HBO-ի նոր աղմկահարույց «Չեռնոբիլ» նախագիծը, որը պատմում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին, բուռն քննարկումների և դժգոհությունների ալիք է բարձրացրել: Դժգոհ մնալով դեպքերի այս տեսակ մեկնաբանությամբ, ռուսները Մինսկում սկսել են վթարի իրենց տարբերակի նկարահանումների աշխատանքները: Մշակույթի նախարարությունը նկարահանումների համար հատկացրել է 460 000 դոլար, ինչն այս տեսակ մասշտաբային նախագծի համար այնքան էլ շատ չէ, այնպես չէ՞:
Մինչ նախագիծը պատրաստ կլինի, և մենք այն գնահատելու հնարավորություն կունենանք, ձեզ ենք ներկայացնում մի քանի ֆիլմ, որոնք պատմում են Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին:
Ավրորա/Аврора, 2006
ռեժ.՝Օկսանա Բայրակ
դերերում՝ Դմիտրի Խառատյան, Էրիկ Ռոբերտս ևն
1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա: Մանկատներում ծնողների կողմից լքված հազարավոր երեխաներ են ապրում և երազում լավ ապագայի մասին: Ավրորան նրանցից մեկն է. նրա երազանքն է դառնալ բալետի պարուհի: Օր ու գիշեր աղջնակը պարում է, քանի որ պարից կարևոր բան չկա նրա կյանքում:
Տեղի է ունենում Չեռնոբիլի ատոմակայանի չարաբաստիկ վթարը, որն անդրադառնում է նաև երազկոտ աղջկա վրա, և այժմ նրա միակ փրկությունը թանկարժեք վիրահատությունն է, որը կարող են իրականացնել միայն ամերիկացի բժիշկները:
ԱՄՆ-ում նա հանդիպում է իր կուռքին՝ Նիք Աստախովին, որը խորը դեպրեսիայի մեջ է, բայց Ավրորան նրան կյանքի է վերադարձնում: Տղամարդուն ոգեշնչում է օր օրի նրա աչքի առաջ ինչպես գեղեցիկ ծաղիկը թոշնող աղջնակը, որը չի դադարում երազել պարուհի դառնալու մասին:
Ավրորան մեկընդմիշտ փոխում է Նիքի՝ կյանքի և ապագայի մասին պատկերացումները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Շաբաթ օրը/В субботу, 2011
ռեժ.՝Ալեքսանդր Մինդաձե
դերերում՝ Անտոն Շագին, Ստանիսլավ Ռյադինսկիյ ևն
1986 թ. ապրիլի 26, շաբաթ օր: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում աղետից հետո, առաջին 24 ժամվա ընթացքում: Ոմանց համար կյանքը դադարել է գոյություն ունենալ, իսկ ոմանք էլ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել:
Անտեղյակները շարունակում են ապրել, ժպտալ, սիրահարվել, ուրախանալ և փառաբանել նոր օրը: Աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները, և իրենց սիրելիների հետ գնում վայելելու շաբաթ երեկոն:
Գլխավոր հերոսը պատահաբար է իմանում աղետի մասին, և այժմ նա կանգնած է լուրջ ընտրության առաջ ՝ փրկել մարդկանց կյանքը, թե՞ լռել և կատարել «վերևից» տրված հրահանգը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Մոռացության երկիր/ Земля забвения, 2011
ռեժ.՝Միխալ Բոգանիմ
դերերում՝ Օլգա Կուրիլենկո, Իլյա Իոսիֆով ևն
Երիտասարդ և գեղեցիկ, այնքա՜ն գեղեցիկ՝ այսպիսին է անկրկնելի Օլգա Կուրիլենկոյի հերոսուհին: Կյանքը դադարում է գոյություն ունենալ մեկ ակնթարթում, երազանքները հօդս են ցնդում, ապագան փոխակերպվում է իսկական մղձավանջի…
Սիրելի մարդկանց կորուստը, անդարձ «գնացած» երիտասարդությունը, հիվանդությունները, որ կլանում են մարմինդ, ցավը, սարսափը, որին աչքերդ սովորում են, տագնապը, որը դառնում է հավատարիմ ընկերդ՝ այս ամենին է բախվում գլխավոր հերոսուհին և կյանքը դառնում է անտանելի…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Թիթեռներ/Мотыльки, 2013
ռեժ.՝ Վիտալի Վորոբյով
դերերում՝ Յուրի Բորիսով ևն
Երիտասարդներ Ալյայի և Պաշայի սիրո պատմությունը զարգանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ֆոնին:
Սարսափելի հանգամանքների բերումով այս երկուսը հանդիպում են և սիրահարվում, բայց աղետն անգութ է, շա՜տ անգութ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Չեռնոբիլ/Chernobyl, 2019
ռեժ.՝Յոհան Ռենք
դերերում՝ Սթելան Սկարսգարդ, Էմիլի Ուոթսոն, Ջարեդ Հարիս ևն
Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» մինի-սերիալը վերջին ժամանակների ամենաաղմկահարույց նախագծերից մեկն է: Վերջինս գլխավորում է IMDb կայքի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը՝ ստվերում թողնելով “Game of Thrones” և “Breaking Bad” հեռուստասերիալները:
Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները:
Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր…
1988 թ. Վալերի Լեգասովն անմահացնում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք և թաքցնելով, իսկ այնուհետև՝ ինքնասպան լինում իր տանը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
տես նաև՝ «Չեռնոբիլն» ասում է…