Logo

5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.08.2018Գրադարան
Untitled 1 7 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

3. Հովհաննես Գրիգորյան

Hovhannes Grigoryan by Karen Antashyan - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Մեր ժամանակների ամենասիրելի պոետներից է Հովհաննես Գրիգորյանը (1945 թ. օգոստոսի 7, Գյումրի – 2013 թ. փետրվարի 7): Մի շարք մրցանակների ու պարգևների դափնեկիր է, իսպաներենից, ռուսերենից մի շարք կարևոր ստեղծագործությունների թարգմանիչ է (Կարլոս Ֆուենտես, Խուլիո Կորտասար, Խոսե Օրտեգա ի Գասետ, Ֆեռնանդո դե Ռոխաս, Նիկոլայ Տիխոնով ևն)

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները սիրում են բոլորը, բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ կարդացել են դրանցից որևէ մեկը. տաք, բաց, անշպար, անմիջական, խորը ու թեթև, անհավակնոտ, առանց մեծամտության ու ինքնացուցադրումի, իսկական մարդու մասին իսկական խոսքերով, իսկական շարադրանքով, իսկական բառերով:

Հովհաննես Գրիգորյանը մեծ դեր ունի նաև մեր ժամանակակից երիտասարդ պոետների ստեղծագործական ոճի ու մտածողության ձևավորման հարցում: Նրա ժողովածուները կարող եք գտնել քաղաքի գրախանութներում, բանաստեղծն ունի նաև պաշտոնական կայք:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Չկարողացա այսօր տնից դուրս գալ, չէ՞ որ այսօր
իմ ծննդյան օրն է: Ի~նչ տարօրինակ ու զարմանալի բան`
երկար տարիներ առաջ եղել է այդպիսի մի օր:
Եվ ինչ արած, սիրելի հյուրեր, դուք արդեն եկել եք, և ես
խորապես հուզված եմ, խորապես ազդված և շփոթված:
Ահա, իմ հին լուսանկարները, սիրելի հյուրեր, բարեկամներ
թանկագին, հիացեք ինչքան ուզում եք, չէ՞ որ ամբողջ
օրը մերն է: Ահա, այս մեկը, ես` ընդամենը երեք տարեկան:
Աջ կողքիս մայրս է ժպտում, ետևում քույրերս են
կանգնած ու ծիծաղում են, իսկ այս ուրախ տղամարդը
հայրս է: Իսկ այստեղ արդեն մեծ եմ, եկեղեցու պատի
տակ: Աջ կողքի՞ս – մայրս է, աղավնին ձեռքին, ետևո՞ւմ –
քույրերս են կանգնած աղավնիներով, իսկ այս
տղամարդը՞ – հայրս է, առանց աղավնու, բայց ամբողջովին
արյան մեջ կորած: Իսկ այս մեկում շատ ավելի փոքր եմ,
հիվանդ եմ, թույլ ու անօգնական: Աջ կողքիս մայրս է
արտասվում, ետևում հեկեկում են քույրերս, իսկ դեմքը
մազակալած այս տղամարդը հայրս է: /Իսկ հիմա բոլորս
առողջ ենք, սիրելի հյուրեր, և միայնակ ենք բոլորս,
բարեկամներ թանկագին/: Ես այսօր չկարողացա տնից
դուրս գալ, ինչ-որ մեկն ամուր փակել էր դռները,
և պատուհաններն էր մեխել ամուր ու վարագուրել,
և ես պառկած եմ սենյակի ուղիղ կենտրոնում
իմ հյուրերի հետ `
աջ կողքիս աղավնիներն են, ետևում` ծիծաղը,
իսկ արցունքը դանդաղ շրջում է սենյակում…

ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
քրոջս, որին ի~նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…

ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու.
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը` օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

* * *
Փողոցներով անցնում են կույր աղջիկներ:
Նրանք գավազան ունեն ձեռքերին
և քայլում են քսվելով պատերին:
– Եթե դու ինձ սիրեիր,
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները խոնարհել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
– Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները,
և կամաց-կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց-կամաց
հեռանում են կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:

Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:

4. Ներսես Աթաբեկյան

Nerses Atabekyan1 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Ներսես Աթաբեկյանը ծնվել է 1960 թ. Երևանում: Աշխատել է հանրապետության տարբեր պարբերականներում, 1992-1995 թթ. ղեկավարել է ՆԳՆ ՆԶ բարձրագույն սպայական դպրոցի լեզուների ամբիոնը, դասավանդել է «Գրիգոր Նարեկացի» և Երևանի պետական համալսարաններում: Թարգմանչական աշխատանքի համար 2008 թ.արժանացել է «Կանթեղ» գրական մրցանակի, գրական գործունեության համար՝ 2010 թ., «Հակոբ Մեղապարտ» մեդալի:

Բացի բանաստեղծություններից՝ Ներսես Աթաբեկյանը նաև հոդվածներ է գրում, թարգմանություններ անում: Նրա բանաստեղծությունների և երկերի ժողովածուները, թարգմանած գրականությունը կարող եք գտնել գրախանութներում, տարբեր բանաստեղծական շարքեր՝ համացանցում ու ահա նաև մեզ մոտ.

ՆՇԱՆՆԵՐ

Էս շոգած ամառվա մասին
մի բաժակ գարեջուր կհիշվի,
Հյուսիսի աղջկա պես ճերմակ
ձմեռվա մի փաթիլ-երազում,

ու վտիտ ստվերներ, որոնց տակ,
օգոստո՛ս, օրերդ կհաշվեն
և իրենց տեսիլքներն անհստակ
փողոցի շները տիրազուրկ։

Կհիշվի օրացույցը պատի՝
թերթ առ թերթ էս տարին էլ խմող,
էն ո՞վ է, որ պիտի կարկատի
հավատի հիմնասյուն ու դռներ,

ամառը շոգում է անշտապ՝
քրտինքի շարոցը ճակատին,
և ապրելն անհեթեթ է այնքան,
որ նույնիսկ անհարմար է մեռնել…

ԳՈՂԳՈԹԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ

Մե՛խը։ Կտա՛վը։ Կի՛րը։
Ի՛րը, որ մարդ է կամ նեռ։
Ամբո՛խը։ Մենակի՛ երկիրը։
Մենա՛կը։ Ամբոխի՛ երկիրը։
Դրախտից քշվա՛ծը։ Կիսամերկ
լեռնե՛րը։ Մեռնե՛լը։ Ձեռնե՛րը։
Արկա՛ծը,- խնձորից մատնություն։
Ամա՛ռը։ Աշո՛ւնը։ Ձմե՛ռը՝
ծնունդից մինչեւ հատուցում։
Քարավան պահանջող բեռնե՛րը։
Վեռլենը՝ քավարա՛ն պահանջող։
Ի վերջո, անպայմա՛ն մեռնելը,
որ վերջին դիմակն է անհաջող…

ՎԵՐՋՆԱԽԱՂ

Երբ ձմեռվա դառը մայրամուտի միջով
նայում ես ոչմիտեղ,
բառը եղյամերեն է հիշվում,
ու ոչ մի թեյ
չի արթնացնի մատներդ
գրելու թե գրկելու համար,
ամեն ինչ ավարտվել է,
ու չնայած էլի գարուն կգա,
ու կբացվի վարդը,
ու որևէ սիրեկան էլի կմնա իր յարին,
անշրջելի ցրտահարված տարին
չի հասնի ամառ,
մի տեղ ճանապարհին
կբռնի սիրտը,
ակամա
կնայի վեր,
աստղեր կտեսնի ցերեկվա երկնքում
ու անհավես
կնստի դեռ անհանգուցյալ քարին,
ու երևի մեռնի էլ էդտեղ
իրենից թաքուն՝
հետգրության աղոտ երազանքով…

***
Աշուն է, անձրև, ստվերներն անձև
ու դռնփակ են,
կենսագրության և ոչ մի շորշոփ,
զուտ կաթիլները մանր ու խոշոր
խփում են իրենց զուտ նպատակին`
ճաղատ, ճերմակ ծոց, ծոծրակ, գլխաշոր…

Մի քանի օր էլ,
ու մեկտեղանոց մեր տապանները
կլողան դեպի լյառը Արարատ,
անգործ կմնան մարդաբանները,
չի զուգավորվի ոչ մի արարած,
ու իմ հին ընկեր Ղուշբազ Վալոդի
վերջին աղավնին կնահատակվի
կանեփի արտում…

Եթե մետեո-տիկնայք չեն ստում`
այսպես կգնա մինչև ձնելը,
ու տապանները մեր արհեստավարժ
կսառցակալեն` Տապան չհասած,
պոստսիմվոլիզմի հետնաբակերում…

Բայց մեկ էլ տեսար`
արագիլ դառած`
աղավնին կտցին մի բա՞ն է բերում,
ասենք թե` բարուր…

ԴԱՈ

… ճանապարհ ընկնելուց առաջ մերժել ճանապարհը,
գնալ, ինչպես ծաղկասերմն է թռչում քամու թեւին՝
չհասկանալով ո՞րն է վերը, վարը,
գնալ լուսնոտի պես՝ սայրով քիվի՝
ածելու պես կտրող,
դրսից կապույտ տեսնել երկրագունդը,
լինել լինելության չափ անմեղսունակ, անմիտք,
երգել, ինչպես արտույտը
այգաբացի շեմին,
հանկարծակի՛ լինել, ինչպես մութը,-
երբ վառում ես լույսը,- պատուհանից,
սպառվելով միակ ճրագի պես-արագ՝
դառնալ կեսգիշերի վկայություն
և իմաստուն լինել իբրև խոսող ավերակ –
առաջ, հետո, հիմա լինել ողջն ու մենակ
և – հասկանալ Աստծուն…

Dixi

Հայաստա´ն,
Ես քո ծեր բեռնաձին եմ,
Գնալով գնանք, տանելով տանենք,-
էս մի ձորից էլ մեզ մի կերպ հանենք,-
Ու հանգստանանք:
Ու հանգստանա՜նք…

5. Ավագ Եփրեմյան

Avag Epremyan1 1 - 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

Բանաստեղծ, թարգմանիչ Ավագ Եփրեմյանը ծնվել է 1958-ի փետրվարի 25-ին Կապանում:

«Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունը արդի հայ պոեզիայի ամենից հետաքրքիր երևույթներից է, որ իր` բանաստեղծի մեղքով դուրս է մնում գրաբանական ընդհանուր զարգացումների համատեքստից: Ի´ր մեղքով, քանզի եղավ մի պահ, երբ արդի հայ պոեզիայի ընթացքը բացվեց ամենքի ու ամեն ինչի դեմ, և դրանից ով ասես օգտվեց, ով ասես` իր տեսակն ու «տեսակը» պարտադրեց, երբեմն` իրո´ք պարտադրեց, բայց նույնիսկ այդ ժամանակներում Ավագ Եփրեմյանը փակված մնաց իր բանաստեղծության թեկուզև խորախորհուրդ քարայրում ու աշխարհից խռովածի իր կերպն էր ձևաբանում, երբ կարող էր ու նաև պարտավո´ր էր իր տեսակը, ինչո՞ւ չէ, նաև անամոթաբար առաջին պլան մղել` ի շահ հայոց բանաստեղծության ճիշտ զարգացման, որի հատկականությունը Ավագ Եփրեմյանի պոեզիային անչափ բնորոշ ուրիշ խոսքն ու ընդհանրապես ուրիշությունը պետք է լինի», – գրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը

Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունների ժողովածուները գրախանութներում են, տարբեր բանաստեղծական շարքերը՝ համցանցում: Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն, որոնք պատկերացում կտան բանաստեղծի ոճի ու տեսակի մասին.

ԼՈԻՅՍ-ՓՈխԱԿԵՐՊՈԻԿ

Մի ճանապարհ,
ընդամենը մի ճանապարհ է ինձ տրվել, –
Այսքան բազմագո, այսպես բազմադեմ
Իմ աստծուն հանդիման,
Նրա ձեւերը բոլոր –
Հին համեմատության պես –
Նետերի նման իմ սիրտն են խրվել,
Ճոճվում են նետերը իմ սրտում,
Օրորվում են, ինչպես դաշտում ծաղիկները,
Ցավոտ աճում են, աճում են, աճում են
Իմ սրտում
Հիմա։

Դաշտ է իմ սիրտը՝
Աչքից հեռու, սրտից Հեռու,
Հեռու բոլոր հայացքներից ու ոտքերից
Հարազատի-խորթի.
Եւ ո՞ւր եք դուք, մարդիկ,
Եւ ո՞ւր ես դու,
Եւ ինչո՞ւ եք ընթանում այդպես փութով,
Եւ Լույսին այդքան հակառակ,
Մի՞թե այստեղ չէ Դա. –
Արյունոտ նետն է մտերմանում
Դաշտի հետ ու սրտի,
Բայց նրանք չեն գալու այլեւս.
Նրանք խաբել են ինձ, նրանք խաբել են ինձ,
Նրանք խաբել են ինձ…
(Ինձ… երկնառաք)։

Նրանք չեն գալու այլեւս դեպի հետ,
Դեպի տառապանքը, դեպի տուն, սեր
Ու սրբազան հանցանք,
Արյունոտ նետերը միայնակ ծաղկում են
Իմ սրտում`
Ծաղիկներով կարմիր, –
Այս է զարմանալի սիրո
Պատվանդանը անզառանցանք,
Այս եմ –
Ճամփորդ ոգի
Եւ բզկտված, արնոտ ու ճշմարիտ մարմին։

Մի պառավ է միայն շրջում հսկա դաշտում…
Ախ, սիրելիս,
Չորացած իմ ջադու…
Բայց նաեւ աղջիկ է նա իբր…
Հավատավոր,
Ճչում-ծղրտում է,
Քրքջում ու ոռնում,
Աղիողորմ լալիս
Եւ կրկնում է համառ՝ բախտավո՜ր իմ,
Իմ բախտավո՜ր։

Քեզ –
Մարմինս, ոգիս եւ վերքերս –
Խելակորույս ուրվական, օգնական դեւ,
Քեզ –
Զառանցանքս, կամքս եւ խնջույքս,
Եւ ճանապարհս – այսպես անտեղյակ Լույսին,
Ահա –
Ես մերկ եւ մոռացված, ոտնահարվող
Կանգնած եմ քո դեմ,
Եկ մի քիչ էլ, մի քիչ էլ…
Քիչ էլ հավատա ինձ եւ ուսիր։

ՉՄԵՌԱԾ ՄԵԿԻ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ

շնչավոր որպես մահկանացու
կյանքը մի հսկա անքնություն է

եւ սրտի կոպերը չեն փակվում
եւ սրտի աչքերը շաղվել են
եւ մշուշների մեջ է կյանքը

եւ մշուշների միջում կյանքը
ավելի շատ է
քան թե աստղերն են երկինքներում
քան մեռյալները հողերի տակ

քան ընկրկումը
անահ սփռված

մեռյալների ու
աստղերի միջեւ

* * *

Իսկ ջրերը բարձրանում են,
Ինչպես բառերը:

(Օրը օրին
Ավելի խորտակվածը`
Օրը օրին
Ավելի երկնամերձ…)

Բառերը,
Ինչպես ջրերը,

Չհոսելով արդեն,
Պարտակում են մեզ:

* * *

Աշնան բառարանին հակված,
մառախուղի մեջ հազիվ նշմարելով երկնքի ծերը,
գուրգուրելով երկրային օրերս ավերակված,
փնտրելով այստեղ այն ամենն, ինչ դեռ սեր է,

մի պահ, միայն մի պահ ընկրկում եմ.
երերացող աստղեր, չխորտակվեք,
ինձ բավական է նաեւ այս շնորհ-պրկումը՝
աշնան բառարանին հակվել:

Աշխարհն ապրել եմ ես, այն էր, ինչ կար,
քիչ էլ կբոցկլտամ որպես հրաժարում,
ապա՝ ամբողջ արտասուքի կաթիլ շնորհընկալ՝
կսուզվեմ աշնան բառապաշարում:

Կյանքը պտտվում է քաղաքի շուրջն,
ինչպես օտար լեզուն՝ առարկայի։

Չի կարող անվանել,
դոնդողի նման կդողդողա սառը
մակերեսին, սայթաքուն։

Այդպես կուտակվում է
երկրի անկյուններում
«քաղաք ու կյանք» կիրը։

Ճեփ–ճերմակ այդ ողոքը…
առ ստեղծողը լեզուների։

ՈՂՋ ՄՆԱՑԻ

Հիշեցի նրան ու բարձրացա
(Ուրիշ ճանապարհ ես չեմ գտնի),
Տառապանքը՝ սեր,
Եւ սերը՝ ցավ,–
Ամենայնի մեջ որ ինձ մատնի։

Ես իմ լեռան դեմ ողջ մնացի,
Որ ականջ դնեն
Նրա որդուն՝
Իր սերերի մեջ հմայվածին,
Իր չարչարանքում ապրող մարդուն։

Մառախուղի մեջ ու հավատի
Երբ զարմանալի լեռ է դրվում,
Թվում է մարդուն,
Լավ ու վատին,
Թե բախտը այդպես հեշտ է տրվում։

Ի՜նչ եղբայրներ եմ ես ունեցել,
Եւ ի՜նչ եղբայրներ ունեմ միգում…
Ու շողշողում է լեռը բոցեղ
Հսկա սերերի
Եւ իմ հոգում։

ՃԵՐՄԱԿ

Այս թախիծը,
Այս մահը մշտնջենական,

Այս պահերը,
Պատերը
Եւ թղթերը
Սպիտակ…

Մոլորված հավատը –
Իբրեւ սափոր ճենապակյա,

Մշուշոտ հայացքները մեր՝
Դեպի ապագան – ստիպված…

Մեր ավագ պոետներից շատերին կարող եք հանդիպել Երևանի փողոցներում, սրճարաններում: Հանդիպեք նրանց, բարևեք, կարդացեք, ճանաչեք. նրանք կարևոր երանգ ու շունչ են հաղորդում մեր քաղաքին, մեր լեզվին, մեր գրականությանը:

Կարդացեք լավ գրականություն, կարդացեք պոեզիա, կարդացեք լավ հայերենով. հարստացրեք ձեր հոգին, միտքը ու բառապաշարը:

Լուսանկարները՝ պոետ Կարեն Անտաշյանի:

Շարքը՝ շարունակելի:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա