ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին - VNews
Բաժիններ

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն, որը հուլիսի 15-ին կդառնա 25 տարեկան, արդեն իսկ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու: Այս ֆուտբոլիստն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով 4 թիմի մարզական պատիվ («Արարատ», «Ուլիս», «Ուրարտու», «Շիրակ»): Ուդոյի ելույթներն ամենաերկարը և տպավորիչը եղել են Գյումրին ներկայացնող ակումբում, որտեղ մեկ տարի ընդմիջումով անցկացնում է իր արդեն 4-րդ անընդմեջ մրցաշրջանը: Նա այս ամբողջ ընթացքում մեր աչքերի առջև է եղել որպես կայուն և լավ մակարդակի ֆուտբոլիստ, բայց այսուհետ այլ՝ ավելի ուշադիր ու խստապահանջ մոտեցում կլինի նիգերիացու/հայի նկատմամբ: Փորձենք պարզել, թե ինչ որակների հաշվին նրան հաջողվեց գրավել ֆուտբոլում շատ բան տեսած Խոակին Կապառոսի ուշադրությունը:

Սոլոմոն Իմե Ուդոն հաստիքային հենակետային կիսապաշտպան է և կարիերայի գերակշիռ մասում հանդես է եկել հենց այդ դիրքում: Իսկ Հայաստանի հավաքականի համար դա ամենախնդրահարույց օղակներից մեկն է․ ընտրության հնարավորությունը քիչ է: Եթե հաշվի առնենք մեր ընտրանու ելույթները վերջին 1-2 տարում, ապա մեր հենակետային գոտում տեսել ենք 5 ֆուտբոլիստների՝ Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գոռ Մալաքյան և Արտակ Եդիգարյան: Կա նաև Անդրե Չալըշըր, որը կենտրոնական պաշտպան է ու իր ակումբային կարիերայում ունեցել է հենակետային գոտում խաղալու փորձ, բայց հավաքականում նման առիթ դեռ չի ընձեռվել: Ստացվում է՝ ընտրությունը բավականին աղքատիկ է: Եթե սա համեմատենք, օրինակ՝ թե՛ կենտրոնական, թե՛ եզրային ենթահարձակվողների դիրքում մեր ունեցած ռեսուրսների հետ, ապա տարբերությունը բացասական տեսանկյունից ակնառու է:

Խնդիրն էլ ավելի բարդ է

Իսկ հիմա ավելի հանգամանորեն նայենք իրավիճակին: Մկրտչյանը և Գրիգորյանն արդեն երիտասարդ չեն (համապատասխանաբար 31 ու 32 տարեկան), իսկ Եդիգարյանը (ի տարբերություն եղբոր՝ Արթուր Եդիգարյանի) իրականում հենակետային չէ և այնտեղ է խաղում միայն անհրաժեշտության դեպքում: Մալաքյանը թեև շատ լավ որակներ ունի, սակայն նրա մարզավիճակի հետ կապված տատանումներ հաճախ են լինում: Մնում է Ռումյան Հովսեփյանը, որը ֆուտբոլային լավ տարիքում է (28), ինչպես և Մալաքյանը (26): Երկուսն էլ մոտակա տարիներին դեռ կարող են հավակնել հավաքականի հիմնական կազմում տեղին:

Մկրտչյանն ու Գրիգորյանն էլ, իհարկե, տեսադաշտում են: Սակայն Կառլենի դեպքում խնդիրը նույնն է՝ իրար հաջորդող վնասվածքներ: Երբեք չես կարող վստահ լինել, որ նա հաստատապես կմասնակցի հավաքականի որևէ հաջորդ հանդիպման: Արտակի դեպքում այդ խնդիրը չկա: Տարիներն անցնում են, բայց նա կայուն տեղ է ունենում «Ալաշկերտի» մեկնարկային կազմում, ժամանակի հետ նույնիսկ սկսում ավելի քրտնաջան աշխատել մարզավիճակ պահպանելու համար: Սակայն այս պարագայում ավելի ցավոտ է հենց Մկրտչյանի հարցը: Նա մեր առաջատար հենակետայինն է եղել վերջին տասնամյակում, իսկ հիմա ժամանակն է մտածելու, թե ինչպես ենք փակելու առաջացող կամ արդեն իսկ առաջացած բացը: Ուդոն կարող է դառնալ այդ կողպեքի բանալիներից մեկը: Նա Կապառոսի կողմից գուցեև չի դիտարկվում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն մրցակցություն միանշանակ կարող է ապահովել: Մենք հենց դրա կարիքն էլ ունենք այս պահին:

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Ուդոն ունի որակներ, որոնք մեզ խիստ անհրաժեշտ են

Սոլոմոնը «Շիրակում» էլ հիմնականում փակում է հենակետային գոտին, սակայն Վարդան Բիչախչյանը նրան հաճախ նաև այլ դեր է հատկացնում: Ուդոն գործում է նաև կենտրոնական ենթահարձակվողի կամ «10 համարի» դիրքում: «Շիրակը» կիրառում է 4-2-3-1 կամ 4-4-1-1/4-4-2 սխեման, որում որպես ենթահարձակվող խաղալու պարագայում Ուդոն տեղակայվում է կենտրոնական հարձակվող Մորի Կոնեի թիկունքում: Եղել են դեպքեր, երբ նա, ստեղծված իրավիճակից ելնելով, հանդես է եկել նաև պաշտպանության կենտրոնում:

Ուդոյի գլխավոր հմտությունը գնդակի հետ լավ վարվեցողությունն է, նա խաղ կառուցող հենակետային է կամ խորքային խաղարկող (Deep-lying playmaker): Հիանալի է տիրապետում առաջին փոխանցման արվեստին: «Շիրակը» գուցեև ամենալավ դիրքային գրոհներ կազմակերպող թիմը չէ Հայաստանում, սակայն եթե այն կոնկրետ խաղում որոշում է կիրառել նման մարտավարություն, ապա շատ բան կառուցվում է հենց Ուդոյի շուրջ: Նա գերազանց է տեսնում խաղադաշտը, կատարում ճշգրիտ ինչպես ցածրից, այնպես էլ՝ բարձրից փոխանցումներ: Երբ մրցակիցը կիրառում է բարձր պրեսինգ՝ փակելով Ուդոյին, կամ էլ պարզապես լավ է վերահսկում կենտրոնը, Սոլոմոնը տեղակայվում է պաշտպանական գծի ձախ կամ աջ եզրերում, որտեղից գրոհը համեմատաբար հանգիստ կազմակերպելու հնարավորություն է ստանում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Իսկ ինչո՞ւ է նա օգտագործվում նաև որպես ենթահարձակվող: Գաղտնիք չէ, որ «Շիրակը» կայծակնային հակագրոհների լավագույն վարպետներից է: Եվ երբ թիմը գնդակը վերադարձնելուց հետո պետք է անցնի արագ գրոհի, հիմնականում հենց միջին հատվածում գտնվող Ուդոյին է հասցեագրվում գնդակը: Եվ Սոլոմոնը տվյալ դեպքերում ցուցադրում է իր մյուս կարևոր ունակությունը՝ հաշվենկատ վերջին փոխանցում, որից հետո հարձակվողը (դե, իհարկե, Մորի Կոնե) կհայտնվի մեն-մենակ դարպասապահի դիմաց: Ուդոն լավ է կողմնորոշվում դիրք ընտրելիս, հաշվի է առնում կենտրոնական հարձակվողի՝ որտեղ գտնվելը, որպեսզի խորքից գնդակ ստանալիս ժամանակ չկորցնի ու նաև առավելագույնս հարմարավետ փոխանցում կատարի թիմի գոլահարին: Խոսքը հիմնականում դեպի մրցակցի պաշտպանական գծի թիկունք կատարվող փոխանցումների մասին է, որտեղ տվյալ իրավիճակներում ազատ տարածություններ են գոյացած լինում:

Ուդոն ընթացիկ մրցաշրջանում արդեն 3 գոլ է խփել ու 5 արդյունավետ փոխանցում կատարել: Դա հենակետայինին բնորոշելու ամենաճիշտ ցուցիչը չէ, բայց վկայում է այն մասին, թե այս ֆուտբոլիստն ինչպես կարող է օգտակար լինել հարձակման գծին՝ ոչ միայն «ասիստ» կատարել, այլև անձամբ եզրափակել, եթե կա դրա կարիքը: Նա նաև միջինը մեկ մրցավեճում կատարում է 2,3 առանցքային փոխանցում, այսինքն՝ սրող փոխանցման միջոցով հարվածային դիրք դուրս բերում թիմակիցներին: Համեմատության համար ասենք, որ մեր հավաքականի վերոնշյալ մյուս 4 հենակետայիններն այս ցուցանիշներով նույնիսկ մոտ չեն Ուդոյին: Բնական է՝ այստեղ ազդեցություն է ունեցել Սոլոմոնի՝ հաճախ ենթահարձակվողի դիրքում գործելը, սակայն սա նաև ընդգծում է, որ նա մի քանի դիրքերում կարող է ելույթ ունենալ: Հավաքականում այս խաղացողին դժվար թե տեսնենք այդքան առաջ քաշված գործելիս, քանի որ հարձակման գծում մրցակցությունը շատ մեծ է:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

LIVE Corona Podcast #3: Ի՞նչ է սպասվում Հայաստանի հավաքականին Խոակին Կապարոսի հետ (տեսանյութ)

Իսկ ինչպե՞ս է դրսևորում իրեն պաշտպանությունում

Հիմա անդրադառնանք ավելի պաշտպանողական գործառույթներին, որտեղ նույնպես Ուդոն իրեն լավ է զգում: Բայց դա ավելի շատ նրա արդյունքն է, որ այս ֆուտբոլիստը կարողանում է կարդալ խաղը, կողմնորոշվել մյուսներից ավելի արագ ու ըստ դրա ճիշտ դիրք զբաղեցնել: Նա համեմատաբար շատ է կորցնում գնդակը (ընթացիկ մրցաշրջանում՝ միջինը մեկ խաղում 7 անգամ), բայց դա ունի իր բացատրությունը: Ուդոն համարյա միշտ փորձում է սրել խաղը, կատարել առաջ փոխանցումներ, տարբերակներ փնտրել եզրերում, ինչի հետևանքով էլ գնդակը կորցնելու ռիսկն ավելի մեծ է, քան կլիներ այն դեպքում, եթե նա անընդհատ հետ փոխանցումներ կատարեր: Նման գործելակերպը գալիս է նաև «Շիրակի» մարտավարությունից: Այդուհանդերձ, Ուդոն, ի տարբերություն վերոնշյալ հենակետայինների (բացառությամբ Մկրտչյանի, որը դեռ կարող է մնալ բարձունքում, եթե չխանգարեն վնասվածքները), ավելի քիչ է կորցնում գնդակը պարզ իրավիճակներում՝ գրանցելով պակաս քանակի կոպիտ սխալներ, ինչը շատ կարևոր է: Բացի այդ, միջին հաշվարկով զգալիորեն ավելի քիչ է զգուշացվում մրցավարների կողմից:

Հիմա վիճակագրություն, որն արտացոլում է մեր հենակետայինների ցուցանիշներն ընթացիկ մրցաշրջանում՝ միջինը մեկ խաղի արդյունքով․

Գնդակի խլում՝ Ուդո (3,9 անգամ մեկ խաղում), Մկրտչյան (4,6), Գրիգորյան (3,9), Մալաքյան (3,2), Հովսեփյան (3,3)
Գնդակի խլում մրցակցի կիսադաշտում՝ Ուդո (1,1), Մկրտչյան (1,31), Գրիգորյան (1,14), Մալաքյան (0,88), Հովսեփյան (1,03)
Հաղթանակ մենապայքարներում՝ Ուդո (46%), Մկրտչյան (61%), Գրիգորյան (55%), Մալաքյան (44%), Հովսեփյան (55%)
Գնդակի խլում մրցակցի փոխանցման ընթացքից՝ Ուդո (4), Մկրտչյան (3), Գրիգորյան (3), Մալաքյան (3), Հովսեփյան (3)

Պարզ է դառնում, որ այս ցուցանիշներով Ուդոն հիմնականում հավասար պայմաններում է համարյա բոլորի հետ: Սրանք թվեր են, որոնք մեծամասամբ արտացոլում են այն ամենը, ինչ մենք տեսել ենք այս ֆուտբոլիստների կատարմամբ: Եզրակացությունն այն է, որ Ուդոն մոբիլ ֆուտբոլիստ է, բալանսավորված, որը չունի խաղային աչք ծակող թերություններ:

Եվ վերջապես, ի՞նչ կտա մեզ Սոլոմոն Իմե Ուդոն

Առջևում Ազգերի լիգայի մրցաշարն է, որտեղ մենք խաղալու ենք մեր կարգի, մեր կարգից փոքր-ինչ բարձր և ցածր հավաքականների հետ: Սա նշանակում է, որ շատ հաճախ պիտի դիրքային ֆուտբոլ ցուցադրենք, փորձենք կառուցողական խաղով կոտրել, օրինակ՝ Էստոնիայի ընտրանու դիմադրությունը, որը հավանաբար կնախընտրի մեզ զիջել նախաձեռնությունը: Իսկ Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում (եթե ոչ՝ դրանից առաջ ու հետո էլ) մենք շատ բարդ ենք խաղացել այդպիսի մարտավարություն ընտրած թիմերի դեմ, ինչի վկայությունը որոշ խայտառակ պարտություններն են: Մեզ պետք կգա հենակետային, որը լավ գնդակ կպահի, հաշվենկատորեն կփոխի գրոհային ուղղությունները (դա Ուդոյի այցեքարտերից է), բայց միաժամանակ առավելագույնս հուսալի կլինի պաշտպանությունում: Այսինքն, թույլ չի տա ճակատագրական սխալ, որի հետևանքով մրցակիցը կհակագրոհի և գոլ կխփի, ու կհայտնվենք էլ ավելի բարդ դրության մեջ: Ոչ ոք, նույնիսկ լավագույն հենակետայինն ապահովագրված չէ սխալներից, սակայն մեր ընտրանու նորեկը գնդակի հետ իր վարվեցողությամբ, համենայն դեպս, դրականորեն տարբերվում է ու այդ առումով ավելի մեծ հուսալիություն ներշնչում:

Կլինեն նաև հանդիպումներ, երբ Ուդոն կմտնի փոխարինման կամ առհասարակ չի խաղա: Նա նաև դեռ պետք է միջազգային փորձ հավաքի, քանի որ հավաքականի խաղերը ոչ մի գործոնով չես կարող համեմատել Բարձրագույն խմբի մրցավեճերի հետ: Դեռ մեծ հարց է, թե որ թիմի դեմ քանի հենակետայինով ենք գործելու: Կլինեն պահեր, երբ կունենանք Մկրտչյանի խաղային կայունության, Գրիգորյանի ագրեսիվության ու գնդակ խլելու բացառիկ կարողության և ուրիշ ֆուտբոլիստների այլ որակների կարիքը: Այսինքն, բազմազանություն, ընտրության հնարավորություն, ինչն էլ հենց պետք է Կապառոսին:

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Միաժամանակ հուսանք, որ հավաքականում կտեսնենք նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին, որը մեծ ունիվերսալ է ու մեր հենակետային գոտին լիարժեք «կցեմենտի»: Հայաստանի երիտասարդական հավաքականում կա առնվազն մեկ ֆուտբոլիստ, որը շուտով կարող է համալրել այս հենակետայինների շարքը: Շատ լավ տվյալներ ունի նաև «Գանձասար-Կապանի» հենակետային Վբեյմար Անգուլոն, որը նույնպես տեսականորեն կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Կոլումբացու համար ընթացիկ մրցաշրջանը լավ չդասավորվեց, բայց նա մի քանի տարի շարունակ կայուն մակարդակի ֆուտբոլ է խաղացել Բարձրագույն խմբում: Սակայն նրա և Ուդոյի միջև ընտրություն կատարելիս հաստատապես հաշվի է առնվել նաև տարիքային գործոնը․ Անգուլոն արդեն 28 տարեկան է:

«Շիրակը» միշտ էլ եղել է այն ակումբներից, որտեղ մեծ թիվ են կազմել հայ ֆուտբոլիստները: Այդպես է նաև հիմա՝ այս «լեգեոներաշատ» ժամանակաշրջանում: Այդուհանդերձ, Գյումրին ներկայացնող ակումբից վերջին 2 տարում ոչ ոք չի հրավիրվել ազգային հավաքական: Էլ ավելի տարօրինակ է, որ այդքանից հետո, ամենայն հավանականությամբ, հրավեր կստանա ոչ թե հայ, այլ արտասահմանցի ֆուտբոլիստ: Մեկ բան ակնհայտ է․ «Շիրակում» համարյա երբեք չի եղել «պատահական», պահեստայինների նստարանին մնացող լեգեոներ: Եթե թիմում է, ուրեմն առանցքային խաղացող է: Ուդոն հերթական օրինակն է: Վարդան Բիչախչյանի հետ աշխատելով՝ նույնիսկ կարիերայի վատագույն փուլում գտնվող ֆուտբոլիստն է աճ գրանցում: Ուդոն էլ «Ուրարտուում» ոչ միանշանակ մրցաշրջանից հետո վերադարձավ «Շիրակ» և այնտեղ կրկին իր ուրույն տեղն ունի: Մնում է այդ տեղը վաստակել նաև Հայաստանի գլխավոր թիմում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի