Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին» - VNews
Բաժիններ

Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»

Հայաստանի Օլիմպիական թիմից ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ 24-ամյա մարզիկը վերջին տարիներին խոշոր մրցաշարերում հավասարը չուներ իր քաշային կարգում ու միշտ մեկ գլուխ բարձր էր իր հակառակորդներից։

VNews-ի հետ զրույցում Մարտիրոսյանը խոստովանել է, որ մարզումներին ստացած վնասվածքը խանգարեց իրեն Եվրոպայի առաջնության ժամանակ, պատմեց, թե հիմա ինչ մարզավիճակում է, ինչ ճանապարհ է անցել Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ու ինչ է ձեռք բերել այդ ճանապարհին, որը կօգնի արդեն այս խաղերում։

Սիմոն, Եվրոպայի առաջնությունից հետո հայտարարեցիք, որ Օլիմպիական խաղերին 200 տոկոսով եք պատրաստ լինելու։ Հիմա որքանո՞վ եք պատրաստ։

Հիմա արդեն մոտենում եմ իմ լավագույն մարզավիճակին ու մոտ եմ այն գերազանցելուն։ Հույս ունեմ, որ ամեն ինչ իր հունով կընթանա։

Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա, արդյո՞ք լիովին բուժել եք ծնկի վնասվածքը, որ ունեիք Եվրոպայի առաջնության ժամանակ։

Չհաշված փոքրիկ վնասվածքները, ինձ լավ եմ զգում։ Ծնկիս վնասվածքը ամբողջովին բուժվել է, մի քիչ խանգարում է մեջքը, բայց դա էլ կամաց-կամաց…

Կամփոփե՞ք Ձեր անցած ճանապարհը Ռիոյի Օլիմպիական խաղերից մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղեր։

Ռիոյից հետո նույն կերպ շարունակել եմ մարզումներս, Ռիոյից հետո ավելի մեծ արդյունքների հասա իմ կարիերայում։ Դա Եվրոպայի առաջնություններն են ( 2017-ին ու 2019-ին դարձել է չեմպիոն-խմբ), աշխարհի առաջնությունները (2018-ին ու 2019-ին դարձել է չեմպիոն-խմբ), Ուսանողական խաղերը։ Այդ ամենն ինձ ավելի շատ մեծ փորձ տվեց, որպեսզի Տոկիոյում ավելի լավ մասնակցեմ, քան Ռիոյում։ Այնտեղ ես ավելիին էի պատրաստ, բայց ինձ չէր բավականացնում փորձը։

Simon Martirosyan 960x640 - Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»
2016. Ռիոյի Օլիմպիական խաղեր

Ինչպես նաև, ի տարբերություն Ռիոյի խաղերի, այս անգամ բոլորը Ձեզ համարում են ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ։ Դա լարվածությո՞ւն է առաջացնում, պատասխանատվությո՞ւն, թե՞ ընդհակառակը մոտիվացնո՞ւմ է։

Երեքը՝ մեկտեղ։ Ավելի շատ պատասխանատվությունն է մեծանում, քանի որ բոլորը քեզանից սպասում են ոսկե մեդալ։ Բացի պարտքից, որ պետք է տամ իմ ժողովրդին, ինձ համար էլ է սա պատասխանատու գործ, քանի որ ունեմ արծաթե մեդալ Ռիոյից, և հիմա արդեն ժամանակն է գնալու ավելի վերև՝ դեպի ոսկի։

Սա Ձեր 3-րդ Օլիմպիական խաղերն են լինելու, մասնակցել եք նաև պատանեկան խաղերին, ինչո՞վ է յուրահատուկ այս առաջնությունը։

Օլիմպիական խաղերը սպորտի բարձունքն են, ինչպես ասում են.«չկա այնպիսի զինվոր, որ չերազի դառնալ գեներալ»։ Հիմա բոլոր մարզիկների երազանքն էլ ամենաբարձունքն է՝ սպորտի Օլիմպիական ոսկին։ Միայն դրանով է առանձնահատուկ, իսկ մնացածը նույն հոգեբանությամբ, նույն մարտավարությամբ, բայց ավելի զգոն ու ուժեղ պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին։

Վերջերս որոշում ընդունվեց, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների։ Ի՞նչ դեր ունեն երկրպագուները մարզիկի համար։

Պրոֆեսիոնալ մարզիկին չպետք է հետաքրքրի կա հանդիսատես, թե ոչ, բայց երկրպագուների ներկայությամբ մրցումը անցնում է ավելի գեղեցիկ ու դիտարժան։ Մարդիկ ամեն մոտեցումից հետո իրենց էմոցիաներով ցույց են տալիս՝ ինչ արեցիր դու։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ անեմ այն, ինչի համար գնում եմ, մոտեցումներս հաջող լինեն ու հաստատեմ իմ ուժը, արդարացնեմ այն քրտնաջան աշխատանքը, որը կատարել եմ մինչև այդ։

Simon Martirosyan european weightlifting championships 7 1 960x640 - Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»
Բաթումի 2019. Եվրոպայի առաջնություն

Ձեր բազում հաղթանակներից ո՞րը կառանձնացնեք և ինչո՞ւ։

Դրանք այդքան էլ շատ չեն։ Երևի թե, կատարել եմ իմ նպատակների 5 տոկոսը։ Կառանձնացնեմ աշխարհի 2018 առաջնությունը, որտեղ առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն, կառանձնացնեմ պատանիների աշխարհի առաջնությունում հաղթանակս. Ուզբեկստանում ես առաջին անգամ զգացի՝ ինչ է նշանակում դառնալ չեմպիոն, այն էլ աշխարհի։ Շատ-շատ են, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։

Այնուամենայնիվ, պարտություններն էլ սպորտի մի մասն են, որքան էլ չցանկանանք։ Վերջերս Դուք մասնակցեցիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ հաջողություն չունեցաք։ Ինչպե՞ս եք հաղթահարել դա, հիասթափություն կա՞ր։

Հիասթափություն չկար, այդտեղ ես ոչ ոքի չէի պարտվել։ Այդտեղ ես բոլորից ուժեղ եմ եղել։Վնասվածքս էր պատճառը, այնպես չէր, որ ես ինչ-որ կիլոգրամ բարձրացրի ու եկան ինձանից անցան, բոլորը վերջացրին, մոտեցա այն կիլոգրամին, որ ինձ համար փոքր կիլոգրամ էր, ուղղակի չստացվեց, քանի որ ունեի լուրջ վնասվածք, որը ինձ խանգարել էր մարզումներին լիարժեք կամ 50 տոկոսով մարզավիճակ ձեռք բերել։ Բայց մի կողմից էլ դա զգոնություն է տալիս, որ նշանակություն չունի՝ վնասվածք ունես, թե ոչ, սա Օլիմպիական խաղեր է, պետք է լիարժեք պատրաստվես ու վնասվածքներին ուշադրություն չդարձնես։

Փաստորեն, եթե Օլիմպիական խաղերը անցկացվեին մեկ տարի առաջ, Դուք առանց վնասվածքի կլինեիք ու ավելի լավ մարզավիճակում։

Դե այն ժամանակ արդեն պատրաստ էինք՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, մարզումային բոլոր պլանները անցել էինք, լավ մարզավիճակում էինք ու այդ ժամանակ ոչ մի վնասվածք չունեի։ Ինձ թվում էր, որ ամեն ինչ շատ լավ կընթանա, հիմա արդեն անցել է մեկ տարի, նույն պատրաստակամությունն է, նույն ներուժը, նույն մեդալի համար ենք պայքարելու։

Simon Martirosyan 960x640 - Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»
Բաթումի 2019. Մարզում Եվրոպայի առաջնությունից առաջ

Հայաստանի հավաքականը ընդամենը 2 ներկայացուցիչ է ունենալու ծանրամարտից Օլիմպիական խաղերին որակազրկման պատճառով։ Ի՞նչ տրամադրություն է տիրում հավաքականում։

Անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի հավաքականը հիմա ամենաուժեղ թիմն ունի։  Շատ ափսոս, որ չենք կարողանում ամբողջական թիմով մասնակցել՝ բոլորին հայտնի պատճառով։ 

Գոռ Մինասյանը կարող էր երաշխավորված մեդալ բերել, մեր մյուս ծանրորդները՝ ևս։ Բայց ինչ արած, ոչինչ չենք կարող անել։ Միակ խնդիրն այն է, որ մենք չենք դրա մեղավորը, ժամանակին դա եղել է, և հիմա մենք ենք տուժում։

armenian weigtlifting championship Simon Martirosyan GorMinasyan 960x640 - Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»
2019թ. Հայաստանի առաջնություն. պարգևատրման արարողություն

Տարվա մարտահրավերներից էր նաև կորոնավիրուսի համաճարակը. այդ շրջանում ինչպե՞ս է հավաքականը կազմակերպել մարզումները։

Այդ ժամանակները հոգեբանորեն շատ բարդ էին մեզ համար։ Ուղղակի փորձել ենք մարզավիճակ պահել։ Երբ կարանտին հայտարարեցին, մենք հավաքականով փակվել էինք Աբովյանի մարզաբազայում, այստեղից դուրս չէինք գալիս և բոլորով մարզվում էինք, 1-2 ամիս տուն չէինք գնացել։ Դա Փաշիկ Ալավերդյանի (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ-խմբ.) որոշումն էր, շատ ճիշտ որոշում էր, և դա իր արդյունքը տվեց։

Ի՞նչ արդյունք։

Կարողացանք մնալ այն մարզավիճակի մեջ, որ ձեռք էինք բերել և ավելի շատ հետ չգնալ, քանի որ երկար ժամանակ մրցումներ չգնալուց ու չմարզվելուց հետո վերականգնվելը շատ դժվար է։ Եթե չպարապենք մեկ ամիս, նախկին արդյունքը հետ բերելու համար կպահանջվի 6 ամիս։

Վերադառանալով մեր զրույցի գլխավոր թեմային՝ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ճապոնիայում, ի՞նչ գիտեք այդ երկրի ու մայրաքաղաք Տոկիոյի մասին։

Մեկ անգամ արդեն եղել եմ Ճապոնիայում, աշխարհի երիտասարդական առաջնությանն եմ մասնակցել, որտեղ հաղթել եմ…

Հաջողակ քաղաք է Ձեզ համար…

Այո, հաջողակ քաղաք է (ժպտում է-խմբ)։ Հույս ունենամ, որ նույնը կկրկնվի։

Մեր ընտրանին.

Ես գիտեմ, որ նաև սպորտի մեծ երկրպագու եք ու հաճախ եք գնում՝ հայ մարզիկներին երկրպագելու։ Այս Օլիմպիական խաղերին ո՞ւմ եք երկրպագելու։

Բոլոր հայերին էլ երկրպագելու եմ, նրանց, ովքեր նույնիսկ փոքր շանս ունեն մեդալ նվաճելու, դա էլ մեր հայրենիքի համար շատ մեծ արդյունք է։Անցած Օլիմպիական խաղերին, և պատանեկան Օլիմպիական խաղերին, իմ ելույթից հետո գնացել եմ, բոլորին երկրպագել եմ ու անհանգստացել բոլորի համար։

Իսկ ո՞ր սպորտաձևերն եք առավել շատ սիրում։

Դե ավելի շատ այն սպորտաձևերը, որտեղ կարող ես գնալ, նստել ու հպարտանալ մերոնց հաղթանակներով (ժպտում է-խմբ)։

Simon Martirosyan Vivaro News VMag 7 960x640 - Սիմոն Մարտիրոսյան. «Հիմա հասել եմ իմ նպատակների միայն 5 տոկոսին»
2019թ. փետրվար. Սիմոն Մարտիրոսյանը՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո

Եվ վերջում, Օլիմպիական ոսկին նվաճելուց հետո կստացվի, որ ունեք բոլոր հնարավոր տիտղոսները։ Հնարավո՞ր է, որ հաղթանակների քաղցը հագենա։

Չենք իմանա՝ մինչև չունենանք։ Ես ասացի, որ սա իմ նպատակների ընդամենը 5 տոկոսն է, ու եթե նվաճեմ Օլիմպիական ոսկին, թող դառնա 10 տոկոս, բայց մնացած 90 տոկոսը դեռ առջևում է։

Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դոպինգի դրական թեստ Օլիմպիական Խաղերում

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Օլիմպիական խաղերում Հայաստանի մեդալակիրներին դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում

Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիչները մեղավոր չեն, ոչ էլ մյուսները»

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Տոկիո-2020. Լուսանկարներ Սիմոն Մարտիրոսյանի ելույթից և պարգևատրումից

Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Ինչպես Բաչկովը հաղթեց ուզբեկ մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտոշարք)

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին