Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին - VNews
Բաժիններ

Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

aguero mci qpr cele 1112 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարեց, որ սա իր վերջին մրցաշրջանն է «Մանչեսթեր Սիթիում»: Արգենտինացին 2011-ի ամռանը տեղափոխվեց «Սիթի», որտեղ անցկացրեց (կանցկացնի) իր 10-րդ մրցաշրջանն ու դարձավ ակումբի լեգենդը (մինչև այս պահը՝ 384 խաղ, 257 գոլ): Ագուերոն 2012-ին Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ պատմական խաղի վերջին րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ ու չեմպիոնություն պարգևեց իր թիմին, իսկ 2017-ին «Նապոլիի» դարպասը խփած գոլի շնորհիվ դարձավ «Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Էրիկ Բրուքսի ռեկորդը (178 գոլ):

Չնայած՝ այս մրցաշրջանում Ագուերոն անցկացրել է ընդամենը 14 խաղ ու խփել է 3 գոլ, նրա՝ «Սիթիից» հեռանալու նորությունը ցավալի է երկրպագուների համար: Այո, «Սիթին» արդեն սովորել էր խաղալ առանց Ագուերոյի, բայց այս ֆուտբոլիստի նշանակությունը շատ մեծ է եղել ակումբի պատմության ամենահաջողակ ժամանակաշրջանում (վերջին 10 տարում՝ 10 տիտղոս): 10 տարվա համագործակցությունից հետո Ագուերոյի ու «Մանչեսթեր Սիթիի» ճանապարհները բաժանվելու են:

Ներկայացնում ենք 10 փաստ «Սիթիի» կենդանի լեգենդի՝ Ագուերոյի մասին, որոնք, գուցե, չգիտեիք:

Երգիչ Ագուերոն

Լատինամերիկյան Los Leales կումբիա ոճի երաժշտական խումբը տարիներ առաջ ձայնագրեց երգ Ագուերոյի մասին՝ El Kun Aguero վերնագրով: Անձամբ ֆուտբոլիստին շատ հետաքրքրեց գաղափարն ու նա որոշեց հենց ինքը լինել մենակատարի դերում: Երգն Ագուերոյի՝ ֆուտբոլային կարիերայի մասին է, որը դեռ նոր էր մեկնարկում:

Ագուերոն դաջվածք ունի՝ հորինված լեզվով

Ագուերոն իր աջ ձեռքին ունի դաջվածք, որը թարգմանաբար նշանակում է Կուն Ագուերո: Այո, թարգմանաբար, բայց ո՞ր լեզվից:

Արգենտինացու դաջվածքն արված է հորինված՝ էլֆերի լեզվով, որը վերցված է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի հանրահայտ «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունից: Այս լեզվով դաջվածքներ ունեն նաև ֆուտբոլիստներ՝ Ֆերնանդո Տորեսը, Մանիշեն և Անտոնիո Լոպեսը:

Sergio Aguero Tattoo 5 960x640 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Ագուերոն Օլիմպիական չեմպիոն է

Ագուերոն Արգենտինայի հավաքականի կազմում էր՝ 2008-ին Պեկինում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ:

Նա հավաքականի անցկացրած 7 խաղից 6-ում ընդգրկված էր մեկնարկային կազմում, իսկ կիսաեզրափակիչում՝ Բրազիլիայի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Այդ խաղի 79-րդ րոպեին Կունն ինքնակամ բաց թողեց հեթ-տրիկի հեղինակ դառնալու հնարավորությունը՝ 11-մետրանոցն իրացնելու իրավունքը զիջելով Խուան Ռոման Ռիկելմեին:

OlympicsDay15FootballuNoGlEC8zG6x 960x679 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Արգենտինայի հավաքականը եզրափակիչում հաղթեց Նիգերիայի ընտրանուն ու Ագուերոն դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:

Ագուերոն հատուկ պայմանագիր է կնքել՝ հրաժարագինը նվազեցնելու համար

Տարօրինակ է, որ որևէ ակումբ ցանկանա նվազեցնել իր աստղային ու ամենահեռանկարային ֆուտբոլիստի հրաժարագինը, այն էլ այն դեպքում, որ այդ խաղացողը մտադիր է մոտ ապագայում հեռանալ ակումբից: Տարօրինակ է, բայց հենց այդպես եղավ «Ատլետիկոյի» և Ագուերոյի դեպքում:

2011-ի հունվարին արգենտինացին երկարաձգեց պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ՝ պայմանով, որ իր հրաժարագինը նվազելու է՝ 51 միլիոն ֆունտից ու դառնալու է 38 միլիոն: 2010-ին Ագուերոյին արդեն ցանկանում էին գնել անգլիական մի շարք գրանդներ՝ «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», սակայն «Ատլետիկոյի» ֆինանսական պահանջները խոչընդոտել էին հավանական գործարքը:

99592 gallery - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Արդեն 2011-ի ամռանը Ագուերոն 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Ագուերոն «Լիվերպուլի» երկրպագու է

2006-ին, երբ Ագուերոն պայմանագիր է կնքել «Ատլետիկոյի» հետ, ամեն ինչ արել է, որ հետագայում մադրիդյան ակումբն իրեն վաճառի «Լիվերպուլին»:

23 տարեկանում Ագուերոն անկեղծացավ. «Ես, որքան հիշում եմ ինձ, «Լիվերպուլի» երկրպագու եմ: Ինձ համար երազանք է խաղալ այնտեղ: Ես դիտում էի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2005-ին (երբ «Լիվերպուլը հաղթեց «Միլանին» հետխաղյա 11-մետրանոցներով – խմբ.), ու տոնում «Լիվերպուլի» բոլոր գոլերն այնպես, կարծես «Ինդեպենդիենտեն» էր գոլեր խփում (Ագուերոյի հարազատ ակումբը – խմբ.)»:

Ագուերոյի մանկության բոլոր ընկերները բանտում են

Ագուերոն այն ֆուտբոլիստներից է, որ մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ և հանցագործներով լի թաղամասում: Ագուերոն իր մանկությունն անցկացրել է Վիլյա Իտալի քաղաքում՝ Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում: Ագուերոյի հայրը տաքսու վարորդ է եղել, որը շաբաթական վաստակել է ընդամենը 20 ֆունտ:

Վիլա Իտալին 60 հազար բնակչություն ունեցող քաղաք է, որի բնակիչների մեծ մասը կախվածություն ունի թմրանյութերից: Այս քաղաքի փողոցներում «վխտում» է «Պակո» անունով կոկայինի տեսակը, որը պատրաստված է առնետի թույնից ու մանրացված ապակուց:

«Իմ կյանքը դժոխք էր: Ապրում էի սարսափելի թաղամասում. ամենուր գողություն էր: Չգիտեմ՝ իմ մանկության ընկերներից որևէ մեկին, որն այսօր տանն է: Նրանք բոլորը հիմա բանտում են: Չեմ պատկերացնում՝ ինչ կլիներ իմ հետ, եթե ես այնտեղից դուրս չգայի: Գնդակը փրկեց ինձ», – ասում է Ագուերոն:

Արգենտինացու աշխատավարձն այժմ կազմում է շաբաթական 200 հազար ֆունտ: Ագուերոյի հասուն կյանքը որևէ կապ չունի նրա մանկության հետ:

Մեր ընտրանին

Ագուերոն «Կլաուսուրայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է երբևէ

Ագուերոն իր նորամուտն «Ինդեպենդիենտեում» նշել է 15 տարեկան 35 օրական հասակում: Նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է երբևէ, որ խաղացել է Արգենտինայի առաջնությունում:

«Ես շատ երիտասարդ էի ու չափազանց փոքրամարմին՝ մյուս ֆուտբոլիստների համեմատ: Արդեն 15 տարեկանից ստիպված էի սովորել կտրուկ շարժումներով շրջանցել պաշտպաններին ու խուսափել կոպիտ սահանկումներից: Անկեղծ ասած՝ իմ նորամուտն այդքան վաղ հասակում մեծ անակնկալ էր թե՛ իմ, թե՛ Օսկար Ռուգերիի՝ այդ ժամանակ «Ինդեպենդիենտեի» գլխավոր մարզչի համար: Ռուգերին մեծ ռիսկի դիմեց՝ վստահելով ինձ. ես պարզապես փոքրիկ մի տղա էի: Գնում էի թիմի մարզումներին ու հետևում վետերան ֆուտբոլիստների և մարզիչների խորհուրդներին՝ արդարացնելու այդ վստահությունը», – ասում է Ագուերոն:

aguero 960x679 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

«Էլ Ռոխոյի» կազմում Ագուերոն անցկացրած 53 խաղում խփել է 23 գոլ: 18 տարեկանում նա 23 մլն եվրոյի դիմաց թռիչք կատարեց «Ատլետիկո»:

Կուն մականունը՝ ճապոնական մուլտֆիլմից

Ագուերոն BBC-ի եթերում խոստովանել է՝ ինչու է իր մականունը Կուն:

«Մանկությանս տարիներին ունեի սիրելի մուլտֆիլմ, որը ճապոնական էր: Կունն այդ մուլտֆիլմի հերոսներից մեկն էր: Վերցրեցի Կուն մականունը, քանի որ իմ տեսակով նման էի այդ հերոսին, որի անունը, իրականում, Կում Կում էր, պարզապես ես էի նրան Կուն ասում:

Առաջինն իմ տատիկն ու պապիկն ինձ անվանեցին Կուն: Կարծում եմ՝ իմ մականունը  տարբերվում է մյուս մարզիկների մականուններից: Ինձ դուր է գալիս, որ այն եզակի է: Ամեն օր չէ, որ որևէ մարզիկ ունենա մուլտֆիլմից վերցված մականուն», – նշում է արգենտինացին:

sergio aguero sheffield utd vs man city 1ak6p65uiekye1rbjl1mv5aymk 960x640 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Ագուերոն Մարադոնայի փեսան է

Այս փաստը, գուցե, ամենահայտնին է հանրության շրջանում: Ագուերոն արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի դստեր՝ Ջիանինա Մարադոնայի ամուսինն է: Փաստորեն՝ նույնիսկ Մարադոնայի հակասական ու սկանդալային կերպարը չի խանգարել Ագուերոյին՝ ամուսնանալու նրա դստեր հետ:

Զույգը սկսել է հանդիպել 2007-ին: 2 տարի անց՝ 2009-ին նրանք նշեցին իրենց առաջին զավակի ծնունդը. փետրվարի 19-ին ծնվեց Բենջամին Ագուերոն, որի կնքահայրն էլ, ի դեպ, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին է: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան բախտավոր պետք է լինես, որ երակներումդ հոսի Մարադոնայի ու Ագուերոյի արյունը, իսկ կնքահայրդ լինի Մեսին: Արգենտինայի հավաքականի ապագան հուսալի ձեռքերում է:

IM7FC7IOWNBQNEQ4EUAN4S3IMU 960x540 - Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային տրանսֆերն էր

Եղել է ժամանակ, երբ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային տրանսֆերն արժեցել է ընդամենը 38 միլիոն ֆունտ:

2011-ին Սերխիո Ագուերոն դարձավ ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ գերազանցելով Ռոբինյոյի գործարքը գրեթե 6 մլն եվրոյով: Շեյխ Մանսուրի ժամանակաշրջանում Ագուերոն առաջին լուրջ տրանսֆերն էր, որը գերազանցեց Էդին Ջեկոյի, Ջեյմս Միլների ու Կառլես Տևեսի գործարքներին:

Բայց տարեց տարի Ագուերոն «զիջեց» դիրքերը՝ որպես թանկարժեք տրանսֆեր: Այժմ նա նույնիսկ լավագույն տասնյակում չկա ու զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

«ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

«Սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում». ԱՊԼ-ի 6 ակումբի հիմնավորումը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն կլորիկ գումար է առաջարկել անգլիական ակումբներին Սուպերլիգայից դուրս գալու համար

«Մանչեսթեր Սիթին» կլքի Սուպերլիգան

«Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն» նույնպես ցանկանում են լքել Սուպերլիգան

Սուպերլիգայից հնարավոր է երկու ակումբ հեռանա. երկուսն էլ անգլիական են

2 տարվա պայմանագիր. Ագուերոն իր ընտանիքին հայտնել է՝ որ թիմ է տեղափոխվում

«Սիթիի» առաջատարը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

13-րդ մրցաշրջանն անընդմեջ․ Մեսիի ապշեցուցիչ վիճակագրությունը

Լապորտան եզրափակիչից հետո ևս խոսել է Մեսիի ապագայի հարցի մասին

«Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո

Անգլիայի գավաթ. «Չելսին» հաղթեց «Սիթիին» ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Լուրջ կորուստ. «Մանչեսթեր Սիթիի» առաջատարը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ասել է, որ դեպքում Մեսին կմնա կատալոնական ակումբում