Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը - VNews
Բաժիններ

Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

finland - Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

Ֆինլանդիայի հավաքականը նոր կերպար է ԵՎՐՈ-ների սերիալում: Սկանդինավները ֆուտբոլային գերտերությունների համար հանելուկ են, իսկ միջազգային խոշոր մրցաշարը նոր երևույթ է այդ երկրի համար: Ֆինլանդիան միշտ ուժեղ է եղել հոկեյից (2 օր առաջ դարձավ աշխարհի փոխչեմպիոն), ինչպես նաև ձմեռային մյուս մարզաձևերից: Ֆուտբոլը Ֆինլանդիայում երբեք թիվ մեկ մարզաձևը չի եղել, բայց իրավիճակը սկսում է փոխվել: Սկանդինվաներն իրենց պատմության մեջ առաջին անգամ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել, բայց չեն բավարարվի այդքանով:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Ֆինլանդիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Ֆինլանդիան ամբողջ Եվրոպային զարմացրեց 2019 թվականին, երբ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում գրավեց երկրորդ տեղը և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց ամեն ինչ սկսվել էր մի փոքր ավելի շուտ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում ֆիններն իրենց խմբում գրավել էին նախավերջին տեղը, բայց այդ պահին արդեն սկսել էին սերնդափոխությունը, ինչը հետո սկսեց արդյունք տալ: Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանում Ֆինլանդիան C դիվիզոնում էր, որտեղ նրա հետ նույն խմբում էին հայտնվել ավելի ուժեղ համարվող Հունաստանն ու Հունգարիան, ինչպես նաև համեստ Էստոնիան: Մարկու Կաներվայի թիմը մրցաշարում փայլուն մեկնարկեց. 4 խաղ 4 հաղթանակ և B դիվիզիոնի ուղեգիր:

Այդպիսի դրական տրամադրվածությամբ ֆիները սկսեցին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլը, որտեղ իրենց մրցակիցն էր նաև Հայաստանի հավաքականը: Այդ խմբում բացահայտ ֆավորիտը Իտալիան էր, այդ պատճառով պայքարն ընթացավ միայն երկրորդ տեղի համար: Բոլոր չորս թեկնածուները՝ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունաստանը և Ֆինլանդիան շատ անկայուն ելույթներ ունեին: Այդպիսի մեկնարկից հետո որոշիչ դարձան հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Հայաստանի հավաքականն ինքն իրեն գցեց Լիխտենշտեյնում և Ֆինլանդիա մեկնեց հաղթելու պարտավորությամբ: Սկանդինավներն էլ հայերից անսպասելի նվեր ստանալով, կարողացան իրենց ցանկալի ֆուտբոլը թելադրել Արմեն Գյուբուդաղյանցի թիմին և հաղթել 3:0 հաշվով: Հաջորդ տուրում ֆիններն ընդունեցին Լիխտենշտեյնին և չկրկնեցին հայերի սխալը. հաղթանակ և երկրորդ տեղն ապահոված է: Այդպես նոյեմբերի 15-ը դարձավ Ֆինլանդիայի ֆուտբոլային մեծագույն նվաճման օրը:

Finland 3 0 Armenia national team 65 960x708 - Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

Քանի որ ԵՎՐՈ-ն մեկ տարով հետաձգվեց, ոգեշնչված ֆինների հաջորդ փորձությունը դարձավ Ազգերի լիգայի B դիվիզոնում տեղը պահպանելը: Նրանք գերակատարեցին այդ խնդիրը՝ 12 միավոր վաստակելով Ուելսի, Իռլանդիայի և Բուլղարիայի պես ամուր թիմերի շրջապատում: Կաներվայի թիմը կարող էր նույնիսկ A դիվիզիոն բարձրանալ, բայց որոշիչ խաղում պարտվեց խմբի հաղթող դարձած Ուելսին:

Գարնանը Ֆինլանդիան սկսեց երազանքի նոր ճանապարհը՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նրանց խմբում չեմպիոնն է՝ Ֆրանսիան, այնպես որ Կաներվայի թիմը, մեծ հավանականությամբ, կպայքարի երկրորդ տեղի համար: Մեկնարկային երկու խաղում երկու ոչ-ոքի է գրանցվել, որոնցից մեկն Ուկրաինայի դեմ արտագնա մրցավեճում:

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ում

Դարպասապահներ. Լուկաշ Հրադեցկի («Բայեր»), Էսսե Յորոնեն («Բրեշիա»), Անսի Յակոլա («Բրիսթոլ Ռովերս»):

Պաշտպաններ. Լեո Վյասյանեն («Էլֆսբորգ»), Սաուլի Վյասյանեն («Կիևո»), Պուլուս Արայուրի («Պաթոս»), Դանիել Օ’Շոնեսի (ՀԻԿ), Ռոբերտ Իվանով («Վարտա»), Էրե Ուրոնեն («Գենկ»), Յոնա Տոյվո («Հեկեն»), Յուկա Ռայտալա («Մինեսոտա Յունայթեդ»), Թոմաս Լամ («Ցվոլե»):

Կիսապաշտպաններ. Նիկոլայ Ալհո (ՄՏԿ), Պյուրյու Սոյրի («Էսբերգ»), Գլեն Կամարա («Գլազգո Ռեյնջերս»), Յոնի Կաուկո («Էսբերգ»), Օնի Վալակարի («Պաֆոս»), Ռասմուս Շյուլեր («Յուրգորդեն»), Տիմ Սպարվ («Լարիսա»), Ֆրեդերիկ Յենսեն («Աուգսբուրգ»),Ռոբերտ Թեյլոր («Բրան»), Ռոբին Լուդ («Մինեսոտա Յունայթեդ»):

Հարձակվողներ. Տեմու Պուկի («Նորվիչ Սիթի»), Յոել Պոհյանպալո («Ունիոն Բեռլին»), Մարկուս Ֆորս («Բրենտֆորդ»), Լասի Լապալայնեն («Մոնրեալ»):

Անմիջապես աչք է գրավում, որ Ֆինլանդիայի հավաքականը գրեթե ամբողջությամբ կազմված է լեգեոներներից: Ազգային ընտրանի հրավիրված 26 ֆուտբոլիստից միայն պաշտպան Դանիել Օ’Շոնեսին է խաղում Ֆինլադիայի առաջնությունում՝ ՀԻԿ-ում: Այդուհանդերձ, լեգեոներները չեն բարձրացրել «արծիվների» ընդհանուր թիմի արժեքը: Transfermarkt-ի գնահատմամբ՝ Ֆինլանդիայի հավաքականը հսկայական տարբերությամբ ԵՎՐՈ-2020-ի ամենահամեստ թիմն է: Սկանդինավների ընդհանուր արժեքը գնահատվել է 44 մլն եվրո: Համեմատության համար նշենք, որ B խմբի մյուս թիմերից Ռուսաստանի արժեքը 190 մլն է, Դանիայինը՝ 310, իսկ Բելգիայինը՝ 669: Առաջատարն Անգլիան է՝ 1,250 մլրդ:

2Z7A9080 1 960x674 - Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

Մարզչական գործոնը

Մարկու Կաներվան դասական ճանապարհ է անցել Ֆինլանդիայի հավաքականը գլխավորելու համար: Նա 6 տարի գլխավորել է երիտասարդական հավաքականը, հետո 5 տարի եղել է գլխավոր մարզչի օգնականը, այնուհետև 2016 թվականից նշանակվել է գլխավոր մարզիչ: Բայց մինչև այդ էլ Կաներվան ճանաչված ֆուտբոլիստ է եղել իր երկրում՝ 59 անգամ հագնելով ազգային ընտրանու խաղաշապիկը:

Կաներվան հայտնի է խաղերն անդադար վերլուծելու իր մոլուցքով: Նախկին պաշտպանը կնախընտրի ևս մեկ անգամ դիտել ապագա մրցակցի հանդիպումը, քան ֆիլմ դիտել կամ եվրոպական գրանդ թիմերի խաղ:

Մեր ընտրանին

Կաներվան երկար ժամանակ 4-4-2 դասական սխեմայի կողմնակից էր, բայց հետագայում անցավ 3-5-2-ի: Այդուհանդերձ, 57-ամյա մասնագետը դոգմատիկ չէ և երբեմն (հազվադեպ) փոխում է թիմի մարտավարությունը: Վերջին 15 խաղից 10-ում Կաներվան ընտրել է 3-5-2, իսկ 5-ում՝ 4-4-2:

Նա հիմնականում համարձակ խաղաոճին է անցնում ավելի թույլ մրցակիցների դեմ, այնպես որ դա քիչ հավանական է ԵՎՐՈ-ում, երբ բոլորն են ուժեղ թիմեր:

Կաներվան նաև մեծ նշանակություն է տալիս հավաքականի ներսում ընտանեկան մթնոլորտ ստեղծելուն: Դա հնարավորություն է տալիս թիմն ավելի կառավարելի դարձնել և խուսափել սկանդալներից:

Ֆին մասնագետը նաև իր մոտեցումով է նպաստում դրական մթնոլորտին: Նա աշխատավարձի բարձր պահանջներ չի ներկայացնում, ինչի պատճառով ԵՎՐՈ-2020-ի ամենացածր վարձատրվող մարզիչներից մեկն է: Նա տարեկան ստանում է 190 հազար եվրո:

kanerva 960x640 - Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

Գլխավոր աստղը

Եթե որոշիչ գործոն համարենք Ֆինլանդիայի հավաքականի խաղացողների ակումբների խաղամակարդակը, ապա ուժեղագույնը կլինի «Բայերը», որի կազմում խաղում է դարպասապահ Լուկաս Հրադեցկին: Բայց նա ամենևին թիմի աստղը չէ: Իրականում մեծ առեղծված է, թե ֆինն ինչպես է մինչև հիմա «Բայերի» մակարդակի թիմում խաղում, որովհետև դժվար է եվրոպական բարձրակարգ մակարդակի ակումբներում գտնել մեկ այլ դարպասապահ, որն այդքան շատ «արդյունավետ սխալներ» գործի:

Այդ պատճառով Ֆինլանդիայի գլխավոր աստղի կարգավիճակն անխոս զբաղեցնում է թիմի ռմբարկուն և առաջատարը՝ Տեմու Պուկին: 31-ամյա ֆուտբոլիստը մոտենում է ռեկորդի, որն անհնարին էր թվում երկար ժամանակ. Ֆինլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու կոչմանը: Հիմա ռեկորդը 32 գոլով պատկանում է ֆիննական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող Յարի Լիտմանենին: Բայց Պուկին արդեն 30 գոլ է խփել և կասկած չկա, որ կգերազանցի այդ ռեկորդը, նույնիսկ ԵՎՐՈ-ի ընթացքում:

Պուկին հատկապես մեծապես օգնեց իր թիմին ընտրական փուլի ժամանակ, երբ ապշեցուցիչ՝ 10 գոլ խփեց և դարձավ մրցաշարի չորրորդ լավագույն ռմբարկուն: Նրանից արդյունավետ էին միայն Հարի Քեյնը (Անգլիա, 12 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 11) և Էրան Զահավին (Իսրայել, 11):

Finland 3 0 Armenia national team 49 960x691 - Սառը երկրի տաքարյուն մարտիկները. ԵՎՐՈ-2020-ի «ամենաաղքատ» թիմը

Պուկին փայլում է նաև իր ակումբի՝ «Նորվիչի» կազմում: Անգլիայում նա 126 խաղում 67 գոլ է խփել և 17 գոլային փոխանցում կատարել: Բայց հարձակվողը չի բավարարվում միայն գոլեր խփելով. նա նաև շատ օգտակար է իր տեղաշարժերով: Իր բարձր արագության շնորհիվ Տեմուն մեծ օգուտ է տալիս, երբ տեղափոխվում է հարձակման եզր կամ հետ նահանջում և այնտեղից միանում գրոհին:

Այսպիսի գոլահարի առկայությունը միշտ վտանգ է մրցակցի համար և հույս է տալիս իր թիմին, որ կարող են ցանկացած մրցակցի գոլ խփել: Մնում է սեփական դարպասն անառիկ պահել:

Շանսերը/մրցակիցները

ԵՎՐՈ-2020-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է ֆինների համար: Նրանք կարող են պարտվել խմբի բոլոր երեք հանդիպումները, և նրանց ոչ ոք չի մեղադրի: Կարելի է ասել ֆիններն ամենաքիչ ճնշում զգացող թիմն են:

Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե սկանդինավներն ընդհանրապես շանս չունեն խմբից դուրս գալ: Իհարկե, Բելգիան, Ռուսաստանը և Դանիան կարգով գերազանցում են ֆիններին, բայց չի կարելի ասել, թե ռուսներն ու դանիացիներն անպարտելի են: Այդ թիմերից մեկին հնարավոր է հաղթել որոշակի սցենարի դեպքում. կա հավանականություն, որ նրանք փլեյ-օֆֆի ուղեգիր կստանան նույնիսկ երրորդ տեղով խմբային փուլը ավարտելու դեպքում, եթե գրանցեն գոնե մեկ հաղթանակ: ԵՎՐՈ-2016-ի ժամանակ բոլոր թիմերը, որոնք 3 կամ ավելի միավոր էին վաստակել ու ունեին գոլերի դրական հարաբերակցություն, փլեյ-օֆֆում հայտնվեցին: Եթե դա տեղի ունենա, նրանց ֆուտբոլի պատմության մեծագույն նվաճման օրը կփոխվի:

Ֆինները ԵՎՐՈ-ի ժամանակ հանգրվանելու են իրենց շատ մոտ վայրում՝ Զելենագորսկում, քանի որ Սանկտ-Պետերբուրգում են կայանալու թիմի երկու խաղերը: Ֆինները Ռուսաստանում ֆուտբոլային պահանջներից բացի խնդրել են միայն շատ սառույց և թենիսի կորտեր: Հավանաբար սառույցը կօգնի իրենց հարազատ Ֆինլանդիայում զգալ, իսկ կորտերը՝ լարվածությունը թեթևացնել:

Հավանական մեկնարկային կազմը.

Հրադեցկի – Ուրոնեն, Արայուրի, Տոիվո, Օ’Շոնեսի, Ալհո  – Կամարա, Սպարվ, Լոդ – Պոհյանպալո, Պուկի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իտալիան «ապտակեց» Լիտվային, Իսպանիան ու Բելգիան հաղթանակներ տարան, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Դանիայի հավաքականի անհավատալի ցուցանիշն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Ազարը երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ հավաքականի կազմում (տեսանյութ)

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Նորվեգիայի ու Ռուսաստանի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Բելգիայի հավաքականը 31 ֆուտբոլիստ է հայտավորել սեպտեմբերյան խաղերին

Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին

Զախարյանը հրավեր է ստացել 2 հավաքականից

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

«Լեսթերը» կգնի Դանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Էրիկսեն․«4-5 ամսից նորից կսկսեմ խաղալ»

Տիկնիզյանի գործակալ․«Նաիրը մտադիր է խաղալ Ռուսաստանի հավաքականում»

Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար