«Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը - VNews
Բաժիններ

«Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

3 1024x579 1 - «Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

Ռոնալդ Կումանն այլևս «Բարսելոնայի» ղեկին չէ. հոլանդացի մասնագետը պահպանեց իր աշխատանքը Կատալոնիայի մայրաքաղաքում՝ չնայած ցուցադրած թույլ ֆուտբոլի ու Մեսիի կորստի, սակայն չդիմացավ ու կործանվեց։ Այս պահին նրա պարտականությունները կատարում է «Բարսելոնա Բ»-ի մարզիչ, ակումբի լեգենդ՝ Սերխի Բարխուանը։ Հայտնի ինսայդերները գրում են, որ Չավին մեկ ոտքով արդեն Կատալոնիայում է։ Որպես այլ տարբերակ նշվում է նաև Մարսելո Գալյարդոյի անունը։ Արգենտինացի մասնագետը համարվում է ուժեղագույնը հայրենիքում և վաղուց է հասունացել Եվրոպան գրավելու պահը։ «Բարսան» ու Գալյարդոն ունեն միմյանց կարիքը։

Գալյարդոն հարազատ «Ռիվեր Փլեյթում» աշխատում է արդեն 7 տարի, նրան Արգենտինայում համարում են ամենաճկուն ու նպատակասլաց մարզիչը։ «Միլիոնատերերը» Գալյարդոյի հետ նվաճել են 13 տիտղոս, այդ թվում երկու անգամ հաղթել են Հարավային Ամերիկայի ամենապատվաբեր մրցաշարում՝ Լիբերտադորեսի գավաթում։ Գալյարդոն վերջերս կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ հարազատ ակումբից։ Բայց կա հետաքրքիր նրբություն. Գալյարդոյի պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ ավարտվում է ընդամենը 2 ամսից, սակայն կողմերը չեն շտապում այն երկարաձգել։ Պատահականությո՞ւն է։

Մարսելո Գալյարդոյի կապը «Ռիվեր Փլեյթի» հետ ձևավորվել է փոքր տարիքից։ Հենց այստեղ 17-ամյա ֆուտբոլիստը ցույց տվեց իր լավագույն ունակությունները։ Երկրպագուները նրան անվանեցին «El Muneco», ինչը թարգմանաբար նշանակում է «տիկնիկ». նա «դու»-ով էր խոսում գնդակի հետ, կատարում էր ոսկերչական փոխանցումներ, խաղում էր ենթահարձակվողի դիրքում, դիսպետչեր էր։ Հայրենիքում 9 տիտղոս նվաճելուց հետո Գալյարդոն տեղափոխվեց Եվրոպա, դարձավ «Մոնակոյի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հայտնվեց նախաշեյխյան ՊՍԺ-ում, գնաց խոպան ԱՄՆ, վերադարձավ հարազատ «Ռիվեր», կարիերան էլ ավարտեց ուրուգվայական «Նասիոնալում»։

debut gallardo.jpg 554688468 960x540 - «Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

«Եկավ այն պահը, երբ ես պետք է կտրվեմ այս կյանքից ու ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ։ Ուզում եմ ապրել նորմալ մարդկանց պես», – ասում էր Գալյարդոն կարիերան ավարտելուց հետո։ Սակայն ընդամենը 10 օր ազատ ման գալուց հետո արգենտինացին հասկացավ. առանց ֆուտբոլ կյանք չունի։ Գալյարդոն գլխավորեց ակումբը, որտեղ էլ կախել էր խաղակոշիկները մեխից՝ «Նասիոլալը»։ Հարևան երկրում Գալյարդոն աշխատեց ընդամենը 1 տարի, սակայն այդ ընթացքում հասցրեց բոլորին ապացուցել, որ ունի լավ հեռանկարներ թոփ մասնագետ դառնալու համար։ 2012-ին արգենտինացին հեռացավ ակումբից ու գնաց արձակուրդ՝ ուժեղանալու։

2014 թվականի ընթացքում Գալյարդոն սկսեց կամաց-կամաց ակնկարկել, որ պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի և որ սիրով կգլխավորեր իր կարիերայի ամենակարևոր ակումբը՝ Ռիվեր Փլեյթը։ Ընդամենը մի քանի ամիս անց նա արդեն «միլիոնատերերի» ղեկին էր։ Երկրպագուներին ու մասնագետներին զարմացրեց երիտասարդ մարզչի համարձակությունը գլխավորելու «Ռիվեր Փլեյթն» այն ժամանակ, երբ թիմի վիճակը, մեղմ ասած, կրիտիկական էր. երբեմնի զորեղ ակումբը 6 տարի էր՝ տիտղոսի երես չէր տեսել։ Ղեկավարության սպասելիքները արդարացան։ Ընդամենը 6 ամիս անց Գալյարդոյի տղաները հաղթեցին հեղինակավոր Կոպա Սուդամերիկանան (նույն Լիբերտադորեսի գավաթը, բայց ավելի շատ մասնակիցներով)։

Իսկական հաջողությունները եկան մի քանի տարուց. 2015-2016 թվականներին Գալյարդոն «Ռիվերի» հետ նվաճեց գրեթե բոլոր տիտղոսները՝ Արգենտինայի գավաթը, Սուպերգավաթն ու հարավամերիկյան ֆուտբոլի ամենապատվաբեր տիտղոսը՝ Լիբերտադորեսի գավաթը, որն առաջինն էր 19 տարվա դադարից հետո։ Միակ տիտղոսը, որն այդպես էլ անհասանելի մնաց Գալյարդոյի համար՝ Արգենտինայի ոսկին է. 7 տարվա ընթացքում «տիկնիկն» այդպես էլ չկարողացավ նվաճել չեմպիոնական գավաթը։ Չնայած դրան, երկրպագուները նրան տվեցին նոր մականուն՝ «Նապոլեոն»՝ առաջնորդի հատկանիշների ու հաճախակի խոշոր հաղթանակների համար։

Հաջողության գրավականը

ELHXrOdW4AAvJZW 1024x683 1 960x640 - «Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

Իր հաջողության գրավականներից մեկը Գալյարդոն համարում է երիտասարդների հետ աշխատանքն ու ֆուտբոլիստների հետ իդեալական հարաբերությունները։ «Նա գրեթե միշտ գտնում է ժամանակ իր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ առանձին զրուցելու համար։ Բացի դրանից, Գալյարդոն հնարավորությունը բաց չի թողնում ակումբի միջինից բարձր տարիքային խմբերի խաղերն ամբողջությամբ դիտելու համար։ Լինում են դեպքեր, որ նա անձամբ է ներկա գտվնում խաղերին, զրուցում է ակադեմիա ընդունված տղաների հետ», – Ole պարբերականը գրում է Գալյարդոյի մոտեցումների մասին։

Իր հարցազրույցներից մեկում Գալյարդոն հայտարարել է, որ երազում է իր թիմի մեկնարկային կազմում տեսնել 11 սանի։ Ընդ որում՝ արգենտինացի մասնագետը, ի տարբերություն որոշների, ոչ միայն խոսում է, այլև՝ գործում։ Գալյարդոյի «թեթև ձեռքով» ակադեմիայում առաջին քայլերն են կատարել ու «մեծ տղա են դարձել» Սեբաստիան Դրուիսին, Լուկաս Ալարիոն, Ջովանի Սիմեոնեն ու շատ այլ ֆուտբոլիստներ։ Նրա մասին շռայլ խոսքեր են ասում ոչ միայն իր սաները, այլև ակումբի հնաբնակներն ու փորձառու նորեկները։

Մեր ընտրանին

Մարսելոն քիչ է տարբերվում հարավամերիկացի այլ էքսցենտրիկ մասնագետներից ու աչքի է ընկնում ոչ ստանդարտ արարքներով։ Օրինակ, 2015-ի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում նրա թիմը 30 վայրկյան ուշացումով դուրս եկավ դաշտ երկրորդ կեսում, ինչի համար Գալյարդոն որակազրկվեց։ Պատասխան խաղի ընդմիջմանը երիտասարդ մարզիչը գնաց տիպիկ մոուրինյոյական քայլի. ինկոգնիտո շրջանցեց լրագրողներին ու թաքցնելով դեմքը գլխարկի տակ, հայտնվեց թիմի հանդերձարանում։ Հետագայում դա բացահայտվեց, ու Գալյարդոն ստացավ նոր որակազրկում։ «Ես եմ մեղավոր դրա համար, սակայն գտնում եմ, որ ճիշտ եմ արել, քանի որ պետք էի տղաներիս այդ պահին», – դրվագում մեղքն իր վրա վերցրեց Գալյարդոն։ Սակայն նրա բացակայությամբ «Ռիվերը» չընկճվեց ու հաղթեց եզրափակիչում։

Մարտավարությունն ու սխեման

marcelo gallardo estudiantes v river plate copa de la liga profesional 2021 960x640 - «Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

Գալյարդոն իր թիմի խաղը կառուցում է ինտենսիվ պրեսինգի ու գնդակին տիրելու վրա։ Հենց այս պահին «Բարսելոնան» ունի այդ խնդիրները։ Կատալոնյան ակումբը խաղը վերադասավորելուց էլ ահավոր կաղում է։ «Տիկնիկը» կարող է լուծել այդ հանելուկը, քանի որ բազմիցս աչքի է ընկել մտքի ճկունությամբ ու համարձակությամբ։ 2019/2020 մրցաշրջանի առաջին խաղում «Ռիվերը» Արգենտինայի գավաթի խաղարկությունում մրցում էր «Խիմնասիայի» հետ։ 60-րդ րոպեին հաշիվը բացված չէր։ Գալյարդոն որոշեց դաշտ դուրս բերել 19-ամյա Բենխամին Ռոլխեյսերին։ Փոփոխությունից առաջ ֆուտբոլիստն ու մարզիչն ակտիվորեն զրուցում էին։

«Մենք անցնում ենք 4-3-3 սխեմայի, դու խաղալու ես աջից, Նիկո դե լա Կրուսը՝ ձախից։ Հենց նրան տեսար ազատ, փոխանցիր գնդակն իրեն ու վազիր տուգանային հրապարակի կենտրոն՝ պատասխան փոխանցում ստանալու ու գրոհը եզրափակելու համար», – ասաց Գալյարդոն։ Ընդամենը 5 րոպե անց բառացիորեն նույն կերպ «միլիոնատերերը» բացեցին հաշիվը։ Անհավանակա՜ն։

Գալյարդոն տարբեր մարտավարությունների ու սխեմաների ջատագով է, բայց սիրում է խաղալ ագրեսիվ ու հարձակվողական ֆուտբոլ՝ օգտագործելով 4-1-3-2 դասավորությունը։ Իհարկե, այս ամենը պայմանական է, քանի որ գնդակին տիրելու ընթացքում սխեման ու ֆուտբոլիստների դիրքը փոխվում է։ Գալյարդոն իր շեշտը դնում է հարձակման ճկունության վրա, հրահանգում է եզրային ֆուտբոլիստներին ու հարձակվողներին հաճախակիորեն փոխվել դիրքերով, ինչը քաոս է առաջացնում մրցակցի պաշտպանության գծում։ Երբեմն, «տիկնիկի» թիմում դիրքերով փոխվում են եզրային պաշտպաններն ու վինգերները. մրցակիցը պարզապես խառնվում է իրար ու չի հասկանում՝ ում դեմ ինչպես պաշտպանվել։

Արգենտինացի մասնագետը գրոհը կառուցելու հարցում կարևոր է համարում դարպասապահի ու հենակետային կիսապաշտպանի միջև կապը, որն ապահովում է բալանսավորված «բիլդ-ափ», իսկ առաջնային դերն իր թիմում կատարում են «10» համարները. նրանց թույլատրվում է նահանջել ընդհուպ մինչև կենտրոնական գոտի կամ էլ տեղափոխվել եզր՝ պրեսինգից խուսափելու ու լիակատար ստեղծագործական ազատություն ստանալու համար։ 4-1-3-2 դասավորությունն իրենից ենթադրում է հարձակվողների դուետ. մեկը զուտ լուսացույց է, որն իր վրա է հրավիրում մրցակցի ուշադրությունը։ Մյուսը խաղում է հետ քաշված ու ապահովում է քանակական առավելություն բոլոր դիրքերում։

Ճկունությունը

perez 960x640 - «Փրկիչն Արգենտինայից». Ինչու է եկել Մարսելո Գալյարդոյի՝ «Բարսելոնան» գլխավորելու ժամանակը

Դե, վերջերս կայացած ֆենոմենալ խաղը նրան հասցրեց փառքի գագաթնակետին։ Մայիսին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Ռիվեր Փլեյթում» տարածվեց կորոնայի համաճարակ ու շարքից դուրս եկավ 20 ֆուտբոլիստ, այդ թվում՝ բոլոր դարպասապահները։ «Սանտա Ֆեի» հետ խմբային վերջին տուրի խաղում թիմին պետք էր հաղթանակ, սակայն առանց դարպասապահի դա անհնար էր թվում։ Գալյարդոն գնաց հիանալի քայլի՝ դարպասում տեղը վստահելով կիսապաշտպան Էնցո Պերեսին, որը դեռ լիարժեք չէր էլ ապաքինվել վնասվածքից։ Գալյարդոն անցավ 5-3-2 սխեմային, հրաժարվեց բարձր պրեսինգից ու խաղաց երկար փոխանցումներով։

Մարտավարությունը աշխատեց. 6 րոպեի ընթացքում Գալյարդոյի թիմը երկու գնդակ խփեց ու անցավ խորը պաշտպանություն՝ ապավինելով սուր հակագրոհների։ Ի վերջո, Պերեսը 1 գնդակ բաց թողեց, բայց կարողացավ իր թիմին վերջնական հաղթանակ պարգևել ու դուրս բերեց եզրափակիչ։

Վերջին դեպքը խոսում է Մարսելո Գալյարդոյի մտքի ճկունության մասին։ Այո, շատերի կարծիքով Չավին ամենաիդեալական թեկնածուն է «Բարսան» գլխավորելու համար։ Որպես «Մաեստրոյի» նշանակման հիմնական պատճառ  բերում են «Բարսայի» ԴՆԹ-ն։ Կումանի պարագայում տեսանք՝ ինչով ավարտվեց այդ ԴՆԹ-ն։ Չավին էլ, Գալյարդոն էլ երիտասարդ են ու մարզչական ցեխի ապագան են, բայց այս պահին արգենտինացու օգտին խոսում է համեմատաբար հարուստ փորձը, տիտղոսները (Լիբերտադորեսի գավաթը 1000 հատ Քաթարի չեմպիոնություն արժե բոլոր առումներով) և տակտիկական ճկունությունը։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է Լապորտան գնա էքստրեմալ քայլի, ինչպես 2003-ին ու ստեղծի նոր՝ պատմություն կերտող «Բարսելոնա»։

 

 

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին շնորհավորել է «Բարսելոնայի» 122-րդ ամյակը

Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղի համար

«Սիթին» հայտնել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Ֆերան Տորեսից

Ֆերան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսայում»

«Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

«Նյուքասլը» ֆավորիտ է «Բարսելոնայի» կիսապաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում