Logo

10 փաստ Սրբուհի Տյուսաբի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Սրբուհի Տյուսաբ

Արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի մասին է մեր այդ հոդվածը: Սրբուհին համարվում է հայ գրականության առաջին կին վիպասանն ու հայկական ֆեմինիզմի հիմնադիրը:

Առանձնացրել ենք 10 փաստ նրա կյանքից և գրական, հասարակական գործունեությունից:

1. Տյուսաբը նրա գրական կեղծանունն է, իրական ազգանունն է Վահանյան:

2. Սրբուհի Տյուսաբը ծնվել է 1841 թվականին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում, հարուստ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, այնուհետև սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական վարժարանում։ Տյուսաբն ակտիվ գործունեություն է վարել կանանց իրավունքները պաշտպանելու գործում:

3. Տիրապետել է ֆրանսերենի, հետաքրքրվել պատմությամբ և բնական գիտություններով:

4. Նրա կյանքում բախտորոշ դեր է խաղացել անվանի բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։ Լինելով Սրբուհու ուսուցիչը, փոխադարձ ռոմանտիկ սիրով կապվելով միմյանց հետ, բանաստեղծը իր սանուհուն համակում է անսահման սիրով դեպի հայրենի լեզուն, տոգորում նրան հայրենասիրական զգացումով։ Նա սովորում է հայերենը, հիանում մայրենի լեզվի գեղեցկությամբ և անգամ գրաբար է սովորում։

Երկեր   Սրբուհի Տյուսաբ.djvu  960x1539 - 10 փաստ Սրբուհի Տյուսաբի մասին

5. Սրբուհու մայրը՝ Նազլը Վահանյանը, Կ․ Պոլսի զարգացած, Հայրենասեր կանանցից էր և ժամանակին աչքի Էր ընկնում հասարակական բարիգործական գործունեությամբ։ Նա Օրթագյուղում բացել է Հռիփսիմյան վարժարանը, որը հսկայական դեր խաղաց հայ աղջիկների կրթության ու դաստիարակության գործում։ Մեծանալով այդ միջավայրում՝ Սրբուհին նույնպես տարվում է հասարակական գործունեությամբ։ Նա զբաղվում Էր մանկավարժությամբ, կատարում էր Հռիփսիմյան վարժարանի վարչության ատենադպրի պաշտոնը, ապա կազմակերպում է «Դպրոցասեր հայուհեաց» ընկերությունը և դառնում նրա ղեկավարը։

6. Գրական գործունեության սկզբում Տյուսաբը գրել է գրաբար ու աշխարհաբար բանաստեղծություններ։ 1880 թվականի «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ, նույն թվականից եղել է «Դպրոցասեր հայուհյաց ընկերության» ընդհանուր ժողովի ատենապետը։ Նրա ստեղծագործական կյանքի հիմքում ընկած են այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են «Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերությունք», «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհին» և այլն. թեմաներ, որոնք, հիմնականում, առնչվում են կնոջ իրավունքների պաշտպանության հետ:

7. 1887 թվականից խրոնիկ գլխացավերի պատճառով Տյուսաբը դադարել է զբաղվել գրականությամբ, փոխարենը նա իր ժամանակը տրամադրում էր հասարակական գործունեությանը։ Հանգանակություններ էր կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, աջակցում էր Գալֆայան որբանոցին, կազմակերպում էր գրական-երաժշտական հանդեսներ և այլն:
новый коллаж 9 960x672 1 - 10 փաստ Սրբուհի Տյուսաբի մասին

8. «Արաքսիա կամ վարժուհին» (1887) վեպով ավարտվում է Տյուսաբի գրական գործունեությունը։ Արդեն հիվանդ՝ նրան վիճակվում է կրելու մի անդարմանելի վիշտ. 1891 թ․ մահանում է նրա տասնութամյա դուստրը։ Դա վերջնականապես փշրում է փխրուն ու զգայուն Տյուսաբի սիրտը և առհավետ մեկուսացնում նրան գրական և նույնիսկ աշխարհիկ կյանքից։ Այսպես նա ապրում է ամբողջ տասը տարի, մինչև, որ 1901 թվականին քաղցկեղը կտրում է նրա կյանքի վերջին մաշված թելը։

9. Սրբուհի Տյուսաբը մահացել է  1901 թվականի հունվարի 3-ին՝ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ Նրա աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։
10. Նրա շիրիմի տապանագրին կարելի է կարդալ. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք ու ափսոսանք»…

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա