Համաշխարհային գեղանկարչության պատմության ընթացքում մտածված ու պատահաբար բազմաթիվ ուղղություններ են ստեղծվել:
Ծանոթանանք գեղանկարչության ուղղություններից 3-ին:
Մեզ քաջածանոթ գեղանկարիչներից շատերի ոճին մենք ծանոթ ենք, քանի որ բազմից կարդացել ենք, որ Պիկասոն կուբիստ է, իսկ Դալին՝ սյուռեալիստ, սակայն գեղանկարչության ուղղություններն ինքնին երբեմն դժվարանում ենք տարբերել:
Այս ժանրը ծնունդ առավ 19-րդ դարի վերջում. «Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» («Impression Soleil levant») նկարը։ Այդ տերմին ընտրությունը պատահական էր, սակայն ընդգծում էր ուղղության էական կողմը, իրականության տպավորություների, ապրումների, ամիջական արտացոլումը:
Այս ոճում առաջինը հանդես եկան ֆրանսիացի գեղանկարիչները, շուտով այն տարածվեց ամբողջ աշխարհով: Էդգար Դեգա, Ալֆրեդ Սիսլին, Օգյուստ Ռենուար, Կամիլ Պիսարո. ժանրի վառ ներկայացուցիչներն իրենց կտավները կերտում էին ոչ թե արվեստանոցներում, այլ առավելապես բնության գրկում: Նրանք մշակում էին նկարելու այնպիսի նոր մեթոդներ, որոնք թույլ էին տալիս հնարավորինս իրական ներկայացնել շրջակա աշխարհը՝ պահպանել գեղանկարում ստվերներն ու կիսաերանգները, ջրի թեթև ալեկոծությունն ու արևի ցոլքը:
Նրանք առաջինը կիրառեցին բաց կոմպոզիցիայի տեխնիկան, որն էլ շարժման տպավորություն է ստեղծում, ինչպես նաև սկսեցին նկարել վրձնի բարակ, թեթև հարվածներով. դա թույլ էր տալիս ներկայացնել լուսավորության փոփոխություններն ու ժամանակի ընթացքը:
Իմպրեսիոնիստների կտավներին ավելի նախընտրելի է նայել մի քիչ հեռվից. չէ՞ որ ստեղծագործողները նախընտրել են գույնի և լույսի միջոցով ընդհանրական պատկեր տալ:
Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առել Պոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Ուղղությունն ի հայտ եկավ 20-րդ դարասկզբին Ֆրանսիայում: Հոսանքի անվանումը կապում են Անրի Մատիսի «Այս ի՜նչ խորանարդներ են» (ֆրանսերեն՝ «bizarreries cubiques») արտահայտության հետ, որը նա հնչեցրել է Ժորժ Բրաքի գործերը տեսնելուն պես:
Ժանրի հիմնական առանձնահատկությունն է երկրաչափական պարզ պատկերների կիրառությունն ու ցանկացած նկարվելիք օբյեկտ այդ պատկերների միջոցով ներկայացնելը: Ինչպես մնացած ավանգարդ գեղանկարչական ոճերը, կուբիզմը նույնպես ուշադրությունը կենտրոնացնում է նկարչի զգացողությունների և տրամադրության վրա՝ փորձելով դիտողի մոտ առաջացնել պատասխան հույզեր:
Այս ուղղության վառ ներկայացուցիչներից են Խուան Գրիսը, Ֆերնանդ Լեգերը, Փոլ Սեզանը և իհարկե Պիկասոն, ի դեպ, վերջինս նաև ամենամեծ պահանջարկ վայելող կուբիստ-նկարիչն է. նրա «Ալժիրյան կանայք» կտավը 2015 թվականին վաճառվեց $179.3 մլն.-ով:
1920-ականների սկզբում սրվեց հետաքրքրությունը հոգեբանության հանդեպ. Ֆրեյդի, Յունգի և Վունդտի աշխատությունները ներկայացնում ու բացատրում էին գիտակցության, հիշողության ու մտածողության զարմանալի օրենքներ: Հենց այս միջավայրում ծնվեց գեղանկարչության այնպիսի ուղղություն, ինչպիսին է սյուրռեալիզմը: Սյուրռեալիստ բառը հորինել է Գիյոմ Ապոլիները և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է 1917 թվականին։
Սյուռեալիզմին ամենաբնորոշ հատկանիշն է տրամաբանորեն միմյանց հետ որևէ կապ չունեցող օբյեկտների համատեղումը: Սյուռեալիզմը անսպասելի է, կոլաժային ու քաոսային, նրան բնորոշ են ֆանտաստիկ աբսուրդը, տեսողական անկայունությունը: Շատ սյուրռեալիստ նկարիչներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո