Logo

9 տարի անց. Որտե՞ղ է «Ուրարտուի» միակ չեմպիոնական կազմը (ֆոտո)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:45 / 31.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex ՀՊԼ-ի առաջատար «Ուրարտուն» Հայաստանի ամենահեղինակավոր ակումբներից է, սակայն տիտղոսներ հաճախ չի նվաճում: 30 տարում (6 տարվա ընդմիջումով) երևանյան ակումբին հաջողվել է նվաճել ընդամենը 5 տիտղոս, որոնցից միայն մեկն է Հայաստանի առաջնության ոսկե մեդալների տեսքով: Միակ հաջողությունը գրանցվել է 2013-2014թթ․ մրցաշրջանում, երբ երևանյան ակումբը դեռ խաղում էր «Բանանց» անվանումով: Այն ժամանակ թիմը համալրված էր հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով. միջին տարիքը 21,7 տարեկան էր: Համեմատության համար նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի միջին տարիքը 21 է:

Այդ նվաճումից անցել է 9 տարի և «Ուրարտուն» վերջապես կրկին մոտ է չեմպիոնությանը՝ գլխավորելով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: VNews-ը ներկայացնում է, թե ինչպես է զարգացել «Բանանցի» չեմպիոնական կազմի խաղացողների կարիերան և որտեղ են նրանք հիմա:

Արթուր Թորոյան՝ դարպասապահ
28 խաղ, բաց թողած 23 գոլ

Թորոյանը չեմպիոնական մրցաշրջանում ընդամենը 21 տարեկան էր, բայց մասնակցեց թիմի բոլոր խաղերին: 14 մրցավեճում նա կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել: 2015 թվականից Արթուրը բնակվում է Ֆրանսիայում: Այժմ նա խաղում է «Պանազոլ» ակումբում, որը ներկայացնում է մարզային լիգան: Թորոյանը նաև մարզչական արտոնագիր է ստացել:

Հովհաննես Համբարձումյան՝ աջ պաշտպան
27 խաղ՝ 4 գոլ, 1 ասիստ

Հովհաննես Համբարձումյանը «Ուրարտուի» չեմպիոնական թիմի ընդգծված առաջատարներից էր։ 2014 թվականին չեմպիոն դառնալուց հետո պաշտպանը տեղափոխվեց «Վարդար», որի կազմում 3 անգամ անընդմեջ դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն: Մի քանի տարի առաջ Համբարձումյանը ճանաչվեց բալկանյան երկրի պատմության լավագույն լեգեոնականներից մեկը:

2018 թվականից Համբարձումյանը խաղում է Կիպրոսում, իսկ 2020-ից՝ «Անորտոսիսում»: 32 տարեկանում նա շարունակում է մնալ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը:

Գագիկ Դաղբաշյան՝ ձախ պաշտպան
27 խաղ՝ 3 ասիստ

Դաղբաշյանն «Ուրարտուի» սան է, որի մանկապատանեկան թիմերիում առաջին քայլերը կատարել է Աշոտ Բարսեղյանի և Վահան Արզումանյանի գլխավորությամբ: Արդեն 17 տարեկանում նա սկսեց հրավիրվել գլխավոր թիմ և հետզհետե դարձավ մեկնարկային կազմի խաղացող: 2013-14 մրցաշրջանում նա 23 տարեկան էր, բայց մինչև այդ արդեն հասցրել էր 121 հանդիպման մասնակցել Հայաստանի առաջնությունում։

Չեմպիոնական մրցաշրջանում Դաղբաշյանը թիմի երեք ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներից մեկն էր: Նա «Ուրարտուի» կազմում կատարել է 6 ասիստ, որոնցից 3-ը՝ հենց չեմպիոնական տարում:

Տիտղոսը նվաճելուց կես տարի անց Գագիկը տեղափոխվեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ», որտեղ 1,5 տարի անցկացնելուց հետո վերադարձավ Հայաստան և այլևս արտասահմանում չխաղաց: Փոխարենը ձախ պաշտպանն «Ալաշկերտի» հետ 6 տիտղոս նվաճեց, 2017-ից հրավիրվեց Հայաստանի հավաքական, որի կազմում 15 հանդիպման մասնակցեց: Այժմ Դաղբաշյանը խաղում է Հայաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Վեստ Արմենիայում»:

Ֆոֆանա Սեկու ՝ կենտրոնական պաշտպան
23 խաղ, 1 գոլ

Իրանից Հայաստան տրանսֆերները հազվադեպ են հաջողված լինում, եթե նրանք հայ ֆուտբոլիստներ չեն: Սեկու Ֆոֆանան դարձավ բացառություն, երբ 2013-ին տեղափոխվեց Երևան: Առաջին իսկ մրցաշրջանում նա օգնեց «Ուրարտուին» չեմպիոն դառնալ: Դրանից հետո մալիացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»: 2015-16 մրցաշրջանում Ֆոֆանան արդեն «Ալաշկերտին» օգնեց պատմության ընթացքում առաջին անգամ չեմպիոն դառնալ:

2016-ից Ֆոֆանան ակումբ չունի: Այժմ նախկին պաշտպանը մարզչական աշխատանքի է անցել հարազատ Մալիում:

Արտաշես Առաքելյան՝ կենտրոնական պաշտպան
21 խաղ

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2011-ին ստիպված էր հեռանալ իր հարազատ «Կիլիկիայից», որն այդ տարի դադարեցրեց ելույթները: Առաքելյանը միանգամից դարձավ «Ուրարտուի» հիմնական կազմի խաղացող: Առաջին մրցաշրջանում նա մասնակցեց առաջնության 21, իսկ երկրորդում՝ 29 հանդիպման: Արտաշեսը չեմպիոնական մրցաշրջանում իր թիմի թոփ-6 ամենաշատ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստների թվում էր:

2015-ին «Ուրարտուից» հեռանալուց հետո Առաքելյանը խաղաց «Ուլիսում», «Ալաշկերտում» և «Վեստ Արմենիայում»: «Ալաշկերտի» հետ պաշտպանը ևս երեք անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Այժմ Առաքելյանը խաղում է Հայաստանի սիրողական լիգայում (AFL):

Արամ Շախնազարյան՝ կենտրոնական պաշտպան
15 խաղ

Շախնազարյանը «Փյունիկի» սան է, սակայն 17 տարեկանում տեղափոխվեց «Ուրարտու», իսկ ընդամենը 2 տարի անց արդեն բավարար խաղաժամանակ էր ստանում չեմպիոնական թիմում: Հայաստանի առաջնությունում Շախնազարյանը մասնակցեց 15 հանդիպման, որոնցից մեկում կարմիր քարտ ստացավ: Արամին մարզչական շտաբը վստահում էր, և 15 խաղերից 14-ում ընդգրկեց մեկնարկային կազմում: Երբ Շախնազարյանը մասնակցում էր թիմի խաղին, «Ուրարտուն» միջինը 2,27 միավոր էր վաստակում, ինչը թիմի երրորդ լավագույն արդյունքն էր (10 և ավելի խաղերի մասնակցածների հաշվարկում):

Կենտրոնական պաշտպանն «Ուրարտուից» հետո խաղաց «Արարատում», «Փյունիկում», «Շիրակում», «Ալաշկերտում», Երևանի «Լոկոմոտիվում» և «Նորավանքում»: Վերջինիս կազմում էլ նա 2021-ին ավարտեց կարիերան, քանի որ ազդեց 2019-ին ստացած ծանր վնասվածքը: Այժմ Արամը զբաղվում է բեռնափոխադրման լոգիստիկայով:

Լյուբոշ Հանզել՝ ձախ պաշտպան
11 խաղ, 1 գոլ + 1 ասիստ

«Ուրարտուի» երիտասարդ կազմին, բնականաբար, նաև փորձառու լեգեոնականներ էին անհրաժեշտ: Այդ պատճառով սլովակ գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հրավիրեց իր հայրենակից Լյուբոշ Հանզելին: Պաշտպանը միանգամից դրական ազդեց թիմի խաղի վրա՝ շատ արագ դառնալով կարևոր խաղացողներից մեկը: Գերմանական «Շալկե-04»-ի նախկին ֆուտբոլիստն իր համարձակ խաղով կարողանում էր ոգևորել թիմակիցներին:

Բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստը, որը կարող էր խաղալ նաև կիսապաշտպանության եզրում, ձմռանը հեռացավ «Ուրարտուից» և չեմպիոնության ժամանակ թիմում չէր: Փոխարենը 2014-ի ամռանը վերադարձավ և ակումբում անցկացրեց 2014-15 մրցաշրջանը, որի ընթացքում դարձավ ևս 5 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Սլովակիայի հավաքականի կազմում յուրահատուկ վիճակագրություն ունեցող Հանզելը (1 խաղ, 1 գոլ) 2015-ին հեռացավ Հայաստանից և 6 տարի անցկացրեց հայրենիքում: Հետո կարճ ժամանակով Լյուբոշը տեղափոխվեց Ավստրիա, իսկ 2022-ին աշնանը խաղում էր ֆուտզալի Սլովակիայի առաջնությունում:

Արամ Լոռեցյան, կենտրոնական կիսապաշտպան
20 խաղ, 2 գոլ + 5 ասիստ

«Ուրարտուի» սանի և ակումբի պատմությունը երկար տարիների ընթացքում մի քանի անգամ միահյուսվել ու բաժանվել է: Լոռեցյանը երեք անգամ հեռացել է «Ուրարտուից»: Առաջինը 17 տարեկանում, երբ դեռ ակումբի երկրորդ թիմում էր խաղում, հետո՝ 22-ում, իսկ վերջինը՝ 24-ում:

Առաջին և երկրորդ հրաժեշտների արանքում կայացավ չեմպիոնական՝ 2013-14 մրցաշրջանը: Լոռեցյանը թիմի երկրորդ ամենաշատ խաղաժամանակ ստացող կիսապաշտպանն էր և ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակը:

Այժմ կիսապաշտպանը խաղում է «Վեստ Արմենիայում», որտեղ նրա թիմակիցն է նաև եղբայրը՝ Հակոբ Լոռեցյանը:

Արտակ Եդիգարյան, հենակետային կիսապաշտպան
13 խաղ, 1 գոլ

Եդիգարյան եղբայրները վերջին 15 տարում կարևոր դերակատարում են ունեցել հայկական ֆուտբոլում: Եթե Արթուրը հայ ֆուտբոլասերներին ավելի շատ կհիշվի ազգային հավաքականում ելույթների շնորհիվ, ապա Արտակը` ակումբային: Կրտսեր Եդիգարյանը 32 տարեկան է, բայց կարիերայի ընթացքում հասցրել է 10 անգամ դառնալ ազգային առաջնությունների չեմպիոն (Հայաստան` 8, Լիտվա` 2): Եվ դա դեռ նրա բազմաթիվ նվաճումների ընդամենը մի մասն է:

Եդիգարյանը միայն 2013-14 մրցաշրջանի առաջին կեսն անցկացրեց «Ուրատուում», այնուհետև ձմռանը տեղափոխվեց «Ժալգիրիս»: Արտակը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում և կապում թիմի բոլոր օղակները:

Այժմ կիսապաշտպանը կրկին խաղում է «Ալաշկերտում», որի կազմում մինչև այդ 3 անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն և 2 անգամ` ռմբարկու: Ընթացիկ մրցաշրջանում նա 21 խաղում գրանցել է 6 գոլ և 6 ասիստ:

Ռումյան Հովսեփյան, կենտրոնական կիսապաշտպան
26 խաղ, 5 գոլ + 4 ասիստ

Ռումյան Հովսեփյանի կարիերայում շատ են եղել լավ պահեր, բայց, ամենայն հավանակությամբ, 2013-14 մրցաշրջանը լավագույնն է, հատկապես՝ երկրորդ կեսը: Ժոլտ Հոռնյակի գլխավոր նվաճումը չեմպիոնական տիտղոսից հետո հենց Հովսեփյանի տաղանդի բացահայտումն էր: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել շատերի համար անհայտ երիտասարդին ազգային հավաքական հրավիրելու տեսլականի մասին և ճիշտ էր: Ռումյանը, մարզիչից նման վստահություն ստանալով, սկսեց փայլել խաղադաշտում և հետզհետե դարձավ թիմի առաջատարներից մեկը:

Չեմպիոնությունից հետո ամռանը նա փայլեց Չեմպիոնների լիգայում, չնայած նրա թիմը մրցակցի դարպասապահի գոլի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից: Դրանից հետո Հովսեփյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», բայց նրա կարիերային չբավականեցրեց կայունությունը: 9 տարում կիսապաշտպանը 10 թիմ փոխեց: Ամենուր նա որոշակի խաղամակարդակից չիջավ, բայց «Ուրարտուի» չեմպիոնական ժամանակները կմանան ամենայուրահատուկը նրա կարիերայում:

2022-23 մրցաշրջանի առաջին կեսը Ռումյանն անցակցրեց «Ալաշկերտում», իսկ այս ձմռանը տեղափոխվել է «Վան»:

Նարեկ Դավթյան, հարձակողական ոճի կիսապաշտպան
11 խաղ, 1 գոլային փոխանցում

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2013-ին «Ուրարտու» տեղափոխվելուց առաջ 2 տարի խաղում էր «Իմպուլսում», որի հիմնական կազմի խաղացող էր: Երևանյան թիմում նա ընդամենը կես մրցաշրջան անցկացրեց, այնուհետև 2014-ի հունվարին տեղափոխվեց «Ալաշկերտ»: Այդուհանդերձ, կարճ ժամանակահատվածում հասցրեց 11 հանդիպման մասնակցել:

2016 թվականին Նարեկը տեղափոխվեց Իսպանիա՝ այլ ոլորտում գործունեություն ծավալելու համար, բայց զուգահեռաբար խաղում էր այդ երկրի 4-րդ դիվիզիոնում: 2021-ին նա վերադարձավ Հայաստան և տևական ժամանակ խաղում էր ֆուտզալի սիրողական լիգայում: Արդեն 6 ամիս է Դավթյանը մարզիչ է: Նա Ավանի ակադեմիայում մարզում է 12 և 13 տարեկանների թիմերին:

Էդգար Մալաքյան, եզրային կիսապաշտպան
12 խաղ, 4 գոլ + 1 ասիստ

Երիտասարդ տարիքում Էդգար Մալաքյանը միանգամից սկսեց շատերից առանձնանալ: Նա 18 տարեկանում արդեն «Փյունիկի» հիմնական կազմի ֆուտբոլիստ էր, երևանյան ակումբի հետ 3 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում գոլ խփեց Պլզենի «Վիկտորիային» և հրավերի արժանացավ Չեխիայի չեմպիոնից:

Չեխիայում, սակայն, քիչ խաղաժամանակ տրամադրեցին Էդգարին, և նա վարձակալությամբ մեկնեց այլ ակումբներ: Դրանից մեկը չեխական «Բուդեյովիցեն» էր, իսկ մյուսը՝ «Ուրարտուն»: Հայաստան վերադարձած ֆուտբոլիստն օգնեց երևանցիներին պատմության մեջ միակ չեմպիոնական տիտղոսը նվաճել: Հետագայում Մալաքյանը 9 անգամ ակումբ փոխեց, բայց, զարմանալիորեն, այլևս չեմպիոն չդարձավ:

Մեկ ամիս առաջ 32-ամյա ֆուտբոլիստն «Արարատից» տեղափոխվեց «Փյունիկ», որի հետ կփորձի վերջապես նվաճել բաղձալի տիտղոսը:

Վահագն Այվազյան, եզրային կիսապաշտպան
25 խաղ, 2 գոլ

Տուգանային հարվածների վարպետի կարիերայի սկզբում կարևոր դեր են ունեցել «Իմպուլսը», ինչպես նաև մարզիչներ Վարուժան Սուքիասյանը և Արմեն Գյուլբուդաղյանցը: Դիլիջանցիների կազմում մշտական ելույթները թույլ տվեցին Այվազյանին երիտասարդ տարիքում մեծ փորձ ձեռք բերել: 21 տարեկանում նա Հայաստանի առաջնությունում 64 հանդիպման էր մասնակցել, այնուհետև տեղափոխվեց «Ուրարտու» և անմիջապես չեմպիոն դարձավ:

Ժոլտ Հոռնյակն Այվազյանի արագությունն ու հարվածներն օգտագործում էր մրցակիցների հոգնածության ֆոնին՝ նրան փոխարինման դուրս բերելով երկրորդ խաղակեսերում: Այդ տարի նա ակումբի ռեկորդակիրն էր փոխարինման մտնողների հաշվարկում՝ 16 անգամ:

Հետզհետե Այվազյանը դարձավ թիմի առաջատարներից մեկը և ակումբում մնաց մինչև 2019 թվականը: Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում Վահագնը խաղում էր «Ալաշկերտում», սակայն այժմ առանց ակումբի է:

Պետեր Ստեֆանովսկի, եզրային կիսապաշտպան
13 խաղ, 3 գոլ

Մրցաշրջանի վերջին խաղը երբեմն ավելի կարևոր է, քան դրան նախորդած մի քանի մրցավեճերը: 2013-ի վերջին խաղում «Ուրարտուն» 7:0 հաշվով ջախջախեց «Ալաշկերտին» և գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն այդ փաստն օգտագործեց ձմռանը թիմն ուժեղացնելու իր ցանկություններում: Այդպես Հայաստան տեղափոխվեց «Սլովանի» սան Պետեր Ստեֆանովսկին, որը մինչև այդ խաղում էր Տրնավայի «Սպարտակում»:

Սլովակ ֆուտբոլիստը միանգամից ակտիվացրեց թիմի հարձակման եզրը: Պետերը դարձավ 3 գոլի հեղինակ, ինչպես նաև նկատելի ավելացրեց թիմի ագրեսիան: Երբեմն նույնիսկ չափից շատ, ինչը դեղին քարտերի էր բերում: Արդյունքում, կես տարում նա ավելի շատ դեղին քարտ ստացավ (6), քան թիմի հարձակողական ոճի ցանկացած այլ ֆուտբոլիստ:

Այժմ Ստեֆանովսկին խաղում է Սլովակիայի երկրորդ դիվիզոնի «Կոմարնո» ակումբում: 35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրւանում հասցրել է 5 գոլ խփել:

Գևորգ Կարապետյան, հարձակվող
23 խաղ, 5 գոլ + 2 ասիստ

Հարձակվողը ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Վեդիում, իսկ 16 տարեկանում պայմանագիր կնքել «Արարատի» հետ: Մի քանի տարի առաջին և երկրորդ թիմերում խաղալուց հետո Կարապետյանը հետզհետե դարձավ լեգենդար ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն «Արարատը» դուրս մնաց Բարձրագույն խմբից: 2010-ին Առաջին խմբում Կարապետյանը 20 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և թիմին օգնեց վերադառնալ Բարձրագույն խումբ:

Ուժեղագույնների լիգա վերադառնալուց 1,5 տարի անց Կարապետյանը 3 տարվա պայմանագիր կնքեց «Ուրարտուի» հետ: Առաջին մրցաշրջանում նա թիմի հիմնական հարձակվողներից էր և առաջնությունում մասնակցեց 36 խաղի, իսկ հաջորդ՝ չեմպիոնական մրցաշրջանում ամենաշատ խաղաժամանակ ստացած հարձակվողն էր:

Առաջնության ընթացքում Գևորգը երկար ժամանակ գոլ չէր խփում, սակայն ամենակարևոր պահին՝ չեմպիոնությանը նախորդած 3 հանդիպումներից յուրաքանչուրում դարձավ գոլի հեղինակ, որոնցից երկուսը՝ հաղթական: Արդյունքում, Կարապետյանը չեմպիոնությունում կարևոր դերակատարում ունեցավ:

2015-ին Կարապետյանը հեռացավ «Ուրարտուից», կարճ ժամանակ խաղաց «Միկայում» և «Ալաշկերտում», այնուհետև տեղափոխվեց ԱՄՆ: Այժմ նախկին ֆուտբոլիստը Արթուր Մինասյանի հետ միասին հիմնել է La International FC ակադեմիան, որտեղ նաև մարզիչ է աշխատում:

Ուչա Գոգոլաձե, հարձակվող
14 խաղ, 3 գոլ + 3 ասիստ

Վրացի ֆուտբոլիստը մեկն էր այն 6 նորեկներից, որոնք ձմռանը համալրեցին թիմը, և դրանից հետո «Ուրարտուն» սկսեց միայն վեր բարձրանալ:

Կես տարում Գոգոլաձեն հասցրեց Հայաստանի առաջնության 14 խաղի մասնակցել: Նա միանգամից սկսեց օգուտ տալ թիմին՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ մեկնարկային 2 խաղերում: Արդյունքում, Ուչայի գոլերն ու ասիստները թույլ տվեցին 9 միավոր ավելի վաստակել, քան առանց նրա կլիներ:

Չնայած այդքան լավ ելույթին, Գոգոլաձեն չեմպիոնությունից հետո չմնաց թիմում, այլ տեղափոխվեց Բելառուս, այնուհետև՝ Վրաստան: Հարձակվողը կարիերան ավարտեց 26 տարեկանում և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում:

Ստեֆանո Ռոդրիգես, հարձակվող
14 խաղ, 3 գոլ + 2 ասիստ

Մեքսիկացու կարիերայում «Ուրարտուն» առաջին արտասահմանյան ակումբն էր, որտեղ նա տեղափոխվեց 24 տարեկանում: 2013-14 մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացրեց երևանյան թիմում, այնուհետև տեղափոխվեց «Ուլիս»:

Մրցաշրջանի սկզբում հարձակվողը «Ուրարտուի» առաջատար հարձակվողն էր. մեկնարկային 4 խաղում մասնակցեց 3 գոլի: Այդուհանդերձ, հետզհետե նրա արդյունավետությունը մարեց, չնայած մեկնարկային կազմում նրա տեղը շարունակում էր անսասան մնալ: Արդյունքում, «Ֆանոն» ձմռանը հեռացավ ակումբից, իսկ ևս կես տարի անց՝ Հայաստանից:

Հետագայում հարձակվողը շարունակեց խաղալ Մեքսիկայում, իսկ հետո ուժերը փորձեց նաև Գվատեմալայում: 2020-ից Ռոդրիգեսն ավարտել է կարիերան:

Ժոլտ Հոռնյակ, գլխավոր մարզիչ

Սլովակ մասնագետը մարզչական առաջին քայլերը կատարել է Հայաստանում, ինչն ինքնին անսովոր է: Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը եկար տարիներ խաղացել էր Սլովակիայում, բայց կարիերայի վերջնամասն անցկացրել արտասահմանում․ դա նրան թույլ է տվել հեշտ հարմարվել տարբեր մշակույթներին: Այդպես 2011-ին նա մարզչական կարիերա սկսեց «Միկայում», որտեղ Ժոզեֆ Բուբենկոյի օգնականն էր: Կես տարի անց Հոռնյակն արդեն գլխավոր մարզիչ էր:

«Միկայի» հետ նա նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը, ինչպես նաև շատ մոտ էր Հայաստանի չեմպիոն դառնալուն, սակայն տիտղոսի համար պայքարում պարտվեց «Շիրակին»: 2013-ին «Միկայի» գլխավոր մարզիչ նշանակվեց արդեն Հոռնյակի օգնական Արամ Ոսկանյանը, ում հետ շատերը կապում էին այդ թիմի հաջողությունները և երիտասարդ ֆուտբոլիստների աճը:

Հոռնյակը տեղափոխվեց «Ուրարտու», որտեղ ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է հաջողության հասնել: Այժմյան «Ուրարտուն» այն ժամանակ նույնպես երիտասարդ կազմով էր և չեմպիոնական մրցավազքում ֆավորիտ չէր համարվում, բայց համառ պայքարում սլովակ մասնագետը կարողացավ թիմին պատմության ընթացքում առաջին անգամ չեմպիոն դարձնել:

«Ուրարտուում» նա աշխատեց ևս մեկ տարի, ապա 2015-ին հեռացավ Հայաստանից: 2 տարվա ընդմիջումից հետո Ժոլտը կարիերան վերսկսեց Մալթան ներկայացնող «Մոստայում», այնուհետև աշխատեց Վլադիվոստոկի «Լուչում», Լիբերեցի «Սլովանում», իսկ 2019 թվականից գլխավորում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիան»: Այդ թիմին Հոռնյակը երեք տարի անընդմեջ դարձրել է Հունգարիայի առաջնության մեդալակիր և այս տարի մոտ է այդ նվաճումը կրկնելուն:

Հ.Գ. «Բանանցի» չեմպիոնական մրցաշրջանում քիչ խաղաժամանակ են ստացել Գոռ Հովհաննիսյանը, Վաչիկ Եղիազարյանը, Կարեն Հարությունյանը, Նարեկ Գյոզալյանը, Սեմյոն Մուրադյանը, Անդրանիկ Քոչարյանը, Կիրիան Նվաբուեզեն, Նաիրի Մինասյանը, Արամ Քոչարյանը, Գարեգին Մաշումյանը, Արեգ Ազատյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Ավետիսյանը, Գևորգ Խուլոյանը, Դավիթ Սուջյանը և Հովհաննես Փանոսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա