, պետք է խաղով իր տեղը նվաճի հիմնական կազմում: Բայց ֆուտբոլիստներին զարգացնելու ու նրանց ճանապարհ հարթելու գործը որդեգրած ակումբը պետք է առաջնային նպատակ դնի նրանց խաղաժամանակ տալը, այլ ոչ թե ամեն խաղում ամեն գնով հաղթելը: Հենց այստեղ առաջին հատման կետն է՝ հնարավոր չէ համ պայքարել չեմպիոնության համար, համ էլ դա անել երիտասարդ խաղացողներով:

  • Ո՞վ է մարզիչը

Այն թիմերը, որոնք իրենց առաջնային նպատակը սահմանում են երիտասարդների աճն ու կարիերայի հարթումն այլ ակումբներ, սովորաբար ընտրում են նաև այդ գործին հարմար մարզիչներ: Այդ թիմերը հատուկ են մարզիչներ, որոնց ուժեղ կողմը երիտասարդ ֆուտբոլիստներին բացահայտելն ու նրանց որակները բարելավելն է: Ոչ մի նման ակումբ չի վերցնի, ասենք Ժոզե Մոուրինյոյին կամ Պեպ Գվարդիոլային, ովքեր իրենց ամբիցիաներով ուզում են միայն հաղթել ու հաղթել:

Հիմա զուգահեռները բերենք Հայաստան: Այստեղ ևս կան մարզիչներ, ովքեր ամբիցիոզ են ու ուզում են միշտ հաղթել: Բոլորս գուցե միանգամից հիշենք Աբրահամ Խաշմանյանին, բայց միանշանակ, այդ շարքում է նաև Անդրեյ Տալալաևը: Ռուս մասնագետը վերջերս տված հարցազրույցներից մեկում հայտնել է, որ Հայաստան գալու նրա գլխավոր դրդապատճառը եղել է որպես մարզիչ եվրագավաթային փորձ ձեռք բերելը, ու բնականաբար, ինչքան լավ ու տպավորիչ լինի այդ փորձը, այնքան ավելի լավ ապագա է սպասվում մարզչին: Ու միամտություն կլինի կարծել, թե Տալալաևի նման ամբիցիոզ ու նպատակասլաց մարդը կարող է գեթ մեկ միավոր զոհել հանուն երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայի:

Հենց նրա մարզչական բնավորությունն էլ նաև կանխորոշում է նրա տակտիկական փիլիսոփայութունը, որը ևս ավելի շատ միտված է արդյունքի հասնելուն, քան ֆուտբոլիստների որակների բացահայտմանն ու զարգացմանը: Վերջիվերջո, եթե «Փյունիկը» առավել կարևորեր ֆուտբոլիստների աճը, ապա նա դրա համար ուներ Հայաստանի երևի թե այդ գործի լավագույն մասնագետին՝ Արմեն Գյուլբուդաղյանցին, բայց շատ հեշտությամբ նրան զիջեց հավաքականին:

«Փյունիկը» Դիլիջանում կհիմնի իր մասնաճյուղը

  • Սեփականատիրոջ ամբիցիաները

Արթուր Սողոմոնյանը եկել ու հայկական ֆուտբոլի համար բավականին նշանակալի գումարի ներդրում է կատարում: Ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրա մաքսիմալիստական աշխատաոճին՝ սկսած ակումբի փիառի դետալներից մինչև ֆուտբոլային բաղադրիչները: Ու ինչքան էլ որ նա համբերատար է, բայց այնուամենայնիվ, նրա սիրտը փոխհատուցում է ուզում այս ամենին, ու հնարավորինս շուտ: Նախորդ ամառվա եվրագավաթային պատմությունն էլ ավելի գրգռեց այդ ցանկությունը:

Այս պարագայում, ինչքան էլ նա ցանկանա, որ իր թիմից նոր Հենրիխ Մխիթարյաններ դուրս գան, միևնույն է՝ չի կարող ցավագին չընդունել իր երիտասարդ, բայց միաժամանակ առաջատար հայ խաղացողի հեռանալը: Պետրոս Ավետիսյանը միակ խաղացողը չէ, որ այս ընթացքում նման խնդրի բախվեց, բավականին խճճված պատմության մեջ հայտնվեց նաև Էրիկ Վարդանյանը:

Մեծ հաշվով, ակումբը չունի մեխանիզմ իր ֆուտբոլիստների՝ արտասահմանյան ակումբներ տեղափոխությունը սահուն կազմակերպելու համար, ինչը շարունակ հանգեցնում է նման կոնֆլիկտների: Այո, Սողոմոնյանը դրան էլ բացատրություն է գտնում՝ նշելով, որ ցանկանում են, որ ֆուտբոլիստը այստեղ կայանա, նոր տեղափոխվի արտասահման: Սակայն, եթե ֆուտբոլիստն արդեն 23 տարեկան է, այլևս ինչ կայանալու մասին է խոսքը: Դա կարելի է ասել առավելագույնը մինչև 21 տարեկան, բայց դրանից հետո մեծ ապագա խոստացող ֆուտբոլիստը պետք է իր ուժերը փորձի դրսում: «Փյունիկում» ներսից ևս այդ վստահությունը չկա, ֆուտբոլիստները գիտեն, որ նրանց հենց այնպես բաց չեն թողնի, դրա համար էլ գործը շատ հաճախ հասնում է անհնազանդության:

Այս 3 կետերում միշտ հատվելու են երիտասարդ ֆուտբոլիստների ու Արթուր Սողոմոնյանի շահերը, ու ամեն անգամ ականատես ենք լինելու մի տարօրինակ տրանսֆերի կամ էլ վտարման երկրորդ թիմ: Նախկինում գուցե ավելի հեշտ էր, սեփականատիրոջ շահերը ակումբի ու հավաքականի հարցում համընկնում էին, ու նա սիրով զիջում էր հեռանկարային խաղացողներին, դեռ մի բան էլ ինքն էր «հետաքրքրվում» խոստումնալից ֆուտբոլիստների համար ակումբ ճարելու գործում: Հիմա արդեն ունենք ազատ շուկա, որտեղ նման բոնուսներ չկան, շուկան գործում է իր կանոններով: Վերջապես, Արթուր Սողոմոնյանի պլանից հանում ենք այդ մեկ նախադասությունը, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Առակը ինչ կցուցանե

Եզրահանգումը մնում է երիտասարդ ֆուտբոլիստներին: Պետք է ընդունել, որ ակումբներն ուղղակի ավելի մեծ են, քան առանձին ֆուտբոլիստները: Դրա համար, երիտասարդ ֆուտբոլիստները իրենք պետք է ճիշտ ուղի ընտրեն իրենց կարիերան շարունակելու համար: Այո, գուցե և ֆուտբոլային կրթություն ստանալու համար Հայաստանում կան քիչ տարբերակներ՝ «Փյունիկ», «Բանանց», «Շիրակ», բայց արդեն որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ տարբերակները շատ ավելի շատ են: Եթե երիտասարդը ուզում է դառնալ մեծ ֆուտբոլիստ, ապա հատկապես ճիշտ պետք է ընտրի իր առաջին ակումբը:

Եթե դու բացառիկ տաղանդ ես, ինչպես ասենք Կիլիան Մբապեն, ում չեն կարող խանգարել ոչ վնասվածքները, ոչ նույն դիրքի մրցակից լեգեոներները, ոչ էլ որևէ ցանկացած այլ հանգամանք, ապա Եվրոպայից քո հետևից կգան պատրաստի գումարով, ու տեղափոխությունդ կկայանա: Այդպիսին Հայաստանում եղել է միայն Էդգար Մանուչարյանը:

Բայց եթե դու ընդամենը խոստումնալից ֆուտբոլիստ ես, ապա պրոֆեսիոնալ ֆուտբոլ մտնելիս պետք է մտքից հանել աշխատավարձը, պարգևավճարը կամ չեմպիոնի մեդալ կրելու ցանկությունը, ու հաշվի առնել վերոնշյալ 3 կետերը: Պետք է տեղափոխվել թիմ, որտեղ քեզ թույլ կտան սխալվել, բայց խաղալ, որտեղ մարզիչը կաճեցնի ու կպատրաստի քեզ մեծ ֆուտբոլի համար, թիմ, որտեղ քեզ, լինի դա դժվար թե հեշտ, բայց կզիջեն արտասահմանյան ակումբի, երբ այդ օրը գա: Ու ասուլիսներին արված հայտարարությունները չպետք է խանգարեն ձեզ այս ամենը ձեր ուղեղում մանրակրկիտ վերլուծելիս, որպեսզի ընտրությունը կատարվի ճիշտ:

Կարեն Ռաֆայելյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ կարող է չկայանալ ֆուտբոլիստի կնոջ պատճառով

Սուլշերը մեկնել է Զալցբուրգ ու հանդիպել Հալանդի հետ

Ազարը պատասխանել է «Չելսիի» երկրպագուներին, որոնք խնդրում են իրեն վերադառնալ

Մանջուկիչը կարող է հեռանալ Եվրոպայից ձմռանը

Ժիրուն մոտ է Իտալիա տեղափոխությանը

Պատերազմ անգլիական գրանդների միջև՝ Հավերցին գնելու համար

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

Իբրահիմովիչը կարող է հուսախաբ անել «Միլանին» ու վերադառնալ Անգլիա

Ֆելաինին խոսել է Մոուրինյոյի հետ վերամիավորվելու մասին

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Լիվերպուլը համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերը

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս