fbpx
Բաժիններ

Սիմոն Մարտիրոսյան․ «Ես էլ եմ երազում օլիմպիական ոսկու մասին, չէ՞ որ այդպիսի զինվոր չկա, որ չերազի գեներալ դառնալ»

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը այսօր նշում է ծննդյան 22-ամյակը։ Այս առիթով ներկայացնում ենք ծանրորդի հետ մեր հարցազրույցը VMAG ամսագրի համար։ Բնականաբար, մեր զրույցի թեման աշխարհի առաջնությունում հաղթանակն էր ու հետագա անելիքները։

Սիմոն, նորից շնորհավորում ենք չեմպիոնության կապակցությամբ: Ինչպե՞ս տրվեց Ձեզ այս հաղթանակը:

Մեկնելուց առաջ ես ինձ տրամադրել էի, որ ամեն ինչ նորմալ է լինելու: Նպատակ էի դրել ոսկե մեդալ նվաճել, և փառք Աստծո վերադարձա մեդալով:

8 տարի անց Տիգրան Մարտիրոսյանից հետո Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեցիք աշխարհի առաջնությունում։ Մրցաշարին մեկնելուց առաջ զրուցե՞լ էիք նրա հետ։

Խոսել եմ հետը Թուրքմենստան գնալուց առաջ և հետո։ Նա մեզ համար ավագ եղբայր է։ Ինձ ասում էր, որ վերջ, պետք է սառույցը կոտրվի, ես պետք է ոսկե մեդալով վերադառնամ։ Ոչ բոլոր մարզիկներն են ցանկանում, որ իրենցից հետո ինչ-որ մեկը նույն հաջողություններն ունենա։ Բայց Տիգրանը մեծ սիրտ ունի, ինքն էլ էր դուխ տալիս, որ պետք է հաղթել։ Եթե հիշում եք, անցած տարի մեզ թույլ չտվեցին աշխարհի առաջնությանը մասնակցել։ Տիգրանը ասում էր, որ 2017-ին չստացվեց, բայց այս անգամ ամեն ինչ լավ է ընթանալու։

Ձեր կարիերայի ամենամեծ նվաճումները՝ օլիմպիական խաղերում արծաթե մեդալն էր և այս հաղթանակը: Եթե համեմատեք այն ժամանակվա Սիմոնին ու ներկայիս, ի՞նչ տարբերություններ կնշեք:

Մի բան եմ ուզում շեշտել, որ ոչ մի առաջնությունից հետո, նշանակություն չունի՝ ինչ մասշտաբի՝ Եվրոպա, աշխարհ, ուսանողական խաղեր, օլիմպիական խաղեր, ես այդ պահին եմ միայն բարձրանում պատվո հարթակին, ես այդ պահին եմ ինձ զգում չեմպիոն ու մեդալակիր, դրանից հետո մնում եմ նույն Սիմոնը: Բոլորը կարող են փաստել այդ մասին:

Իսկ որպես մարզիկ ինչպե՞ս փոխվեցիք օլիմպիական խաղերից հետո:

Օլիմպիական խաղերը մարզիկների համար ամենամեծ բարձունքն է: Արծաթե մեդալը օլիմպիական խաղերում, իմ կարծիքով, վատ արդյունք չէ, դա ավելի շատ մոտիվացրեց ու նոր էներգիա տվեց՝ առաջ շարժվելու համար: Արդյունքն էլ նկատեցինք՝ դրանից հետո Եվրոպայի առաջնությունը հաղթեցի, աշխարհի առաջնությունը, երիտասարդական խաղերը: Փորձի առումով էլ էր կարևոր: Միգուցե, օլիմպիական արծաթե մեդալը ավելի մեծ արժեք ունի, քան աշխարհի առաջնության ոսկին, բայց, երբ կանգնում ես ամենավերին աստիճանին, դա ուրիշ զգացողություն է: Չնայած ամեն ինչի, ես ինձ միշտ տրամադրում եմ, որ իմ միակ մրցակիցը ծանրաձողն է:

Ի դեպ, մրցակիցների մասին: Հաղթական մոտեցումներից ու պարգևատրման արարողությունից առաջ ջերմ զրուցում էիք ուզբեկ ծանրորդ Ռուսլամ Նուրուդինովի հետ, որը օլիմպիական խաղերի չեմպիոն է: Հետաքրքիր է՝ ինչի՞ մասին էիք խոսում:

Մինչև այդ մեր հավաքականի մարզիչը մոտեցավ և ասաց՝ «1-1», այսինքն՝ օլիմպիական խաղերում է նա ինձ հաղթել, Աշխաբադում էլ՝ ես: Բայց ես արդեն պատրաստ եմ նրան, որ իմ մեկերը բազմապատկվեն: Ռուսլամի հետ էլ խոսում էինք, որ այս աշխարհի առաջնությանը չստացվեց իր պոկում վարժությունը, ես ասացի, որ հուսով եմ, որ մյուս առաջնություններին ավելի լավ մարզավիճակով կմոտենա, որպեսզի մրցակցությունը ավելի թեժ լինի: Երբ թեժ պայքարում ես դառնում չեմպիոն, դա ուրիշ էմոցիաններ են: Այդ մասին էինք խոսում: Մենք վաղուց ենք միմյանց ճանաչում, և ընդհանուր գրեթե բոլոր հակառակորդների հետ լավ հարաբերություններ ունեմ:

Իսկ մեկնելուց առաջ կա՞յին մրցակիցներ, որոնցից զգուշանում էիք:

Կարելի է ասել, որ նույն ուզբեկ ծանրորդից զգուշանում էի, նա բավական լավ էր հանդես եկել ասիական առաջնությունում: Սակայն ես շատ լավ էի պատրաստվել, մեր մարզաձևն այնպիսին է, որ մարզումների ժամանակ կարող ես մոտավոր պատկերացնել, թե որ հորիզոնականը կզբաղեցնես: Այնպես որ, ես գիտեի, որ նրա հետ է պայքարը լինելու, բայց հեշտ տրվեց:

Մեդալների Ձեր հավաքածուն գրեթե լիակատար է: Պակասում է միայն օլիմպիական ոսկին: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ճանապարհը դեպի օլիմպիական ոսկին:

Արդեն մոտիվացված եմ աշխարհի առաջնությունից։ Շատ բարդ ճանապարհ է լինելու ու մեծ աշխատանք է տարվելու օլիմպիական խաղերի համար։ Մի խոսքով, մարտական տրամադրությամբ միայն առաջ ենք շարժվելու։ Ես էլ եմ երազում օլիմպիական ոսկու մասին, ասում են չէ՞, որ այդպիսի զինվոր չկա, որ չերազի գեներալ դառնալ, նույնը կարող եմ ասել բոլոր մարզիկների անունից։

Առջևում նախաօլիմպիական լարված տարին է. շատ մրցաշարեր, վարկանշային առաջնություններ։ Այս ամենին ամուր նյարդերով մոտենալու համար պետք է լավ լիցքաթափվել։ Ձեզ համար ո՞րն է հանգստի լավագույն տարբերակը։

Լիցքաթափվելու, մկանները մի փոքր հանգստացնելու ու այդ ամենը վայելելու համար մեզ տրվում է ընդամենը 10-15 օր ժամանակ։ Դա բավարար է։ Եթե մեր մարզաձևում ավելի շատ բաց թողնես, մարզավիճակդ կկորցնես։ Իսկ այդ ազատ ժամանակն անցկացնում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ։

Էկրաններից չի երևում այն հսկայական աշխատանքը, որ կատարում են մարզիկները և մարզիչները, բայց հաղթանակների բերկրանքը վայելում ենք բոլորով:

Շատ բան կախված է նաև ծնողներից, այսօր ոչ բոլոր ծնողներն են կարող մարզիկ դաստիարակել, կտրել փողոցից և նվիրել սպորտին: Միանշանակ ես շատ պարտական եմ նրանց։

Երախտապարտ եմ նաև մարզիչներիս, առանձնահատուկ շնորհակալ եմ անձնական մարզչիս՝ Աշոտ Փիլոսյանին, որը ինձ որպես մարզիկ ծնել է: Հավաքականի մարզիչներին՝ Փաշիկ Ալավերդյանին, Վիգեն Խաչատրյանին, Էդիկ Կիզողյանին և Մելիք Ղուկասյանին: Փորձում եմ նրանց խոսքերից առավելագույնը վերցնել։ Իսկ վերջին շրջանում խորհուրդներն ավելի քիչ են, որովհետև նրանք արդեն վստահում են ինձ։ Ես էլ փորձում եմ սկսնակներին օգնել խորհուրդներով, ստիպել հավատալ սեփական ուժերին և առաջ շարժվել։

Իսկ այլ մարզաձևերով հետաքրքրվա՞ծ եք։

Ես մինչև ծանրամարտով զբաղվելը, հաճախել եմ բռնցքամարտի, բայց այնտեղ ինձ այդքան էլ դուր չի եկել ծանրաբեռնվածությունը։ Ամեն մարդ ստեղծված է իր մարզաձևի համար։ Եթե մեծ ցանկություն ունենայի, այնտեղ էլ հաջողություններ կունենայի, բայց մարզադպրոց գնալու առաջին իսկ օրից սիրահարվեցի ծանրամարտին: Ինքս նաև շատ եմ սիրում վոլեյբոլ խաղալ, ֆուտբոլ չեմ սիրում, բայց խաղալ սիրում եմ:

 

Զրուցեց՝ Լիանա Մկրտչյանը

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սիմոն Մարտիրոսյան. «Մինչև հիմա չեմ հավատում, որ այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի»

5 բան, որ սովորեցինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

Փաշիկ Ալավերդյանը ամփոփեց ծանրամարտի առաջնությունը (տեսանյութ)

Փաշիկ Ալավերդյան. «Եթե ես գոհ լինեմ Սիմոն Մարտիրոսյանից, նրա հետ այլևս չեմ աշխատի» (տեսանյութ)

Արդեն սովորական դարձած, բայց միշտ ուրախացնող մեդալները, պատվո հարթակը, եռագույնը. Սիմոն Մարտիրոսյանի ելույթներն ու պարգևատրումը (ֆոտոշարք)

Սիմոն Մարտիրոսյանի տպավորությունները Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Անզիջում պայքար գերծանր քաշային կարգում. Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Փաշիկ Ալավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար