Logo

54 տարի․ Սոֆի Լորենի և նրան աստղ դարձրած Կառլո Պոնտիի սիրո պատմությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:56 / 17.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սոֆի Լորեն- Կառլո Պոնտի

54 տարի․ ահա՛, թե որքան տևեց փայլուն դերասանուհի Սոֆի Լորենի և լեգենդար կինոպրոդյուսեր Կառլո Պոնտիի սիրավեպը։ Դա անհավանական երկար ժամկետ է նույնիսկ այն ժամանակվա չափանիշներով, էլ չասած մեր ժամանակներիի մասին։ Սոֆին և Կառլոն չափազանց անսովոր զույգ էին. տղամարդը զգալի մեծ էր, նաև ցածրահասակ ու ճաղատ, իսկ կինը Հոլիվուդի ամենացանկալի կանանցից էր: Եվ, այդուամենայնիվ, նրանք միասին անասելի երջանիկ էին և մնացին միասին՝ չնայած բոլոր դժվարություններին։

Ճակատագրական ծանոթություն

 Софи Лорен- Карло Понти

Սոֆին 16 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեց այն տղամարդուն, որի հետ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի մեծ մասը։ Նրանք ծանոթացան գեղեցկության մրցույթի ժամանակ, որտեղ Պոնտին ժյուրիի անդամ էր։ Սոֆին այդ ժամանակ փորձում էր դերասանական կարիերա սկսել։ Նա ելույթ էր ունենում Սոֆիա Լազարո կեղծանվամբ։ Կառլոն Սոֆիից մեծ էր 22 տարով, նաև ուներ կին և երկու երեխա։

Պետք է ասել, որ Կառլո Պոնտիի անունը բավականին հայտնի էր կինեմատոգրաֆիական շրջանակներում։ Նա հասցրել էր արտադրել ավելի քան 20 հաջողակ ֆիլմ, ինչպես նաև բացահայտել իր առաջին աստղին՝ Ջինա Լոլոբրիջիդային: Պրոդյուսերն անմիջապես նկատեց երիտասարդ Սոֆիի ներուժը և նրան հրավիրեց իր գրասենյակ՝ կինոփորձերի:

Շուտով պարզ դարձավ, որ աղջիկն այնքան էլ տպավորիչ տեսք չունի էկրանին. օպերատորները չգիտեին, թե ինչ անել նրա չափազանց լայն կոնքերի և անկանոն դիմագծերի հետ։ Այդ ժամանակ Կառլոն Սոֆիին ասաց. 

«Գիտե՞ս, օպերատորներն ասում են, որ քո քիթը շատ երկար է։ Միգուցե դու պետք է մի փոքր շտկես այն»: 

«Ես այս քթով աշխատել եմ առանց քո խորհուրդների և երբեք չեմ փոխի այն: Քիթս ընդմիշտ կմնա ինձ հետ։ Ինձ այն դուր է գալիս, դա իմ անհատականությունն է»,- պատասխանեց Սոֆին:

Այսօր անհնար է Լորենին պատկերացնել այլ դեմքով: Նա դարձավ 20-րդ դարի գեղեցկության ամենահայտնի էտալոններից մեկը:

Անօրինական սիրավեպ

 Софи Лорен-Карло Понти 2

Ըստ ամենայնի, Կառլո Պոնտիին դուր էր եկել աղջկա վճռականությունը։ Նա հավատում էր երիտասարդ դերասանուհու հաջողությանը և որոշեց ամեն կերպ նպաստել նրա կարիերայի աճին։ Առաջին հերթին պրոդյուսերը Սոֆիին խորհուրդ տվեց փոխել ստեղծագործական անունը և աշխատել իր կերպարի վրա ավելի լայն լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Այդպիսով, Սոֆիա Լազարոն վերածվեց Սոֆի Լորենի. Պոնտին պարզապես փոխեց շվեդ հայտնի դերասանուհի Մարթա Թորենի անվան առաջին տառը:

Կառլոն նաև հորդորեց դերասանուհուն սովորել անգլերեն, որպեսզի չսահմանափակվի իտալական ֆիլմերով։ Երբ Սոֆին առաջին անգամ եկավ Ամերիկա, նա հեռագիր ստացավ Պոնտիից, որում ընդամենը 2 բառ էր գրված․ «Սովորիր անգլերեն»։ Եվ 20 օրվա ընթացքում Լորենը խոսեց այդ լեզվով:

 Софи Лорен-Карло Понти 3

Շուտով Սոֆին ստացավ գլխավոր դեր «Աիդա» ֆիլմում, որը նրան արժանացրեց քննադատների գնահատանքին։ Մոտավորապես նույն ժամանակ սիրավեպ սկսվեց նրա և Կառլոյի միջև։ Աղջիկն այն ժամանակ 19 տարեկան էր։ Նա ի դեմս Պոնտիի գտավ և՛ ընկերոջ, և՛ սիրեցյալի, և՛ խորաթափանց մենեջերի: Խնդիրն այն էր, որ սիրահարները պետք է հանդիպեին գաղտնի, քանի որ Կառլոն ամուսնացած էր, և ըստ այն ժամանակվա իտալական օրենքների, չէր կարող ամուսնալուծվել։

Լորենի մայրը դեմ էր, որ դուստրը հանդիպի ոչ ազատ տղամարդու հետ: Նա վախենում էր, որ Սոֆին կկրկնի իր ճակատագիրը և արտամուսնական կապով երեխա կունենա։ Դերասանուհին ինքն այդ տարիներին շարունակ մտածել է, որ մեծացել է առանց հոր. «Ես միայն նորմալ ընտանիք էի ուզում՝ օրինական ամուսին, երեխաներ՝ ինչպես բոլորը: Միգուցե դա նրանից էր, որ ես հայր չունեի»:

Դժվար ընտրություն

 Софи Лорен-Карло Понти 4

1956 թվականին Սոֆին ստացավ գլխավոր դեր «Հպարտություն և կիրք» ֆիլմում, որի նկարահանման հրապարակում նա հանդիպեց հայտնի դերասան Քերի Գրանտին։ Նա հմայված էր երիտասարդ դերասանուհով և շուտով սկսեց խոսել նույնիսկ հարսանիքի մասին՝ չիմանալով, որ իր սիրելին 3 տարի նշանված է Պոնտիի հետ։ Այդուամենայնիվ, Գրանտը չէր պատրաստվում հանձնվել, հատկապես, որ ճակատագիրը նրան կրկին հանդիպեցրեց Լորենի հետ «Լողացող տուն» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Քերին Սոֆիին ամեն օր ծաղիկներ ու նվերներ էր ուղարկում և միանգամայն հստակ ասում էր իր մտադրության մասին։

Քերի Գրանտն ու Սոֆի Լորենը

 Софи Лорен-Карло Понти 5

Այդ ժամանակ Կառլո Պոնտին հասկացավ, որ ավելի լավ է ինչ-որ բան ձեռնարկի, այլապես ընդմիշտ կկորցնի Սոֆիին։ Ավելի ուշ Լորենը խոստովանել է, որ ինչ-որ պահի ստիպված է եղել դժվար ընտրություն կատարել այս տղամարդկանց միջև, և, ի վերջո, նա ընտրել է իր մշակույթին պատկանող տղամարդու. չէ՞ որ Կառլոն նույնպես իտալացի էր: 

«Ես արեցի այն, ինչ ճիշտ էր անձամբ ինձ համար»,- ավելի ուշ ասել է դերասանուհին:

Որոշ ժամանակ անց Պոնտին իրավաբանների միջոցով հասավ այսպես կոչված՝ մեքսիկական ամուսնալուծության իր առաջին կնոջից և ամուսնացավ Սոֆիի հետ։ Բանն այն է, որ Մեքսիկայի օրենքներով դատարանը չի պահանջում նիստին ամուսինների ներկայությունը, նրանք կարող են պարզապես փաստաբան ուղարկել իրենց ներկայացնելու համար։

Ամուսնական կյանքը՝ արտաքսման մեջ

 Софи Лорен-Карло Понти 8

Իտալիայի իշխանությունները նման փաստաթղթերով խաղը չճանաչեցին․ Վատիկանը մեղադրեց Կառլոյին երկամուսնության մեջ, իսկ Լորենին՝ անօրինական համատեղ կյանքի համար, ուստի նրանք չէին կարող վերադառնալ հայրենիք։ Սոֆին և Կառլոն հայտնվեցին արտաքսման մեջ և ստիպված եղան ապրել Ֆրանսիայում և Շվեյցարիայում վարձակալած վիլաներում։

Սիրահարները կարողացան Հռոմ վերադառնալ իրենց «մեքսիկական ամուսնությունից» միայն 5 տարի անց, բայց, միևնույնն է, մշտապես գտնվում էին ձերբակալության սպառնալիքի տակ։ Ուստի նրանք մերթ քնում էին Սոֆիի մոր բնակարանում, մերթ տներ էին վարձում այլ անուններով։ Իսկ երբ նրանց հրավիրում էին ընթրիքի, ամուսիններն առանձին-առանձին էին գնում. զույգին ոչ մի դեպքում չէր կարելի հանրությանը միասին ներկայանալ։

Երբ նրանց դատարան կանչեցին, սիրահարները հերքեցին, որ ամուսնացած են, և շուտով նրանց միությունն իրավաբանորեն չեղարկվեց։ Դրանից հետո Կառլոն պայմանավորվեց իր առաջին կնոջ հետ, որ նրանք երեքով՝ Սոֆիի հետ միասին, գան Ֆրանսիա և օրենքի ուժով ամուսնալուծության դիմում ներկայացնեն։ Բարեբախտաբար, նրա նախկին կինը համաձայնեց, և սիրահարները վերջապես կարողացան պաշտոնապես ամուսին և կին դառնալ։ Ճիշտ է, ամուսնության արարողությունը բավականին համեստ էր, և շատ տարիներ անց հարցազրույցում Լորենը խոստովանեց՝ ամբողջ կյանքում զղջացել է, որ այդպես էլ սպիտակ զգեստ չհագավ ամուսնանալիս. «Դա իմ ամբողջ կյանքի երազանքն էր, որը մինչև հիմա ինձ հետ է»։. Ավելի ուշ զույգը դարձավ Ֆրանսիայի քաղաքացի։

Երկար սպասված երեխաներ

 Софи Лорен-Карло Понти 9

Թվում էր, թե այժմ բոլոր դժվարությունները հետևում են, բայց զույգին բաժին ընկած փորձությունները դրանով չավարտվեցին։ Սոֆին հուսահատ ցանկանում էր մայրանալ, բայց չէր կարողանում կրել պտուղը. նրա հղիություններից 2-ն ավարտվել են վիժումներով. Բժիշկներն ախտորոշել էին, որ դերասանուհին տառապում է հորմոնալ անհավասարակշռությամբ և էստրոգենի ներարկումների կարիք ունի։

Բուժման շնորհիվ Սոֆին երրորդ անգամ հղիացավ, և բժիշկները նրան խորհուրդ տվեցին լիարժեք անկողնային ռեժիմ։ Այդժամ Լորենը մեկուսացավ Ժնևի լճի ափին գտնվող «Intercontinental» հյուրանոցի 18-րդ հարկում և դադարեց հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ․ նա նույնիսկ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Բարեբախտաբար, ջանքերն ապարդյուն չանցան, և 1968 թվականին Սոֆին որդի ունեցավ՝ Կարլո Հյուբերտ Լեոնե Պոնտիին։ Մամուլի ճնշումներից խուսափելու համար դերասանուհին որոշեց ասուլիս անցկացնել հենց հիվանդանոցում։ Նրան երեխայի հետ մահճակալով տարան դահլիճ, իսկ Կառլո Պոնտին և բժիշկը պատասխանեցին հարյուրավոր լրագրողների հարցերին:

 Софи Лорен-Карло Понти 11

4 տարի անց (և կրկին մի քանի ամիս անկողնային ռեժիմից հետո) զույգը երկրորդ որդուն ունեցավ՝ Էդոարդո Պոնտիին։ Էդոարդոն գնաց ծնողների հետքերով և դարձավ ռեժիսոր, իսկ Կարլո Պոնտի կրտսերը դարձավ հայտնի դիրիժոր։

Համատեղ երկար կյանքի գաղտնիքը

 Софи Лорен-Карло Понти 12

Պետք է ասել, որ և՛ Կառլոյին, և՛ Սոֆիին իրենց ամբողջ կյանքի ընթացքում վերագրվում էին բազմաթիվ սիրավեպեր կողքից, բայց սիրահարներն այդ բոլոր տարիների ընթացքում մնացին միասին և միշտ կառչած էին միմյանցից: Երբ Պոնտիին կասկածում էին անհավատարմության մեջ և սադրիչ հարցեր էին տալիս, նա ընդամենը կատակում էր. «Չեմ կարող ասել, որ ես այնքան մաքուր եմ, որքան առաջին ձյունը, բայց, եթե ես իսկապես ունենայի բոլոր այն սիրավեպերը, որոնք վերագրվում են ինձ, ապա պարզապես ժամանակ չէի ունենա ֆիլմերի համար»:

Զույգի երկարատև ամուսնությունն առաջացնում էր հանրության զարմանքը, Կառլոյի խոսքով՝ ինքն ու Սոֆին յուրատեսակ ֆենոմեն էին, որին մարդիկ պարզապես չէին կարողանում հավատալ։  Պրոդյուսերը նաև ասել է, որ «ամեն ինչ արել է Սոֆիի հանդեպ սիրուց դրդված և միշտ հավատացել է նրան»։

 Софи Лорен-Карло Понти 33

Սոֆի Լորենն ամուսնացած էր Կառլո Պոնտիի հետ մինչև նրա՝ 2007-ին կյանքից հեռանալը։ Պրոդյուսերը մահացել է 94 տարեկանում՝ թոքերի հիվանդությունից։ Պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր երկար ու երջանիկ ամուսնության գաղտնիքը, դերասանուհին ասել է. 

«Պետք է ամուսնանալ ազնիվ և սիրող տղամարդու հետ։ Սերը, ընկերությունը, վստահությունը, հարգանքը և հումորի զգացումը հաջող ամուսնության բաղադրիչներն են»:

2022 թվականին լեգենդար դերասանուհին կդառնա 88 տարեկան։ 2020-ին երկրպագուները կրկին կարողացան վայելել աստղի տաղանդը. սթրիմինգային հարթակում թողարկվեց նրա կրտսեր որդու՝ Էդոարդոյի «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմը, որտեղ Լորենը խաղում է գլխավոր դերը։ Այսօր Սոֆին ապրում է Ժնևում։ Նրա խոսքով՝ ինքը «քիչ է դուրս գալիս փողոց, նստում է տանը և գիրք կարդում»։ 

«Իմ կյանքը շատ հանգիստ է»,- ասել է դերասանուհին։


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա