Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Untitled 1 7 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Շատերը ցավոք չգիտեն, որ ժամանակակից հայ պոեզիան շատ հարուստ է, բազմազան ու սիրուն:
Ի՞նչ է մտածում ժամանակակից հայ մարդը, ի՞նչն է նրան հուզում ու ուրախացնում, որո՞նք են ժամանակակից համաշխարհային պոեզիայի նոր ուղիները, միտումները, մոտիվները, ինչպիսի՞ն է 20-րդ դարավերջի ու 21-րդ դարասկզբի հայերենը. այս հարցերի պատասխանները գուցե գտնեք, եթե կարդաք մեր ժամանակակից պոետներին:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում ավագ սերնդի պոետներից 5-ին.

1. Հենրիկ Էդոյան

henrik edoyan1 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թ. օգոստոսի 31-ին:

Վերերկրային, մետաֆիզիկական, Աստծո որոնումներ և Նրա ամենալինելիության գիտակցություն, սիրո մաքրամաքուր և վերացական ամենուրություն, ապրումներ, զգացմունքներ, որ լուսավոր չեն, բայց լույս են տալիս, պոեզիա, որ գեղեցիկի մասին է, ինքն իր մասին է և իր մաքրության և էսթետիկության մասին է: Պոեզիա հավերժի և գեղեցիկի մասին:

Ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Էդոյանի մի քանի բանաստեղծություններ՝ տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից, որոնք կարող եք գտնել քաղաքի գրախանութներում:

 

ԵՎ ԵՍ ՎԵՐՋ ՉՈՒՆԵՄ

Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:

ԿՅԱՆՔԸ ՏԽՈՒՐ Է

“ԿՅԱՆՔԸ տխուր է” – մտածեց Հեկտորը
դարբասների մոտ, Աքիլլեսի
մարտակառքի առաջ,
“Կյանքը տխուր է” –
կրկնեցին մի քանիսը հարյուրամյակներից,
«Կյանքը տխուր է»- ասեց Դոն Ժուանը
սիրուհու սենյակից ելնելով,
“Կյանքը տխուր է” –
նկարում էր մի նկարիչ
մի աղավնի:

 

Մենք եղանք լույսի մեջ

Մենք եղանք լույսի մեջ,
     անցանք ներսի դռնով
     Յոթ Աստվածների, 
     (յոթ ճառագայթներ թեքված դեպի
     ներքև, մեր սրտերի վրա, 
     յոթ Էլոիմներ մեր գլխավերևում), 
     բայց աշխարհը դարձավ
     անմիտ լռություն, 
     երբ ուզեցինք ապրել
     նրա կամքից դուրս, 
     սիրո մեջ մշտական, 
     ի պատասխան նրա
     մաղձի և ատելության: 

Մի սիրտ հարատև

Փոքրիկ երկիր` սեղմված
     լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
     ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
     տեսնում քո երազում: Չորացած
     կոկորդի մեջ, ամռան
     կիզիչ օդում, ընկնում են բառերը
     անձայն ու անարձագանք, 
     ինչպես ծառեր` կտրված
     օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր, 
     որոնց տակ աշխարհը
     չունի ոչ մի չափում: 
     Կարճ ինչպես կյանքի խոստում, 
     երկար ինչպես քունը մղձավանջային
     բառերը չեն հասնում քեզ: 
     Ի՞նչ երգ ես ուզում լսել
     քո հին երազում: Այն, ինչ ունես դու, 
     մի սիրտ է հարատև, 
     որ բաց է և արթուն
     դեռևս անավարտ քո աղոթքի մեջ: 
     
    

Դուք չունեք կիրակի օր

Սևեռուն մի գիշեր հետևում է ինձ, 
     երբ ես անցնում եմ
     անմարդ փողոցով: Կիսաղոտ լապտերներից
     լույս է սփռվում և գոլորշանում
     օդի մեջ ինչպես աննկատ մի անձրև: 
     Մի աչք, որ չի փակվում: 
     Մի նրբանցք, որ ինձ
     չի տանում ոչ մի տեղ: Փակ դռներ` առանց
     գաղտնիքի: Անցորդներ, ինչպես
     արխիպելագում շփոթված կղզիներ, 
     որոնց կողքով անծանոթ
     նավեր են անցնում: Կյանքը շատ է մոտ, 
     բայց չի երևում: Ինձ հետ խոսեք, համբերության
     արթուն ոգիներ, XXI դարի
     էկրանը ձեզ համար փոքր է չափազանց: 
     Դուք չունեք կիրակի օր: Դուք չունեք արձակուրդ: 
     Դուք ապրում եք հավերժական մի գիշերվա մեջ
     և գծում սիրտը մարդու
     իբրև մի երկնային երկրաչափություն: 

 

2. Հակոբ Մովսես

download 1 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Հակոբ Մովսես. թարգմանիչ, ժամանակակից հայ լավագույն բանաստեղծներից մեկը: Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 3-ին:
«Հակոբ Մովսեսի պոեզիայի գեղարվեստական բարձր արժեքը ես բացատրում եմ կլասիցիզմի, ռոմանտիզմի և մոդեռնիզմի ոճական համադրությամբ», – գրել է գրականագետ Սերգեյ Սարինյանը:
Բանաստեղծը հայերեն է թարգմանել բազմաթիվ արժեքավոր երկեր գրեմաներենից. Ռայներ Մարիա Ռիլկե, Թոմաս Ման, և Նիցշե: Ունի մի շարք մրցանակներ. Հայաստանի Գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ, Մովսես Խորենացու մեդալ,ՀՀ պետական մրցանակ:

Հակոբ Մովսեսի բանաստեղծական ժողովածուները կարող եք գտնել քաղաքի գրախանութներում: Ահա նրա բանաստեղծություններից մի քանիսը.

 

ԱՂԲՅՈՒՐԸ

Ես լսել էի նրա ձայնը
Եվ ելել էի որոնումի:
Ես սիրում եմ թուզ, սալոր, մորի
Եվ, ուրեմն, ծոցս լիքը բառեր էի լցրել,-
Իմ մասին ինչ ուզում են թող ասեն,
Բայց թող այն էլ ասեն,
Որ պահեր կան,
Երբ ինձ գնդակ չի բռնում,
Երբ ինձ վրա արձակված նետերը
Չեն դիպչում ինձ,
Եվ որ սուսերամարտի ու երգասացության մեջ
Ես ինձ հավասարը չունեմ:

Բայց ինձ ասել էին,
Թե մեկը կա:
Ես կարծում էի,
Թե նա դահլիճներում կլինի
Եվ փնտրում էի այնտեղ,
Սակայն հետո բլուրները ելա
Եվ, նրանց լանջերին թփերը հետ տանելով,
Տեսնեմ` մեկը պառկած,
Եվ անթառամը`
Կրծքին կքած:-

Այ թե
Որտեղ ես թաքնվել
Փոքրիկ սուսերամարտիկ
Այ թե
Ես ասացի
Որտեղ

ՖԼՈՐԱ

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ: 
     Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան…
     Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
     մեր շրթունքները: –
     Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: –
     Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք… Ինչպես վարդը այն
     անցած մայիսի վարդը բուրավետ, 
     որի չորացած թերթերը սակայն
     մենք մի սիրելի գրքի էջերում, 
     չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
     քեզ ինչպե՞ս կանչեմ, 
     ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ: 
     – Բայց անուններ կան, որ պիտի չասենք, 
     այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով, 
     պիտի հեկեկանք:

ՕԳՈՍՏՈՍ
     Դ.

Ես սիրո համար եղա սիրելիս: –

Մինչև լուսաբաց… Մինչև լուսաբաց…
     Խնձորենու տակ քո երակների,

քո սրտի վրա, բույրերի խորքում
     կրծքերիդ բացված մանուշակների:

Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից: 
     Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:

Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
     պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,

կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:

Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ, 
     ցույց տուր մեզ տեսնենք`

որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:

Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:

Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա, 
     իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:

Դու նրանց ասա, որ առավոտյան, 
     երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,

երբ երեք անգամ հավը խոսեց, և
     հանկարծ բացվեցին դռները լույսի,

նա վերջին անգամ
     շուրթերս ծածկեց իր համբույրներով
     և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`

ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի…

ՄՈՐՍ

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, –
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:

Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:

Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, –
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, –
և ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
և աստղերը` անծայր երկնքի մեջ:

Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, –
դու մնում ես հեռվում –
դու մնում ես հեռվում`
մանկությունս այնտեղ
պահպանելու:

1 2

1 2
    • Ընթերցեք նաև

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

  • 3575

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

  • 505

Հայերեն թարգմանված վեպեր, որոնք էկրանավորվել են [5 հայտնի վեպերի 5 հայտնի էկրանավորումներ]

  • 449

5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

  • 832

Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

  • 352

«Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ

  • 709

Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

  • 470

«Սպիտակ բանաստեղծություն». օրվա տերմինը

  • 259

[Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

  • 133

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

  • 542

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

  • 641

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

  • 428

Թուրքիայի բոլոր քաղաքացիներ օրենսդրորեն համարվում են թուրք…

  • 1134

Մի՞թե Ղարաբաղ նշանակում է «սև այգի»…

  • 1864

Պարույր Սևակի տուն-թանգարան [վիրտուալ այց]

  • 1484

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

  • 669