Logo

3 ժողովուրդների սիրելին. Փարաջանով

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
04 50 - 3 ժողովուրդների սիրելին. Փարաջանով

«Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր». Փարաջանովի այս խոսքերը լավագույնս են բնորոշում նրա վերաբերմունքը կինոյին, որպես արմատներով խիստ ազգային, իսկ պտուղներով՝ համամարդկային երևույթ: Ինքը՝ Փարաջանովը՝ 20-րդ դարի ամենահետաքրքիր դեմքերից մեկը, թվում է՝ կարողանում էր սպունգի պես ներծծել յուրաքանչյուր մշակութային միջավայր, ազգային դիմագիծ, բնութագիր, բավական էր՝ ոտք դնել մի որևէ հողի վրա, ապրել, զգալ:

Փարաջանովը մշակութային ֆենոմեն է. նրան հավասարապես իրենցն են համարում երեք ժողովուրդներ՝ հայերը, ուկրաինացիներն ու վրացիները: Եվ ոչ անհիմն. չէ՞ որ նույնպիսի տաղանդով, զգայականությամբ, առաջին հայացքից՝ անհամատեղելի գույների ներդաշնակությամբ, նկարչի աչքով, ներսից իմացողի աչքով նա վերարտադրել է վերոնշյալ երեք ժողովուրդների խիստ ազգային պատմությունները: Այս կոնտեքստում Փարաջանովի պերսոնան համեմատելի է, երևի թե միայն, Սայաթ-Նովայի հետ, որն իր խոշորագույն հետքն է թողել երեք ժողովուրդների գրականության մեջ՝ դառնալով վերջիններիս հարտության ու անհամաձայնության առիթը:

Ուկրաինական «Մոռացված նախնիների ստվերները»


Гармонія музики й кіно? "Тіні забутих предків" і "Я піду в далекі гори" Івасюка -- Кв. Цісик - YouTube

Երկար տարիներ գուցուլական երկու տոհմ պատերազմում էին: Չարության և վրեժի մթնոլորտում ծնվում է մաքուր ու լուսավոր սեր՝ Իվանի և Մարիչկայի միջև: Իվանը ստիպված է լինում մեկնել արտագնա աշխատանքի, իսկ Մարիչկան խեղդվում է գետում: Իվանին չի հաջողվում մոռանալ սիրելիին և միայն մահվան մահճում կրկին գտնում է իր երջանկությունը:


Աշխարհից կտրված մի փոքրիկ բնակավայր. ոման այստեղ լեզու չեն գտնում իրար հետ, ոմանք էլ՝ ընդհակառակը, չեն կարողանում առանց իրար: Այստեղ կողք կողքի ապրում են անեծքն ու օրհնությունը, ուխտագնացությունն ու տուրքը՝ մութ ուժերին, ներումն ու կուտակված ու դեռ կուտակվող նեղսրտությունն ու ատելությունը. այս ամենի ֆոնին ծիլ է տալիս մաքուր ու սիրուն սերը: Սերը՝ ողբերգական: «Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական պատմությունը Փարաջանովը նկարահանել է 1964 թվականին. կինոն հիմնված է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկու համանուն ստեղծագործության վրա և նվիրված է նրա հարյուրամյակին:

Փարաջանովը կինոսերին տանում է յուրատեսակ ճանապարհորդության, դեպի վիթխարի լեռներ, վայրի տեղեր՝ պարուրված լեգենդներով ու հեքիաթներով: Այստեղ զգացմուքնները մաքուր են՝ լեռնային օդի պես, անսանձ են՝ արագընթաց գետի նամն, բայց այստեղ էլ չորանում են, նույնիսկ, ամենագեղեցիկ ծաղիկները, նույնիսկ՝ Մարիչկան: Իվանը մենակ մնաց այս հիասքանչ, բայց իր համար դատարկված աշխարհում ու այլևս չգիտի՝ ինչ անել, ինչպես անել: Ինչպես ապրել: «Մոռացված նախնիների ստվերները». պատմություն, որը զարմացնում է, ապշեցնում է, հիացնում է: Ինչպես նաև պատմություն, որի հիմքում գուցե կարելի է որսալ նկարչի անձնական դրաման: Կինոնկարի թողարկմանն ու Փարաջանովի մասնագիտական ճանաչմանը նախորդել են անձնական անհաջողությունների տարիներ:

Ամեն ինչ սկսվեց Մոսկվայում. կամ գուցե ավելի վաղ էր սկսվել, երբ Փարաջանովը հրաժարվեց շարունակել թիֆլիսեցի հնավաճառ հոր գործն ու հետագա փնտրտուքները նրան տարան Մոսկվա, մասնավորապես՝ Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։

Այստեղ էլ պատահեց առաջին սերը՝ թաթարուհին Նիգյարը: Հանրախանութում պատահական հանդիպում՝ ճակատագրական, սեր, ամուսնություն՝ անթույլատրելի: Նիգյարի ծնողները մեծ փրկագին են պահանջում իրենց աղջկա համար. թաթարական ավանդույթ էր: Փարաջանովը հարուստ չէր, փող տալ չէր կարող: Սակայն գուցե հա՞յրը օգներ: Նա հորն աղերսալի նամակ գրեց և փող խնդրեց: Սակայն Իոսիֆի համար սա հայրական վիրավորված ինքնասիրության վրեժը լուծելու առիթ էր՝ վերջապես: Նա մերժեց. հայրական ավանդույթ էր: Թող որդին չհրաժարվեր ընտանեկան ավանդական գործից և փող ուներար, թող հոր մասնագիտությունը շարունակեր և ինքը կօգներ Թաթարները փրկագնի բացակայությունը ներել չկարողացան: Նիգյարի եղբայրներն իրենց քրոջը Փարաջանովի հետ այդպես երջանիկ տեսնել չէին ուզում. ավելի լավ է՝ սպանեն սեփական քրոջը. նրանք Նիգյարին գնացքի տակ նետեցին և խնդիրը փակվեց: Վերջ:

Մոսկվայից Փարաջանովը մեկնեց Կիև.  Սվետլանա Շչերբատյուկ, ամուսնություն, որդի՝ Սուրենը, որը  այնքան նման էր ուկրաինուհի մորը, և այնքան նման չէր հայ հորը: Կարծես բոլորը երջանիկ էին, բայց… Փարաջանովի՝ օրեցօր ավելի սուր արտահայտվող տարօրինակությունները տանջում էին ուկրաինուհի կնոջը: Սերգեյի ուտելիքը, օրինակ, պետք է հատուկ դասավորություն ունենար ափսեի մեջ, սեղանի բաժակը՝ նույնպես, նա կարող էր միանգամից 50 մարդ տուն հրավիրել, խնջույքներ կազմակերպել օրուգիշեր, թանկ նվերներ գնել հյուրերի համար, ապա ետ վերցնել… Մի խոսքով դիմանալը դժվար էր, Սվետլանան վերցնում է որդուն և հեռանում 1961 թվականին:

Հենց այս անձնական անհաջողություններին հաջորդեց ռեժիսորի առաջին մեծ կինոհաջողությունը՝ «Մոռացված նախնիների ստվերները»:

Հայկական «Նռան գույնը»


Սերգեյ Փարաջանով — Նռան գույնը (Цвет граната, The colour of pomegranates) | Կինոմանիա

Մանրանկարներից բաղկացած ֆիլմը ներկայացնում է միջնադարի հայ պոետ Սայաթ-Նովայի հոգևոր ներաշխարհը, նրա սիրո պատմությունը, վերաբերմունքը հավատքին, աշխարհիկ կյանքին, ժողովրդին:


Փարաջանովի հայկական կինոն՝ սիմվոլիկ, գունեղ, ծիսական, խորհրդավոր: Ինչպես և բնորոշ է Փարաջանովին: Նրա կինոաշխարհում ծես են դառնում ամենահասարակ, ամենակենցաղային գործողությունները: Հայը գորգ է լվանում, բրդյա մանվածքներ է ներկում, եկեղեցականները նուռ են ուտում, գիրք է չորացնում քամին. պատկերնեն այնպիսին են, որ բավարար է մի արտահայտություն ու հստակ կադրը հայտնվում է կինոսերի մտապատկերում: Կինո-նկար: Կինո-կոլաժ: Բայց նաև կինո-պատմություն՝ աշուղ Սայաթ-Նովայի հոգու ճանապարհորդության, կյանքի ու յուրատեսակ կռվի, սիրո ու ապրումի, երգի ու հավատքի մասին:

Գորգեր ու գրքեր, եկեղեցի, ժանյակներ, ձկներ ու ձիերը, սափորներ ու սկուտեղներ, նուռ՝  կարմիր, սև, սպիտակ. «Նռան գույնը» մանրուքներում է. այս կինոն առարկայական է այնքան, որքան սեր ուներ ամեն տեսակ հին ու նոր իրերի հանդեպ հնավաճառի որդի Փարաջանովը, բայց ինչե՜ր են թաքնված այդ առարկայաշատ տեսարաններում: Փարաջանովը մեծ սիմվոլիստ էր, որի իրականության մեջ միշտ փոխաբերություն կար, այլաբանություն կար:

«Նռան գույնը» երևան չէր գա, եթե Փարաջանովը չորոշեր գալ Երևան: Պատճառը՝ Կիևում այլևս նրան չէին թողնում ազատ աշխատել: Այստեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնի» նկարահանումները:

Նկարահանումները մեծ մասամբ կատարվել են Սանահինում և Հաղպատում։ Փարաջանովի անսակարկելի տաղանդին ծանոթ ստեղծագործական խումբը, նույնիսկ,  նկարահանումների ընթացքում ամբողջապե սչէր գիտակցում, թե ինչ է ուզում ռեժիսորը, ոչ ոք չգիտեր՝ ինչ է ստացվելու վերջնարդյունքում: Սակայն բոլորը պարզապես անում էին այն, ինչ ասում էր ռեժիսորը՝ Փարաջանովը՝ ինտուտիտիվ մակարդակում զգալով որ նա առնվազն գլուխգործոցն է ստեղծելու: Ինքը՝ Փարաջանովը երկար է նախապատրաստվել ֆիլմի նկարահանումներին, բացի գլխավոր դերակատարներից, փնտրել է նաև զանգվածային  տեսարանների դերասանների, ընդ որում, փնտրել է ոչ թե թատրոններում կամ կինոստուդիաներում, այլ՝ հասարակ մարդկանց մեջ, փնտրել է՝ որտեղ պատահի։ Նրա համար կարևորն այն էր, որ կերպարը կոկիկ տեղավորվի այդ անհարմար ու միստիկ պատումում:

Պետկինոյի ղեկավարները «Նռան գույնը» բնականաբար չհանավեցին. դա ի՞նչ է, ֆի՞լմ: Ֆիլմը ցուցադրվելու իրավունք ստացավ միայն 4 տարի անց՝ 1973-ին։ Փարաջանովին պարտադրեցին մոնտաժել ֆիլմը: Նա մերժեց: Դու մերժում ես, ուրիշը կանի՝ ասացին: «Նռան գույնը» մոնտաժեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը: Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել և որը գտնվում է Հայֆիլմի արխիվում և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի: Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս, որից հետո հանվեց. տարօրինակ և վտանգավոր ֆիլմ: Ավելի լավ է՝ չցուցադրվի առհասարակ:

Վրացական «Սուրամի ամրոցի մասին լեգենդը»


Легенда о Сурамской крепости (1984) смотреть онлайн в хорошем HD качестве, кадры из фильма, актеры - Кино Mail.ru

Ֆիլմը վրացական լեգենդի էկրանավորումն է, որը պատմում է վրաց ժողովրդի հայրենասիրության և հանուն հայրենիքի անձնազոհ լինելու մասին:


«Նվիրվում է վրացի զինվորների հիշատակին, ովքեր բոլոր ժամանակներում իրենց կյանքը նվիրել են հայրենիքի ազատությանը: Ամրոցի պատին «ողջ-ողջ զմրսված» երիտասարդի մասին առասպելը ոգեշնչել է գրողներ Չոնգաձեին, Լորդկիպանիձեին, Սուլիաշվիլիին: Մենք էլ գնացինք նրանց հետքերով». ասվում է ֆիլմի սկզբում, ասում է Փարաջանովը: Նկարչի վրացական ֆիլմի հիմքում է ազգային լի լեգենդ. պաշտպանելու համար երկիրը օտարների հարձակումներից՝ վրաց ժողովուրդը մի կուռ ամրոց է կառուցում, բայց ամեն անգամ, երբ պատը հասնում էր տանիքի մակարդակին, այն փլվում է:

«Պատկը կանգուն կմնա, եթե նրա հիմքերում զմրսվի ամենաչքանղ պատանին»,-ասում է գուշակը: Եվ այո՛, գտնվում է այդպիսին, մի երիտասարդ, որը պատրաստ էր անձնազոհության՝ հանուն հայրենիքի: Նրա շնորհիվ էլ ամրոցը կանգնեց, կանգուն մնաց ու այլևս ոչինչ և ոչ ոք իզորու չեղավ այն կործանել:

Թիֆլիսեցի, թիֆլիսասեր Փարաջանովը չէր կարող չզգալ նաև վրացական պատումի առանձնահատկությունները: Նա պատկերեց մի ամբողջ ժողովրդի առանձնահատկությունը՝ մի խորհրդավոր լեգենդի լեզվով: «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմին ծանր ժամանակներ էին նախորդել. Փարաջանովին իշխանությունները տեղից էլ չէին սիրում, բայց երբ մի օր դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում նա կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամներ փորձում են իրեն դուր գալ, սա արդեն լուրջ ձերբակալության առիթ էր:  1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Ռեժիսորի սիրտը հիվանդ էր, շաքարախտ ուներ, արյուն էր թքում։ Նա բանտում հավաքարար էր աշխատում… բայց և ստեղծագործում էր՝ մեծ կրքով:

Ավելի ուշ, արդեն ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, բայց նա մոտ 20 սցենար էր գրել: Հուսալքված հանճարը անգործ նստել չէր կարող, դա մահվանից վատ էր: Ներսում փոթորիկներ էինք, հանճարեղ ու կոնծանարար-ստեղծող փոթորիկներ, որոնք հանդարտվել կարող էին միայն դուրս գալու, ինչ-որ բան դառնալու միջոցով: Այս ամենի ֆոնին էլ Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինո. ծնվեց «Սուրամի ամրոցի լեգենդը»: Այն ունեցավ սահմանափակ ցուցադրություններ հայրենիքում, բայց մեծ հաջողություններ՝ արտերկրում, ինչպես և մեծ ստեղծագործողի շատ այլ գործեր:

 

1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան: 3 օր անց մահացավ։ Ապրեց՝ երեք ժողովուրդների սրտերում: 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա