Logo

5 նկար, որ պետք է ճանաչել

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 16.03.2018Արվեստանոց
classroom april 1600x700 1 - 5 նկար, որ պետք է ճանաչել

Աշխարհի հասուն բնակիչների մեծ մասը ճանաչում է Վան Գոգի «Աստղազարդ գիշերը», Կլիմտի «Համբույրը», դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը», Էդվարդ Մունկի «Ճիչը» և այլ հայտնի կտավները: Սակայն արվեստի այս ճյուղը, ինչպես և մյուս բոլոր ճյուղերը, անսահման է, և բոլոր նկարները, իհարկե, ճանաչել դժվար է: Ահա ևս 5 հիանալի նկար տարբեր տաղանդավոր նկարիչների կողմից, որոնք, կարծում ենք, պետք է ճանաչել:

Վինսենթ վան Գոգ. «Նոր Ամստերդամի բացվող կամուրջը»

Վան Գոգի այս գործը ստեղծվել է 1883թ.-ի նոյեմբերին՝ Նիդեռլանդներում: Իր եղբորը գրած նամակում նկարիչը գրել է. «Այստեղ մի փոքր պատշգամբ ունեմ, որտեղից տեսնում եմ մի հետաքրքիր բացվող կամուրջ»: Նամակում նա գծագրել է կամուրջը, որը հետո դարձել է այս աշխատանքի հիմքը: «Նոր Ամստերդամի բացվող կամուրջը» նկարչի՝ ջրաներկով նկարած 148 պատկերներից մեկն է: Ջրաներկով աշխատելու մասին Վան Գոգն ասել է. «Ի՜նչ զարմանալի բան է ջրաներկը, որ կարողանում է արտահայտել միջավայրն ու տարածությունն այնպես, որ թվում է կերպարը շրջապատված է օդով ու կարողանում է շնչել»: 

bec84166a2fc38f96f85dfd072e887c0 - 5 նկար, որ պետք է ճանաչել

Քլոդ Մոնե. «Կանայք այգում»

Կտավը Մոնեն սկսել է նկարել 1866թ.-ին, երբ 26 տարեկան էր: Մեկ հստակ դիրքից պատկերի վերին մասը ճշգրիտ նկարելու համար Մոնեն ստիպված է եղել դրա ներքևի մասն իր փորած խորը փոսի մեջ իջեցնել: Նկարում պատկերված է այն այգին, որը վարձել էր, իսկ կերպարների համար բնորդուհի է եղել հետագայում իր առաջին կինը դարձած Կամիլան: Նկարն առաջինը գնել է նկարիչ Ֆրեդերիկ Բազիլը՝ օգնելու համար Մոնեին, որն այդ ժամանակ ոչ մի լումա չուներ:

1200px Claude Monet 024 - 5 նկար, որ պետք է ճանաչել

Ջոն Էվերեթ Միլլե. «Օֆելյա»

Բրիտանացի նկարիչ Միլլեն այս կտավն ավարտին է հասցրել 1851-1852թթ.-ին: Նկարում պատկերված է Ուիլիամ Շեքսպիրի գրչին պատկանող «Համլետ» պիեսի հերոսուհի Օֆելյան: Միլլեն նկարել է հերոսուհուն գետում երգելիս՝ նախքան խորտակվելը: Սկզբում այս նկարին շատ ուշադրություն չի հատկացվել, բայց հիմա բազմաթիվ մարդիկ պարզապես հիանում են այս գեղեցկությամբ:

1200px John Everett Millais   Ophelia   Google Art Project - 5 նկար, որ պետք է ճանաչել

Ջոն Սինգեր Սարջենթ. «Մեխակ, շուշան, շուշան, վարդ»

Հայտնի նաև «Չինական լապտերներ» անվանումով այս կտավը նկարել է ամերիկացի նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթը 1885-1886թթ.-ին: Բնորդուհիներն են Դորոթի և Պոլլի Բարնարդները՝ նկարազարդող Ֆրեդերիկ Բարնարդի դուստրերը: Սարջենթն ընտրել է հենց այս երեխաներին իրենց գեղեցիկ շեկ վարսերի համար: Նկարչի մոտ կտավը ստեղծելու գաղափարը ծնվել է Թեմզայով Բերքշիրի շրջակայքում ճանապարհորդելու ժամանակ, երբ տեսել է չինական լապտերիկներ, որոնք կախված էին ծառերի և շուշանների միջև: Նա սիրահարվել էր այդ տեսարանին ու ցանկացել անպայման նկարել այն:

800px John Singer Sargent   Carnation Lily Lily Rose   Google Art Project - 5 նկար, որ պետք է ճանաչել

Գյուստավ Կուրբե. «Հուսահատ մարդը»

Կուրբեն հոգնել էր ձևականություններից ու չափազանցություններից, և հենց սա հրեց նրան դեպի «իրականության գիրկը»: Նա չէր նկարում տպավորիչ գույներով, հետաքրքիր դիրքերով ու ուռճացված գեղեցկությամբ. նա պարզապես նկարում էր իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կար: Հենց Կուրբեն էր ղեկավարում 19-րդ դարի ֆրանսիական նկարչության ռեալիստական շարժումը, բայց նախքան դա նա մի քանի ռոմանտիկ ոճի ինքնադիմանկարներ է արել, որոնցից մեկն էլ հենց սա է՝ «Հուսահատ մարդը»: Այն ժամանակ դիմանկարները սովորաբար պետք է արտահայտեին բնորդի հոգեբանական ու էմոցիոնալ վիճակը, և հենց այս տպավորությունն էլ ստանում ենք Գյուստավ Կուրբեի ինքնադիմանկարից՝ նկարիչը հուսահատ էր:

the desperate man 1 - 5 նկար, որ պետք է ճանաչել

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա