Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում» - VNews
Բաժիններ

Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

Screenshot 16 - Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

«Բավարիան» աշխարհի լավագույն ակումբն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Եվ այդ ամենը սկսվեց 2019-ի աշնանը, երբ մյունխենյան ակումբը գլխավորեց Հանս-Դիտեր Ֆլիկը՝ փոխարինելով Նիկո Կովաչին: Ըստ Խորվաթ մասնագետի՝ «Բավարիան» նման չէր իրեն, բայց եկավ Ֆլիկն ու փոխեց ամեն ինչ:

56-ամյա մասնագետը վերականգնեց թիմի ագրեսիվ պրեսինգն ու դիրքային խաղը, «Բավարիան» կրկին սկսեց աշխատել մեքենայի նման: Ֆլիկն օգնեց,որպեսզի ֆուտբոլիստները զարգանան ու աճեն անհատապես. Նոյերը, Մյուլերն ու Լևանդովսկին ցուցադրեցին իրենց լավագույն ֆուտբոլը, Դավիդ Ալաբան դարձավ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, մի շարք երիտասարդներ բարձրացան այլ խաղամակարդակի վրա: Արդյունքում՝ մարզչական պրակտիկա չունեցող մասնագետը «Բավարիայի» համար նվաճեց բոլոր՝ 6 հնարավոր տիտղոսները՝ մեկ տարվա ընթացքում:

bayern 960x640 - Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

Այո՛, գուցե «Մանչեսթեր Սիթիում» ու ՊՍԺ-ում Ֆլիկը նման հաջողություններ չգրանցեր. այդ դեպքում նա ստիպված կլիներ հարմարվել նոր երկրի ու նոր թիմի մշակույթին, նոր լեզու սովորել, ծանոթանալ թիմին զրոյից: Այդ հարցում բախտը ժպտաց Ֆլիկին: Բայց խաղացողների բախտն էլ բերեց Ֆլիկի հարցում, քանի որ այս մասնագետն ամեն ինչ արեց՝ թիմային մթնոլորտ ստեղծելու և տակտիկապես այն ուժեղացնելու համար:

Այս մրցաշրջանում էլ «Բավարիան» շարժվում էր նույն տեմպով՝ առաջատար Բունդեսլիգայում և ուժեղ ընթացք՝ Չեմպիոնների լիգայում: Թվում էր՝ այս «Բավարիան» դեռ երկար ժամանակ է հաղթելու բոլոր մրցակիցներին ու բոլոր տիտղոսները կնվաճի: Բայց ամեն ինչ փոխվեց շատ կարճ ժամանակում ու հանկարծակի: Մյունխենյան ակումբը դուրս մնաց ՉԼ-ից, Ֆլիկն էլ հայտարարեց, որ հեռանում է:

Իսկ ի՞նչ եղավ

Դեռ մրցաշրջանի սկզբից երևում էր, որ թեև թիմի արդյունքները դրական են, ակումբի ներսում ինչ-որ անհամաձայնություն կա: Ակումբի մարզական տնօրենի և Հասան Սալիհամիջիչի միջև կար տարաձայնություն, ինչի մասին՝ իր բոլոր մանրամասներով հետագայում սկսեցին լուսաբանել գերմանական լրատվամիջոցները:

Պարզվեց, որ «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստները դիմել են ակումբի ղեկավարությանը՝ թիմը նոր խաղացողներով համալրելու խնդրանքով, քանի որ, ըստ նրանց, թիմը հոգնել էր «կորոնամրցաշրջանի» ծանր գրաֆիկից հետո: Սալիհամիջիչը շուկայի վերջին օրերին ընդառաջեց ֆուտբոլիստների խնդրանքին, բայց դա արեց Ֆլիկի մեջքի ետևում՝ առանց խորհրդակցելու մարզիչի հետ: Բոսնիացու ջանքերով «Բավարիա» տեղափոխվեցին «Մարսելի» նախկին պաշտպան Բունա Սարը, իսպանացի երիտասարդ խաղացող Մարկ Ռոկան և «Յուվենտուսի» վինգեր Դուգլաս Կոստան: Այս 3 ֆուտբոլիստներն էլ ամբողջ մրցաշրջանի ընթացքում «պետք չեկան» Ֆլիկին ու կամ մաշեցին պահեստայինների նստարանը, կամ էլ վնասվածք ունեին: Երիտասարդներ Տիագու Դանտաշն ու Տանգի Նյանզուն դեռ շատ երիտասարդ են ու թիմին ընտելանալու փուլում են: Արդյունքում՝ ռոտացիայի ենթարկվեցին այն ֆուտբոլիստները, որոնք ակումբի ղեկավարությանը խնդրել էին ուժեղացնել թիմի կազմը:

Screenshot 14 960x538 - Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

Անցնում էին ամիսներն ու Սալիհամիջիչ-Ֆլիկ հարաբերություններն ավելի էին սրվում, ինչի մասին ակնարկեց նաև Ֆլիկի օգնականը, «Բավարիայի» լեգենդար հարձակվող Միրոսլավ Կլոզեն. «Ինձ անհանգստացնում է՝ ինչպես են ակումբի ներսում մարդիկ հաղորդակցվում միմյանց հետ: Պետք է հարգել նաև այլ տեսակետ ունեցող մարդկանց կարծիքը: Ռումենիգեն ու Հյոնեսը «Բավարիային» այս մակարդակին են հասցրել՝ մտածելով ակումբի մասին, ոչ թե անձնական ամբիցիաների», – հայտարարել էր Կլոզեն:

Կուլմինացիոն պահը, սակայն, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտությունն էր, որից հետո Ֆլիկը բացահայտ ցույց տվեց, թե ումից է դժգոհ ակումբում. «Նախորդ մրցաշրջանում մեր կազմն ավելի ուժեղ էր, քան այս տարի»: Փարիզյան ակումբի դեմ, իսկապես, գերմանացին խաղում էր գործնականում առանց պահեստայինների նստարանի: Օրեր անց՝ Ֆլիկը հայտարարեց «Բավարիայից» հեռանալու իր մտադրության մասին՝ շնորհակալություն հայտնելով Հյոնեսին, Ռումենիգեին, Հայներին, բայց ոչ Սալիհամիջիչին:

6 տիտղոս նվաճած Ֆլիկը ձայնի իրավունք չունեցավ ակումբի տրանսֆերային քաղաքականությունում. նա ոչ միայն կորցրեց Տիագո Ալկանտարային, այլ Վերների ու Հավերցի փոխարեն ստացավ Բոն Սարին ու Մարկ Ռոկային: Ժերոմ Բոատենգի ու Դավիդ Ալաբայի՝ պայմանագրերի երկարաձգման հարցում էլ ակումբը չլսեց Ֆլիկին, և նրանք երկուսն էլ կհեռանան մրցաշրջանի ավարտից հետո:

Ֆլիկի՝ «Բավարիայից» հեռանալու ֆոնին խորհրդանշական ստացվեց նաև Յոահիմ Լյովի՝ Գերմանիայի հավաքականից հեռանալը: Ֆլիկը, գրեթե անկասկած, կգլխավորի Գերմանիայի հավաքականը, որտեղ ոչ միայն աշխատել է որպես Լյովի օգնական, այլ նաև զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը, և այնտեղ հաստատ կհարգեն նրա խոսքն ու որոշումները:

Մեր ընտրանին

Իսկ ի՞նչ կլինի հետո 

Ֆլիկի հեռանալուց հետո երկրպագուների ու մամուլի ուշադրության կենտրոնում է լինելու Սալիհամիջիչը: Գերմանական մամուլը գրում է, որ Սալիհամիջիչը ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի աջ ձեռքն է: Bild-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե ում են երկրպագուները ցանկանում տեսնել ակումբում. 94 տոկոսը պատասխանել էր Ֆլիկ, իսկ Սալիհամիջիչին ակումբում ցանկանում է տեսնել քվեարկությանը մասնակցած օգտատերերի 6 տոկոսը միայն: Ու նույնիսկ տրանսֆերային վիճահարույց սելեկցիայի ու Ֆլիկի հետ վիճելուց հետո Սալիհամիջիչը պահում է իր տեղն ակումբում, ինչը, ըստ գերմանական մամուլի, վկայում է, որ բոսնիացին Հյոնեսի հավատարիմ զինվորն է ակումբի համակարգում:

Այժմ «Բավարիան» դիտարկում է նոր գլխավոր մարզիչ հրավիրելու մի շարք տարբերակներ, որոնցից գլխավորը «Լայպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանն է, բայց եթե Նագելսմանի նշանակումն էլ չստացվի, Սալիհամիջիչի վրա ճնշումն ավելի է մեծանալու (ինչը հավանական է՝ հաշվի առնելով, որ «Լայպցիգը» մեկ մրցաշրջանում Ուպամեկանոյին ու Նագելսմանին չի զիջի անմիջական մրցակցին): Ֆլիկին փոխարինելը բարդ է լինելու, քանի որ շատ չեն այն մասնագետները, որ կարող են այդքան կատարյալ կերպով ընկալել «Բավարիայի» խաղային համակարգն ու շարունակել այն ճանապարհը, որ սկսեց թիմը մեկուկես տարի առաջ:

«Բավարիան» նոր ժամանակաշրջան է թևակոխում ոչ միայն մարզչական ու խաղային, այլ նաև՝ ղեկավար կազմի առումով: Մրցաշրջանի ավարտից հետո թիմի գործադիր տնօրեն կդառնա Օլիվեր Կանը՝ փոխարինելով Կառլ-Հայնց Ռումենիգեին: Կանն իր ապագա պաշտոնի մասին իմացել էր դեռ նախորդ տարի և այս ամբողջ ընթացքում ինտեգրվում էր ակումբի համակարգին: Բայց Կանի համար նոր պաշտոնում աշխատանքի սկիզբը հեշտ չի լինելու:

Screenshot 15 960x532 - Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

Սալիհամիջիչի հետ Կանը, որպես ֆուտբոլիստ, հաղթել է Չեմպիոնների լիգայում 2001 թվականին: Սա, իհարկե, դեռ չի նշանակում, որ Կանն ամեն հարցում պաշտպանելու է բոսնիացուն, և շատերն են արդեն խոսում, որ Սալիհամիջիչի ապագայում լուրջ փոփոխություններ կարող են լինել Կանի ժամանումից հետո:

Կանը, Սալիհամիջիչը կամ նոր մարզական տնօրենը, ինչպես նաև նոր գլխավոր մարզիչը (եթե «Բավարիան» ցանկանում է ուղղել իր սխալը) պետք է որոշեն նաև, թե ինչպես է լինելու մյունխենցիների կազմի վերանորոգումը: Մրցաշրջանի ավարտից հետո նվազագույնը 3 ֆուտբոլիստ, որ երկար տարիներ անմոռանալի հաջողություններ են գրանցել ակումբի հետ, հեռանալու են: Ալաբան մեկ ոտքով «Ռեալում» է, Բոատենգն ու Խավի Մարտինեսն էլ դառնալու են ազատ գործակալ:

Պաշտպանության գծում «Բավարիան» ունենալու է հզոր համալրում՝ Դայո Ուպամեկանոն, որը խաղալու է Լուկաս Էրնանդեսի կողքին: Խաղադաշտի կենտրոնում փոփոխությունները մեծ չեն լինի՝ հաշվի առնելով Ջոշուա Կիմիխի և Լեոն Գորեցկայի առկայությունը, ինչպես նաև՝ Ջամալ Մուսիալայի կտրուկ աճն այս մրցաշրջանում: Հարձակման գծում էլ մյունխենցիները եթե ոչ հաջորդ մրցաշրջանում, ապա առաջիկա 2-3 տարիներին պետք է մտածեն Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու մասին, որն այս ամռանը կդառնա 33 տարեկան:

«Բավարիայի» տրանսֆերային ծրագրերը դեռ հարցական են շատերի համար: Էրլինգ Հալանդի ձեռքբերումը մյունխենյան ակումբի ղեկավարներն արդեն բացառել են, իսկ Ռումենիգեն ու Կանը տարբեր առիթներով հայտարարել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառած վնասները ստիպելու են ակումբին ծախսերի հարցում լինել զուսպ:

16179516956520 960x540 - Փոթորիկ՝ անամպ երկնքում. Խոշոր փոփոխություններ, որ սպասվում են «Բավարիայում»

Ահա այսպես՝ հանելուկային տրանսֆերներով, հանելուկային մարզչով ու կազմով «Բավարիան» կթևակոխի նոր մրցաշրջան: Ի՞նչ խաղային ձեռագիր ու համալրումներ կունենա «Բավարիան», դեպի ո՞ւր կշարժվեն մյունխենցիները:

Անակնկալ․ Հանրահայտ մարզիչը կարող է գլխավորել «Բավարիան» Ֆլիկի հեռանալու դեպքում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին կրկին վնասվածք է ստացել

«Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

«Բարսելոնան» փորձել է հրավիրել Ֆլիկին. հայտնի է ինչ են նրան պատասխանել

«Այդ գումարն անընդունելի է». «Բավարիան» հրաժարվում է իր թոփ թիրախներից մեկից

Մեր մրցակիցները. Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հնարավոր է վերադառնա ազգային հավաքական

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Սանչոյի համար նոր գնորդ է հայտնվել

Ռումենիգե. «Ֆլիկն իդեալական մարզիչ կլիներ Գերմանիայի հավաքականի համար»

Մանուել Նոյերը կրկնել է Օլիվեր Կանի ռեկորդը՝ 120 խաղ քիչ անցկացնելով

«Չելսին» հաղթեց «Սիթիին», «Բավարիան» 6 գնդակ ուղարկեց «Բորուսիայի» դարպասը (տեսանյութ)

«Լայպցիգը» պարտվեց. «Բավարիան»՝ Բունդեսլիգայի հաղթող (տեսանյութ)

Laureus. Ռաֆայել Նադալը՝ տարվա լավագույն մարզիկ, «Բավարիան»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)

«Բավարիան» իր սպորտային տնօրենին փոխարինող է գտել «Յուվենտուսում»

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

Նագելսմանը որոշել է՝ որն է համար մեկ տրանսֆերային նպատակը «Բավարիայում»