Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք - VNews
Բաժիններ

Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք

uid bb09779daaccea8ba75321a1d171bfb81492686540143 width 1200 play 0 pos 0 gs 0 height 678 patrice evra l i dado prso p fot getty - Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք

Հարավային Եվրոպայում գտնվող Մոնակո փոքրիկ պետությունը չունի ֆուտբոլի հավաքական, չունի առաջնություն, չունի ֆուտբոլային ինքնություն և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում է: Փոխարենը՝ ունի ակումբ՝ «Մոնակոն», որ իր յուրահատուկ տեղն ունի եվրոպական ֆուտբոլում, ինչպես նաև՝ հետաքրքիր ու վայրիվերումներով լի ուղի 21-րդ դարում:

Ֆինանսական ճգնաժամ, ռոմանտիկա՝ խաղադաշտում

2000-ականների սկիզբը առավել բարդ ստացվեց մոնեգասկյան ակումբի համար՝ թե՛ մարզական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: 1999/2000 մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն հռչակվելուց հետո թիմը սուզվեց հաջորդ երկու մրցաշրջանում: 2000/01-ին «Մոնակոն» 11-րդն էր առաջնությունում, 2001/02-ին՝ 15-րդը, և մեծ դժվարությամբ կարողացավ տեղը պահպանել առաջին դիվիզիոնում: Բացի մարզական անհաջողությունները, «Մոնակոն» կանգնած էր սնանկացման եզրին, քանի որ ուներ 50 միլիոն եվրոյի պարտք: Դա չափազանց մեծ թիվ էր Լիգա 1-ի համար, և Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ Լիգան դիտարկում էր ակումբին Լիգա 2 իջեցնելու հնարավորությունը: «Մոնակոյի» վրա նաև տրանսֆերային արգելք դրեցին: Նման իրավիճակներում, որպես կանոն, ակումբներն առհասարակ իրենց գոյությունը կարող են չպահել:

Բայց «Մոնակոն» դիմացավ, քանի որ ֆուտբոլային խաղադաշտում բոլորովին այլ պատմություն սկսեց 2002-ից: 2001-ից թիմը գլխավորեց Ֆրանսիայի հավաքականի այժմյան մարզիչ Դիդյե Դեշամն ու արեց անհնարինը: Դեշամի թիմը, նախ, «Մոնակոյին» կրկին բարձրացրեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերին հատված՝ 2002/03 մրցաշրջանում թիմին հասցնելով երկրորդ հորիզոնական: 2003/04-ին արդեն սկսեց թիմի հեքիաթային արկածները Չեմպիոնների լիգայում:

Նախ՝ Դեշամը բավական մրցունակ թիմ կառուցեց՝ հրաշալի սելեկցիայի շնորհիվ: Տրանսֆերային արգելք ունեցող «Մոնակոն» օգտվեց ֆուտբոլիստներ վարձակալելու իր իրավունքից և վարձակալեց 3 տաղանդավոր հարձակվողների՝ Ֆերնանդո Մորիենտեսին՝ «Ռեալից», Ջիբրիլ Սիսեին՝ ՊՍԺ-ից և 19-ամյա Էմանուել Ադեբայորին՝ «Մեցից»: Դեշամին հաջողվեց նաև թիմում պահել հարձակման գծի աստղային ֆուտբոլիստներին՝ Լյուդովիկ Ժյուլիին, Դադո Պրշոյին և Ժերոմ Ռոտենին:

Screenshot 1 3 960x636 - Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք

Չեմպիոնների լիգայի լեգենդար ուղին

Չեմպիոնների լիգայի 2003/04 խաղարկությունը հիշարժան է ու լեգենդար գրեթե բոլորի համար: Մրցաշարն ունեցավ անսպասելի չեմպիոն՝ «Պորտուն», բայց եզրափակիչի մյուս մասնակիցն էլ մեծ անակնկալ էր բոլորի համար:

Խմբային փուլում «Մոնակոյին» որպես մրցակիցներ բաժին հասան «Դեպորտիվոն», ԱԵԿ-ը և Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ն: Գուս Հիդինկի թիմին «Մոնակոն» հաղթեց Սիսեի ու Մորիենտեսի գոլերի շնորհիվ, իսկ հետո արդեն «Լուի 2» մարզադաշտում պարտության մատնեց ԱԵԿ-ին: Իսկ երրորդ տուրում՝ Լա Կորունյայում կայացած խաղը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն հանդիպումներից մեկը:

Խավիեր Իրուրետան «Դեպորտիվոն» դարձրել էր Իսպանիայի ամենամրցունակ թիմերից մեկը՝ դարասկզբում հաղթելով Լա լիգան ու նվաճելով երկրի գավաթը: Այժմ Սեգունդա Բ-ում խաղացող թիմին առաջնորդում էին Ջալմինյան, Ռոյ Մակայը ու Դիեգո Տրիստանը, ակումբն էլ իր ոսկե ժամանակաշրջանն էր անցկացնում: Բայց «Մոնակոն» իր համարձակ ու հարձակվողական խաղի շնորհիվ առջևում էր հաշվի մեջ՝ խենթ առաջին խաղակեսից հետո (5-2): Գոլային հրավառությունը շարունակվեց նաև երկրորդ խաղակեսում. հանդիպումն ավարտվեց «Մոնակոյի» հաղթանակով՝ 8-3 հաշվով, Դադո Պրշոն էլ դարձավ պոկերի հեղինակ: Դա ՉԼ պատմության ամենագոլառատ խաղն էր՝ մինչև 2016 թվականը, երբ «Բորուսիա» – «Լեխիա» խաղն ավարտվեց 8-4 հաշվով:


Խմբից առաջին հորիզոնականով դուրս գալուց հետո «Մոնակոյի» մրցակիցը 1/8 եզրափակիչում Յուրի Սյոմինի գլխավորած «Լոկոմոտիվն» էր: Մոսկվայում կայացած խաղում Իզմաիլովի ու Մամինովի գոլերի շնորհիվ ռուսական ակումբը անակնկալ հաղթանակ տարավ 2-1 հաշվով, բայց պատասխան խաղում Պրշոյի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Մոնակոյին» ու դուրս թողեց ՉԼ-ից «Լոկոմոտիվին»:

«Մոնակոն» թևակոխեց մրցաշարի ավելի բարդ ու վճռորոշ փուլ, որտեղ նրա հաջորդ մրցակիցը «Ռեալն» էր, որն անհամեմատ ավելի հզոր էր պատմության, հաջողություններով ու փողով: «Գալակտիկոսյան» թիմ, որի միայն անուններն արդեն վախեցնում էին. Զիդան, Ֆիգու, Ռաուլ, Բեքհեմ ու Ռոնալդո: «Բեռնաբեուում» կայացած խաղում Սեբաստիան Սկիլաչիի գոլին ի պատասխան՝ Կառլուշ Կեյրուշի թիմը 4 գոլ ուղարկեց անօգնական Ֆլավիո Ռոմայի դարպասը: Բայց, ինչպես Մոսկվայում, Մորիենտեսը արտագնա գոլ խփեց ու փոքրիկ շանսեր պահեց իր թիմի համար՝ պատասխան խաղից առաջ:

Մեր ընտրանին

Ֆուտբոլային աշխարհն արդեն դուրս էր թողել «Մոնակոյին» մրցաշարից, երբ պատասխան խաղի հաշիվը բացեց «Ռեալը»՝ Ռաուլի գոլի շնորհիվ: Բայց այս թիմն անհնարինը հնարավոր դարձնելու փորձ արդեն ուներ, և դա արեց նաև այս դեպքում: Մորիենտեսը, որը դեռ պատկանում էր «Ռեալին», գրավեց իր իսկ թիմի դարպասը ևս մեկ անգամ՝ հավասարեցնելով հաշիվը: 22-ամյա Պատրիս Էվրայի արագացումներն ու սուր փոխանցումները ձախ եզրից տվեցին իրենց արդյունքը: Լյուդովիկ Ժյուլին, նախ, կրնկով կատարած հարվածով հաշիվը դարձրեց 2-1, իսկ հետո հեռահար հարվածով դուրս թողեց «Ռեալին» մրցաշարից՝ շոկի ենթարկելով բոլորին:

capture decran 2019 04 02 a 111750 960x639 - Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք

Կիսաեզրափակիչում «Մոնակոյի» մրցակիցը կրկին զորեղ էր՝ «Չելսին», որը Ռոման Աբրամովիչի ժամանումից հետո նոր ժամանակաշրջան էր սկսում իր պատմության մեջ ու ցանկանում իր հետքը թողնել Չեմպիոնների լիգայում: Մոնակոյում տեղի ունեցած խաղում Պրշոյի գոլն առավելություն տվեց դաշտի տերերին, որը շատ արագ չեզոքացրեց Էրնան Կրեսպոն: Երկրորդ խաղակեսում «Մոնակոյի» ֆուտբոլիստ Ակիս Զիկոսը հեռացվեց խաղադաշտից՝ Մակելելեին հարվածելուց հետո ստանալով ուղիղ կարմիր քարտ: Կրկին բոլորը «Մոնակոյին» խաղից դուրս էին թողել, բայց Մորիենտեսի ու Շաբանի Նոնդայի գոլերը 2 գոլի առավելություն տվեցին Դեշամի թիմին:

Լոնդոնում կրկին ամեն ինչ վատ դասավորվեց «Մոնակոյի» համար: «Չելսին» ահռելի ճնշումով սկսեց հանդիպումը, և կարողացավ արագ բացել խաղի հաշիվը, երբ գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Յասպեր Գրոնկյաերը: Հաշիվը կրկնապատկեց Լեմպարդը՝ «Մոնակոյին» կրկին թողնելով կոտրած տաշտակի առաջ: Բայց «Մոնակոն» այս անգամ էլ չի հանձնվում ու «Սթեմֆորդ Բրիջում», հոգեբանական վերելքի վրա գտնվող մրցակցի դեմ ու հակառակորդի երկրպագուների ճնշման տակ նույնիսկ իր մեջ ուժ է գտնում ու ևս 2 գոլ խփում և դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Սնանկացումից ու Լիգա 2 նահանջելուց 9 ամիս անց «Մոնակոն» անհավանական հրաշք է գործում ու դառնում ֆրանսիական երկրորդ ակումբը՝ «Մարսելից» հետո, որ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այստեղ արդեն հանդիպում է մեկ այլ «հրաշագործի»՝ Մոուրինյոյի «Պորտուին»: Underdog-երի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթող է դուրս գալիս «Պորտուն»՝ Դեկուի, Կառլոս Ալբերտոյի և Դմիտրի Ալենիչևի գոլերի շնորհիվ:

Նոր անկումներ ու նոր վերելքներ

Եվրոպայի ուժեղագույնների շարքում հայտնվելուց հետո, ակումբի մարզական տնօրեն Միշել Պաստորին չի հաջողվում համոզել Դեշամին ու թիմի առաջատարներին մնալ «Մոնակոյում»: Արդյունքում՝ առաջիկա միայն 4 տարիների ընթացքում «Մոնակոն» միայն ու միայն գահավիժում է՝ այդ ընթացքում փոխելով 6 մարզիչ ու մրցաշրջանները եզրափակելով մրցաշարային աղյուսակի միջնամասում: Պաստորը, քննադատությունների ալիքի տակ, լքում է ակումբը:

2009-ին գլխավոր մարզիչ է նշանակվում Գայ Լակոմբեն: Անկայուն ելույթներից հետո թիմը կրկին հայտնվում է ծանր իրավիճակում՝ 2011-ի հունվարին: Լակոմբեն հեռացվում է, բայց նրան փոխարինած Լորան Բանիդեին նույնպես չի հաջողվում շտկել դրությունը և «Մոնակոն» իջնում է Լիգա 2:

«Մոնակոյի» պատմությունը շրջադարձ է ապրում 2011-ի դեկտեմբերին, երբ ակումբի 66 տոկոս բաժնետեր է դառնում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը: Արմատական փոփոխություններից գլխավորը դառնում է մարզչական փոփոխությունը. գալիս է Կլաուդիո Ռանիերին: Հարձակվողական թիմը 2012/13 մրցաշրջանում խփում է 64 գոլ, գրավում առաջին տեղն ու վերադառնում Լիգա 1: Ռիբալովլևը մեծացնում է տրանսֆերային ներդրումներն ու 2013-ին գնում Ռադամել Ֆալկաոյին «Ատլետիկոյից» և Խամես Ռոդրիգեսին «Պորտուից»: «Մոնակոն» վերադառնում է նաև Չեմպիոնների լիգա:

1578426418 645621 1578426789 noticia normal 960x556 - Սնանկացումից՝ Չեմպիոնների լիգայի փառք. ինչպես Դեշամը «Մոնակոյին» հասցրեց երկինք

Մոնեգասկյան ակումբի համար նոր ժամանակաշրջան է սկսում ոչ միայն թոփ տրանսֆերների, այլ նաև սկաուտների հրաշալի աշխատանքի ու հզոր ակադեմիայի շնորհիվ. Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից շատերը կամ «Մոնակոյի» մանկապատանեկան դպրոցի սաներն են, կամ պարզապես խաղում են այնտեղ՝ մինչև գրանդ տեղափոխվելը: 2013-ից 2015 թվականներին «Մոնակոն» գերշահավետ բիզնես ծրագիր իրականացրեց: Միայն Ջոֆրի Կոնդոգբիայի, Լեյվին Կուրզավայի, Այմեն Աբդենուրի, Յանիկ Կարասկոյի, Լուկաս Օկամպոսի ու Անտոնի Մարսիալի վաճառքից ակումբը ստացավ 180 միլիոն եվրո:

2014-ին ակումբը գլխավորում է Լեոնարդո Ժարդիմը, իսկ «Մոնակոյում» հավաքվում է գերտաղանդավոր ոսկե սերունդ: Ջիբրիլ Սիդիբե, Բենժամեն Մենդի, Տիեմուե Բակայոկո, Ֆաբինյո, Բերնարդու Սիլվա, Տոմաս Լեմար, Կիլիան Մբապե… 2016/17-ին այս թիմը գահընկեց է անում նաև Լիգա 1-ը մենաշնորհի վերածած ՊՍԺ-ին ու դառնում Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասնում մինչև կիսաեզրափակիչ՝ ճանապարհին դուրս թողնելով «Մանչեսթեր Սիթիին» ու Դորտմունդի «Բորուսիային»: Այս հաջողություններից հետո «Մոնակոն» կրկին «բոմբում» է տրանսֆերային շուկայում ու այս ֆուտբոլիստների վաճառքից գեներացնում արդեն 402 միլիոն եվրո:

Ինչպես հասկացաք՝ «Մոնակոն» դատարկվում է, թիմի արդյունքները, բնականաբար, ավելի վատանում: 2018-ին Ժարդիմը հեռանում է, գալիս Անրին, ձախողվում, Ժարդիմը վերադառնում է, 2019-ին կրկին հեռանում, գալիս է Ռոբերտո Մորենոն, «Մոնակոն» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մորենոն նույնպես հեռացվում է, ինչից 1 օր անց՝ 2020-ի հուլիսի 19-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Նիկո Կովաչը, որին հեռացրել էին «Բավարիայից»:

Մբապեի ու ընկերների ժամանակաշրջանից հետո «Մոնակոն» այժմ իր լավագույն ժամանակներն է ապրում: Կովաչը կառուցել է հակագրոհային թիմ, որ կարողանում է նաև կայուն արդյունքներ գրանցել ու այս մրցաշրջանում նույնիսկ Ֆրանսիայի չեմպիոն դառնալու շանսեր ունի: Խորվաթ մասնագետը շեշտը դրել է երիտասարդների վրա. «Մոնակոն» ամբողջ առաջնությունում 3-րդ ամենաերիտասարդ թիմն է, որի միջին տարիքը կազմում է 24.7:

Մնում է միայն սպասել ու տեսնել՝ մրցաշարային աղյուսակի որ դիրքում «Մոնակոն» կավարտի մրցաշրջանը, ինչ փոփոխություններ տեղի կունենան ամռանը թիմի կազմում և որքանով շարունակական կլինի Կովաչի թիմի զարգացումը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լիգա 1. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Մոնակոն» աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

Նեյմարի պայմանագրի գաղտնի կետը

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է որակազրկվել 10 խաղով մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելու համար

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

«Մոնակոն» մտադիր է գնել Ա սերիայի աստղերից մեկին

ՊՍԺ-ն սայթաքեց՝ «Լիլին» ավելի մոտեցնելով չեմպիոնության (տեսանյութ)

«Մոնակոն» նվազագույն հաշվով հաղթեց «Ռեյմսին»՝ բարձրանալով ՉԼ գոտի (տեսանյութ)

Նոր մարտահրավերների հետևի՞ց․ 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»

«Լիոնը» ջախջախեց մրցակցին ու բարձրացավ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)

Նեյմարը նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Լիլը» վստահ հաղթանակի շնորհիվ ամրապնդվեց 1-ին հորիզոնականում (տեսանյութ)