HBO-ի նոր աղմկահարույց «Չեռնոբիլ» նախագիծը, որը պատմում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին գլխավորում է IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը: Վերջինս ստվերում է թողել անգամ “Game of Thrones” և “Breaking Bad” հեռուստասերիալները:
Սա այն դիտելու պատճառներից միայն մեկն է: Իսկ որո՞նք են մյուս պատճառները:
-Թույլ տվեք սպանել երեք մարդու:
-Լավ, բոլոր հաղթանակների համար էլ վճարել է պետք: Դա անխուսափելի է:
Ընդամենը 5 էպիզոդ և դու կորցնում ես խոսելուդ ունակությունը: Այս մինի-սերիալը մեզ է փոխանցում այն ամբողջ սարսափը և ցավը, որին բախվեցին Պրիպյատի բնակիչները չարաբաստիկ 1986 թ. ապրիլի 26-ին: Սերիալը պատմում է մարդկության ողջ պատմության սարսափազդու և անմարդկային էկոլոգիական աղետի մասին, որը մինչ օրս շարունակում է մնալ առեղծված: Մի քանի տասնամյակ անց մարդիկ մեկ է չեն կարողանում ստույգ պատասխանել այն հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
Ստեղծագործական թիմը շատ երկար ժամանակ է ծախսել նյութերի հետազոտությունների վրա, և եկել այն եզրակացության, որ այս նախագծով պետք է ցույց տալ, թե աղետն ինչպես անդրադարձավ մարդկանց տարբեր շերտերի վրա: Սերիալի հերոսները իրականում գոյություն են ունեցել: Այդ մարդիկ օգնել են աղետից տուժածներին և արել են ամեն հնարին և անհնարին բան, որ լիկվիդացնեն աղետի հետևանքները:
Բոլոր նրանք, որոնք ապրել են Խորհրդային Միության տարիներին, կարող են հաստատել, որ թեպետ սերիալում կան որոշ շեղումներ, այնուամենայնիվ մթնոլորտը ճիշտ է փոխանցվել:
Սերիալի ռեժիսոր Յոհան Ռեյքի համար սա առաջին լուրջ գործը չէ: Նա աշխատել է “Breaking Bad”, “Vikings” և “The Walking Dead” հեռուստասերիալների որոշ էպիզոդների վրա: Ռեժիսորի խոսքերով «Չեռնոբիլում» նրան ամենաշատը մտահոգել է իրադարձությունների ճշմարտանման նկարագրությունը, քանի որ այն շատ նուրբ և ցավոտ թեմա է:
Նախագծի հաջողված լինելու հարցում մեծ է նաև սցենարիստի՝ Քրեյգ Մազինի ներդրումը: Նա դեռ 2014 թ. է սկսել ուսումնասիրել Չեռնոբիլի աղետը և դրա հետ կապված բոլոր վարկածները: Մազինը շատ մեծ ծավալի նյութ է ուսումնասիրել, ինչպես նաև դիտել շատ դոկումենտալ հոլովակներ, կարդացել գրքեր և զրուցել աղետի ականատեսների հետ: Ռեակտորի աշխատանքը հասկանալու համար Քրեյգը զրուցել է գիտնականների հետ, իսկ 80-ականների՝ ԽՍՀՄ-ում տիրող անցուդարձը հասկանալու հարցում նրան օգնել են խորհրդային քաղաքացիները:
“Чернобыльская молитва. Хроника будущего” գրքի շնորհիվ մեզ է հասել Վասիլի Իգնատենկոյի և Լյուդմիլայի սիրո պատմությունը:
Մազինը հաջողություն գրանցեց նաև դերասանական կազմի ընտրության հարցում:
Գլխավոր կերպարներից մեկը քիմիկոս Վալերի Լեգասովն է, որին մարմնավորեց Ջարեդ Հարիսը: Վերջինս առավել հայտնի է “Sherlock Holmes: A Game of Shadows” և “The Curious Case of Benjamin Button” ֆիլմերով:
Հաջորդը ցանկում Բորիս Շերբինան է, որը ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի փոխնախագահն էր: Նրան մարմնավորում է Սթելան Սկարսգարդը, որն առավել հայտնի է “Breaking the Waves”, “Good Will Hunting” և “The Girl with the Dragon Tattoo” ֆիլմերով:
Էմիլի Ուոթսոնը, որը մարմնավորում է Ուլյանա Խամյուկին, միակ հորինված կերպարն է: Ուլյանան խոսում է բոլոր ֆիզիկոս կանանց անունից, որոնք փորձել են բացահայտել վթարի պատճառները և լուրջ օգնություն են ցուցաբերել տուժածներին:
Ի դեպ Լարս ֆոն Թրիերի “Breaking the Wave” ֆիլմում Սկարսգարդի խաղընկերուհին հենց Ուոթսոնն է:
Կենտրոնական կոմիտեի քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին մարմնավորում է Դեյվիդ Դենսիկը:
Ի դեպ նա և Սկարսգարդը միասին նկարահանվել են “The Girl with the Dragon Tattoo” ֆիլմում:
Այս նախագծի համար առաջնայինը ճշմարիտ պատկեր ստանալն էր: Նկարահանումները անց են կացվել Լիտվայում: Ավելի քան 10 տարի չաշխատող “Игналинская” կոչվող ատոմային էլեկտրակայանը շատ նման է Չեռնոբիլի ատոմակայանին, իսկ Վիլնյուսից ոչ այնքան հեռու գտնվող շրջանը հիշեցնում էր Պրիպյատը:
Նկարահանումների մի մասն էլ անց է կացվել Ուկրաինայում: Տեղացիները օգնում էին նկարահանող անձնակազմին, ինչը թույլ տվեց հեշտությամբ ստանալ այն տարիների Չեռնոբիլի շունչը մաքսիմալ լավ փոխանցող պատկեր: Կիևում նկարահանումների ընթացքում փողոցները փակ էին, քանի որ ժամանակակից մեքենաները չպետք է երևային կադրում:
Պրիպյատում ևս նկարահանումներ իրականացվեցին: Վերջին էպիզոդում առկա մենախոսությունը նկարահանվել է քաղաքի ֆոնին, այդ իսկ պատճառով էլ այն այդքան մռայլ է:
Թեպետ դերասանները խոսում են անգլերենով, այնուամենայնիվ, հեռուստատեսային նորությունները, հայտարարությունները, ինչպես նաև ռադիոյի հաղորդագրությունները ռուսերեն են:
Նախագիծը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց, և տպավորեց ինչպես հանդիսատեսին, այնպես էլ քննադատներին: Յուրաքանչյուր էպիզոդ կլանված է պահում քեզ էկրանին և ստիպում փշաքաղվել, հուզվել և սարսափել ճիշտ այնպես, ինչպես պատահարի ականատեսները:
Վերջին ամսում Չեռնոբիլի վերաբերյալ հարցումներն ինտերնետում կտրուկ աճ են գրանցել: Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են կարդում Չեռնոբիլի թեմայով գրքեր, հոդվածներ, դիտում դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր, փորձելով փոքրիշատե բացահայտել Չեռնոբիլի վթարի առեղծվածը:
Աղբյուր՝ buro247, adme:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո