Logo

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է. հայ ժամանակակից պոետներ, որոնց պետք է ճանաչել

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 21.03.2022Հեղինակներ
null

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է, ձեզ ենք ներկայացնում ժամանակակից սերնդի պոետների ամենասիրուն ստեղծագործություններից՝ 

Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանը մոտ 20 վավերագրական կինոնկարի, երկու բանաստեղծական գրքի և մեկ արձակ ժողովածուի հեղինակ է։ Նրա բանաստեղծությունների մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, ալբաներեն, վրացերեն, ռումիներեն և կատալոներեն։

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ

Ես կարող էի,
ես
լինել առաջինը
վազքի մրցույթում,
բայց ո՞ւր պիտի վազեի
այդքան հեռու
եւ ինչքա՞ն ծանր պիտի լիներ
բաժանումը:

Ես կարող էի,
ես
լինել միակը

(ոչ անկրկնելին)
լինել միակը
հազարի մեջ,
տասը հազարի մեջ,
միլիոնի մեջ
միակը,
բայց ո՞նց պիտի թաքնվեի
մարդկանց եւ հատկապես
Աստծո աչքից:

Կասեին` ո՞վ է սա,
«Նա՞ է, նա՞ չէ»,
կասկածալի կմտմտային,
ու ես չէի իմանա`
ինչ ասել եւ ինչ անել
այդ դեպքում:

Իսկ հիմա
ցանկացած կարգի
ցանկացած բոսս
կարող է ասել
«անփոխարինելի մարդ չկա»
եւ ես ստիպված կլինեմ
նորից ըսկսել վազքը-
մեկնարկից:

Հասմիկ Սիմոնյան 

Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, ինչպես նաև` «Գրանիշ» և «Հետք» ինտերնետային կայքերում:

քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի

ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի

դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար

ու ես գնացի
փնտրելու իմպեսներին

բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, ամնարդկային կրքոտ

ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստծված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն

քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում

գիրք իմ որ իմը չես

դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան

ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու

գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն

 Հուսիկ Արա

Բանաստեղծությունների առաջին գիրքը «Մարդու որդիներն» էին, երկրորդը` «Լուսանցքի մարդիկ», բանաստեղծություների երրորդ գիրքը` «Սևագրություններ»-ը, որի համար 2005 թվականին արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին:

2010 թվականին տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միությունը շնորհել է «Միքայել Նալբանդյանի» անվան մրցանակ: 2011 թվականին «Միայնակ շան լուսնահաչը» վիպակին շնորհվել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակը:

Եվ սերը ասաց 

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա