
Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երգիչ, նախկին «Խնձորի սոկ» խմբի մենակատար Էմ Կալմուխյանը:
1. Գոդոյին սպասելիս
հեղ.՝ Սեմյուել Բեքեթ
Դրամատիկական այս ստեղծագործության գլխավոր հերոսները օտարացած ու անհյուրընկալ աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին: Անտուն, սովի մատնված ու կործանման եզրին հայտնված այս մարդկանց համար Գոդոն կենսական նշանակություն ունի, հավատի ուժ է, առանց որի նրանք չեն կարող շարունակել ապրել:
2. Օտարը
հեղ.՝ Ալբեր Քամյու
Քամյուի այս նովելն աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Գիրքը պատմում է Արթուր Մերսոյի մասին, որի կյանքը փոխվում է մոր մահից հետո: Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո, նա հասկանում է, որ իր կյանքն անիմաստ է: Նա չի հավատում Աստծուն, լաց չի լինում մոր մահվան ժամանակ, անգամ չի մտածում ամուսնության մասին և նույնիսկ մարդ է սպանում… իր կարծիքով նա մահվան է արժանի և հենց դա էլ պետք է ստանա որպես դատավճիռ:
3. Խատուտիկի գինի
հեղ.՝ Ռեյ Բրեդբերի
Ի տարբերություն հեղինակի մյուս գործերի այս պատմությունը ինքնակենսագրական է, քանի որ դրա հիմքում Բրեդբերիի մտորումներն ու հույզերն են:
Իրադարձությունները մեծ տեղափոխում են 1928 թ. Իլինոյս նահանգի մտացածին Գրին Թաուն, որի նախատիպը Բրեդբերիի հարազատ Ուոկիգան քաղաքն է: Գլխավոր հերոսները 12-ամյա Դուգլաս և 10-ամյա Թոմ Սփոլդինգներն են:
Տղաների պապիկն ամեն ամառ խատուտիկից գինի է պատրաստում և ամեն ամառ Դուգլասը խորասուզվում է իր սեփական աշխարհ կորցնելով իրականության հետ կապը: Դուգլասի համար չկա ավելի հետաքրքիր բան, քան գինու պատրաստման գործընթացին հետևելն է: Նա վստահ է, որ գինին իր մեջ է պահելու այն ժամանակահատվածի իրադարձությունները, երբ այն պատրաստվել է, և քանի դեռ այն շշում է, այդ հիշողությունները կապրեն:
Խատուտիկից պատրաստված գինին ամառն է, որը բռնել և փակել են շշի մեջ…
4. Բիպլան
հեղ.՝ Ռիչարդ Բախ
Հուզիչ և հմուտ գրված գիրք: Ռիչարդ Բախը համոզվելու համար, որ ժամանակը ոչ մի անսահմանություն ցույց տվող սլաք չէ՝ մեկնեց հուզիչ ճանապարհորդության: «Բիպլանը» այս թռիչքի պատմությունն է, որն իրականացվել է միայնակ՝ ինքնաթիռում և երկնքում, թռիչք, որը օդաչուի համար դարձավ որոնում-ճանապարհորդություն՝ տանելով առօրյայի սահմաններից այն կողմ:
5. Ամերիկյան Ողբերգություն
հեղ.՝ Թեոդոր Դրայզեր
Այս վեպը համարվում է 20-րդ դարի լավագույն արձակ ստեղծագործություններից մեկը։
Գլխավոր հերոսը՝ Քլայդը, ընկերների հետ մեքենայով մի աղջկա վրաերթի է ենթարկում։ Հետապնդումից խուսափելու համար նրանք փախչում են, սակայն ընկերներից մեկը՝ Սպարսերը բռնվում է: Հաջորդ օրը թերթերը հայտնում են վթարի մասին: Աղջիկը մահացել է, իսկ կալանավորված Սպարսերը տվել է իր ընկերների անունները: Խուսափելու համար ձերբակալումից՝ Քլայդը հենց նույն օրը ապրանքատար գնացքով հեռանում է քաղաքից…