fbpx

Սամվել Զախարյան. «Հաջորդ տարի տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականն անպայման մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը վերջին անգամ պաշտոնական հանդիպում է անցկացրել 2012թ., երբ որակազրկեց ու դադարեցրեց ելույթները: Հայկական հոկեյի խնդիրների ու հեռանկարների շուրջ VivaroNews.am-ը զրուցել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Սամվել Զախարյանի և գլխավոր քարտուղար Վահրամ Սարգսյանի հետ:

Սկսենք Հայաստանի տափօղակով ֆեդերացիայի աշխատանքներից: Ե՞րբ եք սկսել աշխատանքը ֆեդերացիայում:

Սամվել Զախարյան. Մենք ընդամենը 3 տարի ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայում: Նախկին հոկեյիստներ ենք, թե՛ ես, թե՛ գլխավոր քարտուղար Վահրամ Սարգսյանը: Ես մինչև 2007թ. խաղացել եմ Հայաստանի հավաքականում, ավագն եմ եղել: Հետագայում մենք թողել էինք հոկեյը, բայց 2014թ. Համահայկական ձմեռային խաղերում, երբ ներկա էինք հոկեյի մրցաշարին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց ստանձնել ֆեդերացիայի աշխատանքները: Մեր թիմում է նաև ֆեդերացիայի նախկին նախագահ, երջանկահիշատակ Կարեն Խաչատրյանի որդին՝ Սամվել Խաչատրյանը, ով ֆեդերացիայի փոխնախագահն է ու զբաղվում է միջազգային համագործակցության հարցերով:

Ի՞նչ ունենք այս պահին հայկական հոկեյում:

Ս.Զ. Այս պահին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում անցկացվում են նաև հոկեյի մարզումներ՝ հավաքականի նախկին դարպասապահ Մհեր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Բայց մենք գիտենք, որ Հայաստանում հետաքրքրվածությունն իրականում ավելի մեծ է: Ուղղակի անհրաժեշտ է, որ ազգային հավաքականը կրկին խաղա միջազգային ասպարեզում, որպեսզի ուշադրությունը մարզաձևի հանդեպ մեծանա և միջոցներ ուղղվեն դեպի այս ոլորտ:

Ի՞նչ խնդիրներ կան, որ խոչընդոտում են հոկեյի զարգացմանը:

Ս. Զ. Այս պահին մենք որևէ ֆինանսավորում չունենք, ամեն ինչ անում ենք մեր գրպանից: Իսկ աշխատանքները շատ են, պետք է մարզիչներ հրավիրել, մարզադպրոց բացել՝ հատուկ վարժությունների համար առանձին սենյակներով ու մարզասարքերով: Հոկեյի մարզումները բազմապրոֆիլ են, կան առանձին մարզումներ սահելու տեխնիկան, մականի հետ աշխատանքը և ֆիզիկական վիճակը բարելավելու համար: Ժամանակակից հոկեյում անհնար է առանց սահադաշտից դուրս անցկացվող «չոր» մարզման: Այդ ամենը բավականին թանկ արժե, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, ունենք ընկերներ ու համագործակիցներ, ովքեր այդ հարցով պատրաստ են մեզ օգնել:

Վ. Ս. Բացի այդ, հոկեյը զարգացնելու համար պետք են նաև մարզիչներ, մեկ մարզիչը քիչ է: Մարզման յուրաքանչյուր բաղադրիչ պահանջում է առանձին մարզիչ: Իսկ անելու դեպքում պետք է ամեն ինչ լավ անել: Հոկեյը ամենաթանկ մարզաձևերից մեկն է, հանդերձանքը ևս շատ թանկ արժե: Ամենաթանկ բաներից մեկն էլ սառույցի վարձակալությունն է:

Ի՞նչ է եղել Հայաստանի հավաքականի հետ որակազրկումից հետո:

Ս.Զ. Որակազրկումն արդեն 2 տարի է, ինչ հանվել է: Պետք էր ընդամենը զբաղվել դրանով, զբաղվեցինք և ստացվեց: Այս պահին բավականին ծանր աշխատանքների մեջ ենք՝ կապված հավաքականի հետ: Մեր նպատակն է, որպեսզի զարգացնենք նաև մանկապատանեկան հոկեյը Հայաստանում ու հույսը չդնենք միայն սփյուռքի տղաների վրա: Այո, նրանք կան ու կօգնեն հավաքականին, բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ: Մենք կապի մեջ ենք արտերկրում հանդես եկող բազմաթիվ հայ հոկեյիստների հետ, բացի այդ, փորձում ենք հավաքել բոլոր այն խաղացողներին, ովքեր հավաքականում էին որակազրկումից առաջ: Հիմա այդ աշխատանքների մեջ ենք, ու ամեն ինչ անում ենք, որ 2018թ. Հայաստանի հավաքականը կարողանա հանդես գալ Աշխարհի առաջնությունում:

Վ.Ս. Հոկեյում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Միջազգային ֆեդերացիայի կողմից մոտ 8 պահանջներ կան, ու մենք այդ բոլորի ուղղությամբ ստիպված ենք աշխատել, թե՛ քաղաքացիության հարց ենք լուծում, թե՛ ակումբի, ամեն ինչ:

ice_hockey

Բելառուսի առաջնությունում այժմ խաղում է հայկական «Արարատ» ակումբը: Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս այդ թիմում հանդես եկող հայ հոկեյիստների մակարդակը:

Վ.Ս. Շատ բարձր: Եթե այդ թիմը մասնակցի Աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարին, ապա առանց խնդիրների դուրս կգա երկրորդ դիվիզիոն, նույնիսկ կարող է առաջին դիվիզիոն հասնել:

Դեռ համահայկական խաղերի ժամանակ համատեղ հանդիպում ունեցանք ՀՀ Սպորտի և երիտասարդության այն ժամանակվա նախարար Գաբրիել Ղազարյանի ու ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ, որին ներկա էր նաև ներկայիս «Արարատի» ղեկավար Ռուբեն Ստեփանյանը: Քանի որ հավաքականի ստեղծման համար անհրաժեշտ էր, որպեսզի հոկեյիստները 1,5 տարի խաղացած լինեին հայկական ակումբում, հենց դրա համար որոշվեց ստեղծել «Արարատը»:

Ս.Զ. Իրոք, շատ լավ տղաներ կան այնտեղ, նրանց մեծ մասին ճանաչում ենք, երբ համեմատում ենք նրանց 3-4 տարի առաջվա խաղը և այժմյանը, մեծ աճ են գրանցել: Ուղղակի, նրանց հետ պետք է ճիշտ աշխատանք տանել ու ավելի լուրջ մակարդակ հանել: Մենք շատ ուրախ ենք, որ դրսում բնակվող հայ տղաները կարող են հավաքվել ու խաղալ միասին: Շատ լավ է, որ նրանք խաղան ու զարգանան, իսկ մենք նրանց համար ՀՀ քաղաքացիության հարց լուծենք ու ընդգրկենք ազգային հավաքականում: Հանրապետության նախագահի կողմից նրանց քաղաքացիության հարցը հավանության է արժանացել, ներառյալ նրանց զինվորական ծառայության հարցի լուծումը: Արդեն 2-3 տարի աշխատում էինք հայ հոկեյիստների ու ծնողների հետ, որպեսզի ձևավորեինք ազգային հավաքականը:

Բացի «Արարատի» հոկեյիստներից ովքեր կարող են օգնել Հայաստանի հավաքականին:

Վ.Ս. Հիմա շատ հայեր կան, որ խաղում են տարբեր երկրներում: Բայց ճիշտ չէ, որ հիմա բոլորին գտնենք ու կանչենք Հայաստանի հավաքական: Մենք ունենք կորիզ՝ մոտ 10 հոկեյիստներ, ու եթե նրանցով թիմը ձևավորենք ու մի քանի հաղթանակ տանենք, արդեն բոլորը գալու և միանալու են մեզ: Աշխատանքները տարվում են, ու հաջորդ տարի մենք հասնելու ենք նրան, որ խաղանք Աշխարհի առաջնությունում: Այս տարի մայիսին մասնակցելու ենք միջազգային կոնգրեսին, որի ժամանակ էլ ներկայացնելու ենք հայտը:

Ս.Զ. Հայկական այլ ակումբներ ևս եղել են: «Ուրարտու» ակումբ ենք ունեցել, «Շիրակ», «Գյումրի», «Շենգավիթ», հատուկ ջոկատայինները ևս ունեին թիմ: Երբ սկսեն Հայաստանից հոկեյիստներ աճել ու կորիզն ունենանք, հետագայում ընդհանրապես խնդիրներ չենք ունենալու հավաքականի հետ կապված: Արդեն աշխուժություն կտիրի ու աշխարհի բոլոր անկյուններից կսկսեն հոկեյիստներ դիմել մեզ: Բազմաթիվ ծրագրեր կան Միջազգային ֆեդերացիայի կողմից, որոնց շնորհիվ հնարավոր է հոկեյիստներին ուղարկել տարբեր մրցաշարերի, մարզիչներին ուղարկել վերապատրաստման, և այլն: Պետք է ընդգրկվենք այդ ծրագրերի մեջ ու օգտվենք այդ ամենից, որպեսզի առաջ շարժվենք:

Այլ ակումբներ ստեղծելու շուրջ ևս մտածում ենք, բայց ֆինանսներ են անհրաժեշտ: Հուսով եմ, որ 1-2 տարի անց Հայաստանում ևս 2 ակումբ կունենանք:

«Արարատ» ակումբը
«Արարատ» ակումբը

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ ապահովել, որպեսզի հավաքականին թույլ տրվի մասնակցել Աշխարհի առաջնությանը:

Վ.Ս. Պայմանները բազմաթիվ են: Նախ, մեր հավաքականի բոլոր խաղացողների համար անհրաժեշտ է կազմակերպել տրանսֆերներ դեպի հայկական ակումբներ: Նվազագույնը 17 խաղացող են, նրանց բոլորի տրանսֆերների գումարներ արժի, յուրաքանչյուրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Ու սա ընդամենը փոքր հարցերից մեկն է: Այս ամենը մեծ գործընթաց է, որով հիմա զբաղվում ենք:

Ո՞ր փուլից է հանդես գալու Հայաստանի հավաքականը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցության դեպքում:

Վ.Ս. Բոլոր հավաքականներն էլ սկսում են երրորդ դիվիզիոնից: Երրորդ դիվիզիոնում հանդես են գալիս ոչ կայուն թվով թիմեր: Այսինքն, ամեն տարի հավաքվում են հայտերը, ու եթե թիմերի քանակը 5-6 է, ապա երկրներից մեկը ընդունում է առաջնությունը, ու բոլորը թիմերը միասին մրցաշար են անցկացնում: Եթե թիմերի քանակը մեծ է, ապա որակավորում է անցկացվում: Շրջանային մրցաձևում մրցում են միմյանց հետ:

Ներկայումս թիմերի քանակը կարծես մի քիչ մեծ է, հնարավոր է, որ երկու խմբի կիսեն: Երրորդ դիվիզիոնի հաղթողը տեղափոխվում է երկրորդ դիվիզիոնի Բ ենթախումբ, այնտեղ հաղթելու դեպքում՝ Ա խումբ, և այդպես շարունակ: Այսինքն, մինչև բարձր մակարդակի դիվիզիոններ ընթացքը մի քանի տարի է տևելու: Բայց կարևորն այն է, որ խաղում ես, այդ ընթացքում արդեն նոր հոկեյիստներ կգան ու կհամալրեն թիմը, ընթացքն ավելի հեշտ կլինի: Ու վստահ եմ, որ դրան հասնելու ենք: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսին, երբ տեղի ունենա միջազգային կոնգրեսը:

Արդյո՞ք կա պետական աջակցություն հոկեյին:

Ս.Զ. Մենք վստահ ենք, որ աջակցություն կլինի, երբ «Արարատը» խաղա Մայրցամաքային գավաթում, կամ Հայաստանի հավաքականը՝ Աշխարհի առաջնությանը: Մենք բոլոր կապերն ունենք, ու հնարավոր չէ, որ այդ պարագայում աջակցություն չստանանք: Բայց այս պահին մենք ոչինչ պահանջել չենք կարող: Մինչ այս մեր բոլոր հարցերին շատ լավ արձագանքել են, փոխադարձ վստահություն կա: Դեռ 2010թ. Աշխարհի գավաթի փուլը մենք Երևանի Մարզահամերգային համալիրում այնպիսի մակարդակի ենք կազմակերպել, որ մեր հանդեպ մեծ վստահություն կա թե՛ ՀԱՕԿ-ում, թե Սպորտի նախարարությունում: Հիմա էլ, եթե հստակ առաջարկներ ունենանք նրանց, վստահ ենք, որ կօգնեն մեզ:

Իսկ ինչ վերաբերում է սփյուռքի աջակցությունը, հիմա կան գործարարներ կան, որ օգնում են «Արարատին»: Այս պահին, այդքանը մեզ բավարար է: Հետագայում ևս հուսով ենք, որ անհրաժեշտության դեպքում կօգնեն: Պետք է մենք մի բան անենք, որ բոլորը տեսնեն, որ աշխատանք է կատարվում, ու արդեն վստահություն ստեղծվի, սկսեն աջակցել: Մենք մեր նպատակին հասնելու ենք:

Կարեն Ռաֆայելյան, Լիանա Մկրտչյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: