«Շումախերից հետո կյանք կա». Ինչպե՞ս գերմանացի դարպասապահը գրեթե սպանեց Պատրիկ Բատիստոնին - VNews
Բաժիններ

«Շումախերից հետո կյանք կա». Ինչպե՞ս գերմանացի դարպասապահը գրեթե սպանեց Պատրիկ Բատիստոնին

Օրերս FourFourTwo կայքը երկրորդ անգամ հանդես եկավ հետաքրքրիր հրապարակմամբ։ Բայց այս մեկն ավելի մեղմ ընդունվեց, քան նախորդը։ Հրապարակվեցին ֆուտբոլի պատմության ամենաատելի 30 դեմքերի անունները՝ ըստ երկրպագուների վարկածի։ Ցուցակում հավաքված «չարաճճիների» մեծամասնությունը մեր ժամանակակիցներն են։ Ոմանք էլ ոչ վաղ անցյալի հերոսներից։ Բայց «Վատագույնների» լավագույն եռյակը եզրափակող դեմքը ոչ մեկիս անցյալից չէ։ Նա ավելի շատ մեր ծնողների երիտասարդության տարիներից է՝ իր ժամանակների Պեպեն։ 

38 տարի առաջ կայացած աշխարհի առաջնությունում գրանցվեց դրվագ, որը մինչև հիմա նայելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում, դող։ Գերմանիայի հավաքականի անգերազանցելի դարպասապահ Տոնի Շումախերը դեմ առ դեմ բախվեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան Պատրիկ Բատիստոնին։ Մի քանի վայրկյան անց, «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտը և միլիոնավոր երկրպագուներ հեռուստաէկրանների առաջ մնացին սառած։ Բատիստոնն անշարժ պառկած էր խոտածածկին…։

Բախումը կարող էր և տեղի չունենալ. երկու թիմն էլ մոտ էին խայտառակությանը

1982 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Իսպանիայի տարածքում և ուներ հետաքրքիր ձևաչափ։ Այն բաղկացած էր խմբային երկու փուլից։ Առաջինում Ֆրանսիան ու Գերմանիան քիչ էր մնում ենթարկվեին լրջագույն ֆիասկոյի։ Ֆրանսիայի ընտրանին, օրինակ, իր խմբի առաջին խաղում պարտվեց Անգլիայի ընտրանուն ժ՝ Բոբի Ռոբսոնին նվիրելով աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը (ուղիղ 20 տարի անց այդ ցուցանիշը գերազանցեց Հական Շուկյուրը)։ Իսկ հետո եկավ Քուվեյթի հետ ահավոր սկանդալային հանդիպումը։

Ֆրանսիացիները հաղթում էին խոշոր հաշվով։ Սակայն, երբ «եռագույնները» խփեցին իրենց 4-րդ գոլը, դաշտում տիրում էր կատարյալ իրարանցում։ Արաբ ֆուտբոլիստները վազեցին մրցավարի մոտ ու սկսեցին բողոքել, որ գոլի ժամանակ սուլիչի ձայն են լսել, և այն խանգարել էր իրենց։ Գործին անգամ խառնվեց Քուվեյթի էմիրի եղբայրը, որը ներխուժեց խաղադաշտ ոստիկանների հետ կռիվ տալուց հետո։ Ֆրանսիացիների մարզիչ Իդալգոն սպառնաց, որ թիմին կուղարկի հանդերձարան։ Ի վերջո, գլխավոր մրցավար Միրոսլավ Ստուպարը 20 րոպե բանակցելուց ու դես ու դեն մի կողմ գնալուց հետո գոլը չեղյալ հայտարարեց։ Դա խնդիր չառաջացրեց իրականում ֆրանսիացիների համար, որովհետև րոպեներ անց նրանք իրենց 4-րդ գոլը խփեցին ու հաղթեցին։ Բայց սկանդալն արդեն ցնցել էր աշխարհը, ինչի հետևանքով Ստուպարն այլևս այդ Մունդիալին չաշխատեց։

Գերմանիան էլ հայտնվեց խոշորագույն սկանդալի կենտրոնում։ Նախ «բունդես-թիմը» անցկացրեց առաջին տուրի հանդիպումը, որը հետագայում ստացավ «Խիխոնյան խայտառայություն» անունը. գերմանացիները անդրանիկ խաղում սենսացիոն պարտություն կրեցին Ալժիրի հավաքականից՝ զգալիորեն բարդեցնելով իրենց կյանքը մրցաշարային աղյուսակում։ Երրորդ տուրի առաջ Ալժիրն ու Ավստրիան ունեին 4-ական միավոր, իսկ Գերմանիան՝ 2 (այն ժամանակ հաղթանակի համար տրվում էր 2 միավոր)։ Վճռորոշ խաղում իրար հետ պետք է մրցեին եվրոպացիները։ Հաջորդ փուլի համատեղ ուղեգիր նվաճելու համար Գերմանիան պետք է Ավստրիային հաղթեր 1-0 հաշվով։ Գուշակեք՝ ի՞նչ հաշվով ավարտվեց հանդիպումը…այո, իհարկե։ Գերմանիան արագ գոլ խփեց, որին հաջորդած ավելի քան 80 րոպեն վերածվեց ձանրձրալի ոչնչության։

«Բոլորն ասում են, որ մենք ավստրիացիների հետ պայմանավորվել էինք։ Բայց բոլորս էլ հաշվել գիտեինք, ու ամեն ինչ պարզ էր։ Մենք պետք է հաղթեինք, իսկ ավստրիացիները չպետք է զիջեին առավել քան 1 գնդակի տարբերությամբ։ 10-րդ րոպեին Հրուբեշը գոլ խփեց։ Երկու թիմն էլ սկսեց խաղալ պաշտպանությունից։ Այստեղ պայմանավորվելու բան էլ չկար։ Ամեն ինչ եղել է մեխանիկորեն», – արդարանում էր Շումախերը։

Շումախերն ու գերմանացիները մեռան այդ տարբերակը առաջ բրդելով, սակայն դրան հավատացին ոչ բոլորը։ Երկրպագուները մինչև մրցաշարի ավարտն այդպես էլ չներեցին Շումախերին ու ընկերներին՝ սուլելով նրանց յուրաքանրյուր հանդիպման առաջին րոպեից մինչև վերջինը։ Այդ դեպքից հետո ֆուտբոլն աշխարհի առաջնությունում այլևս նույնը չեղավ. ՖԻՖԱ-ն 86-ի Մունդիալից առաջ փոխեց կանոնակարգը և որոշեց վերջին տուրի հանդիպումներն անցկացնել միաժամանակ։

Երկրորդ խմբային փուլը Ֆրանսիան ու Գերմանիան անցկացրին ավելի հարթ ու հանգիստ։ Ֆրանսիան դժվարությամբ հաղթեց Ավստրիային ու ջախջախեց հյուսիսիռլանդացիներին, իսկ Գերմանիան հաղթեց Իսպանիային ու ոչ-քի խաղաց անգլիացիների հետ։ Այս արդյունքները բավական եղան կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։

Շումախերի հետ բախումը, կորցրած ատամնաշարն ու կոտրված ողը

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչն անմիջապես վերածվեց մսաղացի։ Նախ թիմերն արագորեն փոխանակվեցին խփած գնդակներով, ապա սկսեցին կոպիտ գործել գնդակի համար յուրաքանչյուր դրվագում։ Ֆրանսիացիները հիմնականում գործում էին պաշտպանությունից ու դուրս էին գալիս կայծակնային հակագրոհների, որոնք շատ հաճախ ընդհատում էր հենց Շումախերը՝ մի քանի անգամ կոշտ բախում ունենալով մրցակիցների հետ։ «Ես թիմակիցներիս հենց սկզբից ասում էի, որ նա շատ տաքացած է խաղում», հիշում էր խաղի սկիզբը Բատիստոնը, որը նստած էր պահեստայինների նստարանին։

50-րդ րոպեին Իդալգոն փոխարինման դուրս բերեց Պատրիկ Բատիստոնին, ու ընդամենը 10 րոպե անց գրանցվեց ֆուտբոլի պատմության ամենադաժան բախումներից մեկը։ Ֆրանսիացիների առաջատար Միշել Պլատինին օգտագործելով մրցակցի սխալը` մեն-մենակ դուրս բերեց Բատիստոնին Շումախերի հետ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը գնդակը նետեց առաջ, իսկ հաջորդ վայրկյանին անհավանական մոտ տարածությունից ծանոթացավ Շումախերի ծնկի հետ։

«Հիշում եմ, որ եղավ փոխանցում Բատիստոնի ուղղությամբ, պաշտպանները չէին հասնում նրա հետևից։ Ստիպված դուրս եկա նրան դեմ հանդիման։ Նա էլ էր շտապում։ Հետո նա նուրբ դիպավ գնդակին ու շեղեց ուղղությունը։ Ես բարձր ցատկեցի ու բախվեցի նրա հետ։ Գնդակը դուրս անցավ դաշտի սահմաններից, մրցավարը հանդիպումը չդադարեցրեց, անգամ տուգանային չնշանակեց կամ դեղին քարտ ցույց չտվեց։ Իսկ Բատիստոնը անշարժ էր։ Հետո նրան պադգարակով դուրս բերեցին խաղադաշտից», – տարիներ անց հիշում էր դեպքը Շումախերը։

Մի քանի րոպե բժիշկները փորձում էին դաշտում օգնություն ցույց տալ, սակայն Բատիստոնն ուշքի չէր գալիս։ Մոտ 7 րոպե անց նրան ի վերջո դուրս բերեցին խաղադաշտից։ Իսկ այդ ամբողջ ընթացքում «երկաթե Տոնին» հանգիստ իր մաստակն էր ծամում։ Խաղից հետո նրա ուղղությամբ վազած լրագրողներին առաջնահերթ հետաքրքրում էր՝ ինչ է մտածում բախման առիթով դարպասապահը։ Սակայն ճեպազրույցը տևեց շատ կարճ. «Ես կհոգամ նրա կոտրված ատամների ծախսերը»։ Այդ պատասխանից հետո նրան որևէ լրագրող այլևս հարց չտվեց։

«Երբ լքում էի խաղադաշտը ինձ վրա լցվեցին լրագրողները. դե հիմա այդպես չի կարելի չէ՞։ Բայց այն ժամանակ կարգերն ուրիշ էին։ Ինձ մոտեցավ մի լրագրող ու ասաց Բատիստոնը կորցրել է 3 ատամ։ Ես անմիջապես պատասխանեցի, որ կհոգամ ատամների վերականգնման ծախսերը։ Հավատացեք՝ ես ոչ մի հետին միտք չունեի կամ ծաղրելու համար չէի ասում դա։ Ես տեսա, որ նա անշարժ պառկած է խոտածածկին։ Վախենում էի, որ նրան մի վատ բան պատահած չլիներ։ Ու մեկ էլ ինձ ասում են առաջնահերթ, որ նա ատամ է կորցրել», – պատմում էր Շումախերը։

Բատիստոնն անգիտակից վիճակում մնաց ավելի քան 30 րոպե, նրա մոտ ախտորոշվեց ուղեղի ծանր ցնցում, կոտրեց ողերից մեկը, վնասեց ողնաշարը։ Նա կորցրեց 3 ատամ։ Դրանք, ի դեպ, ցուցադրման դրեցին Բեռլինի թանգարաններից մեկում։ Շումախերն անգամ ներողություն չխնդրեց Բատիստոնից դրվագի համար։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում փայլելուց ու իր թիմին եզրափակիչ դուրս բերելուց հետո էլ նա չմտավ ֆրանսիացիների հանդերձարան։ Հաջորդ առավոտյան ֆրանսիական մամուլը ոչնչացրեց Շումախերին, իսկ երկրում անգամ սկսվեցին լայնածավալ, հակագերմանական ակցիաներ։ Տեսնելով, որ խնդիրը չի հարթվում՝ ստիպված գործին խառնվեցին Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պոգբան կարող է ավարտել միջազգային կարիերան՝ Մակրոնի հայտարարության պատճառով

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

«Գրիզմանի տեղը Ֆրանսիայի հավաքականում երաշխավորված չէ». Դեշամ

Շվեյցարիայի և Գերմանիայի գոլառատ ու դրամատիկ խաղը, Ուկրաինան հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Կրոսը 12-րդ ֆուտբոլիստն է, որ Գերմանիայի հավաքականում հատել է 100 խաղի սահմանագիծը

Ուկրաինա – Իսպանիա, Գերմանիա – Շվեյցարիա․ Մեկնարկային կազմեր

Մբապեն՝ Ռոնալդուի հետ հանդիպումից հետո. «Կուռք»

Ֆրանսիա – Պորտուգալիա և Լեհաստան – Իտալիա խաղերում հաղթողը չորոշվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազգերի լիգա. Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Գրիզմանը գերազանցել է Զիդանի ցուցանիշը Ֆրանսիայի հավաքականում

Ուկրաինայի հավաքականը ֆրանսիացիների դեմ հայտավորել է 45-ամյա դարպասապահի

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)

Իսպանիան ջախջախեց Ուկրաինային, Գերմանիան բավարարվեց ոչ-ոքիով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազգերի լիգա․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ազգերի լիգա. Պորտուգալիան ջախջախեց Խորվաթիային, Ֆրանսիան նույնպես հաղթեց (տեսանյութ)