Logo

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Հեղինակ
tigran5
18:40 / 20.01.2022ՍՊՈՐՏ

Ամեն ինչ սկսվեց Կենտգործկոմի որոշումից

1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։

Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։

Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով` Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի` համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերցարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։


Ալեքսանդր Թամանյան


Ինչպե՞ս որոշվեց շենքի տեղն ու դիրքը

Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (նախկինում Դոկտորսկայա, այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։

Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։

Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թ. նոյեմբերին։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան ջրանցք, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում (1929 թ.) հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն` իր օժանդակ սենյակներով։


Շինարարության ընթացքը


Եվ եկավ ամենասպասված պահը..

 

1939 թվականին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։

Առաջին ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։

1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով: 

Տասնամյակներ անց

Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին։ Բացի այդ, շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել։ Հետագայում` 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի գլխավորությամբ։ Հիմնովին վերակառուցվեց օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը:

Ազգային մշակույթի կարևորագույն օջախներից մեկի վերակառուցման աշխատանքները բարձր որակով կատարելու համար շինարարների կոլեկտիվի անդամներն արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի։ Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին` ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ։ 


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա


 

Գլխավոր լուսանկարի աղբյուր՝ Armenpress history

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա