Logo

2 կիսապաշտպան ու 1 հարձակվող. ինչ տեսք կունենա «նոր Յուվենտուսը»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Allegri back at juventus feature - 2 կիսապաշտպան ու 1 հարձակվող. ինչ տեսք կունենա «նոր Յուվենտուսը»

Երբեմն այլ արդյունք ստանալու համար կադրային արմատական հեղափոխություն անելու փոխարեն պետք է պարզապես փոխել մոտեցումը կամ այդ կադրերին համակարգողին: «Յուվենտուսը» վերջին 2 տարիներին ակնհայտ խաղային անկում է գրանցել, և արդեն որպես փաստ կարող ենք արձանագրել, որ այլևս Իտալիայի ամենաուժեղ թիմը չէ՝ երկար տարիների դոմինացիայից հետո:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունն ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

«Յուվենտուս»

Այսօր անդրադառնում ենք «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբը Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո այլևս նման չէր ինքն իրեն, որն ուներ խորքային պատճառներ: Առաջին հերթին՝ «Յուվենտուսի» տրանսֆերային քաղաքականությունը չարդարացրեց իրեն: Թուրինցիները 2010-ականների սկզբին իրականացնում էին անվճար, բայց թոփ տրանսֆերներ. Կանավարո, Պիռլո, Պոգբա, Խեդիրա, Դանի Ալվես… այս տրանսֆերները, միանշական, արդարացրին իրենց:

Բայց «Յուվենտուսը» չափից շատ տրվեց «ձրիակերության ազարտին» և մոռացավ թիրախային տրանսֆերներ իրականացնելու իր կարողությունը՝ շեշտը դնելով անվճար լինելու կամ ցածր գներով տրանսֆերներ կատարելու վրա: 2018-ին՝ Էմրե Ջանին, իսկ 2019-ին՝ Ռեմզին ու Ռաբիոյին «Յուվեն» գնեց անվճար, նոր՝ թոփ դարպասապահի վրա Անյելին չի ցանկանում գումար ծախսել՝ հույսը դնելով Շյեսնիի վրա (համաձայնեք, նա լավագույններից չէ իր դիրքում), 2019-ին «Ռեալի» ու «Սիթիի» պահեստային Դանիլոյին փոխանակեց Կանսելուի հետ, որն այս մրցաշրջանում փայլում է։ Խաղադրույք կատարեց Բենտանկուրի, Բերնարդեսկիի ու Կուլուշևսկու վրա… այսպես, զգալիորեն ընկավ կազմի որակը, հետևաբար՝ նաև հավակնություններն ու հնարավորությունները:

«Յուվեն» կատարեց նաև մարզչական բավական վիճելի ընտրություններ, թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին: Մաուրիցիո Սարին իր խաղային հայացքներով ոչ մի ընդհանուր բան չուներ «Յուվենտուսի» փիլիսոփայության հետ: Նա չկարողացավ թիմում ներարկել «սարիբոլ» կոչվածը, իսկ «Յուվեի» ուժեղ կողմը՝ պաշտպանությունը թուլացավ: Իսկ Անդրեա Պիռլոյի օրոք թուրինցիների մրցաշրջանը շատ ավելի վատը ստացվեց. թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից, իսկ Իտալիայում մի կերպ տեղն ապահովեց լավագույն քառյակում:

Adani: Pirlo will be given time at Juventus | Forza Italian Football

«Յուվեում» հասկացան, որ լավագույն որոշումը Մաքս Ալեգրիին զանգահարելն ու հետ կանչելն էր: «Յուվեն» հենց նրա օրոք է իր լավագույն խաղն ու արդյունքները ցույց տվել վերջին տասնամյակում: Իտալացի մասնագետն էլ մեծ սիրով ընդունեց «Յուվեն» կրկին գլխավորելու առաջարկը՝ մերժելով նույնիսկ «Ռեալին»: Մաքսը խոստացել է վերականգնել թիմի կարգավիճակն Իտալիայում ու Եվրոպայում: Բայց, նախ և առաջ, նա պետք է 1-2 նոր համալրում ունենա կազմում, իսկ որոշ խաղացողներ պետք է լքեն թիմը:

Ովքեր են հեռացել

Ջանլուիջի Բուֆոն

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո առաջինը, որ հեռացավ «Յուվենտուսից»՝ Ջանլուիջի Բուֆոնն է: Լեգենդար դարպասապահը նախորդ մրցաշրջանում խաղաժամանակ չէր ստանում, թեև երբեմն ստանում էր շանս: Ջանլուիջին չավարտեց կարիերան, բայց Չեմպիոնների լիգան հաղթելու հույսը վերջնականապես կորցրեց: Նա տեղափոխվեց հարազատ «Պարմա», որտեղ կայուն խաղաժամանակ կունենա ու կավարտի կարիերան:

Джанлуиджи Буффон покидает «Ювентус» по окончанию сезона | Transfermarkt

Ի դեպ՝ «Յուվեն» ցանկանում էր դարպասապահի «հարցը լուծել» այս պատուհանի ընթացքում: Շուկայում Ջանլուիջի Դոնարուման էր. թվում էր՝ ամեն ինչ նպաստում էր նրա ձեռքբերմանը. նա Իտալիայի ամենաուժեղ դարպասապահն է և ուներ ազատ գործակալի կարգավիճակ: Բայց աշխատավարձի հարցով  «Յուվեն» չկարողացավ մրցակցել ՊՍԺ-ի հետ ու հասնել նրանց՝ տարեկան 12 մլն եվրոյին:

Մեդհի Դեմիրալ

«Յուվեից» հեռացավ նաև պաշտպան Մեդհի Դեմիրալը: Թուրք ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Ատալանտայում»: Մեկ տարվա վարձակալության համար Բերգամոն ներկայացնող ակումբը վճարել է 3 մլն եվրո, իսկ հաջորդ տարի կա նաև գնման իրավունք՝ 28 մլն եվրոյով: Դանիելե Ռուգանիի՝ վարձակալությունից վերադառնալուց հետո Դեմիրալը, դժվար թե, խաղաժամանակ ստանար:

Ովքեր կարող են հեռանալ

Աարոն Ռեմսի

«Յուվենտուսը» կարող է լքել Աարոն Ռեմսին: Ուելսցին, որը 2019-ին տեղափոխվեց Թուրին՝ որպես ազատ գործակալ, այդպես էլ չարդարացրեց երկրպագուների սպասելիքները և 2 ոչ տպավորիչ տարի անցկացնելուց հետո, հավանաբար, ուժերը կփորձի այլ թիմում: Ըստ իտալական մամուլի՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», բայց «ռոսոներիները» ցանկանում են նրան վարձակալել, ոչ թե գնել:

Մեր ընտրանին

Ովքեր կարող են գալ

«Յուվեի»՝ հիմնական տրանսֆերային թիրախներն այս մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպաններն են, կամ՝ գոնե մեկը: Հնարավոր է նաև կենտրոնական հարձակվողի համալրում:

Մանուել Լոկատելի

Արդեն շուրջ 2 ամիս թուրինյան ակումբը բանակցում է «Սասուոլոյի» հետ Լոկատելիի տրանսֆերի հարցով, բայց դեռ համաձայնություն չկա: Միակ առաջխաղացումը, որ «գրանցել» է «Յուվեն» այն է, որ մնացել է առանց մրցակից. «Արսենալի» առաջարկները չբավարարեցին «Սասուոլոյի» պահանջները, Լոկատելին էլ ցանկանում է տեղափոխվել միայն «Յուվենտուս»:

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների՝ «Սասուոլոյի» ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է «Յուվեի» փոխնախագահ Պավել Նեդվեդին, ընթացել և ընթանում են բանակցություններ: Ֆուտբոլիստի համար իտալական ակումբը պահանջում է 35-40 մլն: «Յուվեն» ցանկանում է վճարել այդ գումարը մաս-մաս:

Arsenal prepared to pay €40m for Manuel Locatelli amid Juventus hesitance

Լոկատելին, որ դեռ 2016-ին «Միլանի» խոստումնալից ֆուտբոլիստներից էր, տեղափոխվեց «Սասուոլո» և խաղային լուրջ առաջընթաց գրանցեց: Նա դարձավ օգտակար գործողության բարձր գործակցով ֆուտբոլիստ, որն աշխատում է սեփական տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանայինի մատույցներում, բարձրացրեց իր փոխանցում/հարվածների որակը, ինչպես նաև կատարելագործեց խաղը պաշտպանությունում: Իտալիայի հավաքականի կազմում էլ Լոկատելին տպավորիչ ելույթներ ունեցավ: Մի խոսքով՝ նա հենց այն ֆուտբոլիստն է, որ պակասում էր «Յուվեին» վերջին տարիներին:

Պլան Բ. Պոլ Պոգբա

Բնականաբար՝ Պոգբան ոչ թե Լոկատելիի այլընտրանքն է, այլ պարզապես նրա տրանսֆերն է գրեթե անհնար ու երազանքների շարքից. նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50-ից 60 մլն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը՝ նվազագույնը 15 մլն: Պոգբան իր լավագույն ֆուտբոլը խաղացել է Ալեգրիի «Յուվենտուսում» և Թուրինում նրա մասին չեն կարողանում մոռանալ: Պոգբայի ապագան ՄՅՈւ-ում շարունակում է անորոշ մնալ: Ֆրանսիացին դեռ չի երկարաձգում պայմանագիրն ակումբի հետ, որի ժամկետն ավարտվում է 2022-ին: Պոգբային ցանկանում էր գնել նաև ՊՍԺ-ն, բայց փարիզցիները մոռացել են 28-ամյա կիսապաշտպանի մասին և կենտրոնացել են Մեսիի գործարքի վրա:

Միրալեմ Պյանիչ

Մեկ տարի անցավ բավական վիճահարույց փոխանակումից, երբ Միրալեմ Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Արտուրը՝ «Յուվենտուս»: Եթե Արտուրը դեռ ժամանակ ունի իր որակները Թուրինում ցույց տալու համար, ապա Պյանիչի տրանսֆերը լիովին կարելի է ձախողում համարել: Բոսնիացին ոչինչ չտվեց «Բարսելոնային», կորցրեց Կումանի վստահությունը, հրապարակավ մեղադրեց նրան՝ իրեն խաղաժամանակ չտրամադրելու համար, հիմա էլ ճամպրուկները հավաքած սպասում է Թուրին գնացող ինքնաթիռին:

Miralem Pjanic leaves a possible clue about his future

Պյանիչն արդեն առաջիկա օրերին կարող է պաշտոնապես դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Կիսապաշտպանը Ալեգրիի սիրելի խաղացողներից է ու վստահ է, որ Իտալիայում նա կրկին կվայելի ֆուտբոլը: Պյանիչը, հնարավոր է, առաջիկա մեկ կամ երկու մրցաշրջաններում վարձակալությամբ համալրի «Յուվեն»:

Գաբրիել Ժեզուշ

«Յուվեն», հնարավորության դեպքում, կգնի նաև հարձակվող՝ թեև Կրիշտիանու Ռոնալդուն, կարծես, մնալու է թիմում:

Տարբերակներից գլխավորը, որ դիտարկում է թուրինյան ակումբի ղեկավարությունը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշն է: Այստեղ «Յուվեի» առավելությունը Ժեզուշի իրավիճակն է Մանչեսթերում. Պեպի թիմում բրազիլացին առանց այդ էլ հիմնական կազմի ֆուտբոլիստ չէր, իսկ Հարի Քեյնի հավանական տրանսֆերը վերջնականապես կկոտրի նրա՝ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալու բոլոր հույսերը: Բացի դա՝ «Սիթին» վաճառքներ իրականացնելու և եկամուտներ ստանալու կարիք ունի:

Ժեզուշը, մարզական տեսանկյունից, շատ բան կարող է տալ «Յուվեին»: Նա հաստիքային 9 համար է, բայց բարձր տեխնիկայի շնորհիվ հաջողությամբ կարող է խաղալ նաև եզրերում՝ համագործակցելով Կրիշտիանու Ռոնալդուի, Պաոլո Դիբալայի և Ֆեդերիկո Կյեզայի հետ:

Բացի Ժեզուշից, «Յուվենտուսը» այլ տարբերակներ նույնպես դիտարկում է: Մասնավորապես՝ մամուլում շրջանառվում է «Ֆիորենտինայի» երիտասարդ գոլահար Դուշան Վլահովիչի անունը:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա