Logo

7 առեղծված, նշան ու լեգենդ «Սիքստինյան Տիրամոր» մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 16.03.2021Արվեստանոց
27788524 1669644323121578 4045096108456742193 o 7 - 7 առեղծված, նշան ու լեգենդ «Սիքստինյան Տիրամոր» մասին

Ռաֆայել Սանտիի «Սիքստինյան Տիրամայրը»  կտավը Բարձր Վերածննդի ամենանշանավոր գործերից մեկն է: Գուցե դա է պատճառը, որ գեղանկարի շուրջ հարցերն ու լեգենդները շրջանառվում են մինչ օրս:

Ստորև առանձնացրել ենք 7 առեղծված, նշան ու լեգենդ՝ «Սիստինյան Տիրամոր» մասին:

1. Ու՞մ և ինչի՞ համար է Ռաֆայելը նկարել «Սիքստինյան Տիրամայրը»

«Սիքստինյան Տիրամայրը»  կտավը Ռաֆայելը ստեղծել է Հուլիոս II պապի պատվերով` Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։ Կա ենթադրություն, որ նկարը ստեղծվել է 1512-1513 թվականներին Լոմբարդիա ներխուժած ֆրանսիացիների նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Սակայն, կա վարկած, որ Հուլիոս II-ը կտավը նախատեսել էր իր դամբարանի համար։

2. Սիքստ II-ն ու նրա 6-րդ մատը

Սիքստ II-ի մասին քիչ բան է հայտնի. նա Հռոմի պապի գահին շատ կարճ ժամանակ է եղել` 257 թվականից մինչ 258 թվականը, այնուհետև գլխատվել է Վալերիան կայսեր օրոք: Սուրբ Սիքստը իտալական Ռովերե (իտալերեն` «կաղնի») պապական դասի բարեխոսն է եղել: Այդ է պատճառը, որ նրա ոսկե պարեգոտու վրա ասեղնագործված են եղել կաղին ու կաղնու տերևներ: Տարածված կարծիք կա, թե Ռաֆայելը Հռոմի պապ Սիքստ II-ի աջ ձեռքը պատկերել է  վեց մատով, քանի որ Սիքստ լատիներենից թարգմանաբար նշանակում է «վեց»։ Իրականում թվացյալ վեցերորդ մատը, ճկույթը, համարվում է ափի ներսի մաս։ Հետաքրքիր է նաև, որ Սիքստ II-ի գլխին պսակաթագ չկա. դա խոսում է Տիրամոր հանդեպ Պապի տածած ակնածանքի մասին:

3. Նկարի նյութը…

Ռաֆայելն իր այս նկարը ստեղծել է հսկայական կտավի վրա՝ 256 x 196 սմ, միայնակ` առանց աշակերտների ու օգնականների. դա դեռ հասկանալի է և խոսում է նկարչի հանճարեղության մասին: Տարօրինակն այն է, որ XVI դարի սկզբի համար անսովոր է երևույթ էր, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ կտավը: Վերոնշյալը թույլ է տալիս ենթադրել, որ նախատեսվել է «Սիքստինյան Տիրամայրը» օգտագործել իբրև խաչադրոշ:

4. Բնորդուհին

Որոշ հետազոտողներ կարծում են, որ Տիրամոր բնորդուհին եղել է Ռաֆայելի սիրուհի Մարգարիտա Լյութին: Ասում են՝ Ռաֆայելը Մարգարիտային հանդիպել է պալատական արքունիքի բակում զբոսնելիս, ու անմիջապես իր տուն է հրավիրել: Արդեն տանը, նկարիչն առաջարկել է 17-ամյա աղջկան փողի դիմաց իրեն 10 համբույր նվիրել: Այնուհետև՝ ավելին վճարելով տարել է իր հետ Հռոմ: Այդտեղ Մարգարիտան դարձավ ամենացանկասեր կուրտիզանուհիներից մեկը, որը աջ ու ձախ դավաճանում էր հանճարեղ նկարչին։

5. Հրեշտակները երկուսը չեն

Թվում է, թե նկարի ետին ֆոնին ամպեր է պատկերված, մանրակրկիտ զննման դեպքում միայն կարելի է այդտեղ տեսնել հրեշտակների գլուխներ։ Սակայն, գոյություն ունի մեկ այլ վարկած. ըստ գնոստիկների ուսմունքի, սրանք ոչ թե հրեշտակներ են, այլ դեռ չծնված հոգիներ, ովքեր ապրում են երկնքում եւ փառաբանում բարձրյալին:

6. Իսկ այն երկուսը…

Մի շարք արվեստաբաններ պնդում են, որ երկու հրեշտակները, որոնք հետագայում հայտնվել են բազմաթիվ բացիկների և ցուցապաստառների վրա, իրականում հենված են դագաղի կափարիչին։

7. Կտավի ճակատագիրը

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը «Սիքստինյան Տիրամայրը» պահվում էր Դրեզդենի պատկերասրահում: Սակայն 1943 թվականին նացիստներն այն թաքցնում են գետնանցքում, որտեղ էլ, երկար որոնումներից հետո, այն հայտնաբերում են խորհրդային զինվորները: Այսպես, Ռաֆայելի ստեղծագործությունը հայտնվում է ԽՍՀՄ-ում: 1955 թվականին «Սիքստինյան Տիրամայրը» ի թիվս այլ կտավների, որոնք արտահանվել էին Գերմանիայից, վերադարձվեցին ԳԴՀ իշխանություններին և այժմ գտնվում են Դրեզդենի պատկերասրահում:

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա