Logo

4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
messi fekir - 4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Վերջ։ Finita la comedia: Պատմությունն ավարտված է։ Վարագույր։ Լիոնել Մեսին հեռացավ «Բարսելոնայից»։ Ավելի ճիշտ՝ նա չվերադարձավ արձակուրդից, ինչպես ակտուալ է մեր շրջապատում ու մեր իրականության մեջ․ երբ մեկն ուզում է դուրս գալ գործից, գնում է արձակուրդ ու չի վերադռանում։ Սակայն եթե որևէ մեկի՝ աշխատանքից դուրս գալուց առանձնապես աղետ չի լինում, Մեսիի հեռանալը «Բարսելոնայից» կարող է կարող է դառնալ դարակազմիկ ու լրջորեն փոխել ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքը։

Բայց հիմա դրա մասին խորհելու ժամանակ Կատալոնիայում չունեն։ Կա լուրջ խնդիր. մրցաշրջանը ուր որ է կսկսվի, և Լեոյին մի կերպ փոխարինել է պետք։ Անհրաժեշտ է գիտակցել, որ «Մեսիին փոխարինել» եզրույթը ծիծաղելի է հնչում, անխոս, բայց փաստը մնում է փաստ. լեգենդը ‍հեռացավ, ու ‍դա հիանալի հնարավորություն է թիմի համար «գորբաչովյան պերեստրոյկա» անելու համար։

Վերջին տարիների «Բարսելոնան» մի մարդու թատրոն էր. ղեկավարությունը, թիմակիցների ընտրությունը, մարզիչների նշանակումը և մնացածն արվում էր հանուն Լեոյի։ Նախագահներն անում էին ամեն բան Մեսիին համապատասխան ու դուրեկան սիստեմ մշակելու համար, և հիմա Լապորտան ունի հնարավորություն ակումբը նոր ուղի հանելու համար։ Այո՛, բարդ է լինելու, բայց հիմա հենց նախագահից ու նրա կատարած տրանսֆերից է կախված այս մրցաշրջանի ելքը։

Մրցաշրջանը ֆիասկոյի չենթարկելու համար պետք է շուկայում գտնել մեկին, որը քիչ թե շատ տիրապետում է Լեոյի զինանոցի գոնե կեսին։ 21/22 մրցաշրջանը սկսվում է մոտ 2 շաբաթից, լիարժեք փոխարինողի հարցով պետք է մտածել հաջորդ տարի։ Հիմա պարզապես պետք է ժամանակավոր տարբերակ։ Նորեկի զինանոցում պետք է լինի

  • դրիբլինգ. հսկայական ծավալի աշխատանք
  • արդյունավետություն. նորեկը պետք է անհրաժեշտ պահին լուծի դրվագի ելքը
  • Լա լիգայում խաղալու փորձ՝ ադապտացման հետագա խնդիրներից խուսափելու համար

Հասկանալի է, որ հիմա խոսքը չի գնում Նեյմարի կարգի ֆուտբոլիստի «վերբովկա» անելու մասին։ Ստորև կազմել ենք հավանական ցանկ, որից հանգիստ կարելի է ընտրել մեկին, բերել թիմ ու նվազագույնի հասցնել այլմոլորակայինի բացակայությունը։ 

Նաբիլ Ֆեկիր 

«Ես ու Մեսին նման ենք արտիստների կամ դերասանների։ Մենք երկրպագուներին առաջարկում ենք զվարճանք, հանգստանալու հնարավորություն։ Երկուսս էլ ունենք գրեթե նույն խաղաոճը։ Այո՛, գուցե ես նրանից մի փոքր վատն եմ, հետո ի՞նչ։ Մեզնից հասնում է շոու կազմակերպել, մենք անում ենք դա»,- ‍2020 թվականի մայիսին ասել է Ֆեկիրը։ Այնպես չէ, որ սխալվել է, եթե չասենք ավելին։ Բայց կասենք ոչ թե մենք, այլ վիճակագրությունը։

«Բետիստում» անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում Ֆեկիրը միջինում 3,92 սրող փոխանցում է կատարել ու 4,74 հարված կատարել դարպասին՝ 90 րոպեի կտրվածքով։ Լա լիգայում այդ ցուցանիշով ֆրանսիացի ֆուտբոլիստը զիջել է միայն մեկին (գուշակեք 3 անգամից՝ ում)։ Ինչպես և Լեոն, Ֆեկիրն իր թիմում ազատված է որոշակի պարտականություններից, երբեմբ ինքը չի հարվածում, այլ հարվածային պահ է ստեղծում թիմակիցների համար, գնում դրիբլինգի, իրացնում ստանդարտներն ու գնում իր հանդեպ խախտման։

2 տարի առաջ բոլորը զարմացան, որ «Լիոնի» առաջատարը տեղափոխվեց «Բետիս», երբ նրան գրկաբաց սպասում էին, օրինակ, «Լիվերպուլում»։ Հիմա կա իդեալական հնարավորություն բոլորին ապացուցելու, որ Ֆեկիրը կարող է խաղալ թոփ ակումբում։

Խանգարող հանգամանք. Ֆեկիրի ծունկն անկանխատեսելի է և կարող է ամեն պահի տհաճ անակնկալ մատուցել։

Fekir 960x540 - 4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Ժերար Մորենո 

Մորենոն ֆանտաստիկ «Վիլյառեալի» անվիճելի առաջատարն է։ 2020/2021 մրցաշրջանում «դեղին սուզանավը» փայլուն ֆուտբոլ ցույց տվեց, սակայն եվրոպական արշավը չէր ավարտվի գավաթով, եթե թիմում չլիներ Ժերար Մորենոն։ 2019 թվականից իսպանացի հարձակվողը 50 գնդակ է խփել «Վիլյառեալի» կազմում։ Հաղթական մրցաշրջանում նրա գոլերին ավելացան նաև դրիբլինգային հրաշալի ցուցանիշները։

Ավարտված խաղաշրջանում Մորենոն 90 րոպեում կատարում էր 2,97 հարված։ Այո, ցուցանիշը զիջում է նույն Ֆեկիրին, սակայն գոլերի քանակին ուշադրություն դարձրեք. 23 գնդակ Լա Լիգայում՝ վատ ցուցանիշ չէ։ Լեո Մեսին «Բարսելոնայում» կատարում էր հսկայական ծավալի աշխատանք ու տարբեր գործառույթներ, բայց վերջին տարիներին էական էր նրա արդյունավետությունը։

«Վիլյառեալի» գոլահարը հանգիստ կարող է փակել Մեսիի բացը, քանի որ բազմաֆունկցիոնալ է։ Իսպանիայի հավաքականում Մորենոն խաղում էր և՛ եզրում, և՛ կրակագծում՝ որպես երկրորդ հարձակվող։ Հենց այս մոբիլությունը կարող է ստիպել Լապորտային ու այլ պարոններին ընտրությունը կատարել հենց Մորենոյի օգտին։

Խանգարող հանգամանք. Մորենոն արդեն 30 տարեկան է ու գործնականում որևէ թոփ ակումբում երբեք չի խաղացել։ Ֆեկիրը գոնե Չեմպիոնների լիգայում հասցրել է «բոմբել», աշխարհի չեմպիոն է, իսկ Մորենոն, գուցե, «Բարսայի» մակարդակին չձգի։

Moreno 960x640 - 4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Գոնսալո Գեդեշ 

«Բարսելոնան» գրեթե միշտ խաղում է առաջին համարով, սիրում է գնդակով խաղալ։ Անհրաժեշտ է գտնել դրա հակախաղն ու ստանալ տարածություն։ Երբեմն դա ստացվում է, բայց ամեն անգամ ինչ-որ տեղից հայտնվում է Մեսին ու լուծում է դրվագի ու ամբողջ խաղի ելքը», – «Բարսայից» կրած հերթական պարտությունից հետո հայտարարել է «Վալենսիայի» ֆուտբոլիստ Գոնսալո Գեդեշը։ Պորտուգալացին դժվար թե կարողանա գոնե կիսով չափ փոխարինել Լեոյին, բայց իր զինանոցն ամենահարուստն է, խաղաոճն էլ՝ ամենանմանը։

Գեդեշն արդեն 4 տարի է՝ «Վալենսիայում» է, ու այս ընթացքում միջինում 3+ հաջող դրիբլինգ է անում 90 րոպեի ընթացքում։ Զարմանալի է, բայց նույնիսկ ոչ ստաբիլ «Վալենսիայում» Գեդեշի այդ խաղային կոմպոնենտի արդյունավետությունը չի նվազել 60%-ից ներքև։ Բացի դրանից, Գեդեշը 4 տարի ստաբիլ ամեն խաղում 3+ հարված է կատարել, ինչը գրեթե մոտ է Ֆեկիրի ու Մեսիի մակարդակին։ Այո, Գեդեշը 5 գոլից ավելին մի մրցաշրջանում չի խփել այս ընթացքում, բայց նրանից դա չէր էլ ակնկալվում։

Գեդեշի պայմանագիրը «չղջիկների» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ «Վալենսիան» ունի գրեթե նույն ֆինանսական խնդիրները, ինչ «Բարսան», պարզապես մի քանի 0 պակաս թվերի մասին է խոսքը։ Աշխատավարձերի վճարման խնդիր կա, և դա կարող է Գեդեշին ստիպել փախչել ոչ պակաս «սկած» վիճակում գտնվող ավելի հարուստ, բայց ապագայի հույս ունեցող «Բարսա»։

Խանգարող հանգամանք. Գոնսալո Գեդեշն այս ընթացքում դուրս է մնացել բարձրակարգ ֆուտբոլից, չի հրավիրվում նույնիսկ հավաքական, չնայած որ դեռ երիտասարդ է։ Ի տրաբերություն Ֆեկիրի ու Մորենոյի՝ Գեդեշը միջազգային կամ ակումբային մեծ խաղերի փորձ գրեթե չունի։

Guedes - 4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Չիրո Իմոբիլե

 2019/2020 մրցաշրջանում Չիրոն հանդգնեց ոտք մեկնել սարսափելի Կրիշի ու Լեոյի հետ ու հասավ հաջողության։ Այդ տարի Եվրոպայում նրանից արդյունավետ ֆուտբոլիստ չգտնվեց, ու երկար տարիներ անց «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը հասավ ոչ թե Մեսիին ու CR7-ին, այլ պարզապես հասարակ մահկանացուի։ Հիմա փորձենք պատկերացնել Չիրոյին այս՝ առանց Մեսիի «Բարսայում»։

Բոլորին թվում է, որ Իմոբիլեն իսկական կենտրոնական հարձակվող է, սակայն իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։ Այո, առանց գնդակի պրեսինգի ժամանակ նա միայնակ գայլի նման թափառում է մրցակիցների թիկունքում, բայց հենց իր թիմն անցնում է գրոհի կամ հակագրոհի, նա անմիջապես դուրս է գալիս տուգանայինից, գնդակ է խնդրում ու թիմակիցներին «կերակրում» ուժեղ փոխանցումներով։ 3,61 դիպուկ հարված ու 1,79 սրող փոխանցում 90 րոպեի ընթացքում. գանձ, ոչ թե հարձակվող։

«Բարսայի» ու Կումանի գաղափարը՝ առանց մաքուր հարձակվողի խաղը, իդեալական է իտալացի հարձակվողի համար։ Հասկանալի է, որ 36 գոլ «կեղծ 9 համարով» խաղալով խփելն անհնար է, բայց այդ ունիվերսալիզմը հենց նրան դարձնում է իդեալական թեկնածու՝ Մեսիի դիրքը փակելու համար։

Խանգարող հանգամանք. Չիրոյի պարագայում դրանք (այո, նույնիսկ երկուսն են մեկի փոխարեն) ավելի քան ծանրակշիռ են. նախ նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ գործում է մինչև 2025 թվականը։ Հետո էլ հիշում ենք՝ ինչպես է ձախողվել Իմոբիլեն Իտալիայից դուրս։ Ռիսկ կլինի նրան գնելը, բայց ով ռիսկի չի գնում…մնացածը գիտեք։

Immobile - 4+1. Մեսիին փոխարինելու հավանական սցենարները

Ներակումբային ռեսուրս 

Անտուան Գրիզման, Ուսման Դեմբելե, Ֆրենկի դե Յոնգ, Ֆելիպե Կոուտինյո, Անսու Ֆատի, Մեմֆիս Դեպայ – այսպիսի ներուժ ունեցող թիմին նոր հարձակվողն ինչի՞ն է պետք։ Տրամաբանական հարց, որը հիմա տալիս է «Բարսելոնայի» յուրաքանչյուր երկրպագու։ Նույնիսկ եթե չլինեին ֆինանսական խնդիրները, կատալոնյան գրանդը հանգիստ կարող էր դուրս չգալ տրանսֆերային «շոփինգի» ու «յոլա գնալ» սեփական ռեսուրսով։

Վերը նշած ֆուտբոլիստների ցանկը դեռ ամբողջական չէ. Կումանն իր տրամադրության տակ ունի այլ տարբերակներ հարձակման գիծն ուժեղացնելու համար, իսկ եթե Տեբասը թույլ տա հայտավորել նաև Ագուերոյին, էլ ի՞նչ խնդիր կա. մնում է կառուցել ճիշտ սխեմա, ընտրել հարմար խաղաոճ ու վերջ, կարելի է գնալ լոկալ ոսկու հետևից։ Այո, գուցե ՉԼ-ում չստացվի, բայց նույնիսկ Լա լիգայում ձախողվելու դեպքում Կումանին ոչ ոք ոչինչ չի կարող ասել, քանի որ հիմա անցումային շրջան է, մանավանդ երբ թիմը կորցրեց Մեսիին։

Այո, կարող ենք ու պետք է կրկնենք ամեն վայրկյան. Մեսիին ու Ռոնալդուին փոխարինելն անհնար է։ Բայց «Ռեալի» ու «Բարսելոնայի» տարբերությունն այս պարագայում ակնհայտ է. 2018-ին «Ռեալը» վաճառեց Ռոնալդուին, փոխարնը գնեց Մարիանո Դիասին ու հույսը կապեց միայն Բենզեմայի հետ, դրա համար էլ Լոպետեգին 3 ամիս էլ չձգեց։ «Բարսայում» Լեոյից զատ «թույն» ֆուտբոլիստներ կան, որոնք կփորձեն ցույց տալ աշխարհին՝ առանց Մեսիի էլ նրանք կարող են արդյունք ապահովել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա