#Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում - VNews
Բաժիններ

#Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

Screenshot 8 - #Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:00

-

-

«Չելսիի» համար այս մրցաշրջանի սկիզբը նման էր տղամարդու դրամապանակի պարունակությանը՝ միամսյակի ժամանակ. ազատ անկում էր ապրում: Լեմպարդի թիմի մոտ, որից այս մրցաշրջանում սպասելիքները շատ մեծ էր, ոչինչ չէր ստացվում: Արդեն հունվարին Ռոման Աբրամովիչի համբերության բաժակը լցվեց. Լեմպարդը հեռացվեց, իսկ «Չելսին» ընտրեց այդ պահին հասանելի մարզիչներից լավագույնին՝ Տոմաս Տուխելին:

Տուխելի՝ «Չելսին» գլխավորելուց հետո անցել է մոտ երկու ամիս: Գերմանացի մասնագետը կարող էր իրենից առաջ ձախողված մարզչին քննադատելով «միավորներ հավաքել», բայց դա նրա ոճը չէ. «Ի՞նչն է փոխվել թիմի խաղում իմ գալուց հետո: Չգիտեմ. ես այստեղ չեմ եղել: Չգիտեմ՝ ինչ էր անում Ֆրենկն ինձանից առաջ, ինչպես էր մարզում թիմը: Ես չեմ կարող համեմատել ու ասել ձեզ, թե ինչ տարբերություններ կան հիմա՝ առաջվա համեմատ», – ասում է գերմանացին:

Տուխելը, իհարկե, համեստաբար ստում է: Մինչև Լոնդոն ժամանելը նա տեղեկություններ է հավաքել ակումբի մասին՝ իր հայրենակից Անտոնիո Ռուդիգերից և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Տիագո Սիլվայից: Իսկ Տուխելի գալուց հետո «Չելսիում» այնքան փոփոխություն է եղել, որի մասին նույնիսկ երազել չէին կարող թիմի երկրպագուները. «սար ու ձոր»:

Արդյունքները

Բավական է նշել միայն, որ Տուխելը գրանցել է «Չելսիի» պատմության լավագույն մեկնարկը՝ որպես մարզիչ:

  • Տուխելի գլխավորությամբ «Չելսին» անցկացրել է 13 խաղ ու դեռ անպարտելի է:
  • «Ազնվականներն» այդ ընթացքում կարողացել են կարևոր հաղթանակներ գրանցել. Մոուրինյոյի «Տոտենհեմ», Կլոպի «Լիվերպուլ», Անչելոտիի «Էվերթոն», Սիմեոնեի «Ատլետիկո» (2 անգամ)… նրանք բոլորը Տուխելի զոհերն են:
  • Տուխելը «Չելսիին» Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականից բարձրացրեց լավագույն քառյակ:
  • «Չելսիին» հասցրեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ 7 տարվա դադարից հետո:
  • Թիմին դուրս բերեց Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ:
  • Գերմանացին փոխեց նաև թիմի խաղը. պաշտպանության ու հարձակման գծում «Չելսին» տպավորիչ ցուցանիշներ է գրանցում:

Այժմ ուսումնասիրենք ու կետ առ կետ հասկանանք՝ ինչպես 2 ամսից էլ քիչ ժամանակահատվածում գերմանացին կարողացավ գլխիվայր շրջել այս թիմը:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Հաղորդակցությունը ֆուտբոլիստների հետ

Տուխելի օրոք կատարված մեծագույն փոփոխություններից մեկը մարզչի ու ֆուտբոլիստների միջև հաղորդակցության մակարդակի բարձրացումն է: Նա ամեն ինչ անում է ֆուտբոլիստներին մոտիվացնելու և նոր շունչ հաղորդելու, կարևորության զգացում տալու համար: Եթե «Չելսիի» ֆուտբոլիստը հայտնվում է մեկնարկային կազմում, Տուխելը հստակ նշում է՝ ինչ առաջադրանք է դրված նրա առջև: Երբ որևէ մեկը չի խաղում, գերմանացին բացատրում է իր որոշման պատճառները: Տուխելի օրոք բոլորը գիտեն իրենց անելիքը:

Tuchel kante chelsea 960x504 - #Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

Տուխելը շփվում է բոլորի հետ անհատապես, ինչի արդյունքում այն խաղացողները, որոնք «ավարտված» էին Լեմպարդի օրոք, վերածնվում են (Ալոնսո, Հադսոն-Օդոի, Վերներ): Շատ կարևոր է նաև, որ գերմանացին ակումբ գալու առաջին օրվանից օգտագործում է ամբողջ կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստներից՝ ընտրություն կատարելով ըստ խաղի և ըստ մրցակից թիմի: Տուխելն առաջնորդվում է «բոլորը նույն նավի մեջ են» սկզբունքով. դժվար է խաղերից առաջ կռահել «Չելսիի» մեկնարկային կազմը:

Մարզումները

Տուխելի օրոք «Չելսիի» մարզումները էականորեն տարբերվում են Լեմպարդի ժամանակ անցկացված մարզումներից. անգլիացին փորձում էր խիստ կարգապահություն մտցնել հանդերձարանում՝ երբեմն պատժելով ֆուտբոլիստներին սխալների կամ թերացումների համար, բայց Տուխելն այլ մեթոդներ ունի. «Ես նույնիսկ չգիտեմ՝ տուգանքների ինչ համակարգ է գործում ակումբում», – նշում է 47-ամյա մասնագետը:

Տուխելի մարզումային ծրագրերը նորարարական են և զվարճալի. ֆուտբոլիստները խաղում են փոքր գնդակներով՝ գնդակը վերահսկելու տեխնիկան բարելավելու համար, մարզումների ժամանակ նրանք նաև բասկետբոլ են խաղում՝ հաճույք ստանալով գործընթացից: Բայց Տուխելը սիրում է նաև տանջել իր խաղացողներին. ֆիզիկական վարժությունների ինտենսիվությունը զգալիորեն աճել է, ինչի շնորհիվ խաղերի ժամանակ տեսանելի է՝ ինչպես է ամբողջ թիմը վազում մինչև վերջին րոպեն: Ավելացել են նաև տակտիկական մարզումների տեսակները. ֆուտբոլիստներն ավելի շատ են աշխատում ճիշտ փոխանցումների, բարձր պրեսինգի, գնդակով տեղաշարժվելու և արագ պաշտպանության անցնելու ուղղությամբ: Տուխելը ցանկանում է վերահսկել խաղի ընթացքը, և այս մարզումները շատ կարևոր են դրան հասնելու համար:

0 MAIN Chelsea Training and Press Conference 960x540 - #Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

Արդյունքում՝ փոխվեց խաղը

Տուխելը միայն արդյունք չէ ապահովում «Չելսիի» համար, այլ նաև՝ որակյալ ֆուտբոլ:

Եթե պետք է խաղալ առաջին համարով ու վերահսկել գնդակը, Տուխելի թիմը խնդիր չունի. գերմանացու՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած նորամուտի խաղում թիմը կատարել էր 820 ճշգրիտ փոխանցում ու տիրել գնդակին խաղային ժամանակին 78.9%-ը: Պաշտպանությունում նույնպես Տուխելի «Չելսին» տպավորում է. անցկացրած 13 անպարտելի խաղերից 11-ում լոնդոնցիներն իրենց դարպասը պահել են անառիկ, իսկ սեփական հարկի տակ՝ «Սթեմֆորդ Բրիջում», ոչ մի գոլ բաց չեն թողել: Առհասարակ, «Չելսիի» պաշտպանները սեփական տուգանայինում մրցակցին շնչելու ժամանակ չեն տալիս:

Տուխելի թիմն աչքի է ընկնում նաև տակտիկական ճկունությամբ. 4-4-2, 4-3-3, 3-4-3… բայց վերջին շրջանում ամենահաճախ օգտագործվողը 3-4-2-1 սխեման է. 3 կենտրոնական պաշտպան, 2 լատերալ, 2 կիսապաշտպան, 2 խաղարկող ու 1 կենտրոնական հարձակվող: Երբեմն «Չելսին» խաղում է նաև «կեղծ 9 համարով»:

Մարզչական փայլուն հաղթանակ

Տուխելի լավագույն խաղը «Չելսիի» ղեկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան մրցավեճն է: Վիճակահանության ժամանակ՝ փետրվարին, երբ դեռ թիմը մարզում էր Լեմպարդը, դիմակայության ֆավորիտն «Ատլետիկոն» էր՝ Իսպանիայի առաջնության ներկա առաջատարը: Բայց այդ վիճակահանությունից հետո 2 ամիս էր անցել, իրավիճակ էր փոխվել…

Երկու թիմերի միջև դիմակայությունը հերթականներից չէր. Տուխելը գրոյսմաստերական հաղթանակ տարավ այս պահին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզչի՝ Դիեգո Սիմեոնեի նկատմամբ: 2011-ից մինչ այսօր՝ Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոյին» հազվադեպ են նման կերպով կապիտուլյացիայի ենթարկել: Ինչպես ասում է Ջո Քոուլը՝ «Չելսին» կարծես խաղար ԱՊԼ-ի հետնապահի կամ Չեմպիոնշիփի թիմի դեմ»:

1001435178 1024x695 1 960x652 - #Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

Իսկապես, Տուխելի թիմն ավելի ուժեղ էր ողջ դիմակայությունում. նախ՝ առաջին խաղում Ժիրուի խփած շքեղ գոլի շնորհիվ «Չելսին» թելադրողի կարգավիճակ ստացավ: Լոնդոնում կայացած խաղում «Ատլետիկոն» ստիպված էր հրաժարվել ավտոբուսային մարտավարությունից ու նետվել գրոհների, բայց Սիմեոնեի թիմը ոչ միայն չկարողացավ վտանգ ստեղծել «Չելսիի» դարպասի մոտ, այլ նաև լուրջ ճեղքեր ուներ թիկունքում, ինչից օգտվում էին «թոշակառուները»:

Հարկ է առանձնահատուկ նշել Man of the Match-ի՝ Նգոլո Կանտեի անունը: Կանտեն, որը Լեմպարդի ժամանակ անկայուն էր գործում, հիշել էր իր լավագույն ժամանակները. ֆրանսիացին պաշտպանվում էր, հարձակվում, խլում գնդակը, գրոհ ձեռնարկում: Որտեղ գնդակն էր, այնտեղ՝ Կանտեն: Կրկին արդիական դարձավ հայտնի հումորը. «երկրագնդի 70 տոկոսը ծածկված է ջրով, իսկ մնացածը ծածկում է Կանտեն»:

Թոփ տրանսֆերներն արթնացան

«Չելսիի» երկրպագուների համար ամենացավալին այս մրցաշրջանում՝ թոփ տրանսֆերների ձախողումն էր: Միայն Վերների, Զիեշի ու Հավերցի համար ամռանն ակումբը ծախսել էր 150 միլիոն ֆունտ ստեռլինգ:

«Ատլետիկոյի» դարպասը խփած առաջին գոլը խորհրդանշական էր այդ առումով. լոնդոնցիների անցկացրած արագ հակագրոհի ժամանակ Հավերցը փոխանցեց գնդակը Վերներին, որն արագացավ եզրով ու փոխանցեց կենտրոն, իսկ Հակիմ Զիեշը գրավեց Յան Օբլակի դարպասը: Կարևորագույն այս խաղում Տուխելը վստահեց մինչև այժմ մրցաշրջանը ձախողած այս 3 աստղերին (Զիեշը վերջին 20 խաղում խփել է 1 գոլ, Վերները վերջին 27 խաղում՝ 2 գոլ, իսկ Հավերցը 25 խաղում՝ 1 գոլ): Նրանք մարզչի վստահությանը պատասխանեցին շատ լավ խաղով:

Մեր ընտրանին

Վերջապես իր որակները ցույց տվեց Հակիմ Զիեշը. նախկինում «Ամստերդամի կախարդ» մականունն ունեցող ֆուտբոլիստը կրկին իր «փողոցային ֆուտբոլի» հնարքներից էր կիրառում, կտրում մրցակցի պաշտպանության շերտերը, ոչնչից վտանգ ստեղծում. այսպիսի Զիեշի հետ «Չելսին» անհամեմատ ուժեղ կլինի:

Իր որակի համար ոչ արդյունավետ մրցաշրջան անցկացնող Վերները (10 գոլ, 7 ասիստ) նույնպես տպավորիչ ֆուտբոլ խաղաց: Գերմանացին իր թիմի հակագրոհների գլխավոր գործող անձն էր, որ գրոհում էր ձախ եզրով, աջ եզրով, կենտրոնով…

Իրեն վատ չդրսևորեց նաև Կայ Հավերցը, որը գտել է իրեն «կեղծ 9 համարի» դերում: Հավերցն աչքի չընկավ գոլով կամ գոլային փոխանցմամբ, բայց նա սովորականից ավելի ակտիվ էր, թեթևությամբ էր շարժվում, գնդակ էր պահանջում խաղընկերներից: Զգացվում է, որ Հավերցը վստահություն է ձեռք բերել:

Այսպես՝ մինչև ո՞ւր

Դժվար է կանխատեսել, թե Տուխելի «Չելսին» մինչև ուր կհասնի այս մրցաշրջանում, որքա՞ն երկար կպահի իր անպարտելիության շարքը, կնվաճի՞ արդյոք որևէ տիտղոս, թե ոչ. բայց եթե գերմանացին կարողացել է այսքան արագ փոխել թիմի խաղն ու արդյունքները, ապա հաջորդ մրցաշրջանում՝ «Չելսիի» ղեկին իր առաջին ամբողջական մրցաշրջանում Տուխելից երկրպագուները կարող են տիտղոսներ սպասել ու պահանջել:

Այս պահին մի բան է հստակ. ինչպես հենց ինքը՝ Տուխելն է նշել, ՉԼ 1/4 վիճակահանության ժամանակ ոչ ոք չի ցանկանա, որ իրենց որպես մրցակից բաժին հասնի «Չելսին»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Չելսիի» աստղը հնարավոր է հայտնվի «Միլանում»

Սանչոն ասել է՝ որ թիմին է երկրպագել մանուկ հասակում

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Երկու ակումբ Աշրաֆի համար 60 միլիոն եվրո է առաջարկել

Անգլիական ակումբը Հալանդի տրանսֆերի համար պաշտոնապես կապ է հաստատել «Բորուսիայի» հետ

Տուխելը նոր պայմանագիր ստորագրեց

Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

«Բավարիան» պատրաստ է վաճառել Զյուլեի տրանսֆերը․ նրանով անգլիական ակումբ է հետաքրքրված

«Բարսելոնայի» խաղացողը խնդիր ունի Կումանի հետ ու ուզում է հեռանալ ակումբից

Աբրամովիչը ցանկանում է, որ Լուկակուն վերադառնա «Չելսի»

Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

«Նպաստով ապրողը հաղթեց Չեմպիոնների լիգան». Էդուար Մենդիի հերոսական պատմությունը

Նոր կարգեր, կոտրված կարծրատիպեր. Չեմպիոնների լիգա 2020/21-ը՝ 9 կետով

Տուխելը նշել է՝ քանի ֆուտբոլիստ է ցանկանում գնել «Չելսին»

Ռյուդիգերը ներողություն է խնդրել Դե Բրույնեից