fbpx
Բաժիններ

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայաստանի հավաքականները շարունակում են հավակնել մեդալներին

Թեև Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 8-րդ տուրում առաջին պարտությունը կրեց, սակայն շարունակում է հավակնել խաղարկվող մեդալներին:

Ուկրաինայի հավաքականից կրած պարտությունից հետո հայ շախմատիստուհիները զիջեցին միանձնյա առաջատարի իրենց դիրքերը և 13 միավորով նահանջեցին 6-րդ հորիզոնական: 14-ական միավորով առաջատարներն են Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները:

Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Իրանի հավաքականի հետ, որը նախորդ տուրում 3,5-0,5 հաշվով հաղթել էր Պերուի ընտրանուն:

Մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավորություններ ունի նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը լեհերի հետ մրցախաղում ոչ-ոքի խաղալուց հետո 13 միավորով 4-րդ տեղից նահանջեց  7-րդ հորիզոնական:

15 միավորով աղյուսակը գլխավորեց օլիմպիական գործող չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը, որին մեկ միավոր են զիջում լեհերը: 9-րդ տուրում նրանք կմրցեն միմյանց հետ:

Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հնդկաստանի ընտրանին, որը նախորդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել է չեխերին:

Ցավոք, 8-րդ տուրից հետո Հայաստանը զիջեց առաջատարի իր դիրքը Նոնա Գափրինդաշվիլու գավաթի համար մղվող պայքարում՝ 26 միավորով նահանջելով 4-րդ տեղ: 28 միավորով առաջատարի դերը ստանձնեց ԱՄՆ-ը, որին մեկ միավոր է զիջում Չինաստանը: 3-րդ տեղում 26 միավորով Ադրբեջանն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: